Արմենական կուսակցություն
Արմենական կուսակցություն հիմնադրվել է 1885 թվականի աշնանը Վան քաղաքում և գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը։
Հայ ազատագրական շարժման նշանավոր կենտրոններից էր Վան քաղաքը, որտեղ գործող վարժարանների, հոգևոր-մշակութային հաստատությունների շուրջ համախմբվել էր երիտասարդ մտավորականների մի ողջ սերունդ։ Նրանց գաղափարական ոգեշնչողներն էին Խրիմյան Հայրիկը, ուսուցիչ Մկրտիչ Փորթուգալյանը և երիտասարդ մտավորական Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան)՝ «նշանավոր երեք մկրտիչնները»։
Մ. Խրիմյանի խորհրդով Մ. Փորթուգալյանը և նրա 12 սաները ստեղծում են մի միություն, որը կազմում է ապագա կուսակցության կորիզը։ Վտանգավոր համարելով Փորթուգալյանի գործունեությունը՝ 1885թ. մարտին իշխանությունները նրան վտարում են Վանից։ Վերջինս հաստատվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում որտեղ հրատարակում է «Արմենիա» թերթը։ Հայրենիքում Փորթուգալյանի համախոհները իրենց գործողությունը չեն դադարեցնում։ Հեղափոխականների շրջանում մեծ հարգանք ունեցող Մ. Ավետիսյանը խույժ գաղտնի պայմաններում 1885թ. աշնանը Վան քաղաքում հիմնադրում է առաջին հայ ազգային կուսակցությունը։ Մ. Փորթուգակյանը չի անդամակցում կուսակցությանը։ Անկախ դրանից՝ նրա աշամերտները, որ շարունակում էին հետևել «Արմենիայի» ուղղությանը, իրենց կոչում են «Արմենական»։
Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության առաջին տասնամյակի ընթացքում։ Արմենական կուսակցությունն ունեցել է սեփական ծրագիր՝ կազմված յոթ մասից։ Կազմակերպության նպատակն էր՝ «Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել իրեն ազատ կառավարելու իրավունք, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ և դրանք գործադրել ժամանակի պահանջների համեմատ»։
Արմենական կուսակցությունը մասնաճյուղեր ուներ Վասպուրականում (Վանի վիլայեթ), Մուշում ու Բաղեշում (Բիթլիսի վիլայեթ), Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս քաղաքներում։ Կուսակցության տեղական կազմակերպություններ հիմնվեցին նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Բուլղարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Պարսկահայաստանի Թավրիզ և Սալմաստ հայաշատ քաղաքներում։ Կուսակցությունը, գտնվելով Վասպուրականում, առաջնային նպատակ ուներ զինել տեղի հայ բնակչությանը։ Զենքը փորձում էին անցկացնել հիմնականում Պարսկաստանից։ 1890-ականների սկզբներին Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր։ 1896 թ. հունիսին, շուրջ երկու տարվա նախապատրաստական աշխատանքից հետո, օսմանյան կառավարությունը ձեռնարկեց Վանի հայ բնակչության ոչնչացման փորձ։ Մի կողմ դնելով տարաձայնությունները՝ հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները րնդհանուր ճակատ ստեղծեցին և հաջողությամբ կազմակերպեցին քաղաքի հայերի ինքնապաշտպանությունը: Ի դեպ, այս դիմադրության շնորհիվ էր, որ կասեցվեց համատարած ջարդերի ալիքը Վասպուրականում։ Ցավոք, Վանի ինքնապաշտպանական ուժերը Պարսկաստան անցնելու ճանապարհին, Ս. Բարթուղիմեոս առաքյալի վանքի մոտերքում ենթարկվեցին թուրքական կանոնավոր բանակի և քրդական անկանոն հեծելազորի դավադիր հարձակմանը և լիովին ոչնչացան; Առավելապես ծանր էին արմենականների կորուստները։ Կուսակցության՝ տարիների ջանքերով ստեղծած մարտական ջոկատների, նրա նվիրված անդամների մեծագույն մասը զոհվեց։ Ինքնապաշտպանությունից հետո, կուսակցությունը աստիճանաբար կորցրեց իր ուժն ու դիրքերը։ Այդ ժամանակում Մկրտիչ Ավետիսյանին փոխարինեց Եղիշե Կոնդակչյանը, ում հետ համագործակցում էին 1897 թվականին բանտերից ազատված Արմենակ Եկարյանը, Գրիգոր Պեռզիկյանը (Շիկահեր), Ղևոնդ Խանջյանը, Միքայել Նաթանյանը և ուրիշներ։ 1890-ականներին Արևմտահայության զանգվածային կոտորածների ժամանակ Մկրտիչ Ավետիսյանը երբ մի խումբ երիտասարդների հետ անցնում էր Պարսկաստան, ճանապարհին զհվեց։ 1908 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում արմենականները, միավորվելով «Վերակազմյալ Հնչակյանների» հետ, կազմեցին Սահմանադրական Ռամկավար Կուսակցությունը, որն էլ 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվեց Ռամկավար Ազատական Կուսակցությանը (ՌԱԿ)։
Այսպիսով, Արմենական կուսակցությունը հանդիսացավ հայրենիքում հիմնված առաջին հեղափոխական կուսակցությունը, որը խոր հետք թողեց հայ ազատագրական պայքարի պատմության մեջ։ Լինելով Արևմտահայաստանի ժողովրդական լայն զանգվածների շահերի արտահայտիչ՝ արմենականները շեշտագրումը կատարում էին արևմտահայությանը ապագա զինված հեղափոխության նախապատրաստելու, նրա մեջ ազգային հայրենասիրական զգացումներ ներարկելու վրա։ Աբդուլ Համիդյան ջարդարարական քաղաքականությունը, արևմտահայության ֆիզիկական ոչնչացման հեռանկարը, բնականաբար, օրակարգի խնդիր դարձրին անմիջական զինված պայքարի կազմակերպման հարցը։ Բայց կրած ծանր հարվածների պատճառով արմենականները աստիճանաբար ազատագրական գոյամարտի դրոշը զիջեցին մյուս ազգային կուսակցություններին՝ միշտ հավատարիմ մնալով համազգային ընդհանուր ճակատ կազմակերպելու և հախուռն գործողությունները մերժելու մարտավարությանը։