Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆրիկան կիսագնդային քարտեզի վրա
Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է։ Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը: Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում)։ Նրա ծայրակետերն են. հյուսիսում՝ Էլ-Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում՝ Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում՝ Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում՝ Ռաս-Հաֆուն (Հաֆուն; արլ. երկ. 51°23’) հրվանդանները:
Ափերի գծագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆրիկայի ափերը արևմուտքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևելքից՝ Հնդկական օվկիանոսի ջրերը։ Հյուսիսում Աֆրիկան Եվրոպայից բաժանվում է Ջիբրալթարի խոր ու նեղ նեղուցով և Միջերկրական ծովով, իսկ հյուսիս-արևելքում՝ Ասիայից՝ Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով:
Աֆրիկայի ափագիծը քիչ է կտրատված։ Խոշոր ծովածոցը Գվինեականն է, խոշոր կղզին՝ Մադագասկարը, խոշոր թերակղզին՝ Սոմալին: Համեմատաբար փոքր են Ազորյան, Մադեյրա, Կանարյան, Կանաչ հրվանդանի, Սուրբ Հեղինե (Ատլանտյան օսկիանոսում), Զանզիբար, Կոմորյան, Սեյզելյան, Ամիրանտյան, Մասկարենյան, Սոկկոտրա (Հնդկական օվկիանոսում) կղզիները։
Մադագասկարը մայրցամաքից բաժանվում է Մոզամբիկի լայն նեղուցով։
Մակերևույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝ Աֆրիկայի մակերևույթ
Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։ Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը։ Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները։ Ամենաբարձր գագաթը Կիլիմանջարոն է՝ 5895 մ։
Oգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆրիկան թեև երկրաբանական տեսանկյունից այնքան էլ լավ չի ուսումնասիրված, սակայն հայտնաբերված են բազմազան օգտակար հանածոներ, որոնցից շատերն ունեն համաշխարհային նշանակություն։
Մետաղային օգտակար հանածոներով հարուստ են հատկապես նրա հարավային և կենտրոնական շրջանները, որտեղ արդյունահանում են ոսկի, երկաթ, ալմաստ, պղինձ, ուրան, ցինկ, մանգան, անագ, պլատին և այլն։ Աշխարհի ալմաստի (60%; Կիմբեռլի նահանգում հայտնաբերված են այսպես կոչված «Կիմբեռլիտային խողովակները», որոնք հարուստ են ալմաստով), ոսկու (50%) և ուրանի (30%) հանույթի զգալի մասը բաժին է ընկնում Աֆրիկային։
Կենտրոնական Աֆրիկան հարուստ է գունավոր և հազվագյուտ մետաղներով, թանկարժեք քարերով, բոքսիդներով, ուրանով, հարավը՝ քարածխով, երկաթով, ոսկիով, ալմաստով, ուրանով, իսկ հյուսիսը՝ նավթով, գազով, ծծումբով, ֆոսֆորիտներով, երկաթով։
Գվինեական ծովափը հարուստ է նավթով։