Դժվարություններ սկսնակ ուսուցչի աշխատանքում
Մեթոդական միավորման համակազմը ժամանակի ընթացքում, ենթարկվելով տարիքային հերթափոխի, համալրվում է երիտասարդ աշխատակիցներով, ովքեր սովորաբար չեն ունենում համապատասխան աշխատանքային փորձ:
Երտասարդ, խանդավառ և նախաձեռնող ուսուցիչները նոր լից ենք հաղորդում մեթոդմիավորման գործունեությանը՝ իրենց հետ բերելով ուսուցման նոր մեթոդներ, նոր գաղափարներ, հետաքրքիր նախաձեռնություններ, հմտորեն են տիրապետում ժամանակակից համակարգչային ծրագրերի: Աշխատելով փորձառու ուսուցիչների կողքին՝ նրանք ծանոթանում են ավագ գործընկերների փորձին, ձեռք բերում համապատասխան հմտություններ, ձևավորում անհատական աշխատանքային ձեռագիր և շարունակում ուսուցչի համամարդկային աշխատանքը:
Սակայն ուսուցչի երիտասարդ լինելը տարբեր կերպ է ընդունվում աշակերտների ծնողների կողմից. ոմանք գերադասում են փորձառու ուսուցիչների, ովքեր ունեն նաև իրենց երեխաները և կարողանում են հասկանալ ծնողների դժվարությունները՝ անձնական փորձից ելնելով: Երբեմն էլ ծնողներից շատերը գերադասում են երիտասարդ ուսուցիչների, որոնց հետ ավելի հեշտ կարելի է , ինչու չէ, նաև իշխել:
Սկսնակ ուսուցիչների հետ աշխատանք ծավալելիս պետք է հաշվի առնել մի շարք կարևոր հանգամանքներ՝ ուսուցչի տարիքը, կենսափորձը, պատրաստվածության աստիճանը, ինչպես նաև այն հանգամանքը, թե որ դասարանում նա պետք է դասավանդի:
Սովորաբար դպրոցի, դասապրոցեսի և ուսուցչի աշխատանքի, պարտականությունների մասին սկսնակ ուսուցիչների ունեցած պատկերացումները սահմանափակվում են կա՛մ բուհ-ի ուսումնական պրակտիկայում ունեցած տպավորություններով, կա՛մ սեփական դպրոցական տարիներից մնացած հուշերով, իսկ եթե ունեն դպրոցահասակ երեխաներ, ապա ծնողի դիտակետով ստեղծված պատկերացմամբ: Սակայն դրանցից և ոչ մեկը մոտ չէ իրականությանը, և եթե, որն էլ սովորաբար հաճախ է հանդիպում, ուսուցիչը չի պատկերացնում, թե որտեղից պետք է սկսել, ինչ պետք է անել, որն է իր անելիքը, ուսուցչի աշխատանքը ձախողվում է: Եվ ուրբեմն, սկսնակ ուսուցիչը պետք է պարզի իրեն համար հետևյալ հարցերի պատասխանները. ո՞ւմ եմ դասավանդում, ի՞նչ եմ դասավանդում , ինչպե՞ս եմ դասավանդում, ինչո՞ւ եմ դասավանդում:
Սկսնակ ուսուցչին այս քայլաշարում անշուշտ կօգնի մեթոդմիավորումը՝ լուսաբանելով մի շարք նրբություններ՝ պայմանավորված ուսումնական գործընթացի կազմակերպման, պլանավորման և առաջիկայում հնարավոր խնդիրների առաջացման, դրանց շրջանցման կամ հաղթահարման համար: Այսպիսով, եթե խմբավորելու լինենք մի քանի առանցքային հարցեր, ապա սկսնակ ուսուցչի ուշադրությունը պետք է հրավիրել հետևյալ հարցերի լուսաբանմանը.
հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի պահանջների կատարման, դասի պլանավորման և ուսումնական գործընթացին գործնական ուղղվածություն հաղորդելու ապահովման մակարդակը,
աշակերտների ֆիզիկական, մտավոր և հոգեբանական, սոցիալական վիճակի տեղեկացվածության մակարդակը,
ուսուցչի ճիշտ վարվեցողությունը և փոխհարաբերությունը աշակերտների, ծնողների և աշխատակիցների հետ,
ուսուցչի ինքնակրթության պլանավորումը:
Սկսնակ ուսուցչի (այս հարցում՝ բոլոր ուսուցիչների) աշխատանքային գործունեությունը պետք է սկսվի հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի պահանջների ուսումնասիրությամբ, հակառակ դեպքում սկսնակ ուսուցիչը չի պատկերացնի, թե ուսուցանելով կոնկրետ նյութ, ինչ հեռահար նպատակի է հետամուտ լինում, որն է իր անելիքի հիմնական նպատակը, որքանով է այն իրատեսական : Կառչած կմնա դասագրքի նյութից, օրվա նպատակից : Միայն թե սկսնակ ուսուցչին մեթոդական օգնությունը միշտ չէ, որ պետք է հրամցնել պատրաստի եղանակով. մեթոդմիավորումը պետք է հնարավորություն տա ուսուցչին զբաղվել ինքնազարգացմամբ՝ պրպտել, հետաքրքրվել, ուսումնասիրել կրթական կայքերը, ծանոթանալ կրթական նորություններին, մշակումներ կատարել, քննարկել, կարծիքներ փոխանակել, և եթե ուսուցիչը դժվարանա, հանդես գա գործնական, վերլուծական աշխատանքով :
Սկսնակ ուսուցիչը պետք է ծանոթանա գործող և այլընտրանքային դասագրքերին, ուսումնասիրի առարկայական ծրագիրն ըստ դասարանների, բարդության աստիճանի, խորհրդակցի դպրոցում գործածության մեջ դրված դասագրքի մատչելիության, ուսումնական նյութերի ժամային բաշխման, խրթին թեմաների ուսուցման արդյունավետ եղանակների, ուսումնաօժանդակ ձեռնարկների ընտրության և մեթոդական հարցերի շուրջ փորձառու ուսուցիչների հետ :
Ստեղծի դիդակտիկ և զննական պարագաների, էլեկտրոնային ուսումնական նյութերի բանկ :
Դեռևս մինչ դասարան մտնելը ուսուցիչը պետք է տեղեկանա իր դասարանի աշակերտների ֆիզիկական, մտավոր, հոգեկան զարգացման մակարդակին, պարզաբանի, թե արդյո՞ք ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ կան դասարանում, ինչպիսի պայմաններ պետք է ապահովել այդ աշակերտների համար, սոցիալական ինչպիսի պայմաններում են ապրում իր աշակերտները, ծանոթանա դասարանի աշակերտների առողջական վիճակին, արտադպրոցական կյանքին:
Քանի որ մեր խոսքն ուղղված է տարրական դասարանների ուսուցիչներին, ապա առաջին դասարան ընդունվող աշակերտներին լիովին ծանոթանալ մինչ դպրոց ընդունվելն այնքան էլ իրատեսական չէ. մի քանի հանդիպումով հնարավոր չէ հստակ պարզել երեխայի մտավոր, ֆիզիկական կամ հոգեկան զարգացման մակարդակը, ունակությունները, այդիսկ պատճառով ներառական կրթություն իրականացնող դպրոցներում առաջին դասարան ձևավորելիս յուրաքանչյուր դասարանում պետք է ընդգրկել առավելագույնը երկու ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) աշակերտի, քանի որ ուսումնառության նույնիսկ առաջին տարում, ինչպես ցույց է տվել մեր փորձը, վկայագրվում են նաև այլ աշակերտներ, և դասարանում ԿԱՊԿՈՒ աշակերտների՝ թույլատերի 2-3 թիվը հասնում է 4-5-ի : Ինչպես նաև ցանկալի է նման դասարաններում ընդհանուր առմամբ սակավ թվով աշակերտներ ընդգրկել՝ հաշվի առնելով ուսուցչից պահանջվող շերտավորված և անհատական աշխատանքի դժվարին լինելը:
Անկախ ուսուցչի աշխատանքային փորձառությունից, գործ ունենալով ԿԱՊԿՈՒ աշակերտի հետ և կազմակերպելով նրա ուսումնական գործընթացը՝ ուսուցիչը պետք է հանգամանորեն ուսումնասիրի աշակերտի կարիքները, խորհրդակցի համապատասախան մասնագետների հետ (ԲՄԹ-ի աշխատակիցների, անհրաժեշտության դեպքում բժիշկների, աշակերտի ծնողների, մեթոդմիավորման նախագահի, ուսմասվարի, տնօրենի):
Աշխատանքի կատարումը ենթադրում է նաև սխալներ, որոնք կարող է թույլ տալ թե՛ փորձառու, թե՛ սկսնակ ուսուցիչը: Սկսնակ ուսուցիչները սովորաբար առավել հաճախ են թույլ են տալիս մի շարք սխալներ, որոնք պայմանավորված են ինչպես անփորձությամբ, այնպես էլ ուսուցչի մտածողությամբ.
Ծնողական և ուսուցչական միջավայրում ցանկությամբ, այսինքն՝ անհատական առանձնահատկությամբ :
Այդպիսի սխալներից է սկսնակ ուսուցչի՝ աշակերտների և ծնողների, ինչու չէ, նաև ուսուցիչների նկատմամբ ոչ ընդունելի վերաբերմունքը, մենիշխան դիրքորոշումը, ուսուցչի պարտականությունների և իրավունքների սխալ ընկալումը: Եվ հակառակը, չափազանց ջերմ հարաբերություններ են ստեղծում բոլորի կամ որոշ ընտրված ծնողների հետ, ինչը ուսուցիչ-ծնող փոխհարաբերությունը բերում են ընկերական հարթակ: Անհարգալիր է տարիքով ուսուցիչներին անունով դիմել:
Շատ հաճախ սկսնակ ուսուցիչներն իրենց համար սահմանում են առաջադիմության արդյունքների չափազանցված սանդղակ՝ չունենալով հստակ մշակված աշխատանքային ծրագիր, արդյունավետ մեթոդներ կամ հմտություններ, և արդյունքին հասնելու համար պահանջներ ներկայացնում ծնողներին և աշակերտներին՝ կիրառելով ուսուցչի ավտորիտար գործունեության սկզբունքը: Իմ բոլոր աշակերտները պետք է գերազանց սովորեն, ծնողները պարտավոր են գերազանց նախապատրասել աշակերտին դասին: Բոլոր ծնողները պետք է միաձայն ենթարկվեն և կատարեն իմ հրահանգները: Բարձր արդյունքի հասնելու համար ուսուցիչը չափազանց շատ է ծանրաբեռնում աշակերտներին, դրանով իսկ հակակրանք ստեղծում ուսումնական գործընթացի նկատմամբ :
Լինում է և հակառակը, ուսուցչի անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ բերում է ցածր ինքնագնահատականի, մանավանդ, երբ ծնողական լսարանը ավելի փորձառում է լինում և հասուն տարիքով: Արդյունքում, ուսուցչին ղեկավարում են ծնողները, իրենց կամքը թելադրում ուսումնական գործընթացի կազմակերպման յուրաքանչյուր քայլում: Սովորաբար նման դասարաններում ձևավորվում է անառողջ ծնողական համակազմ: Ծնողների կողմից չնչին դժգոհությունը, քմահաճույքը կարող են ազդել ուսուցչի աշխատանքային ձեռագրի վրա :
Ուսուցչի խոսքի արագության, ձայնի բարձրության նորմայից շեղումը՝ խոսքի արագ կամ դանդաղ, ցածրաձայն կամ բարձրաձայն լինելը ազդում է երեխայի նյարդային համակարգի վրա: Ուսուցչի՝ չափազանց հարստացված, աշակերտի տարիքային բառապաշարին անհամապատասխան խոսքի կառուցումը դժվար ընկալելի է դարձնում ուսուցչի խոսքն աշակերտի համար:
Ուսուցչի սառը, անտարբեր վերաբերմունքը դասի և աշակերտների նկատմամբ. միատոն, առանց հուզականության դասի անցկացումը տպավորիչ չի դարձնում դասն աշակերտների համար:
Երբեմն սկսնակ ուսուցիչները խուսափում են որևէ մեթոդական հարցով դիմել փորձառու կամ հեղինակավոր ուսուցչի, մտածելով, որ սխալ կարծիք կկազմվի իրենց մասնագիտական իմացության և պատրաստվածության վերաբերյալ: Սովորաբար փորձառու և անփորձ ուսուցիչների միջև գոյություն ունեցող անջրպետը պետք է հաղթահարեն հենց սկսնակ ուսուցիչները՝ գնահատելով աշխատանքում ուսուցչի փորձառությունը և բոլոր այն հմտությունները, որոնք ուսուցիչը ձեռք է բերել անձնական փորձի հիման վրա, որոնց ոչ միշտ կարելի է տեղեկանալ մասնագիտական գրականությունից :
Հստակ չպատկերացնելով դասի փուլերը, դասի կազմակերպման քայլաշարը, ուսուցանվող նյութի հիմնական նպատակը, չկարողանալով կիրառել դասվանդման արդյունավետ մեթոդներ, պլանավորել դասաժամի բաշխումը՝ սկսնակ ուսուցիչը երբեմն դասն անցկացնում է չափազանց բարդ, այն հագեցնում լրացուցիչ նյութերով կամ չափազանց շատ զննականությամբ, հաճախ շեղվում և հեռանում բուն նյութից, ինչը խանգարում է աշակերտին հստակեցնել օրվա նոր թեման, ամրապնդել նոր նյութը, կամ հրամցնում չափազանց պարզ՝ սահմանափակվելով սոսկ դասագրքի նյութով: Չի կարողանում տեսնել և ապահովել դասին միջ և ներառարկայական կապերը :
Չի կարողանում դասը վարել իր նախապես պլանավորած ընթացքով, ցանկացած միջադեպ փոխում է նրա հունը, և իրավիճակն անվերահսկելի է դառնում (դասարան մտած ուշացած աշակերտը, բուժքույրը, հայտարարությամբ հանդես եկող որևէ ուսուցիչ, դասալսողների ներկայությունը, աշակերտի սխալ ասած խոսքը և այլն):
Սկսնակ ուսուցիչները դասին առավել հաճախ են հանդես գալիս մենախոսությամբ, չեն լսում աշակերտներին, սահմանափակում են նրանց մասնակցությունը դասին՝ բավարարվելով փակ կամ կարճ պատասխաններով:
Սկսնակ ուսուցիչները չեն կարողանում վերլուծել իրենց վարած դասը, տեսնել դասի ուժեղ և թույլ կողմերը, անդրադառնալ բացթողումներին և կատարել շտկումներ : Ինչպես նաև չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է պլանավորել դասը՝ շերտավոր և անհատական ուսուցում իրականացնելու համար՝ մոռանալով, որ բոլոր աշակերտները չունեն նույն ունակությունները, և միևնույն նյութը մի աշակերտի համար կարող է լինել մատչելի և ըմբռնելի, իսկ մյուսի համար` խրթին. այդպիսով՝ հենվում են դասարանի ուժեղ աշակերտների վրա և դասն անցկացնում հիմնականում նրանց մասնակցութամբ:
