СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Հոգեբանական բազում տեսություններ հիմնավորում են վաղ տարիքում ծնող-երեխա հուզական ջերմ ու կայուն հարաբերությունների որոշիչ նշանակությունը երեխայի հոգեկան ներդաշնակ զարգացման ու նրա անձի ձևավորման համար: Սակայն, ցավոք, այսօր կան երեխաներ, որոնք վաղ հասակից զրկված են մայրական սիրուց, ընտանեկան ջերմությունից և պաշտպանվածությունից, որի արդյունքում խաթարվում է նրանց հոգեկան բարենպաստ զարգացումը, և որը հոգեկան տարբեր խնդիրների առաջացման տեղիք է տալիս, այդ թվում խնդիրներ` կապված տարաբնույթ վախերի և արտահայտված տագնապայնության հետ: Հանգուցային բառեր և արտահայտություններ` հոգեկան դեպրիվացիա, վախ, տագնապայնություն, վախերի տարիքային դինամիկա: «Դեպրիվացիա» հասկացությունը հոգեբանության մեջ առաջին անգամ ներմուծել է անգլիացի հոգեբան Ջ. Բոուլբին: Նա հաստատել է, որ վաղ հասակից մայրական խնամքից զրկված երեխաները ցուցաբերում են ֆիզիկական, հուզական և ինտելեկտուալ զարգացման հապաղում: Ըստ Ի. Լանգմեյերի` հոգեկան դեպրիվացիան մարդու էական պահանջմունքների չբավարարումն է` դրանց համար անհրաժեշտ աղբյուրներից հեռացման, զրկման պատճառով, որն ունենում է անբարենպաստ հետևանքներ [6, с. 16]: Հոգեբաններ Վ. Կագանը, հետո նաև Ա. Ռեբերը և Չ. Ռայկրոֆտը գրում են, որ «դեպրիվացիա հասկացությունը կիրառվում է` ցույց տալու համար սուբյեկտի համար ցանկալիի կամ անհրաժեշտի տևական պակասը կամ բացակայությունը և դրա արդյունքում առաջացած հոգե- ՀՈԴՎԱԾՆԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 278 վիճակը» [6, с. 17]: Այն նաև զգայական ազդակների, հուզական կայուն կապերի, սոցիալական շփումների պակասն է: Վերջին դեպքում նկատի են առնվում հոգեբանական հետևյալ կողմերը` մարդու մեկուսացվածությունը հասարակությունից ու մշակույթից, մանկական տարիներին մայրական սիրուց զրկված լինելը և այլն [8, с. 16-17]: Հոգեբանության մեջ «դեպրիվացիա» հասկացությունը երկակի են գործածում. մի դեպքում` որպես կյանքի և կենսագործունեության պայմանների իրական սահմանափակում, իսկ մյուս դեպքում` որպես հոգեվիճակ, որն առաջանում է վերոհիշյալ սահմանափակումների արդյունքում [6, с. 17-18]: Հոգեկան դեպրիվացիայի հետևանքները և հոգեկան խանգարումների առաջացման հնարավորությունը պայմանավորված են երեխայի հոգեկան զարգացման համար էական պահանջմունքների չբավարարման տևողությամբ և երեխայի տարիքով [6, с. 21]: Հոգեբաններ Ջ. Բոուլբին և Մ. Էյնսվորտը մեծ կարևորություն են տալիս «կապվածություն» հասկացությանը: Այն երկու անձանց միջև հուզական սերտ կապն է` հիմնված փոխադարձ ուշադրության և մտերմիկ հարաբերությունների պահպանման ցանկության վրա: Նեղ իմաստով` կապվածությունը երեխայի երկկողմանի բուռն հույզերով ու ապրումներով ուղեկցվող հարաբերություներն են մոր և մտերիմ անձանց միջև, որոնց ներկայությամբ երեխան իրեն ապահով է զգում [8, с. 62-63]: Վաղ հասակից զրկված լինելով մոր հետ կայուն կապվածություն ունենալուց` հետագայում այդպիսի երեխաները չեն կարողանում խորը և հաստատուն կապեր ստեղծել այլ մարդկանց հետ: Սակայն Ջ. Բոուլբին և Ջ. Ռոբերտսոնը նշում են, որ առավել անբարենպաստ է ընթանում երեխայի զարգացումը, երբ կապվածությունը ձևավորվում է, իսկ հետո խզվում: Այդ դեպքում երեխան կարող է լիովին կորցնել վստահությունը բոլոր մարդկանց նկատմամբ, նրա մոտ չի ձևավորվում այլասիրություն, պատասխանատվություն այլ մարդկանց նկատմամբ [5, с. 81-82]: Մ. Էյնսուորտը գտնում է, որ հուսալի կապվածության ձևավորման առավել զգայուն շրջան է 6 ամսականից մինչև 3-4 տարեկանը և հենց այս շրջանում բաժանումը բերում է հարմարման մեծ դժվարությունների [5, с. 90-91]: Ըստ երեխայի ունեցած զրկանքների բնույթի` տարբերում են գայական, շարժողական, հուզական, սոցիալական, մայրական դեպրիվացիա: Ռ. Շպիցը և Կ. Գոլդֆարբը 20-րդ դարի կեսերին փորձում էին ապացուցել, որ դեպրիվացիան որակական, անդարձելի ազդեցություն է ունենում երեխայի հոգեկան զարգացման վրա: Նրանք եկան այն եզրակացությանը, որ մանկատան սաները բավականին զիջում էին ընտանիքում մեծացող երեխաներին` ինտելեկտի, սոցիալական հասունության, միջանձնային կապեր հաստատելու կարողության, սոցիալական նորմերին ենթարկվելու տեսանկյունից: Այս և շատ այլ գիտական հետազոտություններ թույլ տվեցին գիտական հիմնավորումներով ցույց տալ մանկան դեպրիվացիայի բացասական ներգործությունը նրա հոգեկան բնականոն զարգացման վրա, որը մինչև 20-րդ դարը դեռևս ենթադրություն էր [6, с. 69-71]: Մի խումբ հոգեբաններ նշում են, որ մանկատան երեխաները դառնում են տագնապային, կամակոր, շուտ վիրավորվող, կոնֆլիկտային և խոցելի [9, с. 168]: Դեպրիվացիայի հետևանքով խաթարվում է նրանց պաշտպանվածության և անվտանգության զգացումը, որին երեխան նախևառաջ հակազդում է վախի ու տագնապի զգացումներով: Վերջիններս, արմատավորվելով դեպրիվացված երեխայի հոգեկանում, իրենց անբարենպաստ ազդեցությունն են ունենում երեխայի ՀՈԴՎԱԾՆԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 279 հուզականության, ինքնագնահատականի և Ես-կերպարի, վարքի ձևավորման ու զարգացման վրա: Այսպիսով, մանկատան երեխաներին բնորոշ են հետևյալ հոգեբանական առանձնահատկությունները` անհամարժեք ինքնագնահատական, վախեր և տագնապ, միջանձնային հարաբերություններում անվստահությունը, շփման և հուզական ոլորտի, հարմարման և սոցիալական դերերի իրականացման հետ կապված խնդիրների առկայությունը: Դեպրիվացված երեխայի հոգեկան զարգացումն իր բովանդակությամբ ու բնույթով մեծապես տարբերվում է ընտանիքում մեծացող երեխայի հոգեբանությունից: Ինչպես նկատեցինք, դեպրիվացված երեխային բնորոշ էական հոգեբանական խնդիրներից են վախի և տագնապի կայուն զգացումը: Վախը և տագնապն ունեն ընդհանուր հուզական բաղադրիչ, որն անհանգստության, վտանգի և անապահովության զգացումն է: Տագնապը վտանգի կանխազգումն է, նրա ակնկալումը, որն առաջացնում է հուզական լարվածություն, քանզի իր հետևանքներով կարող է անձի համար սպառնալիք հանդիսանալ: Սակայն տագնապն անորոշության վիճակ է, քանի որ վտանգի օբյեկտը անհայտ է անձի համար: Այնինչ, վախը մարդու կյանքի և կենսագործունեությանը սպառնացող կոնկրետ վտանգի հուզական արտացոլումն է գիտակցության մեջ [3, с. 5-6]: Ըստ Կ. Իզարդի` տագնապի էության հիմքում ընկած է վախը, միայն թե տագնապի մեջ վախը թույլ ինտենսիվությամբ է արտահայտված: Այն մի քանի հույզերի համալիր է, որում միաձուլված են վախը, տխրությունը և մեղքի զգացումը [3, с. 321-322]: Պայմանականորեն առանձնացնում են վախերի 2 խումբ` իրադրային և անձնային պայմանավորվածություն ունեցող վախեր: Վախերը լինում են նաև իրական և երևակայական-ներշնչված: Վախը և տագնապը կարող են դառնալ կայուն հոգեվիճակ և աձնային բնութագիր` դրսևորվելով վախկոտության և տագնապայնության ձևով: Ըստ մեկ այլ դասակարգման` վախերը լինում են բնական և ախտաբանական` ֆոբիա: [1, с. 7-8]: Կպչուն վախը կամ ֆոբիան նևրոտիկ, կայուն վախն է որոշակի օբյեկտներից, մարդկանցից, երևույթներից և այլնից, որն առաջանում է որոշակի իրավիճակում սուր վախի զգացում ունենալու և մտքերում ու վարքում դրա ամրապնդվելու հետևանքով [4, с. 11]: Յու. Շերբատիխը մարդու բոլոր վախերը բաժանում է 3 խմբի` բնածին (վախ բնական երևույթներից, աղետներից), սոցիալական (վախ պատասխանատվությունից, քննադատվելուց) և երևակայական [11, с. 25]: Ըստ Ա. Ի. Զախարովի` հոգեկանի օրինաչափ զարգացումը ենթադրում է յուրաքանչյուր տարիքային փուլում նույնանման վախերի առաջացումը և հաղթահարումը, ներառյալ երեխայի անհատական հոգեբանական առանձնահատկությունները [2, с. 15-17]: Վերլուծելով տարբեր հոգեբանների մոտեցումները վախի ու տագնապի առանձնահատկությունների և դրանց դրսևորումների վերաբերյալ` տեսանք, թե դրանք որքան մեծ ազդեցություն են ունենում մարդու հոգեվիճակների, մտքերի ու վարքի փոփոխության վրա, խոչընդոտ հանդիսանում նրա անձնային աճին ու զարգացմանը: Կրտսեր դպրոցական երեխաներին (7-11 տարեկան) բնորոշ են վախը ծնողներից, նրանց պատժից, «ոչինչ լինելու» վախը, որը վախ է` չհամապատասխանելու շրջապատի սոցիալական պահանջներին: Այն դրսևորվում է հետևյալ ձևերով` չհասցնելու, դպրոցից ուշանալու, սխալ թույլ տալու, քննադատության ենթարկվելու, պատժվելու, անհաջողություն ունենալու վախերը: Կրտսեր դպրո- ՀՈԴՎԱԾՆԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 280 ցականի վախերն արդեն սոցիալական բնույթի են և կապված են երեխայի սոցիալական ակտիվության մեծացման հետ: 7-8 տարեկանում երեխայի բարձր ներշնչվողականության և երևակայության հետ կապված` նրանք ունենում են նաև վախ խորհրդավոր, առեղծվածային երևույթներից [3, с. 62-68]: Ն. Գ. Վոլոգոդինան նշում է, որ կապված կրտսեր դպրոցականի անձի բարոյական ոլորտի զարգացման հետ` երեխան վախենում է կորցնել ծնողներին` որպես իր համար կարևոր արժեք: Աստիճանաբար նվազում են երեխայի բնազդային, իրական վախերը և ավելանում են սոցիալական վախերը, որոնք ձեռք են բերում տրամաբանական, ինտելեկտուալ և ռացիոնալ միջնորդավորվածություն: Հետևաբար առավել դժվարանում է դրանց հաղթահարումը [1, с. 72-74]: Երեխայի կողմից սեփական վախերի հաղթահարումը մեծապես կախված է նրան շրջապատող հանգամանքներից ու բարենպաստ պայմաններից և առաջին հերթին ծնողների հետ ունեցած հարաբերությունների բնույթից, քանզի նրանք են ապահովում երեխայի անվտանգության ու պաշտպանվածության զգացումը: Սակայն ինչպես նշում են շատ հոգեբաններ` Ն. Գ. Վոլոգոդինան, Վ. Ս. Մուխինան և ուրիշներ, մայրական դեպրիվացիան, ընտանեկան անբարենպաստությունը, երեխայի սահմանափակ ակտիվությունը և այլ պատճառներ բերում են երեխայի մոտ վերոհիշյալ վախերի ամրապնդմանը և պահպանմանը նրա հոգեկանում, որոնք կայուն կերպով դրսևորվում են երեխայի վարքում [1, с. 7]: Ի. Ա. Ֆուրմանովը և համահեղինակները նշում են, որ մանկատան երեխաների մոտ վախերը կարող են պահպանվել և խոչընդոտել հետագա զարգացմանը [10, с. 20]: Ուստի այսօր, էական նշանակություն ունի այսօր դեպրիվացված երեխաների վախերի ու տագնապայնության առանձնահատկությունների ուսումնասիրումը, քանի որ նրանք դեպրիվացիայի հետևանքով առավել հակված են ունենալու տարաբնույթ վախեր ու արտահայտված տագնապայնություն, որոնց պատճառով հետագայում ձեռք են բերում հարմարման, շփման, միջանձնային տարբեր խնդիրներ, որոնք հասարակության մեջ կարող են անցանկալի հետևանքների բերել: Հետևաբար, դեպրիվացված երեխաների վախերի ու տագնապայնության հետազոտումը, դրանց բնույթի, պատճառների ու հետևանքների պարզաբանումը թույլ կտան նախագծել դեպրիվացված երեխաների բացասական հոգեվիճակների շտկման ուղիներ: Հաշվի առնելով վերոնշյալները`մենք անցկացրեցինք հետազոտություն, որի նպատակն է եղել բացահայտել 9-10 տարեկան դեպրիվացված երեխաների վախերի ու տագնապայնության առանձնահատկությունները և տարբերությունները լիարժեք ընտանիքի երեխաներից: Առաջ քաշված վարկածի համաձայն` ենթադրվում է, որ 9-10 տարեկան դեպրիվացված երեխաների վախերը և տագնապայնությունը տարբերվում են լիարժեք ընտանիքի երեխաների վախերից ու տագնապայնությունից քանակական, որակական բնութագրերով և տարիքային շարժընթացով: Հետազոտության ընթացքում կիրառված մեթոդիկաներն են` Մ. Պանֆիլովայի «Կակտուս» պրոյեկտիվ թեստը, Ա. Ի. Զախարովի «Վախերը տնակում» թեստը, Ն. Ֆիլլիպսի դպրոցական տագնապայնության մակարդակի ախտորոշման հարցարանը, Ա. Պրիխոժանի անձնային և բացահայտ տագնապայնության մակարդակն ախտորոշող հարցարանները: ՀՈԴՎԱԾՆԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 281 Մ. Պանֆիլովայի «Կակտուս» պրոյեկտիվ թեստը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել երեխայի անձնային առանձնահատկությունների ու հոգեվիճակների մասին: Այս մեթոդիկայով ստացված արդյունքների համաձայն` մանկատան երեխաների մոտ գերակշռում են հետևյալ առանձնահատկությունները` ագրեսիվություն, ընտանեկան պաշտպանվածության ձգտում, ցուցադրականություն, իմպուլսիվություն, եսակենտրոնություն, տագնապի զգացում: Այս տվյալները թույլ են տալիս հետագա արդյունքները մեկնաբանելիս առավել ճիշտ կողմնորոշվել և հստակ պատկերացումներ կազմել ուսումնասիրվող երեխաների հուզական խնդիրների վերաբերյալ: Ա. Ի. Զախարովի «Վախերը տնակում» թեստը թույլ է տալիս բացահայտել երեխայի հոգեկանում տարաբնույթ վախերի առկայությունը և դրանց դրսևորման տարիքային առանձնահատկությունները: Այս մեթոդիկայով ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ի համեմատ ընտանիքում մեծացող երեխաների՝ մանկատան երեխաների վախերի քանակը էապես ավել է: Մանկատան երեխաների մոտ, ի տարբերություն ընտանիքում մեծացող երեխաների, գերակշռում են հետևյալ բնույթի վախերը` ծնողների մահվան վախ, վախ կենդանիներից, մահվան վախ, վախ անսպասելի ձայներից, խորությունից, վախ հիվանդանալուց, ցավից, վախ կրակից, սարսափելի երազներից, հեքիաթի բացասական կերպարներից, անծանոթ մարդկանցից, բարձրությունից, արյունից, ներարկումից: Կարող ենք ասել, որ դեպրիվացված երեխաների մոտ գերակշռում են այն վախեր, որոնք, ըստ Ա. Ի. Զախարովի, իրենց բնույթով բնորոշ են նախորդ տարիքային փուլերին (վախը մահից, կենդանիներից, բարձրությունից, խորությունից, օտար մարդկանցից, հեքիաթի բացասական կերպարներից, ցավից, անսպասելի ձայներից և այլն): Բացի այդ, սրանք վախեր են, որոնց հիմքում ընկած է իրական, բնական երևույթների, ինչպես նաև երևակայական-հորինված կերպարների նկատմամբ վտանգի զգացումը: Դրանք անմիջականորեն կապված են դեպրիվացված երեխաների կյանքի և գոյատևման վտանգի զգացման հետ և վկայում են նրանց խորը անպաշտպանվածության զգացման մասին: Իսկ ծնողների մահվան վախը, որը բնորոշ է իրենց տարիքին, կարող է պայմանավորված լինել դեպրիվացված երեխայի ներկա խնդիրներով ու կապված է ներքին այն մտավախության հետ, որ ծնողները կարող են այլևս չվերադառնալ: Լիարժեք ընտանիքում մեծացող երեխաների մոտ, ի տարբերություն նախորդ խմբի, գերակշռում են հիմնականում իրենց ներկա տարիքին բնորոշ վախեր: Դրանք են վախը պատժից, ուշանալուց, ծնողներից, որոնք հիմնականում սոցիալական բնույթ են կրում: Նման բնույթի վախերի առաջացումը վկայում է նրանց անձի, հուզական, ինտելեկտուալ, վարքի համեմատաբար առավել համաչափ զարգացման մասին, որը ենթադրում է երեխայի սոցիալական ակտիվության մեծացում, որի պայմաններում նախորդ տարիքային փուլերին բնորոշ վախերը հաղթահարվում են ու փոխարինվում առավել տրամաբանական և սոցիալական բնույթի վախերով: Վերջիններիս հիմքում ընկած է ծնողների և հեղինակավոր անձանց սոցիալական պահանջներին ու ակնկալիքներին չհամապատասխանելու երեխայի վտանգի զգացումը: Իսկ արտահայտված մթության վախը կարող է կապված լինել մենակ ու անպաշտպան մնալու, ծնողներից բաժանվելու մտավախության հետ: ՀՈԴՎԱԾՆԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 282 Ն. Ֆիլլիպսի դպրոցական տագնապայնության մակարդակի ախտորոշման հարցարանը հնարավորություն է տալիս պարզելու երեխայի ընդհանուր և դպրոցական կյանքի տարբեր ոլորտների հետ կապված տագնապայնությունը: Հարցարանի արդյունքները ցույց են տալիս, որ դպրոցական ընդհանուր տագնապայնությունը միջին մակարդակով է արտահայտված մանկատան երեխաների մոտ, իսկ լիարժեք ընտանիքի երեխաների մոտ` ցածր մակարդակով է արտահայտված: Համեմատելով դպրոցական տագնապայնության և նրա առանձին ոլորտների չափման արդյունքները, կարող ենք ասել, որ մանկատան երեխաների մոտ առկա է դպրոցական ընդհանուր տագնապայնության, ինչպես նաև արտահայտվելու վախի, շրջապատողների ակնկալիքներին չհամապատասխանելու, ուսուցիչների հետ կապված խնդիրների ու վախերի ոլորտներում տագնապայնության դրսևորման միջին մակարդակ, իսկ սոցիալական սթրեսի ապրման, հաջողության հասնելու պահանջմունքի ֆրուստրացվածության, գիտելիքների ստուգման վախի, սթրեսի նկատմամբ ֆիզիոլոգիական դիմադրողականության ցածր մակարդակ: Իսկ լիարժեք ընտանիքում մեծացող երեխաների դպրոցական կյանքի վերոհիշյալ բոլոր ոլորտներում առկա է տագնապայնության ցածր մակարդակ, բացի սթրեսի նկատմամբ ֆիզիոլոգիական դիմադրողականությունից, որը բարձր մակարդակով է արտահայտված և գիտելիքների ստուգման վախից, որը միջին մակարդակով է արտահայտված: Անձնային տագնապայնության մակարդակն ախտորոշող Ա. Պրիխոժանի հարցարանի օգնությամբ բացահայտել ենք ինչպես երեխայի ընհանուր անձնային, այնպես էլ նրա անձի համար կարևոր ոլորտների հետ կապված տագնապայնության մակարդակը (դպրոցական, ինքնագնահատականի ու միջանձնային հարաբերությունների, խորհրդավոր երևույթների հետ կապված տագնապայնություն): Դպրոցական տագնապայնության ոլորտում ստացված արդյունքները ցույց են տալիս, որ մանկատան սաների մոտ դպրոցական տագնապայնությունը միջին մակարդակով է արտահայտված, իսկ մյուս խմբում համապատասխանում է ցածր մակարդակին: Ինքնագնահատականի հետ կապված տագնապայնության ոլորտում մանկատան երեխաների մոտ առկա է բարձր մակարդակ, իսկ մյուս խմբում` ցածր մակարդակ: Միջանձնային հարաբերություններում առկա տագնապայնության արդյունքներն առաջին խմբում համապատասխանում են բարձր մակարդակին: Իսկ լիարժեք ընտանիքում մեծացող երեխաների խմբում համապատասխանում է միջանձնային տագնապայնության ցածր մակարդակին: Կախարդական, խորհրդավոր երևույթների նկատմամբ ունեցած տագնապայնության արդյունքները մանկատան երեխաների խմբում համապատասխանում են բարձր մակարդակին, իսկ մյուս խմբում` ցածր մակարդակին: Ա. Պրիխոժանի կողմից մշակված բացահայտ տագնապայնության մակարդակն ախտորոշող հարցարանը թույլ է տալիս բացահայտելու տագնապայնության մակարդակը` որպես համեմատաբար կայուն անձնային առանձնահատկություն: Մանկատան երեխաների մոտ բացահայտ տագնապայնությունը համապատասխանում է բարձր մակարդակին, իսկ լիարժեք ընտանիքի երեխաների մոտ` միջին մակարդակին: Ամփոփելով հետազոտության արդյունքները` կարող ենք անել հետևյալ եզրակացությունները, որ դեպրիվացված երեխաներին բնորոշ են հուզական, ՀՈԴՎԱԾՆԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 283 կամային, կոգնիտիվ, վարքի զարգացման տարաբնույթ խնդիրներ և դժվարություններ, որոնք էականորեն խոչընդոտում են երեխայի հոգեկան բարենպաստ զարգացմանը: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ դեպրիվացված երեխաներին բնորոշ է վախերի մեծ քանակ, որտեղ գերակշռում են նախորդ տարիքային փուլերին բնորոշ վախեր (վախը մահից, կենդանիներից, խորությունից, օտար մարդկանցից, հեքիաթի բացասական կերպարներից, ցավից, վախ կրակից, անսպասելի ձայներից և այլն), որոնց հիմքում ընկած են իրական, բնական երևույթների և երևակայական-հորինված կերպարների նկատմամբ վտանգի, անպաշտպանվածության զգացումը, որը պայմանավորված է դեպրիվացված երեխաների հուզական խնդիրներով, անձնային առանձնահատկություններով, կյանքի պայմանների, կենսափորձի ու պատկերացումների սահմանափակությամբ: Լիարժեք ընտանիքի երեխաներին բնորոշ է վախերի փոքր քանակ՝ ի տարբերություն դեպրիվացված երեխաներին. այստեղ գերակշռում են իրենց ներկա տարիքին բնորոշ սոցիալական բնույթի վախեր (վախը պատժից, ուշանալուց, ծնողներից), որոնց հիմքում ընկած են ծնողների և իրենց համար հեղինակավոր անձանց սոցիալական պահանջներին և ակնկալիքներին չհամապատասխանելու վտանգի զգացումը, որն էլ կապված է երեխայի անձի բնականոն զարգացման և սոցիալական ակտիվության մեծացման հետ: Դեպրիվացված երեխաների դպրոցական տագնապայնության միջին մակարդակը դրսևորվում է դպրոցական կյանքի` արտահայտվելու վախի, շրջապատողների ակնկալիքներին չհամապատասխանելու և ուսուցիչների հետ կապված վախերի ու խնդիրների ոլորտներում, որտեղ հնարավոր է նրանց անձի և «Ես»-ի գնահատում, որի նկատմամբ նրանք շատ զգայուն են: Իսկ գիտելիքների ստուգման, սթրեսի նկատմամբ ֆիզիոլոգիական դիմադրողականության, սոցիալական սթրեսի ապրման, հաջողության հասնելու պահանջմունքի ֆրուստրացվածության ոլորտներում տագնապայնության ցածր մակարդակը կարող է պայմանավորված լինել ուսումնական գործունեության նշանակության, գիտելիքների, կարողությունների ձեռքբերման թերագնահատմամբ, օբյեկտիվ դժվարություններով և առավել առաջնային խնդիրների առկայությամբ: Լիարժեք ընտանիքի երեխաների դպրոցական կյանքի վերոհիշյալ ոլորտներում առկա է տագնապայնության ցածր մակարդակ, իսկ միջին մակարդակն արտահայտվում է գիտելիքների ստուգման ոլորտում, որը կարող է կապված լինել ուսումնական գործունեության կարևորման, ծնողների նկատմամբ պատասխանատվության զգացման, նրանց սոցիալական պահանջներին համապատասխանելու հետ: Իսկ սթրեսի նկատմամբ ֆիզիոլոգիական դիմադրողականության ոլորտում առկա տագնապայնության բարձր մակարդակի հիմքում կարող է ընկած լինել նրանց հոգեֆիզիոլոգիական գործընթացների ու առանձնահատկությունների բնականոն զարգացումը և առավել բարձր սթրեսակայունությունը: Դեպրիվացված երեխաների անձնային տագնապայնության բարձր մակարդակը դրսևորվում է ինքնագնահատականի, միջանձնային հարաբերությունների, խորհրդավոր երևույթների հետ կապված ոլորտներում, որը պայմանավորված է սեփական ուժերի և արտաքին աշխարհի նկատմամբ անվստահության և վտանգի զգացմամբ, դեպրիվացիայի հետևանքով առաջ եկած հոգեկան առանձնահատկություններով: Այնինչ, լիարժեք ընտանիքի երեխաների անձնային տագ- ՀՈԴՎԱԾՆԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 284 նապայնության մակարդակը ցածր է, որը կարող է պայմանավորված լինել ծնողների աջակցության և հուզական հենարանով: Դեպրիվացված երեխաների բացահայտ տագնապայնության բարձր մակարդակը ռիսկային խմբին բնորոշ կայուն անձնային առանձնահատկություն է, որը պայմանավորված է վաղ տարիքից դեպրիվացված լինելու, մանկուց վտանգի ու անպաշտպանվածության խորը զգացման հետ և կարող է դրսևորվել վարքի ակնհայտ լարվածությամբ, անհանդուրժողականությամբ, ապակառուցողական, ապահարմարվողական վարքի ձևերով: Լիարժեք ընտանիքի երեխաների բացահայտ տագնապայնությունը միջին մակարդակով է արտահայտված, որն արտացոլում է երեխայի փոխհարաբերությունների բնույթն ընտանիքում և հասակակիցների խմբում: Այսպիսով, վաղ հոգեկան դեպրիվացիան կարող է բերել տարբեր վախերի, տագնապի ձևավորմանն ու պահպանմանը, որն էլ էական ազդեցություն է ունենում երեխայի հոգեկան լիարժեք զարգացման համար:
Գրականություն
1. Вологодина Н.Г. Детские страхи днем и ночью. Ростов Н/Д, Феникс, 2006г., 224 стр.
2. Захаров А. И. Как преодолеть страхи у детей. Москва, Педагогика, 1986г., 114 стр.
3. Изард К. Э. Психология эмоций. СПб, Питер, 2006г., 464 стр.
4. Ковпак Д. В. Как избавиться от тревоги и страха. «Наука и техника», 2007г.
5. Крейн У. Теории развития. Секреты формирования личности. СПб, Прайм-ЕВРОЗНАК, 2002г., 512. стр.
6. Лангмейер Й., Матейчек 3.Психическая депривация в детском возрасте. Прага 1984г
7. Мухина В. С. Возрастная психология: феноменология развития, детство, отрочество. Учебник для студ. ВУЗ-ов, Москва, «Академия», 2004г., 456 стр.
8. Прихожан А. М., Толстых Н.Н. Психология сиротства, 3-ое издание, Питер, 2007г. 416 стр.
9. Реан А.А. Психология человека от рождения до смерти. ПраймЕВРОЗНАК, 2005г., 416. стр.
10. Фурманов И.А., Фурманов Н. Ж., Аладин А.А. Психологическая работа с детьми, лишенными родительской опеки. Минск, 1998г., 119 стр. 11. Щербатых Ю. Психология страха. ЭКСМО-пресс, 2000г., 416 стр.
© 2020, Акобян Мариам Мушеговна 1331