Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո՛ւռ
Էլ չթողեց տուն-կտուր․․․
Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առավակից․․․
Աթաբեկ Խնկոյան
Աթաբեկ Խնկոյան
Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է 1870 թ․ հոկտեմբերի 19-ին Սպիտակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթություն ստացել է ծննդավայրում՝ տիրացու Կարապետի ծխական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի)՝ մասնավոր կրթարանում։ Հետո ստացել է որպես ուսուցիչ պաշտոնավարելու իրավունք։ Մահացել է 1935 թ․ Երևանում։ Թաղված է Երևանի Կոմիտասի անունը կրող պանթեոնում։
Խնկո Ապոր անունով է կոչվում Երևանի մանկական գրադարանը, Գյումրու դպրոցներից մեկը։ Մանուկների համար բազմաթիվ ստեղծագործություններ է գրել, մշակել հայկական և այլ ժողովուրդների առակներ։ Գրական փորձերն սկսել է դեռևս աշակերտական տարիներին։
Աթաբեկ Խնկոյան
ՊՈւՃՈւՐ ՄԿՆԻԿԸ
Պուճուր մկնիկն ասում է Մեծ մկանը՝ խմորը ես անեմ․ Մեծն ասում է՝ ո՜չ, ես անեմ։ Վերջապես Պուճուր մկնիկը զոռում է, խմորն ինքն է անում, բայց ձեռները կոտրատվում՝ մնում են խմորում։ Այս դժբախտությունը տեսնելով՝ Մեծ մուկը սրտապատառ դուրս է վազում, ձեռները խաչում և սկսում լաց լինել։
Մի Ծիտ, լսելով Մկան լացը, ուզեց իմանալ, թե ինչու է լալիս։
-Ա՜յ Մուկ, - հարցրեց Ծիտը, - ինչո՞ւ ես ձեռներդ խաչել և աղիողորմ լաց լինում։
- Բա չե՞ս ասիլ, ա՜յ Ծիտիկ, - պատասխանում է Մուկը,
- Պուճուր մուկիկը խմորն անելիս ձեռները կոտրեց։
Ծիտը շատ ցավեց, շատ ափսոսեց և սաստիկ ցավից նրա մի աչքը խփեց, կուրացավ։
Ծտին պատահեց մի Արտուտիկ և հարցրեց․
- Ծիտիկ, աչքդ ինչո՞ւ է փակվել։
- Բա չե՞ս ասիլ, Արտուտիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ,Պուճուր մուկիկի ձեռները խմորում են մնացել․․․ Աչքախուփիկ ծիտիկն եմ։
Արտուտիկի թևերն իսկույն կոտրվեցին։ Նա տխուր-տրտում մի թփի տակ ընկած Պուճուր մուկիկի մահն էր սգում։
Ինչո՞ւ ես լալիս, Արտուտիկ, - հարցրեց նրան Ագռավը։
- Բա չր՞ս ասիլ, Ագռա՜վ ազի, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ,Պուճուր մուկիկի ձեռները խմորում են մնացել։ Աչքախուփիկ ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ։
Ագռավը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությունը, իր փետուրները թափեց և տխուր-տրտում մի ծառի վրա նստեց, ղա՜-ղո՜ւ անելով Պուճուր մկնիկի մահը սգաց։
- Ասա ինձ, Ագռա՜վ – հարցրեց Ծառը, - պատճառն ի՞նչ է, որ դու փետուրներդ թափել ես և այդպես ցավալի կռավում ես։
- Բա չե՞ս ասիլ Ծառիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ,Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում, աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևի-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ։
Ծառը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությունը, իսկույն ճղակոտոր եղավ։ Նրա ճյուղերը թափվեցին այն քարի վրա, որն ընկած էր ծառի տակ։
- Ա՜յ Ծառ, քեզ ի՞նչ պատահեց, որ հանկարծ ճղակոտոր եղար, - հարցրեց Քարը։
- Բա չե՞ս ասիլ, - պատասխանեց Ծառը, - Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ,Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում։ Աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևի-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ։
Քարն իր տեղից թոլ եղավ, գնաց ընկավ Ծովը։ Ծովը ուզեց իմանալ Քարի տեղից շարժվելու պատճառը։
- Ինչո՞ւ թոլ եղար քո տեղից, ա՜յ Քար։
- Բա չե՞ս ասիլ, - պատասխանեց Քարը, - ես որ թոլ չլինեմ, ո՞վ լինի։ Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ,Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում։ Աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևի-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ։
- Ծովը ցավից իսկույն արյուն կտրավ։ Մի աղջիկ կոտը գլխին դրած աղբը բերեց Ծովը թափելու։ Տեսնելով, որ
Ծովն արյուն է դառել, խղճահարվեց, ուզեց պատճառն իմանալ։
(Ա՜յ Ծով, քեզ ի՞նչ պատահեց, որ արյուն կտրար։
- Բա չե՞ս ասիլ, սիրուն աղջիկ,Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ,Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում։ Աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևի-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ։
Լսելով Պուճուր մուկիկին հասծ դժբախտությունը, աղջիկը սաստիկ ցավ զգաց, այնպես որ աղբով կոտը կպավ նրա գլխին։ Նա լացուկոծով, կոտը գլխին, վերադարձավ տուն։
Տատը, որ ջահրա էր մանում, հարցրեց․
- Ա՜յ աղջի, ինչո՞ւ ես լալիս, ինչպե՞ս պատահեց որ աղբի կոտը գլխիդ կպավ, մնաց։
- Բա չե՞ս ասիլ, տատի, - սկսեց աղջիկը, - ինչ մեծ դժբախտություն է պատահել։ Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ,Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում։ Աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևի-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ։
Ջահրեն կպավ պառվի կողից։ Պառավը լաց լինելով գնաց տերտերի մետ։ Բա չե՞ս ասիլ, տեր հա՜յր, - լաց լինելով պատմեց պառավը, - էսպես մի մեծ փորձանք։ Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ,Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում։ Աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևի-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ, ջահրեն կողքիս պառավիկն եմ։
Տերտերը մեջքը տված դռան՝ լսում էր պառավին և հանկարծ զգաց, որ դուռն էլ իր մեջքին է կպել և պոկ չի գալիս։ Գյուղացիները հավաքվեցին տո՜ւր, հա տո՜ւր տերտերին, որ դուռը մեջքից պոկվի։ Այդպես էլ է լինում։ Դուռը տերտերի մեջքից է պոկվում, ջահրեն պառավի կողից, կոտն աղջկա գլխից, Ծովը նորից պարզվում, ջուր է դառնում, Քարը գլորվում է իր նախկին տեղը, Ծառի ճյուղերը նորից բուսնում են։ Ագռավին նոր-նոր փետուրներ են գալիս, Արտուտը թևերի տեր է դառնում, Ծտի աչքը բացվում է, Պուճուր մկնիկն էլ իր ձեռքերը ետ է ստանում։
Թո՛ղ աշխարհում բարին հաղթի