Ձևավորվում է կարծրատիպային վերաբերմունք աշակերտների նկատմամբ՝ լավ, գերազանց, միջակ, թույլ սովորող աշակերտներ, սիրելիներ: Կողմնակալ վերաբերմունք աշակերտների նկատմամբ. սիրելիներին ներվում է ամեն զանցանք: Միշտ մեղավոր են թույլ սովորողները:
Բոլոր ծնողների կամ աշակերտների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ ասում որևէ աշակերտի կամ ծնողի հասցեին կամ, հակառակը, մշտապես նույն աշակերտին են գովաբանում:
Հաճախ սկսնակ ուուցիչներն ամիսներ շարունակ դասերից հետո օրվա դասանյութի և տնային աշխատանքի բովանդակությունը ներկայացնում են ծնողներին դպրոցի բակում. ուսուցիչը չի կարողանում հասնել նրան, որ աշակերտները հստակ գիտակցեն, ընկալեն իրենց հանձնարարված տնային աշխատանքը և ինքնուրույն հաղորդեն ծնողներին:
Սովորաբար սկսնակ ուսուցիչները դասարանի պատերը զարդարում են զննական պարագաներով, հատկապես՝ առաջին դասարանում: Այդպիսով շատերը փորձում են ցույց տալ իրենց դասին պատրաստվածությունը. գրատախտակն աննկատ է մնում աշակերտների համար, ուշադրությունը շեղող հետաքրքիր ու գունզարդ պատկերներն ավելի գրավիչ են, քան գրատախտակին ուսուցչի գրածը:
Սկսնակ ուսուցիչները խուսափում են համագործակցային մեթոդներ կիրառել՝ վախենալով աշակերտների ակտիվությունից, աշխատանքային աղմուկից, երբեմն չեն կարողանում վերահսկել աշխատանքի կատարման համակարգված ընթացքը:
Սկսնակ դասվարները հաճախ են դասաժամ գողանում տեխնոլոգիա, ֆիզկուլտուրա առարկաներից և տրամադրում մաթեմատիկա կամ մայրենի առարկաների հիմնավոր ուսուցմանը. պատճառը այդ առարկաների միջև կապերը չտեսնելն ու համակարգված աշխատելուն չտիրապետելն է :
Ծնողական ժողովներն անցկացնում են միօրինակ. որոշ աշակերտների գովաբանում են, մյուսներին՝ քննադատում: Գրեթե բոլոր ուսուցիչները ծնողական լսարանի հետ ճիշտ չեն աշխատում, ծնողական ժողովներն ընկալում են որպես աշակերտների առաջադիմությունը ներկայացնելու համար հրավիրված հանդիպումներ, սակայն այդ թեման օրակարգային հարցերից մեկը կարող է լինել :
Սկսնակ ուսուցիչները հստակ չեն պատկերացնում գնահատման համակարգը, տեսակները, տարրական դասարաններում ստեղծում են անհատական թղթապանակ, սակայն չեն օգտագործում թղթապանակային գնահատում, ինչն աննպատակ է դարձնում թղթապանակի ստեղծումը, սահմանափակվում են ուսուցանող և միավորային տեսակներով, չեն կարողանում ռեալ նկատել աշակերտի ուսումնական աճը, երբեմն աշակերտի վարքը գնահատում են միավորային գնահատմամբ և նշում տվյալ դասաժամի էջում :
Վերը նշված դժվարությունների զգալի մասը հաղթահարվում են տարիների ընթացքում ուսուցչի աշխատանքային փորձի կուտակմամբ, ինքնազարգացմամբ զբաղվելու շնորհիվ, որոշ սխալներ արմատանում են և դառնում աշխատանքային ձեռագիր: Մեթոդամիավորման խնդիրներ է օգնել սկսնակ ուսուցչին հնարավորինս գրագետ աշխատելու և թույլ չտալու սխալներ, որոնք կարող են խոտանել իր աշխատանքը:
Մեթոդմիավորման կողմից սկսնակ ուսուցչի հետ տարվող մեթոդական աշխատանքը պետք է լինի շարունակական, ունենա հստակ պլանավորում և կանխի վերը նշված խնդիրների առաջացումը: