Ագաթանգեղոսը հեղինակ է հայ պատմագրության հնագույն հուշարձանի՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով։ Գրքում սփռված «կենսագրական» տեղեկությունների և ակնարկների հիման վրա Ագաթանգեղոսն ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. Տրդատ Գ Մեծի ժամանակ գալով Հայաստան՝ դարձել է նրա քարտուղարը, որպես Տրդատի ու Գրիգորի աշխարհիկ և հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ, գրել է Խոսրով Մեծի և իր դարաշրջանի Հայաստանի պատմությունը։
«Պատմություն Հայոց»-ի նյութը 4-րդ դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ-ի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն հաստատելը։ Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր։ Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու և ուրիշների համար։ Առաջին անգամ նրա մասին հիշատակել է Ղազար Փարպեցին։ Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական-գեղարվեստական արժեքը։
Գիրքը դեռևս միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, լատիներեն, վրացերեն և այլ լեզուներով, իսկ նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել է իտալերեն, ֆրանսերեն[2], գերմաներեն, ռուսերեն[3], անգլերեն[4][5] և արևելահայերեն[6]։
«Պատմություն Հայոց»-ի ստեղծման թվական և հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագաթանգեղոսի «Պատմության» առաջին տպագիր հրատարակության շապիկը (1709 թ.)
«Պատմություն Հայոց»ի ստեղծման թվականը և հեղինակի հարցը գիտական լուրջ վեճերի առարկա է։ Ինքը՝ Ագաթանգեղոսը, իր գրքի առաջաբանում իրեն ներկայացնում է որպես լատիներենի և հունարենի գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը։
Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու և մյուս հայ մատենագիրների մոտ Ագաթանգեղոսի մասին հիշատակությունները միայն հաստատել են այդ ավանդական տեսակետը։ Այստեղից արվել է այն հետևությունը, որ Ագաթանգեղոսը IV դարի պատմիչ է, նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն V դարում՝ հայ գրերի գյուտից հետո։ Այս տեսակետն ընդունվել է անվերապահորեն մինչև XVIII դարի երկրորդ կեսը։
1709 թ.-ին, Պոլսում, Գրիգոր Մարզվանեցու ջանքերով առաջին անգամ տպագրվեց Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»–ի բնագիրը։ 1762 թվականին Հովհաննես Ստիլտինգը հրատարակեց հունարեն օրինակը և լատիներեն խմբագրությունը։ Նա էլ առաջին անգամ կասկածի տակ առավ Ագաթանգեղոսի հաղորդած պատմական շատ փաստերի վավերականությունը։ Ստիլտինգի հունարեն օրինակը հետագայում բազմիցս վերահրատարակվեց, իսկ Պոլ դը Լագարդը կատարեց նրա քննական հրատարակությունը։ Հայերեն բնագրի գիտական արժեք ունեցող առաջին հրատարակությունը լույս տեսավ 1835 թվականին, Վենետիկում։ Դրա քննական հրատարակությունը տպագրվեց Թիֆլիսում, 1909 թվականին, իսկ 1911 թվականին Վիեննայում լույս տեսավ Վիեննայի կրկնագիր ձեռագրի բնագիրը։
Հայկական բնագրի և նրա տարալեզու խմբագրությունների հրատարակումը հնարավորություն տվեց համեմատական վերլուծության միջոցով մանրակրկիտ ուսումնասիրել Ագաթանգեղոսի երկասիրությունը։ Օտարազգի և հայ բանասերներ, տեքստաբաններ փորձեցին լուծել Ագաթանգեղոսի առեղծվածը։ Նորայր Բյուզանդացին, ելնելով «Պատմութիւն Հայոց»–ի լեզվա–ոճական առանձնահատկություններից, եզրակացրեց, որ Ագաթանգեղոսը եղել է հույն, և որ Կորյունը, ի թիվս այլ երկերի, Ագաթանգեղոսի երկը ևս թարգմանել է հայերեն։
Նորայր Բյուզանդացին այդ երկերը անվանեց առանձին «դաս»։ Հայագետ Թոռնյանը Ագաթանգեղոսին է վերագրում այդ «դասի» բոլոր գրական հուշարձանները։ Ագաթանգեղոսի ֆրանսերեն թարգմանիչ Վ. Լանգլուան հանգեց այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դարում և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չփորձեց ժխտել Ագաթանգեղոսի բնագիրը հունարեն գրված լինելու վարկածը։
Ագաթանգեղոսի՝ 1709-1710 թվականներին Կոստանդնուպոլսում տպագրված «Հայոց պատմության» նմուշը, որը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Բանասերների մի այլ խումբ (Հերման Ալֆրեդ Գուտշմիդ և ուրիշներ) կասկածի ենթարկեց Ագաթանգեղոսի անունը, որ զոյություն ունի միայն հայկական խմբագրության մեջ։ Այդ խումբը «Ագաթանգեղոս» անունը համարում է ոչ թե հատուկ անուն, այլ մի բառ, որի ստուգաբանական իմաստը պետք է համապատասխաներ Հայաստանում տեղի ունեցած պատմա–քաղաքական իրադարձության իմաստին, այսինքն Agatangelos – բարի հրեշտակ, ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ բարի հրեշտակություն, ինչպես՝ evangelia - ավետարան և այլն։ Բայց Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատեց, որ Ագաթանգեղոսի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը։
Ըստ Նիկողայոս Մառի, Գրիգորի լուսավորչական գործունեության մասին IV դարում եղել են զանազան զրույցներ, որոնք վերապատմել, վերամշակել է Մեսրոպ Մաշտոցը՝ կոչելով երկը Ագաթանգեղոս՝ Αγαθάγγελος, որ բառացի նշանակում Է՝ լավ, բարի լուր տվող, լրատու կամ լրաբեր, կամ բարի հրեշտակություն բերող։ Ագաթանգեղոսի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գր. Խալաթյանցը, Բ. Սարգիսյանը, Գ. Տեր–Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր–Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը։ Այժմ իշխում է այն տեսակետը, որ Ա. հայ պատմագիր է, որ նրա երկը գրվել է V դարի առաջին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով։