Просмотр содержимого документа
«Ալեքսանդր Մակեդոնացի»
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ
Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: Մ. թ. ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր: 331 թ-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել՝ Իրաքում) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է (Գավգամելայի ճակատամարտ) պարսկական բանակը: Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները:
Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա: Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը՝ Երվանդ Գ-ի, և Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսի գլխավորությամբ, ովքեր պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվեցին իրենց երկրների թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին: Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326 թ-ին գրավել Փենջաբը, սակայն հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը՝ նա դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324 թ-ին վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա:
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, Աքեմենյան Պարսկաստանի անկումը, Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների ձևավորումը Աքեմենյան տերությունը, չնայած արտաքին փայլին, նման էր կավե ոտքերով հսկայի: Գնալով ուժեղանում էին կենտրոնախույս ձգտումները, և տերության տարբեր մասերում հանդես եկան գործնականում անկախ ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից էին Հայաստանում գտնվող կարդուխները, խալդայները կամ սկյութները: Եվ մինչ օրեցօր թուլանում էր Աքեմենյան տերությունը, Բալկանյան թերակղզում գնալով ուժեղանում ու առնականանում էր Մակեդոնիայի ոչ մեծ թագավորությունը: Ռազմական վերափոխությունների շնորհիվ, որոնց մեջ կարևոր դեր ուներ փաղանգի (ֆալանգ) ստեղծումը, մակեդոնական բանակը դարձավ իր ժամանակի ամենամարտունակ բանակը: Իրեն բավարար չափով ուժեղ զգալով՝ Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդր Մեծը Ք.ա. 334 թ. իր բանակով անցավ սևծովյան նեղուցները և մեկ տարվա համառ կռիվներից հետո գրավեց Աքեմենյան տերության արևմտյան սատրապությունները:
Աքեմենյան բանակներն առաջին լուրջ պարտությունը կրեցին Ք.ա. 333 թ. Իսոսի ճակատամարտում: Սակայն պարսից արքունիքն անկարող եղավ հետագա երկու տարիներին ուժեղացնել երկրի պաշտպանությունը: Եվ երբ Ք.ա. 331 թվին հունա-մակեդոնական և պարսկական բանակները ճակատամարտ տվեցին Գավգամելայում, Ալեքսանդր Մակեդոնացին պարզապես ջախջախեց Դարեհ Գ-ի կողմից ղեկավարվող պարսկական բանակը: Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ն փախուստի դիմեց՝ հուսալքության մատնելով իր զորքերին, և շատ չանցած սպանվեց իր իսկ մերձավորների ձեռքով: Ինչպես հավաստում են սկզբնաղբյուրները, Գավգամելայի ճակատամարտին մասնակցել են Մեծ Հայքի և Փոքր Հայքի զորաբանակները: Մեծ Հայքի զորքերը գլխավորում էր Երվանդ սատրապը: Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը Հայաստան չմտան և շարունակեցին իրենց ռազմերթը դեպի Միջին Ասիա և այնուհետև՝ Հնդկաստան, որոնց նվաճումը մեծ դժվարություններ ստեղծեց հունա-մակեդոնական զորքերի համար: Հատկապես մեծ փորձություն էր նրանց համար մարտական փղերի դեմ պայքարելը: Արշավանքն ստիպված եղան դադարեցնել: Սակայն դրա արդյունքում նվաճվեց Աքեմենյան տերությունը, և ստեղծվեց մի նոր ու տարածքով նրան չզիջող պետություն, որն ընդունված է կոչել Ալեքսանդր Մակեդոնացու տերություն: Վերջինս իր պետության մայրաքաղաք դարձրեց վաճառաշահ Բաբելոն քաղաքը:
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները լոկ ռազմական երևույթ չէին: Նրանք հեղաշրջիչ ազդեցություն ունեցան քաղաքական, տնտեսական և հասարակական հարաբերությունների վրա: Արևելքի երկրներում լայնորեն տարածվեց հունարենը, որը վերածվեց իշխող խավերի խոսակցական լեզվի: Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներով Առաջավոր Ասիայում սկսվեց մի նոր՝ հելլենիզմի (հունականության) դարաշրջանը: Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստան չի արշավել, իսկ նրա ուղարկած բանակները ջախջախվել են հայերի կողմից: Մինչ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը կռվում էին Արևելքում, Հայաստանի երկու մասերը՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում իրեն թագավոր է հռչակում Գավգամելայի ճակատամարտի մասնակից Երվանդը, որով Երվանդական արքայատոհմը վերականգնում է իր լիակատար իշխանությունը: Փոքր Հայքում ևս թագավորական իշխանությունն անցնում է Երվանդական արքայատոհմին:
Հայրս ինձ համար նվաճելու ոչինչ չի թողնի: Ըստ Պլուտարքոսի, Փիլիպոս Մակեդոնացու հերթական հաղթանակի լուրն առնելով, պատանի Ալեքսանդրը ասել է իր հասակակիցներին. «Տղանե՛ր, հայրս կհասցնի գրավել ամեն ինչ, այնպես որ ինձ ձեզ հետ միասին ոչ մի մեծ և հիասքանչ բան իրագործել չի հաջողվի»: ♦♦♦ Եթե ես Ալեքսանդրը չլինեի, ապա կցանկանայի լինել Դիոգենեսը: Այսպես է ասել Ալեքսանդրը` դեպի Պարսկաստան ռազմարշավ սկսելուց առաջ հանդիպելով փիլիսոփա Դիոգենեսին: ♦♦♦ - Արքա՛, իսկ ի՞նչ ես քեզ թողնում: - Հույս: Այսպես է պատասխանել Ալեքսանդրը իր զորավարներից մեկի հարցին, երբ դեպի Պարսկաստան ռազմարշավից առաջ շռայլորեն ընծաներ էր բաժանում իր մտերիմներին: ♦♦♦ Ես Աքիլլեսին երջանիկ եմ համարում, քանզի կենդանության օրոք նա հավատարիմ ընկեր ուներ, իսկ մահից հետո ունեցավ իր փառքի ավետաբերը: Այս խոսքերը Ալեքսանդրն ասել է դեպի Պարսկաստան ռազմարշավի ընթացքում, Իլիոնում` Աքիլլեսի գերեզմանի մոտ: ♦♦♦ -Եթե ես Ալեքսանդրը լինեի, ապա կընդունեի այդ պայմանները: - Ես ևս նույնը կանեի, եթե Պարմենիոնը լինեի: Այսպես է պատասխանել Ալեքսանդրը իր զորավարներից Պարմենիոնին` պարսից Դարեհ արքայի առաջարկած խաղաղության պայմանների քննարկման ժամանակ: ♦♦♦ Երկնքում չի կարող երկու արև լինել, իսկ երկրի վրա` երկու տիրակալ: Ըստ Պլուտարքոսի` Ալեքսանդրն այսպես է պատասխանել պարսից Դարեհ արքայի` նախքան Գավգամելայի ճակատամարտն արված առաջարկին` նրա հետ բաժանել իր տերությունը:
♦♦♦ Երկնքում չի կարող երկու արև լինել, իսկ երկրի վրա` երկու տիրակալ: Ըստ Պլուտարքոսի` Ալեքսանդրն այսպես է պատասխանել պարսից Դարեհ արքայի` նախքան Գավգամելայի ճակատամարտն արված առաջարկին` նրա հետ բաժանել իր տերությունը: ♦♦♦ Ես հաղթանակ չեմ գողանում: Սա Ալեքսանդրի պատասխանն է իր զորավար Պարմենիոնին, որը առաջարկում էր Գավգամելայի ճակատամարտից առաջ գիշերային հարձակում գործել պարսից բանակի վրա: ♦♦♦ Տիեզերքում անհամար աշխարհներ կան, իսկ մենք դեռևս դրանցից ոչ մեկը չենք նվաճել: Ըստ Պլուտարքոսի` այսպես է արտահայտվել Ալեքսանդրը` դեպի Հնդկաստան արշավանքի ժամանակ` տեղեկանալով, թե որքան շատ աննվաճ երկրներ կան: ♦♦♦ Ռազմիկները կախում ունեն փառքից, և հաճախ այն սուտը, որին հավատացել են, վերածվում է ճշմարտության: Այս արտահայտությունը Ալեքսանդրն ասել է ի պատասխան այն դժգոհությունների, որ ինքը թույլ է տվել իրեն աստվածացնել: ♦♦♦ Արքաներին վիճակված է կատարել բարի գործեր, սակայն լսել չարամիտ խոսքեր: Ալեքսանդրի այս ասույթը պահպանվել է Պլուտարքոսի մոտ: ♦♦♦ Ես արթուն եմ մնացել այն բանի համար, որ դուք կարողանաք հանգիստ քնել: Ըստ Արրիանոս Փլավիոսի` Ալեքսանդրի այս խոսքերն ուղղված էին իր զինվորներին, երբ Ք. ա. 324 թ. նրանք բանակել էին Տիգրիսի ափին: