Դասի պլան
Դպրոց՝ ,,Սարալանջի միջնակարգ դպրոց.. ՊՈԱԿ
Առարկա՝ Մայրենի
Դասարան՝ 4-րդ
Դասի թեման՝ Հովհաննես Թումանյանի արձանի մոտ/ էջ 7/
Դասի տիպը՝ Հաղորդման դաս
Կահավորումը՝ Հ. Թումանյանի մեծադիր նկարը, ստեղծագործությունների ժողովածուներից
Չափորոշիչները՝ Կարողանա սահուն, գրական շեշտի և առոգանության պահպանումով բարձրաձայն ընթերցել տեքստը: Սեփական բառերով վերարտադրել բնագիրը՝ վերաբերմունք դրսևորելով նկարագրվող դեպքերի վերաբերյալ:
Դասի նպատակները՝ • բնագրի ընթերցումից հետո կընկալեն բովանդակությունը,
• կկարողանան կապեր տեսնել բնագրի բովանդակության և դրան կից տրված նկարների միջև,
• տեքստի շուրջ աշխատելիս կներկայանան կարդալու որակական հատկանիշների դրսևորման իրենց կարողություններով,
• կմեկնաբանեն Թումանյանի ստեղծագործություններից մեջբերված քառատողերը,
• կխորացնեն ժանրային առանձնահատկությունների վերաբերյալ ունեցած գիտելիքները/
• բառային աշխատանքի արդյունքում կսովորեն մի շարք նորածանոթ բառեր, արտահայտություններ, կհամոզվեն, թե ինչ դեր ունեն գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները:
Կիրառվող մեթոդներ՝ ,, կռահիՙր ծածկագրված բառը,, ,,պոպկորն,, ,,փոխգործուն գրառումների համակարգ,,
Դասի ընթացքը՝
Խթանման փուլում օգտագործվում է ,,կռահիՙր ծածկագրված բառը,, մեթոդը: Պաստառին կամ գրատախտակին նկարում է շրջանակ՝ ճառագայթներով: Շրջանակի մեջ կպչուն թղթով ծածկում է գաղտնագրված բառըէ անակնկալ, իսկ ճառագայթների վրա գրում է հինգ հուշող բառ՝ անսպասելի, հանկարծակի, հանկարծադեպ, չսպասված, անկանխատեսելի:
Ուսուցիչն առաջարկում է աշակերտներին գտնել ճառագայթների վրա գրված բառերին համապատասխան մեկ հոմանիշ բառ, որը ծածկագրված բառն է:
Աշակերտները հուշող բառերի և ուսուցչի ուղղորդող հարցերի օգնությամբ գտնում են ծածկագրված բառը՝ անակնկալ:
Այնուհետև առաջարկում է լուռ ընթերցել ,,գրավիչ մուտքի դռնակը,,՝ ,,Անակնկալի սպասումով,, նյութը: Ընթերցումից հետո ուսուցիչը հարցեր է ուղղում աշակերտներին՝ պարզելու լուռ ընթերցած նյութի ընկալման աստիճանը: Ապա ուշադրությոնը հրավիրում է գրատախտակին նախօրոք գրված դասանյութի վերնագրին՝ ,,Հովհաննես Թումանյանի արձանի մոտ,, և դասարանին հարց է ուղղում, թե Թումանյանի ո՞ր ստեղծագործություններն են նրանց ծանոթ: Ուսուցիչն այստեղ օգտագործում է ,,Պոպկորն,, հնարը: Աշակերտներն արագ թվարկում են գրողի ստեղծագործությունները/հեքիաթ, բանաստեղծություն, բալլադ, լեգենդ, զրույց, պատմվածք, քառյակ/:
Իմաստի ընկալման փուլում ուսուցիչն առաջարկում է գրատախտակին գրված վերնագրի շուրջ կանխատեսումներ անել դասանյութի բովանդակության վերաբերյալ: 2-3 աշակերտների պատասխանից հետո դասանյութը լուռ ընթերցում են: Աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով օգտագործվում է ,, փոխգործուն գրառումների համակարգ,, մեթոդը:
Իրականացվող քայլերն են.
Առաջին: Աշակերտներն ինքնուրույն, լուռ ընթերցում են նյութը և միաժամանակ լուսանցքում ՝ հատվածի առաջ, նշումներ կատարում՝ օգտագործելով հետևյալ 3 նշանները.
V- հաստատում է իր իմացածը/ գիտեմ/
+- նոր տեղեկություն է /չգիտեմ/
!-հետաքրքիր է /ուզում եմ ավելին իմանալ/
Նշումների համար կարելի է օգտագործել հետևյալ աղյուսակը.
Յուրաքանչյուր աշակերտ աղյուսակում նշումներ է կատարում:
Երկրորդ: Ընթանում է զույգերով աշխատանք: Օգտվելով իրենց նշումներից, ձեռքի տակ ունենալով աղյուսակը՝աշակերտը մտքեր է փոխանակում ընկերոջ հետ:
Երրորդ: Լսվում և քննարկվում են զույգերով աշխատանքի արդյունքները: Աշխատանքն ընթանում է ողջ դասարանով:
Աղյուսակի 3-րդ բաժինը կարելի է օգտագործել տնային հանձնարարության համար՝ այլ աղբյուրներից լրացուցիչ տեղեկություններ քաղելու և գիտելիքներըխորացնելու նպատակով:
Այս աշխատանքներից հետո, երբ աշակերտներն ինքնուրույնաբար ծանոթացել են դասանյութի բովանդակությանը, ուսուցիչն առաջարկում է դասն ընթերցել բարձրաձայն՝ կարդալու որակական հատկանիշներ զարգացնելու նպատակով: Բովանդակության համակողմանի ընկալման համարկազմակերպվում է բառային աշխատանք, որն արտահայտվում է յուրօրինակ, նախշուն, մրգահանդես, խաղիկ, նենգ, դավ, ճոն բառերի իմաստների և ուղղագրության բացատրությամբ, շունչ, տապ, շունչը պահել դարձվածների մեկնաբանությամբ, արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը, գործն ապրում է դարեդար փոխաբերական իմաստներով արտահայտությունների բացատրությամբ:
Դասանյութի բովանդակության ընկալման խորացմանը կնպաստի նաև նկարների շուրջ կազմակերպվող աշխատանքը: Ուսուցիչն առաջարկում է դիտել դասանյութին կից տրված նկարները, ընտրել բնագրին համապատասխան հատվածը, կարդալ բարձրաձայն, կապեր տեսնել բնագրի բովանդակության և նկարների միջև, նշել ընդհանրություններն ու տարբերությունները: Առաջադրվում է նաև նկարների բովանդակությունն արտահայտել պարզ համառոտ և ընդարձակ նախադասություններով:
Կշռադատման փուլ՝
Դասի բովանդակության իմաստավորումն ամրակայելու և կշռադատման անցնելու քայլը բովանդակության վերաբերյալ առաջադրված հետևյալ հարցերն են.
• Հեղինակի կյանքի ու գործունեության ի՞նչ փաստերի ու իրադարձությունների ծանոթացաք:
• Թումանյանի ո՞ր ստեղծագործությունները հիշատակվեցին դասում, նշեՙք վերնագրերը և արտասանեք:
• Որո՞նք են այն փաստերը, որոնք հետաքրքրեցին ձեզ:
Կատարված աշխատանքի խորացմանը նպաստում է նաև դասանյութին կից տրված 2-րդ առաջադրանքի կատարումը: Եթե ճիշտ միացնես սյունակի և տողերի բառերը, ապա հատման կետերի տառերով կկարդաս քեզ համար սիրելի բանաստեղծի ազգանունը:
Նույն նպատակին կծառայի նաև ,,Ուզում ես ավելին իմանալ,, նյութը:
Դասը կավարտվի տնային հանձնարարությամբ:
Սովորել սահուն և հասկանալով ընթերցել բնագիրը:
Վերարտադրել բնագրի բովանդակությունը համառոտ և ընդարձակ եղանակով:
Լրացնել աղյուսակի 3-րդ սյունակը: