СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արտաշեսյաններ ք.ա 189-1թթ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.ա։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես 1 –ի անունով /Ըստ Մ. խորենացու վկայության՝ սերվել են Պարթև Արշակունիների ավագ ճյուղից/։

Անունը Տարեթվեր Իշխել է Նշումներ
Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. -մ.թ.ա. 115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիրան Ա մ.թ.ա. -մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. -մ.թ.ա. 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. -մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. -մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ Էրատո   մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5, մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1 Տիգրան Գ որդին և դուստրը

Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։

Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։

Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի դեմ պատերազմներումՏիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։

Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ-ն, որից հետո հարստությունն անկում է ապրել։

Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։

Արտաշեսյան արքաայտոհմը Հայաստանում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա-ն, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ որդի Զարեհի, Երվանդյան։ Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն։

 

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան: Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։

Արտավազդ Ա (ծննդյան թվականն անհայտ — մ.թ.ա. 115), Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մ.թ.ա. 160-115 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։

Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։

Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից և Հայաստանի նորակառույց մայրաքաղաքից՝ Արտաշատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը մ.թ.ա. 120 թվականին պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։

Տիգրան Ա, (մ.թ.ա. մոտ 181 – մ.թ.ա. 95), Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մոտ մ.թ.ա. 115 թվականից։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով։

Տիգրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տիգրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։

Տիգրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիգրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։ Նրան հաջորդել է որդին՝ գերությունից ազատված Տիգրան Մեծը։

 

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հին հուն․՝ Τιγράνης ὁ Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140 — մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 — մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։

Արտավազդ Բ (ծն. թ.անհայտ– մ.թ.ա.31), Հայոց թագավոր մ.թ.ա. 55-34-ին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական և պարթեական պետությունների միջև, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայաստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54-ին Արտավազդը այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42000 զինվորով ժամանել էր Ասորիք և առաջարկել արշավել Պարթևաստան՝ Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթևական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթևական հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Արտավազդի առաջարկը, գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում։ Վերադառնալով Հայաստան Արտավազդը ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հռոմեական բանակը դատապարտել է պարտության, Արտավազդը հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես II թագավորի հետ։ Հաշտությունը վերածել է հայ–պարթևական դաշնակցության, որն ամրապնդվել է Արտավազդի քրոջ և Որոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ.թ.ա. 53-ին, Խառանի ճակատամարտում հռոմեական բանակի ջախջախումից և Կրասոսի սպանվելուց հետո, Արտավազդի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է հայկական պետության անկախությունն ու հզորությունը։

Մ.թ.ա. 37-ին Արտավազդի դաշնակից Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու Պարթևաց նոր թագավոր Հրահատ IV–ի հակահայկական դաշինքից հետո, հայ–պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Երբ մ.թ.ա. 36–ին հռոմեական նոր եռապետ և զորավար Մարկոս Անտոնիոսի բանակը Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Արտավազդը խոստացել է օգնել հռոմեացիներին։ Սակայն Անտոնիոսի անխոհեմ ռազմավորության պատճառով Ատրպատականում հռոմեական բանակի պետությունից հետո Արտավազդը գրավել է չեզոք դիրք, թեև ապահովել է հռոմեական պարտված ուժերի նահանջը Հայաստանի վրայով։ Հռոմի առջև արդարանալու նպատակով Անտոնիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Արտավազդի դիրքորոշումը։ Անտոնիոսը քանիցս փորձել է խարդախորեն ձերբակալել Արտավազդին, բայց վերջինս չի արձագանքել նրա հրավերներին։ Իսկ մ.թ.ա. 34-ին, երբ Անտոնիոսը ներխուժել է Հայաստան և շարժվել Արտաշատի վրա, Արտավազդը հանձնվել է՝ ինքնազոհության գնով փորձելով երկիրը փրկել ավերածություններից ու արյունահեղություններից։ Անտոնիոսը շղթայակապել է Արտավազդին և տարել Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի։ Արտավազդի հանդեպ Անտոնիասի նենգ վերաբերմունքը դատապարտել են նույնիսկ հռոմեացի պատմիչները։ Անտոնիոսի դեմ Հռոմի ծերակույտի հարուցած չորս մեղադրանքից մեկը համարվել է Հայոց թագավոր Արտավազդի ձերբակալումը։ Ակտիումի ճակատամարտից հետո Արտավազդը գլխատվել է Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի հրամանով։ Արտավազդը ստացել է հելլենական կրթություն։ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը գրել է ճառեր, պատմություններ ու ողբերգություններ, որոնք, սակայն, չեն հասել մեզ։

Արտաշես Բ (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 60ական.– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիանոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝ պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։ Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամական վերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիանոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներ Կրասոսի և Անտոնիոսի պատմությունների փորձը։ Հռոմը սկսել է վարել Հայաստանը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու դիվանագիտություն։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Արտաշեսի թշնամի՝ Ատրպատակարանի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ Դավերի, կաշառքի ու զանազան խոստումների միջոցով Հռոմը Հայաստանի դեմ է գրգռել Կապադովկիային, Պոնտոսին, Իբերիական ու աղվանական ցեղերին։ Մ.թ.ա. 20-ին Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծաթիվ բանակով բանակով մտել է Ասորիք։ Արտաշեսի դաշնակից Հրահատ IV, պարթևական թագավորության անկայուն վիճակից դրդված, անջատ հաշտություն է կնքել Օգոստոսի հետ, որից հետո հռոմեական լեգեոները ներխուժել են Հայաստան՝ Արտաշեսին տապալելու, հայկական գահին Արտաշեսի գերյալ եղբորը՝ Հռոմի կամակատար Տրգրանին նստեցնելու և Հայաստանը հռոմեական նահանգ դարձնելու նպատակով։ Հայաստանի մեկուսի և վտանգավոր կացությունը խուճապ է առաջացրել հայ ավագանու շրջանում։ Պատերազմից խույս տալու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով նրանք դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և պատգամավորություն ուղարկել Օգոստոսի մոտ՝ խնդրելով Տիգրանին տալ Հայաստանի գահը։ Հռոմեական թագավորը մտել է Հայաստան, Տիգրան Գ–ին թագավոր հռչակել՝ այնտեղ հաստատելով Հռոմի գերիշխանությունը։ Հայաստանից անջատել է Ատրպատակարանը։ Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։

Տիգրան Գ, (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 50 ական. թթ..–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ–ին։ Մ.թ.ա. 34-ին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։ Մ.թ.ա. 31–ի Ակտիումի ճակատամարտից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20–ին Օգոստոս Օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Իսկ մ.թ.ա. 10–ին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն ր դուստրը՝ Էրատոն։

Տիգրան Դ (ծն.թ. անհայտ–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5–ին և մ.թ.ա. 2–մ.թ. 1–ին, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական նկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոց Օկտավիանոսկայսրը մ.թ.ա. 5–ին Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2–ին ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1–ին Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների ասպատակիչ հարձակումները ետ մղելու ժամանակ։ Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները կտրված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, հակառակ կողմում Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած։

Էրատո (ծն. և մահվան թ. անհայտ), Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 — մ.թ. 1, մոտ 6-12։ Արտաշեսյան հարստության վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին։ Հայերն ապստամբեցին և Պարթևաց արքային սատարմամբ մ.թ.ա. 2 թ Էրատոին և եղբորը վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց: