Ա ՏԱՌԻ շնորհանդես
2022-2023 ուստարի
Ա․ ՀԵՔԻՄՅԱՆ
ԵՐԳ «Բարև Այբբենարան»
—Ողջույն, սիրելի՛ հյուրեր, հարգարժան տնօրեն, փոխտնօրեններ։ Այսօր մեր՝ 1-ին ա դասարանի աշակերտներիս համար մե՜ծ տոն է՝ «Ա» հնչյուն-տառի ծննդյան օրը։ Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր և նշանակալի օրվա առթիվ։
—Հավատացած ենք, որ այս տոնը անջնջելի տպավորություն կթողնի մեր հոգիներում և կհիշվի մեր ամբողջ կյանքում։
—Այսօր օր է սովորական, սովորական, բայց՝ անսովոր։ Դասն էլ է կարծես սովորական, սովորական, բայց՝ ոչ այնքան։ Հիմա կասեք՝ ինչու՞ է այդպես։ Ես էլ կասեմ՝ կարգն է այդպես։ Որովհետև մինչև հիմա մենք դաս ենք արել նկարներով։ Իսկ, այսուհետև, ի՛մ սիրելի ընկերներ, մեզ հյուր կգան բազում տառեր, որոնք կօգնեն մեզ կարդալ-գրել և գիտության դուռը բացել։
—Այսօր մենք պատրաստվում ենք մի զարմանահրաշ ճամփորդության՝ ուղևորվում ենք անծանոթ տառերի երկիրը։ Նրա գաղտնիքներին ծանոթանալու համար պետք է որոշակի փորձություններ հաղթահարենք։
—Նրա գաղտնիքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է բացել այդ երկիրը տանող դարպասը։ Իսկ գիտե՞ք, թե ո՞րն է այդ բանալին։
Երեխ․- Այբուբենը։
—Ճիշտ է։ Եկեք գնանք այդ աշխարհը և տեսնենք, թե ի՞նչ հրաշք կա այնտեղ։
—Մի հեռավոր երկրում մի զարմանահրաշ քաղաք կար։ Նրան անվանում էին Այբբուբենի քաղաք։ Այնտեղ կար ծառ ու ծաղկի մեջ կորած 39 տուն։
—Փոքրիկ, ծաղկատար փողոցներից յուրաքանչյուրի տան մեջ մի տառ էր ապրում՝ իր ընտանիքով՝ իր մեծատառով և փոքրատառով, տպագիր և ձեռագիր տառերով, թվային արժեքներով։
—Սովորական քաղաքներում մարդիկ ապրում էին ու շնչում, իսկ այստեղ տառերն ապրում էին ու հնչում։
— Ճիշտ է, տառերն առանձին-առանձին էին ապրում, յուրաքանչյուրն իր անունն ուներ, իր փոքրիկ ընտանիքը։ Սակայն նրանք առանց մեկմեկու չէին կարողանում ապրել։
— Նրանք հավաքվում էին, հարմար տեղավորվում իրար կողքի, դառնում էին բառ ու նախադասություն, պատմություն ու զրույց; Եվ երկար ու ձիգ քարավաններով շրջում էին աշխարհով մեկ։
ԵՐԳ «Տառերը պես-պես»
/Լսվում է sms-ի ձայն/
Փերի- Երեխաներ, կարծես թե հաղարդագրություն ունենք։ Տեսնենք, թե ո՞վ է մեզ գրել։
—Հաղարդագությունն ի՞նչ է՝ SMS-ը՞
—Այո։ Մեզ նամակ է գրել Գիտունիկը։ Երեխանե՛ր, իսկ ո՞վ է Գիտունիկը։
—Ով ամեն բան գիտի և սիրում է սովորել։ ՉԷ՞ որ եթե կա Գիտունիկ, կա նաև Անգետիկ։
Փերի- Իսկ ո՞վ է Անգետիկը։
—Ով ոչինչ չգիտի և չի սիրում սովորել։
Փերի-Երեխանե՛ր, իսկ մենք Գիտունիկնե՞ր ենք, թե՞ Անգետիկներ։
—Գիտունիկներ։
Փերի- Դե եկեք ընթերցենք հաղորդագությունը և տեսնենք, թե ի՞նչ է մեզ գրել Գիտունիկը։
/Վերցնում է հեռախոսն ու ընթերցում/
—Ողջույն, սիրելի՛ առաջին դասարանցիներ։ Գիտե՞ք, աշխարհում կա մի զարմանահրաշ քաղաք՝ Այբուբենի քաղաքը, որտեղ բնակվում են անծանոթ բնակիչներ։ Նրանք 39-ն են։ Նրանց անվանում են հայկական տառեր։ Եվ մենք անհամբեր սպասում ենք ձեր այցին՝ դեպի մեր քաղաք։ Դե ձեզ էլ բարի ճանապարհ և մինչ տեսություն։
Փերի— Մեզ Գիտունիկը հրավիրել է գաղտնիքներով լի քաղաք՝ Այբուբենի քաղաքը, որտեղ մենք պիտի ուսանենք, սովորենք հայոց տառերը։ Տեսնենք, ու՞ր է այն բանալին, որով կարող ենք բացել քաղաքի դարպասները։
—Վա՜յ, այ քեզ փորձանք, բանալին չկա։ Անգետիկը գողացել է բանալին և տարել է իր հետ։ Հիմա ի՞նչ անենք մենք, ինչպե՞ս բացենք քաղաքի դարպասները։
—Եկեք դիմենք անտառի կենդանիներին, գուցե նրա՞նք մեզ օգնեն։
Հեղինակ- Առյուծ արքան մեծ անտառի
Դպրոց բացեց մի կաղնու տակ։
Հավաքվեցին է՛լ արջ, է՛լ գայլ,
Աղվես, ագռավ ու աքաղաղ։
/Հավաքվում են նշված կենդանիները «Դպրոց» ցուցանակի տակ դրված անկյունում։ Առյուծը բազմում է մեջտեղում/։
Առյուծ- Այստեղ եկեք, աղվես, ագռավ ու ոսկեթև դու աքաղաղ։
Հավաքվել ենք այսօր այստեղ, որ այս հրաշք դուռը բացենք։ Ու՞ր է սակայն այն բանալին, որով պիտի դուռը բացենք։ Հրամանս է՝ փնտրե՛ք, գտե՛ք և բանալին այստե՛ղ բերեք։
Հեղ․- Ու ցրվեցին անտառով մեկ գազանները ուսման ծարավ։
Արջ- Ահա և ես, այս ահագին մուշտակի մեջ
Գարուն, ամառ անկուշտ- ագահ
Թափառում եմ սոված-ծարավ
Օ՜, այս ի՞նչ գտա, բայց ի՞նչ է սա՝ մեղրով տակա՞ռ, թե՞ ․․․ /շուռումուռ է տալիս փակ բանկան/։
Աղվես- Այ քեզ անբախտ, այսքան էլ անհաջողա՞կ։ Ամբողջ օրը սոված- ծարավ թափառում եմ ես շարունակ, ա՜խ երանի մի չաղլիկ հավ կամ աքաղաղ․․․։ Վա՜յ, այս ի՞նչ է սա, այ արջ ախպեր, ի՞նչ ես գրկել ու թաքցրել։
Արջ- Այ քեզ հիմար, անխելք աղվես։
Աքաղաղ- Այս անտառում ոսկեգույն
Այնքան հպարտ եմ քայլում
Չեմ վախենում ես երբեք
Աղվեսից այդ անպարկեշտ։
Ծուղրուղու՜, աքաղաղն եմ ես ոսկեթև, ծուղրուղու՜։
/Աղվեսը թաքուն մետենում է աքաղաղին և սկսում է խեղդել/։
Աքաղաղ- Վա՜յ, այս ի՞նչ է, օգնեցե՜ք,
Չար աղվեսից փրկեցեք,
Ու՞ր եք հավեր, այ հավեր,
Հիմա աղվեսն ինձ կուտի, ծուղրուղու՜․․․
Արջ- Այս ի՞նչ իրարանցում է, աքաղաղ,
Ապա արագ դու հեռացի՛ր մեր ոսկեթև աքաղաղից։
/Արջը հրում ու հեռացնում է աղվեսին , փրկում է աքաղաղին։ Ապա, նայելով աքաղաղի վզից կախված բանալուն, հարցնում է/՝
Արջ- Ա՛յ ոսկեթև աքաղաղ, դու գիտե՞ս, թե ի՞նչ է սա։
Աքաղաղ- Այո՛, գիտեմ ինչ է սա՝ բանալին է Այբբենարան քաղաքի, որ փնտրում է առյուծ արքան։ Ինձ այն Անգետիկը տվեց, որ օգնենք երեխաներին բացելու քաղաքի դարպասը։ Ինքը հասկացել էր իր սխալը, զղջացել էր, բայց ամաչել էր անձամբ վերադարձնել երեխաներին։ Ինձ խնդրեց, որ փոխանցեմ բանալին նրանց։
Արջ- Դե գնա՜նք, գնա՜նք, առյուծ արքային ներկայանանք։
/ Բոլորով գնում են առյուծ արքայի նստավայրը /։
Միասին- Առյու՛ծ արքա, առյու՛ծ արքա։
Առյուծ- Այս ի՞նչ աղմուկ է, ի՞նչ իրարանցում։
Միասին- Գտե՜լ ենք, գտե՜լ, Այբուբենի քաղաքի բանալին ենք գտել։
/ Աքաղաղը վզից հանում, տալիս է առյուծ արքային/։
Առյուծ- Կեցցե՜ս, կեցցե՜ս, դու արջ ախպեր,
Դու աքաղաղ ոսկեփետուր,
Եվ դու աղվես փափկամազիկ,
Դե շտապենք, որ չուշանանք,
Երեխաներին ներկայանանք,
Որ բանալին նրանց մենք տանք,
Կախարդական դուռը բանանք։
/ Բերում, տալիս են երեխաներին/։
—Շատ ապրեք, սիրելի՛ կենդանիներ, արդեն մեզ մոտ է Այբուբենի քաղաքի բանալին։ Եկեք միասին բացենք։ Միասին արտասանենք՝ «Բացվի՛ր դարպաս»։
—Բայց չի բացվում դարպասը։ Ի՞նչ է սա։ Փորձենք կրկին, էլի չի բացվում։ Մի բան նորից պակասում է։ Ի՞նչ անենք։ Ինչպե՞ս իմանանք, թե ինչն է պակասում։
/Առաջ է գալիս Գիտունիկը/
Գիտունիկ- Ես Գիտունիկն եմ՝ Այբուբենի քաղաքից։ Ես էի ձեզ նամակ գրել, սիրելի՛ երեխաներ։ Ես տեսա, որ դուք ուշանում եք, հասկացա, որ խոչընդոտների եք հանդիպել։ Շտապեցի ձեզ օգնության։
Միասին- Շնորհակալ ենք, սիրելի՛ Գիտունիկ։
—Գիտունի՛կ, դու կարո՞ղ ես ասել, թե ի՞նչն է պակասում։
Գիտունիկ- Այո։
—Ի՞նչ անեն երեխաները, որ դարպասը բացվի։
Գիտունիկ- Նրանք պետք է պատասխանեն իմ հարցերին։
—Գիտունի՛կ ջան, հարցերդ տուր երեխաներին։
Գիտունիկ- Սիրելի՛ երեխաներ, ի՞նչ եք սովորել այս կարճ ժամանակի ընթացքում։
—Մենք այս ընթացքում ծանոթացել ենք Այբբենարանի նկար- պատմություններին։ Մենք արդեն գիտենք, թե ինչ է պատմությունը, ինչ է նախադասությունը, ինչ է բառը, ինչ է վանկը և ինչ է հնչյունը։
Գիտունիկ- Ի՞նչ է նախադասությունը։
—Նախադասությունը բառերի այն շարքն է, որը միտք է արտահայտում։ Նախադասությունը սկսում ենք մեծատառով, վերջում դնում ենք վերջակետ։
Գիտունիկ- Ի՞նչ գիտեք բառերի մասին։
—Բառերը կազմված են վանկերից։ Ըստ վանկերի քանակի բառերը լինում են միավանկ և բազմավանկ։
—Միայն մեկ վանկից կազմված բառը կոչվում է միավանկ բառ՝ մայր, հայր, տուն, գիրք, սեր։
—Մեկից ավելի վանկերից կազմված բառը կոչվում է բազմավանկ՝ դպրոց, ուսուցիչ, հայրենիք, եռագույն, խաղաղություն։
Գիտունիկ- Ի՞նչ է հնչյունը։
—Վանկերը կազմված են հնչյուններից։ Հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր և բաղաձայն։
—Ձայնավոր հնչյուններն արտասանվում են երկար և առանց արգելքի։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, է, ը, ի, ու, օ։
—Բաղաձայն հնչյուններն արտասանվում են կարճ և արգելքով։ Բաղաձայն հնչյուններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ կ, հ և այլն։
Գիտունիկ- Ո՞րն է հնչյունի և տառի տարբերությունը։
—Հնչյունն արտասանում և լսում ենք։ Տառը հնչյունի գրային նշանն է։ Տառը գրում և կարդում ենք։
Գիտունիկ- Սիրելի՛ երեխաներ, դուք այնքան լավ պատասխանեցիք բոլոր հարցերին, որ համոզված եմ, Այբուբենի քաղաքի դարպասը արդեն կարող ենք բացել։ Եվ չմոռանանք օօգտագործել մի գեղեցիկ բառ՝ ո՞րն է այդ բառը։
Միասին- Խնդրում ենք, խնդրում ենք, բացվի՛ր դարպաս։
/ Բացվում է դարպասը։ Այնտեղ կանգնած է Ա տառը/։
Ա տառ- Արևից արբած առաջին տառն եմ․
Մեր անուշ հացի անաղարտ աղն եմ,
Անմահ Մաշտոցի արարած՝ վսեմ
Մեր այբուբենի առաջատարն եմ։
Իմ մեջ Արամի անունն է անշեջ,
Ու աղեղնաձիգ Արշակն ու Արան,
Այր Անդրանիկի աջն ազատատենչ,
Ու Արգիշտիի փառքն արքայական։
Ու ապավինած իմ ազգի աստղին՝
Գնում ենք այնտեղ, ուր արևից արբած
Արդարությունն ու Արարատներն են իրար հանդիպում։
ՊԱՐ «Մախմուր աղջիկ»
—Ա-ով սկսվեց այբուբենը մեր,
Մեր հայոց լեզվի առաջին տառը,
Արաքս գետը, մեր Անին ավեր
Եվ հայոց հրաշք Արարատ սարը։
—Ա –ն ձայնավոր հնչյուն է, որովհետև արտասանվում է երկար և առանց արգելքի։ Եկեք ծանոթանանք Ա հնչյունի տառերին։ Դրանք կարող են լինել և՛ տպագիր, և՛ ձեռագիր։ Տպագիրը հանդիպում ենք գրքերում, իսկ ձեռագիրը մենք միասին պետք է սովորենք գրել։ Ա տառն ունի իր անունը՝ Այբ։
— Սիրելի՛ հյուրեր, այժմ մենք ձեզ կներկայացնենք մեր Այբբենարանի Ա տառի դասը։ Պատմենք նկար- պատմությունը։ Վա՜յ, այս ի՞նչ է պատահել մեր նկար-պատմությանը։ Երկրաչափական պատկերները ծածկել են որոշ դրվագներ։ Նկարի վրա ի՞նչ երկրաչափական պատկերներ կան։
— Եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, շրջան։
—Եռանկյունն ունի երեք կողմ, երեք գագաթ կամ անկյուն, և ունի երեք վանկ՝ ե-ռանկ-յուն։
—Քառակուսին ունի չորս գագաթ կամ անկյուն, չորս հավասար կողմ և չորս վանկ՝ քա-ռա-կու-սի։
—Ուղղանկյունը քառանկյուն է, որի հանդիպակաց կողմերն իրար հավասար են։
—Շրջանը արևի նման կլոր է։
—Տեսնենք, թե ինչեր են թաքնված երկրաչափական պատկերների տակ։
—Շրջանակի մեջ մենք տեսնում ենք նկար-պատմություն։ Ամենամեծ լեզվական միավորը պատմությունն է։ Նախադասությունները մտքով կապվում , դառնում են մի ամբողջություն, անվանում ենք այդ մեկ բառով՝ պատմություն։
—Պատմությունն ունի վերնագիր, սկիզբ և ավարտ։ Եկեք վերնագրենք նկար-պատմությունը՝ «Արևածագ»։ Իսկ հիմա եկեք պատմենք նկար-պատմությունը։
—Արան արթնացավ վաղ առավոտյան և իր ընկերների հետ գնաց դիմավորելու արևածագը։ Պայծառ, արևոտ եղանակ է։ Արևն իր ոսկեզօծ շողերը սփռել է Արարատյան դաշտավայրի վրա։
—Հեռվում երևում է բարձր, վեհապանծ ու սուրբ լեռը՝ Արարատը։ Այն գտնվում է Արարատյան դաշտավայրի հարավում, ունի կոնաձև զույգ գագաթներ։ Մեծ սարը կոչվում է Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր Մասիս։
—Արարատի գագաթը պատված է հավերժական ձյունով։ Մասիսն անվանում են Նոյյան լեռ, Նոյյան տապանի լեռ, իսկ ըստ Աստվածաշնչի՝ նաև Բիբլիական լեռ։
—Լազուր երկնքում շողում է ոսկեզօծ արևը։ ՈՒղտերի քարավանի պես մեղմ սահում են մետաքսաթև ամպերը։ Բարձրում ճախրում է թռչունների արքան՝ արծիվը։
—Արարատյան դաշտը հարուստ է մրգատու ծառերով։ Ձախ կողմում երևում են խաղողի այգիները։ Նրանք առատ բերք են պարգևել։ Արևահամ խաղողից ստանում են գինի, օղի, կոնյակ, դոշաբ։
—Ցորենի հասուն արտերը ծածանվում են զեփյուռի մեղմ շոյանքից։ Արևածաղիկները քնքուշ ժպտում են արևին։ Բարդիների տակ թփերի մեջ թաքնվել է խորամանկ աղվեսը։ Ավտոբուսը հանդարտ անցնում է կամրջի վրայով։
—Աքաղաղը զիլ կանչում է՝ «Ծուղրուղու՜» և ողջ աշխարհին ազդարարում է՝ «Արթնացե՜ք, այգը բացվել է»։
ԵՐԳ «Ե՛Վ արև, և՛ անձրև»
—Հիմա եկեք առանձնացնենք մի նախադասություն և տեսնենք, թե քանի բառից է կազմված։
—«Հեռվում երևում է բարձր, վեհապանծ ու սուրբ լեռը՝ Արարատը»։ Կազմված է ինը բառից։
—Այժմ այդ նախադասությունից առանձնացնենք Արարատ բառը և ենթարկենք վանկային և հնչյունային վերլուծության։ Ա-րա-րատ՝ եռավանկ բառ է, առաջին վանկն է՝ Ա, ա - ձայնավոր, երկրորդ վանկն է՝ րա, հնչյուններն են՝ ր, ա, ր -բաղաձայն, ա- ձայնավոր, երրորդ վանկն է՝ րատ, հնչյուններն են՝ ր ա տ, ր- բաղաձայն, ա- ձայնավոր, տ- բաղաձայն։ Եռավանկ բառ է, ունի երեք ձայնավոր, բոլորն էլ՝ ա։
/Դուռը թակում են/
—Երեխաներ, կարծես մենք հյուր ունենք։ Տեսնենք, ո՞վ է մեզ հյուր եկել։
Միասին- Այբբեբարա՜նը։
Այբբենարան- Բարև ձեզ, սիրելի՛ երեխաներ։ Կեցցե՜ք, դուք ինձ ճանաչեցիք։ Ես ուշադիր հետևում էի, թե ինչպես էիք վստահ ու համարձակ հաղթահարում փորձությունները՝ մեկը մյուսի ետևից։ Որքա՜ն շատ գիտելիքներ եք կուտակել այսքան կարճ ժամանակում։ Դուք գտաք իմ քաղաքի դարպասները բացող բանալին։ Հիմա իմ դռները սիրով բացել եմ ձեր առաջ։ Այսօրվանից մենք կսովորենք գրել և կարդալ։ Ես հիմքն եմ ձեր բոլոր գիտելիքների։ Այժմ կառաջադրեմ մի հանելուկ, որի պատասխանը նույնպես սկսվում է Ա ձաինավորով՝
Երեսունինը եղբայր են նրանք,
Մեր լեզուն դարձրին ղողանջող մի զանգ։
Միասին- Այբուբենը։
Այբբենարան- Ճիշտ է, սիրելի՛ երեխաներ։ Իսկ գիտե՞ք, թե ո՞վ է ստեղծել հայոց այբուբենը։
—Հայոց այբուբենը չորրորդ դարում ստեղծել է մեծ ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը։ Մաշտոցի արձանը վեր է խոյանում Մատենադարանի շենքի առջև, որը հին գրերի մի մե՜ծ գրադարան է։
—Օշականում է գտնվում նրա անունը կրող եկեղեցին, որտեղ նրա գերեզման-հուշարձանն է։
—Երբ ասում ենք Մեսրոպ Մաշտոց,
Հայոց լեզու ենք հասկանում,
Քանզի քեզնո՛վ հայ մնացինք,
Քանզի քեզնով ենք ազգ մնում։
—Փա՜ռք քեզ, մեծ Մաշտոց,
Փառք քեզ ո՛վ հանճար,
Մենք պիտի գովենք անունդ արդար,
Մենք պիտի երգենք տառերդ անմար,
Մենք պիտի կերտենք նորանոր գանձեր,
Որ միշտ հայ ազգը արձակի ծիլեր։
—Փառք հայ գրերը ստեղծողին,
Հայ ազգը հավերժ հայ պահողին։
Միասին- Փառք, փառք, փառք։
Այբբենարան- Սիրելիներս, դուք հրաշամանուկներ եք։ Ես խոստանում եմ բացել ձեր առաջ իմ բոլոր գաղտնիքները։ Այսրվանից ես ձեր բարեկամն եմ դառնալու։ Որպես բարեկամության խորհրդանիշ ես ձեզ հանձնելու եմ «Ա հնչյուն-տառի շնորհանդեսի վկայական»։ Ես եմ այն անծանոթ տառերի երկիրը, որտեղ դուք հիմա գտնվում եք։ Իմ երկրում դուք կհանդիպեք շատ հեքիաթների հերոսների, մտքով կտեղափոխվեք Հայաստանի չքնաղ տեսարժան վայրերը, կծանոթանաք մեր պատմական արժեքներին և քաջ նախնիներին։ Կսովորեք բանաստեղծություններ, երգեր, տառային, վանկային և բառային խաղեր, կիմանաք տարվա եղանակների մասին։ Միայն պետք է շատ պարտաճանաչ և աշխատասեր լինեք, որպեսզի լիարժեք գրագետ դառնաք։ Բարի մուտք ձեզ՝ դեպի տառերի խորհրդավոր աշխարհը։
—Իմ այս փոքրիկ, փոքրիկ կյանքում
Ամենամեծ տոնն է այսօր,
Քո առաջին էջն եմ բացում,
Այբբենարան իմ փառավոր։
Դուք հայերեն տառեր սիրուն,
Այսօրվանից իմն եք հավետ,
Կյանքի բոլոր ճամփաներում
Միշտ էլ պիտի քայլեմ ձեզ հետ։
Ձեզնով գրեմ, ձեզնով կարդամ,
Մեծ Մաշտոցին սուրբ պարտքս տամ։
—Շնորհակալություն, սիրելի՛ Այբբենարան։ Մենք ուրախ ենք, որ հանդիպեցինք ձեզ։ Խոստանում ենք լինել պարտաճանաչ ու աշխատասեր, որ կարողանանք ծանոթանալ ձեր գաղտնիքներին։
Երդվում ենք ջերմորեն սիրել մեսրոպյան գիրը։
Միասին- Երդվում ենք։
—Պահել մեր ազգի նկարագիրը։
Միասին- Երդվում ենք։
—Արժանի լինել սուրբ մայրենիին։
Միասին- Երդվում ենք։
—Հավերժ ապրեցնել երկիր հայրենին։
Միասին- Երդվում ենք, երդվեւմ ենք, երդվում ենք։
/Երեխաները բարձրացնում են նախ աջ, ապա ձախ ձեռքերը, դնում են ուսերին և ասում՝ « Ապրես, լավ աշխատեցիր»։
Երգ «Բարև, Այբբենարան»
1.Վեցս ներ եմ բոլորել և ուզում եմ սովորել,
Գրել, կարդալ իմանամ, որ ամեն բան հասկանամ ։ /2անգ․/
Ես պատմել գիտեմ արդեն, բայց տառերը շատ բարդ են,
Այբբենարան իմ գրքով կսովորեմ ես հերթով։ /2 անգ․ /
Կրկներգ- Բարև դպրոց, իմ դասարան,
Բարև իմ լավ Այբբենարան,
Իմ լավ ընկեր ճանապարհի,
Դա բանալին մեծ աշխարհի։
2.Դասարան մտա, մայրիկ, ես արդեն մեծ եմ, թե դեռ փոքրիկ
Վախենում եմ շատ տխրես, լավ կլինի կողքիս նստես։ / 2 անգ/
Կրկներգ․․․․․․
Երգ «Եվ արև, և անձրև»
1.Վառ գարուն, պայծառ արև,
Ջերմացրու ծաղկին իմ տար բարև,
Թող մայրիկս միշտ ժպտա,
Թող արևը շողշողա
Երգերով, ծիծաղով օր դիմավորենք։ /2 անգ․/
Կրկներգ- Եվ արև, և անձրև,
Արթնացրեք բոլորին,
Առանց ձեզ չի կապի
Ծիածանն իր յոթ գոտին։
2. Ծիածան յոթ գույնանի
Մեզանից հեռու դու մի փախչիր։
Ուզում եմ ես քեզ բռնել
Եվ ամուր-ամուր գրկել
Ու տանել մայրիկիս տալ գարնան նվեր։ /2 անգ․/
Կրկներգ․․․․․
3. Մի կապույտ ու մի կարմիր
Երկնագույն, նարնջագույն, դեղին,
Խառնվել են ու նստել
Ու նստել ամպի ուսին,
Դե եկեք միասին երգենք երջանիկ։ /2 անգ․/
Կրկներգ․․․․․
Երգ- « Տառերը պես – պես»
1 Տառերի պես-պես բացել են հանդես
Տառերը երգում են, տառերը մեր տունն են։
Միացիր դու մեզ ու երգիր մեզ հետ
Մենք քեզ սիրում ենք հայոց այբուբեն։
2 Քեզ պաշտպանում ենք, մեզ պաշտպանում ես,
Մենք զինվորներ ենք, մեր լեզվի տերն ենք,
Միացիր դու մեզ ու երգիր մեզ հետ
Մենք քեզ սիրում ենք հայոց այբուբեն։