Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան։ Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար։ Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո)։ Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ։ Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին։ Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ)։ Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»:
Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա: Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում։
Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում։ Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում։ Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և՝ հակառակը։ Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ՝ գորշ, հողմահարված քարեր։ Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ։ Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 միլիոն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի։ Օդը Սահարայում չոր է ու փոշոտ։ Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ։ Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է։
Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է։ Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։ Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։
Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։ Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։