ԱԾԱԿԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՍՔԻ ՄԱՍ. ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
1․1 Ածական, տեսակները, կազմությունը
Ածական անունը խոսքի մաս է, որն ընդգրկում է առարկայի կայուն, ոչ անցողիկ հատկանիշ անվանող բառերը: Ածականները առարկայի հատկանիշն արտահայտում են անմիջականորեն (մեծ, գեղեցիկ, պարտաճանաչ, փայլուն, կարմիր, հմայիչ, թուխ) կամ այլ առարկայի հարաբերությամբ միջնորդավորված (մայրական, լեռնային, փայտե, թիթեղյա, գյուղական, մայիսյան, հայրենի, գարնանային, աշակերտական): Եթե տունը մեծ է, ծաղիկը՝ կարմիր , սեղանը՝ փայտե , ապա մեծ, կարմիր, փայտե հատկանիշներն ուղեկցում են տուն, սեղան, առարկաներին նրանց ողջ գոյության ընթացքում, իսկ կարմրող ծաղիկ, ջարդված սեղան, քանդված տուն կապակցություններում կարմրող, ջարդված, քանդված բառերի արտահայտած հատկանիշներն անցողիկ են՝ գործընթացի արդյունք. ծաղիկը սկզբում կարմիր չէր, հիմա է կարմրում, սեղանը ջարդված է հիմա, իսկ նախկինում՝ ոչ, ջարդել գործողության հետևանքով, տունը քանդված է դարձյալ քանդվելու գործողության հետևանքով: Ուստի, մեծ, կարմիր, փայտե բառերը ածականներ են, իսկ կարմրող, ջարդված, քանդված բառերը՝ ոչ:
Իր բուն խոսքիմասային իմաստով գործածվելիս ածականը քերականորեն փոփոխությունների չի ենթարկվում՝ չի հոլավվում, հոգնակի չի դառնում և միշտ ձգտելով դեպի գոյականը և նրա հետ կապակցվելով՝ միաժամանակ վերջինիս քերականական ձևերի հետ չի համաձայնում. կարմիր ծաղիկ, կարմիր ծաղկի, կարմիր ծաղիկներ, կարմիր ծաղիկները: Նախադասության մեջ ածականն ունի իրեն հատուկ շարահյուսական գործառույթներ՝
Որոշիչ–Խաղաղ գիշերով դու կգաս ինձ մոտ, Քնքուշ ձեռքերդ ես կհամբուրեմ…(ՎՏ):
Ստորոգելի-Նա այնքան բարի էր դեպի բոլորը, շնչավորն ու անշունչը, որ նրա ձիու սմբակները չէին պղտորում աղբյուրների ադամանդը, չէին տրորում քնքուշ ծաղիկները (ԱԻ):
Ձևի պարագա-Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ, Եվ շշնջում ես, և շրշում անուշ (ՎՏ):
Ածականը գործածվում է փոխանվանաբար. ստանում է որոշիչ հոդ, հոլովվում գոյականաբար (մեծը – մեծի – մեծին - մեծը (մեծին) –մեծից – մեծով - մեծում) և կատարում է գոյականին հատուկ պաշտոններ: Փոխանուն ածականով արտահայտված որոշիչը ներառում է նաև որոշյալի իմաստը. Բայց ամենաշքեղը աղջկա աչքերն էին, որոնք, սակայն, այժմ սարսափից այնպես էին լայնացել ու խոշորացել, որ թվում էր, թե աշխարհում չկա էլ ավելի գեղեցիկը (ՀՂ):
Այսպիսով՝ ածականի հիմնական հիմքը հատկանիշն է:
Ածականները կարելի է դասակարգել տարբեր սկզբունքներով:
Ածականների բառական իմաստների հիման վրա կարելի է առանձնացնել բառական- իմաստային հետևյալ խմբերը.
ա. գույն արտահայտող՝ սպիտակ, կարմիր, սև, գորշ և այլն.
բ. ձևաչափային հատկություն արտահայտող, որոնք սովորաբար հատկանշային զույգեր են կազմում. բարձր - ցածր, երկար - կարճ, լայն - նեղ և այլն:
գ. գնահատողական հատկանիշ արտահայտող. լավ - վատ, հաճելի - տհաճ, հիանալի և այլն:
դ. հուզական իմաստ արտահայտող. գարշելի, զզվելի, արգահատելի և այլն:
ե. համ ու հոտ արտահայտող. համով, անհամ, ախորժելի, քաղցր, դառն և այլն:
զ. մարդկանց և կենդանիների արտաքին հատկանիշներ արտահայտող. բարձրահասակ, գեր, նիհար և այլն:
է. մարդկանց և կենդանիների ներքին հոգեկան հատկություններ արտահայտող. տխուր, ուրախ, ժիր, կայտառ և այլն:
2. Կապակցելիությամբ կարելի է առանձնացնել հետևյալ խմբերը.
ա. միայն մեկ խոսքի մասի (գոյականի) հետ կապակցվող (լրացնող)- աշակերտական, երեկոյան, երևանյան, աշնանային.
բ. մեկից ավելի խոսքի մասերի հետ կապակցվող – լավ (մարդ), լավ (խոսել), բարձր (սար), բարձր (գոռալ), անհանգիստ (մարդ), անհանգիստ (քնել) և այլն:
3. Ըստ հատկանիշի ուժգնության, սաստկության աստիճանի. թույլ, նվազ, տկար, ուժեղ, մեծագույն, բաւձրաբերձ, ահռելի, ամայի, հսկայական և այն:
Սակայն նման դասակարգումները չեն ընդգրկվում ածական խոսքի մասի ողջ բառակազմը: Համընդգրկուն բաժանումը որակական և հարաբերական տեսակների, որը կատարվում է բառերի իմաստաբանական և ձևաբանական հատկանիշների հիման վրա:
Սակայն այս տեսակների տարբերակման հիմքի հարցում էլ կան տարակարծություններ: Ամենատարածված և պարզ տեսակետը հիմնված է ածականի փոփոխելի կամ ոչ փոփոխելի լինելու վրա: Փոփոխելի հատկանիշ արտահայտող ածականները համարվում են որակական: Դրան հակառակ՝ հարաբերական ածականերն էլ արտահայտում են ոչ փոփոխելի հատկանիշ:
ա․ Որակական ածականներ. դրանց բնութագրիչները
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի ինքնին ունեցած, հատկություն, որպիսություն:
Որակական ածականներն անմիջականորեն արտահայտում են տարբեր դասերի առարկաների ընդհանուր որակական հատկանիշ: Օրինակ՝ բարձր լեռ (ձայն, շենք, ծառ, հասակ, ջերմություն, վարձատրություն, ճաշակ), գեղեցիկ աղջիկ (կին, այգի, քաղաք, նկար, զգեստ և այլն): Սրանք հատկանիշի այնպիսի անվանումներ են , որոնք, ըստ երևույթին, կան առարկաների մեջ և ընկալվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ:
Որակական ածականներն արտահայտում են առարկաների արտաքին և ներքին հատկանիշներ, գույներ, մարդկանց բարոյական ու հոգեկան հատկանիշներ:
Որակական ածականներ
Առարկայի արտաքին- ձևային հատկանիշ
Երկար, կարճ, նեղ, լայն, մեծ, փոքր, կոր, ուղիղ, կլոր, թեք, բարձր, ցածր, գեղեցիկ
Առարկայի ներքին հատկանիշ
Համեղ, փխրուն, սառը, կծու, թթու, քաղցր, տաք, աղի, խիտ, ծանր, թեթև
Մարդկանց և կենդանիների ֆիզիկական հատկանիշ
Առույգ, ուժեղ, ծեր, խուլ, համր, կույր, քաջ, ահռելի, առողջ, գեր, հիվանդ
Մարդկանց մտավոր-բարոյական հատկանիշ
Բարի, չար, խելոք, լավ, վատ, կիրթ, համեստ, հպարտ, դաժան, հեզ
Գունային հատկանիշ
Կարմիր, կապույտ, դեղին, սև, սպիտակ, կանաչ, դեղնավուն, կանաչավուն, դեղնակարմիր, շեկ, բիլ, լազուր, ալ, ճերմակ, թուխ, բաց, բոսոր
Ունենալու-չունենալու հատկանիշ
Գծավոր, ժանգոտ, ձայնեղ, գունատ, վախկոտ, ամաչկոտ, միակողմանի, անհամ, ջրալի, մսոտ, անշուք
Մի բան կատարողի հատկանիշ
Կծան, թովիչ, ազդու, հուզիչ, վրիժառու, շարժուն, փայլուն, փրկարար, գրավիչ,լալկան, խռովկան
Հարաբերական ածականներ
Տարածական հատկանիշ
Նախալեռնային, օդային, ծովային, ցամաքային, գյուղական, անտառային, գործարանային, կովկասյան, արտասահմանյան, երկնային
Որոշակի նյութից բաղկացած լինելը
Ոսկե, արծաթե, պողպատյա, թավշյա, բրդյա, մետաքսյա, մարմարակերտ, բրոնզե, փայտյա, բամբակյա, թիթեղյա,
Ժամանակային հատկանիշ
Գարնանային, տասնօրյա, մայիսյան, տարեվերջյան, նախնադարյան, եռամյա, արձակուրդային, ցերեկային, ձմեռային, հնադարյան
Հատկացական, ծագման, վերաբերության հատկանիշ
Մայրական, իտալական, ընտանեկան, ածխային, ուսումնական, որսորդական, աշակերտական, մանկական, հայկական
Ունենալու -չունենալու հատկանիշ
Եղջերավոր, պոչավոր, անպոչ, ակնոցավոր, անխելք, անդեմ, անստորագիր, անհոգի, անգլուխ, դիմակավոր, սմբակավոր, մորուքավոր, անտուն, աղեղնավոր, անխիղճ, փետրավոր
Նմանության հատկանիշ
Ալիքաձև, գմբեթաձև, օձաձև, մարդանման, կոնաձև, կամարաձև, աղեղնաձև, ծառանման, արնանաման, գնդաձև, ուղղանկյունաձև, շղարշանման,
Որակական և հարաբերական ածականների տարբերակումը
Ածականների երկու տեսակները միայն մեկ հիմունքով տարբերակելը թերի է: Պետք է հաշվի առնել մի շարք գործոններ.
Որակական ածականները առարկայի հատկանիշը դրսևորում են անմիջականորեն, հարաբերականները՝ միջնորդավորված:
Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշներ և որպես դրա հետևանք՝ ունենում են համեմատության աստիճաններ ( մեծ - ավելի մեծ - ամենամեծ, մեծագույն, գեղեցիկ - ավելի գեղեցիկ - ամենագեղեցիկ, բարձր- ավելի բարձր, ամենաբարձր, բարձրագույն, շատ բարձր և այլն ), իսկ հարաբերականները զուրկ են դրանից:
Որակական ածականները կազմությամբ կարող են լինել և՛ պարզ (լավ, մեծ սիրուն), և՛ բաղադրյալ (մեծամիտ, առատաձեռն, հոտավետ, շքեղ), իսկ հարաբերականները միշտ բաղադրյալ են, առավելապես՝ ածանցավոր (ընկերական, մետաքսյա, կամարաձև, մարդանման, կիրակնօրյա, տարեվերջյան):
Որակական ածականները կարող են հոլովվել, գործածվել գոյականաբար (խելոքը, բարին, փոքրիկից) և կատարել գոյականին հատուկ շարահյուսական դեր. (Հեքիաթներում բարին միշտ հաղթում է):
Որակական ածականները կարող են ունենալ հականիշներ (լավ-վատ, բարձր-ցածր, երկար-կարճ, մեծ-փոքր, քաջ - վախկոտ, գեղեցիկ - տգեղ), իսկ հարաբերականները՝ ոչ:
Որակական ածականներից կարելի է կազմել ա) նվազական – փոքրացուցիչ, փաղաքշական և սաստկական իմաստ արտահայտող ձևեր ( բարձր- բարձրիկ, ցածր-ցածրիկ, կլոր-կլորիկ, քաղցր-քաղցրիկ, խոր-խորին) բ) վերացական գոյականներ (ազնիվ-ազնվություն, մեծ-մեծություն, քաջ-քաջություն), գ) կրկնավորներ բարդություններ (մեծ-մեծ, երկար-երկար, անուշ-անուշ, խեղճ-խեղճ, սուր-սուր), դ) որոշ որակական ածականներից ածանցների միջոցով կազմվում են մակբայներ (անշեղ-անշեղորեն, համառ-համառորեն, համեստ-համեստաբար, քաջ-քաջաբար), ե) բայեր (դեղին-դեղնել, ուժեղ-ուժեղանալ, մեծ-մեծանալ, վախ-վախենալ),
Որակական ածականները բացի գոյականներից կարող են կապակցվել նաև բայերի հետ, ցույց տալ գործողության հատկանիշ, ինչպես մակբայները. Բարձր խոսել, կարճ կապել, լավ աշխատել, քաջ գիտակցել, հիանալի նկարել և այլն:
Հարաբերական ածականները չունեն նշված հատկանիշները:
Որոշ հարաբերական ածականներ կարող են փոխարինվել՝ ա) գոյականի սեռական կամ բացառական հոլովաձևերով (երկաթե-երկաթից, բրդյա-բրդից, գյուղական- գյուղի, միջնադարյան-միջնադարի), բ) բառակապակցությամբ (աշակերտական- աշակերտին վերաբերող, քարաշեն- քարից շինված, ծաղկահյուս- ծաղկից հյուսված):
Հարաբերական ածականներ կազմող –ական, -վոր, -յան, -յա, - ե ածանցներով կազմված մի շարք բառեր համատեղում են որակականի և հարաբերականի իմաստներ կամ ուղղակի վերածվել են որակականի և կարող են ունենալ համեմատության աստիճաններ:
Այդ կարգի բառերից են՝ բարոյական, գործնական, էական, նվիրական, օրինական, վճռական, ժողովրդական, մակերեսային, հրեշային, տաղանդավոր, վտանգավոր, խորհրդավոր, լուսավոր, ձյունե, լուսե, հնամյա, հնադարյան, առօրյա և այլն (սակայն ոչ բոլորն են համեմատության աստիճան ընդունում):
բ․ Հարաբերական ածականներ
Հարաբերական ածականները առարկայի, երևույթի հատկանիշն արտահայտում են ոչ անմիջականորեն, այլ միջնորդավորված կերպով: Հաստ տետր և աշակերտական տետր կապակցություններում հաստ և աշակերտական ածականները երկուսն էլ տետր առարկայի հատկանիշն են արտահայտում: Բայց եթե հաստ բառի իմաստը տետրի անմիջական հատկանիշն է, ապա աշակերտական բառը տետրի ինչպիսին լինելը ցույց է տալիս աշակերտ առարկայի միջնորդությամբ, այսինքն՝ դա տետր է, որն աշակերտին է վերաբերում:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի հատկանիշը՝ նրա նյութի, պատկանելիության, վերաբերության, տեղի, ժամանակի, գործողության միջոցով: Օրինակ՝ երկաթյա , պողպատե, փայտե, կաթնային, հացահատիկային ( նյութի հարաբերությամբ), գյուղական, քաղաքային, երևանյան, հայկական (տեղի հարաբերությամբ), աշնանային, ցերեկային, գիշերային, ամառային (ժամանակի հարաբերությամբ ), հայրական, մայրական, քույրական (անձի հարաբերությամբ) , գրգռիչ, շարժուն, դյութիչ, վճարովի, աշխատանքային (գործողության հարաբերությամբ ) և այլն:
Նշված հատկանիշները չեն կարող քանակային փոփոխության ենթարկվել՝ լինել շատ կամ քիչ, ուստի հարաբերական ածականնները սովորաբար համեմատության աստիճաններ կազմել չեն կարող:
Հարաբերական ածականները չեն կարող կազմել հականիշ զույգեր, ինչպես նաև վերացական գոյականներ կամ մակբայներ:
Միջնորդ առարկաների միջոցով հատկանիշ արտահայտելու պատճառով հարաբերական ածականները հիմնականում բաղադրյալ բառեր են և հոմանիշ են անվանական բառակապակցություններին.
երևանյան աշուն- Երևանի աշուն, աշնանային երեկո- աշնան երեկո, հայրական սեր-հոր սեր, թատերական հրապարակ- թատրոնի հրապարակ, բրոնզաձույլ արձան-բրոնզից ձուլված արձան, թավշjա հագուստ-թավշից կարված հագուստ և այլն:
1.2 Որակական ածականների համեմատության աստիճանները
ա. Դրական աստիճան.բնութագրիչները
Դրական աստիճան է համարվում ածականի ուղիղ, անփոփոխ ձևը, որը ցույց է տալիս հատկանիշ առանց համեմատության. գեղեցիկ, հզոր, քաջ, խիզախ, մեծ, բարակ, թույլ և այլն:
Դրական աստիճանը, որպես ելակետային սկզբնաձև, հակադրվում է մյուս աստիճաններին, որոնք կազմվում են դրանից:
բ. Բաղդատական աստիճան
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի հատկանիշը առավել է,քան մյուս առարկայի նույն հատկանիշը ( Արարատը ավելի բարձր սար է, քան
արագածը: Մեր փողոցն ավելի երկար է, քան ձերը) :
Համեմատության աստիճանները կազմվում են համադրական կամ վերլուծական եղանակով:
Բաղդատական աստիճանի ձևը վերլուծական է. Այն կազմվում է՝ ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի բառը (ավելի մեծ, ավելի խելոք, ավելի քաջ, ավելի գեղեցիկ, ավելի բարձր և այլն ):
Խոսքի մեջ բաղդատական աստիճանը հանդես է գալիս տարբեր գործառույթներով.
ա. Որոշչային - Ավելի բարձր սար, քան Արարատը, Հայկական լեռնաշխարհում չկա:
բ. Ստորոգելի - Արարատն ավելի բարձր է:
գ. Գերադրական աստիճան
Գերադրական աստիճանը ցույց է տալիս բարձրագույն հատկանիշ այլ առարկաների նույն հատկանիշների համեմատությամբ կամ բացարձակորեն առանց համեմատության:
Գերադրական աստիճանը կազմվում է համադրական և վերլուծական եղանակնե-
րով:
Համադրական եղանակով գերադրական աստիճան է կազմվում ամեն (ա)
նախածանցակերպով և (ա) գույն վերջածանցով.
ամեն (ա) – ամենաբարի, ամենազգայուն, ամենախիստ, ամենաքաջ,
(ա)գույն – լավագույն, խստագույն, հզորագույն, բարձրագույն:
(ա)գույն ածանցով շատ քիչ ածականներից է գերադրական աստիճան կազմվում: Այն անհամատեղելի է հատկապես գույն նշանակող ածականների հետ, քանի որ վերածվում է գույն արմատի: Կարմրագույն, գորշագույն նշանակում են ոչ թե կարմիր և շատ գորշ, այլ կարմիր, գորշ գույն ունեցող:
Սխալ է միևնույն բառի մեջ ամեն(ա) և (ա)գույն բաղադրիչների համատեղումը (ամենալավագույն), ինչպես նաև -(ա)գույն ածանցով գերադրական կազմելը ածականներից, որոնց հետ ընդունված չէ գործածել (ընտրագույն):
Վերլուծական եղանակով գերադրական աստիճան կազմվում է. ա. ամենից, բոլորից շատ, խիստ, չափազանց, արտակարգ բառերի հարադրությամբ - ամենից բարի, ամենից զգայուն, ամենից քաջ, բոլորից խելոք, շատ բարձր, խիստ զգայուն, չափազանց ազնիվ, արտակարգ գեղեցիկ և այլն,
բ. կրկնությամբ- այս դեպքում ածականի հետ գոյականը տրվում է հոգնակի թվով. մեծ –մեծ քար է, երկար- երկար ճանապարհ, խոր-խոր ձորեր,
գ. բանավոր խոսքում գերադրական իմաստ է հաղորդվում նաև առոգանությամբ, երբ արտասանության երկարաձգմամբ արտահայտվում է հատկանիշի մեծությունը: Հնչերանգն է այս դեպքում դառնում քերականական իմաստի արտահայտման ձև- ճանապարհին մի մե՜ե՜ե՜ծ քար կար ընկած: Նա հանդիպեց մի խո՜ո՜ո՜ր ձորի, որի միջով անցնում էր երկա՜ա՜ա՜ր ճանապարհ:
Գերադրական իմաստ ունեն նաև մի շարք արտահայտություններ, որոնք առաջացել են կրկնավոր ածականների կրճատումից (մեն-մենակ, շիփ-շիտակ, դափ-դատարկ, նոփ-նոր, սեփ-սև, կաս-կարմիր):
Ո
Որակական ածականների համեմատության աստիճանները
րակական ածականների համեմատության աստիճանները
դրական
երկար, մեծ, բարձր, հզոր, բարի, գեղեցիկ
բաղդատական
գերադրական
առավելական
ավելի (երկար, մեծ, բարձր, հզոր, բարի, գեղեցիկ)
տղայից մեծ
քրոջից ավելի գեղեցիկ
բարձր,քան Արագածը
բացարձակ գերադրական
բարձրագույն,մեծագույն, անչափ բարի, գերհզոր, վերին աստիճանի բարի, չափից դուրս բարձր, գերազնիվ
հավասարական
սարի պես բարձր
մոր նման բարի
եղնիկի պես գեղեցիկ
մեծ, ինչպես փիղը
երկար՝ ինչպես օձը
նվազական
պակաս, նվազ, քիչ, սակավ, մի քիչ, փոքր-ինչ (բարձր, նվազ, մեծ, հզոր, բարի, գեղեցիկ)
Աժդահակը Արարատի չափ՝ պես՝ նման բարձր չէ
հարաբերական գերադրական
ամենաբարձր, ամենից երկար, բոլորից բարի, հզորներից հզոր, գեղեցիկներից գեղեցիկը,ամենագեղեցիկը գեղեցիկների, մեծերից մեծը
Ածականների բառակազմությունը
Ածականներն ըստ կազմության լինում են պարզ կամ արմատական (մեծ, փոքր, լավ, վատ, կարմիր, դեղին) , բարդ (գանգրահեր, բարձրահասակ, երկնագույն, մարդասեր և այլն) և ածանցավոր (անտուն, անխելք, գիշերային, փայտե, գյուղական և այլն):
ա․ Բարդ ածականներ․բնութագրիչները
Բարդ ածականների մեծ մասը կազմությամբ ձուլական բարդություններ են՝ բաղադրված հետևյալ կաղապարներով.
Ածական+ գոյական- բարեկազմ, բարձրահասակ, բարետես, կարճահասակ, մեծամիտ, թխահեր, սպիտակահեր, բացօթյա, բազմամարդ, խստասիրտ, ծանրակշիռ, մեծահոգի, չարամիտ, բարձրագագաթ, ևայլն:
Գոյական + գոյական- ալիքաձև, աղեղնաևձ, հողագույն, արծվաքիթ, կաթնագույն:
Գոյական + բայահիմք- ազգասեր, գործիմաց, կռվասեր, մարդատյաց:
Գոյական + ածական- դռնփակ, գործազուրկ, բերքառատ:
Ածական + բայահիմք- բարձրակոչ, դժվարամարս, դյուրաբորբոք, վաղահաս, վաղամեռ, կարճատև, լիակատար:
Ածական + ածական- հեզաճկուն, հորդառատ, լիառատ, մեծամեծ, չարաչար:
Մակբայ+ բայահիմք- արագագիր, արագավազ, արագահաս:
Ածականների կրկնությամբ կազմված բաղադրությունները գերադրական աստիճանի իմաստ են արտահայտում և որպես նոր ածական բառեր՝ կարող են դիտվել միայն գոյականի կրկնությամբ ձևավորվող բաղադրությունները. փունջ-փունջ, խումբ-խումբ, տեսակ-տեսակ, գունդ-գունդ և այլն:
բ․ Ածանցավոր ածականներ․բնութագրիչները
1.Նախածանցում
ան - անգիր, անուշադիր, անբավարար, անտեր, անտուն, անգույն, անապահով, անմիտ, անգութ, անկախ, անկոչ:
ապ – ապօրինի, ապերասան, ապիկար, ապաշնորհ, ապերախտ, ապուշ:
դժ – դժգույն, դժբախտ, դժգոհ, դժկամ, դժվար:
տ – տհաս, տգեղ, տգետ, տմարդի, տխուր, տկար:
չ – չտես, չկամ, չհավան, չխոսկան:
հակ – հակառակ, հակոտնյա, հակադիր:
գեր – գերբնական, գերազանց, գերհզոր, գերադաս:
համ – համարժեք, համակարծիք, համամաիտ, համազոր, համախառն:
ստոր – ստորերկրյա, ստորջրյա, ստորգետնյա:
տար – տարօրինակ, տարատեսակ, տարաբախտ:
Վերջածանցում
Ածականակերտ վերջածանցները կարելի է խմբավորել ըստ ընդհանուր իմաստների.
ա. Առարկայի նյութ, բաղկացություն նշանակող ածանցներ.
- ե - փայտե, քարե, երկաթե, կավե, արծաթե, երկաթբետոնե:
- յա- հոմանիշ է ե ածանցին, որոնք հեշտությամբ փոխարինում են միմյանց
պղնձյա = պղնձե, ոսկյա = ոսկե, ապակյա = ապակե, մարմարյա = մարմրե, սևաչյա, կապուտաչյա:
-եղեն – հրեղեն, լուսեղեն, հողեղեն, իրեղեն:
բ. Մի բան ունենալ, պարունակել, նշանակող վերջածանցներ.
-անի- երկտեղանի, երկփողանի, յոթգլխանի, երկհարկանի, լեզվանի, նազանի:
- ալի- մսալի, հյութալի, յուղալի, աղմկալի, շնորհալի:
-ավետ- բուրավետ, հարմարավետ, արդյունավետ:
-ավոր- լուսավոր, թևավոր, հրացանավոր, անիվավոր, բախտավոր:
-եղ- համեղ, գունեղ, ուժեղ, հյութեղ, հանճարեղ:
-ի- ծարավի, կատաղի, հարգի, երկդիմի:
-ոտ- բրդոտ, ոսկրոտ, մազոտ, յուղոտ, կեղտոտ, փոշոտ, ցավոտ,:
-ով- համով, հոտով, շնորհքով, ուսումով, ուժով:
գ. Մի բանի պատկանել, վերաբերել նշանակող վերջածանցներ.
-ական- գրական, գյուղական, հայկական, կրթական, թշնամական:
-ային- ամառային, գարնանային, հողային, օդային, տնային, փողոցային, երկնային:
-յա-1. արևելյան, արևմտյան, երևանյան, առավոտյան, երեկոյան, միջնադարյան:
2.Արամյան, Վարդանյան, Աբելյան (հայկական ազգանունները
ծագումնաբանորեն պատկանելիություն են արտահայտում):
դ. Որևէ հատկություն, կարողություն ունենալ նշանակող վերջածանցներ.
-իկ- անառիկ, գռեհիկ, գեղեցիկ, ուռուցիկ:
-իչ- դյութիչ, գրավիչ, հրապուրիչ, կիզիչ, կործանիչ:
-կոտ-պարծենկոտ, ամաչկոտ, վախկոտ, ալարկոտ, քնկոտ, երազկոտ, մոռացկոտ:
-ու- ազդու, կծու, ահարկու, կթու, փորձառու:
-ուն- ժպտուն, թաքուն, գործուն, կպչուն, մնայուն:
-իմ- ուշիմ, հավատարիմ, մտերիմ:
ե. Մի բանի արժանի, ենթակա լինել նշանակող վերջածանցներ.
-ելի-(ալի)- զգալի, ուրախալի, ցանկալի, մերժելի, բնակելի, վիճելի, վստահելի:
զ. Ձև, եղանակ նշանակող վերջածանցներ.
-ովի- ընտրովի, հանովի, ջրովի, վճարովի, ցանովի:
-ածո- ծեփածո, ձուլածո:
-ակի- լայնակի, երկայնակի, ուղղակի, հանկարծակի:
է.Տարածական կամ ժամանակային հատկանշում արտահայտող վերջածանցներ.
-յա- վերերկրյա, լճափնյա, առափնյա, քառօրյա, տասնօրյա:
ը. Մի բանի ընդունակ մի բան անող կամ եղած նշանակող վերջածանցներ.
-ան- կծան, թռվռան, խլվլան, ածան, ծլվլան:
-արար- հաշտարար, տնարար, կործանարար, կռվարար:
-կան-լալկան, լացկան, մրսկան, խռովկան, չխոսկան:
-յալ-հանգուցյալ, կորուսյալ, բաղադրյալ, անիծյալ:
թ. Մի բանից զուրկ լինել նշանակող վերջածանց.
-ատ-կռնատ, պոչատ, կիսատ, գունատ:
ժ. Վերաբերմունքային իմաստներ արտահայտող վերջածանցներ և բարդություններ.
Ածանցների մեջ բավականին մեծ թիվ են կազմում այնպիսիք, որոնք արտահայտում են անձնական վերաբերմունքային իմաստներ (փաղաքշական, արհամարհական, ստերացուցիչ, հեգնական ևայլն):
Վերաբերական իմաստներ կարելի է արտահայտել երեք եղանակով՝ նախածանցմամբ, վերջածանցմամբ և ածականի կրկնությամբ:
Նախածանցում.
գեր- գերմարդկային, գերհզոր, գերձայնային:
թեր- թերուս, թերաճ;
ամենա- ամենահզոր, ամենագետ:
Վերջածանցում.
-ին- լռին, նրբին, դյուրին, լիովին (սաստկություն)
-իկ- աղքատիկ, մանրիկ, սիրունիկ, մեղմիկ, լավիկ, կլորիկ (փաղաքշական):
-ակ- կապուտակ, կլորակ (փաղաքշական):
-լիկ- թխլիկ, չաղլիկ, նեղլիկ, բարալիկ, պստլիկ (փոքրացուցիչ- փաղաքշական):
-ո- դմբո (նվաստական):
-լո- դմբլո, , չաղլո (մտերմական):
-լուկ- վախլուկ (փաղաքշական):
-ուկ- գիրուկ, տաքուկ, սևուկ (փաղաքշական), դիպուկ:
-գին- ցավագին, մոլեգին, սրտագին, հիվանդագին (սաստկական):
-ավուն-սպիտակավուն, դեղնավուն, կապտավուն, կանաչավուն ( նվազական):
Կրկնավոր բարդություն.
Բարձրաբերձ, մաքրամաքուր, բարի-բարի, մեծ-մեծ, դառը-դառը, հոնգուր-հոնգուր (սաստկական):
Բազմածանցում.
Ածականներ կազմվում են նաև միաժամանակ և ՛ նախածանցմամբ, և՛ վերջածանցմամբ :
Միջ- միջ + գերատեսչական, միջ+ մայրցամաքային:
Մերձ- մերձ+ մոսկովյան, մերձ + արևադարձային:
Նախ- նախ + ընտրական, նախ-ա –տոնական:
Արտ- արտա + հաստիքային, արտա+դասարանային, արտա + լեզվական:
Գեր- գեր + ձայնային, գեր + մարդկային:
Նախա- նախա+պատերազմյան, նախահեղափոխական:
Անդր- անդր+ կովկասյան, անդր + ծովյան:
Անցումներ ածականի և այլ խոսքի մասերի միջև
Ժամանակի ընթացքում ածականների երկու տեսակների, ածականների և այլ խոսքի մասերի միջև փոխանցումներ են կատարվել. ածականները վերածվել են գոյականների, գոյականները և այլ խոսքի մասերը՝ ածականների:
1.Որակական ածականների անցումը հարաբերականի
Որակական մի շարք ածականներ կարող են հանդես գալ հարաբերականների գործառույթներով: Դա կատարվում է մեծ մասամբ տերմինաբանության ոլորտում.
խուլ մարդ (որակական)-խուլ բաղաձայն (հարաբերական), ձայնավոր մարդ (որակական), ձայնավոր հնչյուն (հարաբերական), թեթև բարձր(որակական), թեթև արդյունաբերություն (հարաբերական):
2.Հարաբերական ածականների անցումը որակականի
Այսպիսի անցում կատարվում է փոխաբերական գործածության դեպքում. երկաթյա շղթա (հարաբերական), երկաթյա կամք (որակական), պողպատյա լար (հարաբերական), պողպատյա նյարդեր (որակական):
3.Ածականի փոխանցումը գոյականի
Տևական գործածության հետևանքով մի շարք ածականներ վերածվել են գոյականի. բանվոր, զինվոր, ժամապահ: Սա լրիվ գոյականացում է:
Որոշ բառեր փոփոխության դեպքում պահպանել են նախկին՝ ածականական իմաստը՝ գոյացնելով համանունություն:
Սուր (ածական) – Մարկոս աղա Ալիմյանը ցերեկը սուր ցավ զգաց: Սուր դանակ:
Սուր (զենք՝ թուր-գոյական)-Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը (Րաֆֆի):
Բանակային (բանակին վերաբերող-ածական)-Բանակային կարգուկանոնի խախտումը պատժվում է:
Բանակային (բանակում ծառայող մարդ, զինվոր-գոյական)-Բանակայինների ջոկատն ապրում էր գյուղի լքված տներից մեկում:
Զինվորական (ռազմական կյանքին, բանակին վերաբերող- ածական)-Զինվորական կյանքը կոշտացրել էր նրան:
Զինվորական (զինվոր-գոյական)-Փողոցով երկու զինվորական էին անցնում:
Հարվածային (հարվածի օգնությամբ աշխատող- ածական)-հարվածային երաժշտական գործիքներ:
Հարվածային (առաջավոր,իր գործում աչքի ընկնող մարդ-գոյական) Հարվածայինների հավաք:
Կուսակցական (կուսակցությանը վերաբերող-ածական)-կուսակցական ժողով:
Կուսակցական (կուսակցության անդամ-գոյական)- կուսակցականները հավաքվել էին ժողովի:
Հիվանդ (հիվանդություն ունեցող-ածական)-Հիվանդ երեխայի ջերմությունը չէր իջնում:
Հիվանդ(մարդ, որը հիվանդություն ունի-գոյական)-Սենյակում չորս հիվանդ կար:
Կոր (կորություն ունեցող-ածական)-Երկրաչափական փրկու կետերը միանում էին կոր գծերով:
Կոր (կորություն ունեցող գիծ-գոյական)-Գծապատկերում նշված կորը պատկերում էր աշխատանքի արդյունավետության աճը:
Ծանոթ (ածական)- Օտար քաղաքում մի ծանոթ մարդ հանդիպեց:
Ծանոթ (գոյական)-Մենք հին ծանոթներ ենք:
Երիտասարդ (ածական)-Երիտասարդ տղա:
Երիտասարդ (գոյական) Երիտասարդը մոտեցավ օրիորդի տան մուտքին:
Այլ խոսքի մասերի անցումը ածականի
Լեզվի մեջ պատահում է նաև հակառակ երևույթը՝ այլ խոսքի մասերի վերածումը ածականի:
Գոյական - ածական
Գյուղացիները ուշադիր լսում էին քաղաքից եկած ճառախոսին (գոյական):
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել (ածական):
Մութը պատեց սար ու դաշտ (գոյական):
Մութ սենյակի լռությունը խախտվում էր միայն ժամացույցի զարկերից (ածական):
Դերբայ-ածական
Հարակատար դերբայ- Քնած գեղեցկուհի, երեսառած երեխա, մաշված հագուստ, սիրած աղջիկ.
Ենթակայական դերբայ- ածական
Չհոլովվող գոյական, լուծվող սուրճ, ցնցող նորություն:
Թվական-ածական
Առաջին սեր, խմբի առաջին ուսանող
Ածականների կազմությունը
պարզ
Սպիտակ, մեծ, քաղցր, դառը, բարի, լայն, լավ
բաղադրյալ
ածանցավոր
Անհամ, դժկամ, տհաս, չտես, ապուշ, թթվաշ, օտարոտի, մտերիմ, համեղ, ցավագար, պոչավոր, փոքրիկ, ամաչկոտ, պահանջկոտ, թխլիկ, սևուկ, բուրավետ, նորագույն, կծան, դեղնավուն, ժպտուն, թովիչ, ատոմային, բուսական, ոսկե, արծաթյա, երեկոյան, պոչատ
բարդ համադրական
ազատամիտ, ալիքաձև, սրածայր, հնգաթև, թխադեմ, վարդագույն, սրընթաց, ազգուրաց, մեղմանուշ
վերլուծական
կաս-կարմիր, սև-սև,փունջ-փունջ, մանր-մանր, փոքր-փոքր, մեծ-մեծ
բարդ ածանցավոր
հրացանավոր, եռամսյա, ծովափնյա, օտարերկրյա, ստորջրյա, քառասունամյա, երկամյա, եռօրյա, փղոսկրե, միջնադարյան, վաղամեռիկ, անաշխատունակ, սրտաճմլիկ, տասնօրյա, դասակարգային, արևմտյան
Համեմատության աստիճաններ չունեցող որակական ածականներ
Որակական ածականների մի մասը համեմատության աստիճաններ չի ստանում։ Այս երևույթը հիմնականում պայմանավորված է նրանց նշանակությամբ,որը թույլ չի տալիս հատկանիշի աստիճանավորումներ մտցնել։ Համեմատության աստիճաններ չեն ստանում պարզ, ածանցավոր, բարդ և բարդածանցավոր մի շարք որակական ածականներ։
Այդպիսի ածականները իմաստային առումով բաժանանվում են մի քանի խմբերի․
Ածականներ, որոնք արտահայտում են վիճակային հատկանիշ (ամուրի, ազապ, խուլ, այրի, արու, էգ, կույր, գանգուր, մերկ, հղի, որբ, լի, մենակ, մատղաշ, դեռատի, և այլն ),
Ածականներ, որոնք գունանուններ են (սպիտակ, սև, կարմիր, կապույտ, ծավի, կանաչ, դեղին, և այլն),
Ածականներ, որոնց ածանցի մեջ ոցով վերանում է ածականի համեմատելի հատկանիշը․
Ան- նախածանցով կազմված ածականներ, որոնք արտահայտում են ֆիզիկական հատկանիշ՝ անատամ, անտուն, անգլուխ, անվերնագիր, անամպ, անձայն, անպոչ, անանուն և այլն (Ան- նախածանցով կազմված վերացական ածականները կազմում են համեմատության աստիճաններ՝ անխիղճ, անհամ, անհույս, անմիտ, անխելք, անճաշակ, անգութ, անվախ, անփորձ, օրինակ՝ անվախ-ավելի անվախ-ամենաանվախ և այլն),
-Ովի վերջանծանցով կազմված բոլոր ածականները ջրովի, ցանովի, վճարովի, ընտրովի, կախովի, ծալովի և այլն,
-(Ա)ցի վերջանծանցով կազմված որոշ ածականներ՝ բառացի, տառացի, հարևանցի, մտացի և այլն (նույն կազմությամբ ճշմարտացի, խելացի, իրավացի, արդարացի ածականները կազմում են համեմատության աստիճաններ՝ արդարացի-ավելի արդարացի-ամենաարդարացի),
-Ավոր ածանցով կազմված որոշ ածականներ ՝ ատամնավոր, զոլավոր, գծավոր, դիմավոր, պոչավոր և այլն (նույն կազմությամբ արժեքավոր, գլխավոր, լուսա-
վոր, թունավոր, նշանավոր, հիմնավոր, և այլ ածականներ ստանում են համեմատության աստիճաններ՝ արժեքավոր-ավելի արժեքավոր- ամենաարժեքավոր),
Գրաբարյան անցյալ և ապառնի դերբայներից առաջացած որոշ ածականներ՝ սառուցյալ, մեռյալ, հիշյալ, անիծյալ, հավելյալ, տառապյալ, միացյալ, նկատելի, բուժելի, շոշափելի, լսելի, բնակելի և այլն,
Կազմությամբ բարդ մի շարք ածականներ․
երբ երկրորդ բաղադրիչներն արտահայտված են կերպ, ձև, նման, շունչ, փայլ և այլ բառերով՝ մարդակերպ, սատանայակերպ, աղեղնաձև, ալիաձև, շղթայաձև, մարդանման, արնանման, հրանման, բոցաշունչ, մահաշունչ, արևափայլ, ճաճանչափայլ և այլն,
կես բառով բարդված մի շարք ածականներ՝ կիսաքաղցր, կիսամերկ, կիսաչոր, կիսավայրենի, կիսամտերիմ և այլն,
գոյականով և ածականով բարդված մի շարք ածականներ, որոնց առաջին բաղադրիչը երկրորդի խնդիրն է՝ գլխաբաց, ոտաբոբիկ, ծիրանավառ, ձյունաճերմակ, ծիծաղախիտ, անձրևախառն, կրծքաբաց, լուսավարար և այլ,
գոյականով և բայով բարդված մի շար ածականներ՝ երկնասլաց, մորթազերծ, ազգուրաց, խավարածին, մամռապատ, մարմարակերտ, զրահապատ, գարնանաբեր, թևաբեկ, արևածին, բնատուր և այլն ( նույն կազմությամբ որոշ ածականներ ունեն աստիճանավորում՝ համբերատար, հայրենասեր, հուսահատ, սանձարձակ, աշխատասեր, հյուրընկալ, փառահեղ, ուշագրավ, ծիծաղաշաժ, ուշադիր-ավելի ուշադիր-ամենաուշադիր),
մակբայով և ածականով կամ գոյականով բարդված որոշ ածականներ՝ բազմաչարչար, բազմահմուտ, մշտադալար, մշտազվարթ, մշտուրախ, բազմափորձ, բազմաղետ և այլն,
ածականից և բայից կամ գոյականից կազմված որոշ ածականներ՝ գանգրահեր, զվարթաձայն, թուխամազ, համրախոս, նորահնար, չարագուշակ, սևահեր, սևազգեստ, քաղցրօրոր և այլն (նույն կազմությամբ շատ ածականներ ունեն աստիճանավորում՝ առատաձեռն, մեծամիտ, սառնարյուն, բարձրաձայն, դանդաղաշարժ, թուլակազմ, խորիմաստ, խստապահանջ, հաստատակամ, արիասիրտ-ավելի արիասիրտ- ամենաարիասիրտ )
ածականներից բարդված որոշ ածականներ՝ դեղնականաչ, կարմրաշեկ, շիկակարմիր, հեզագեղ, մաքրաջինջ և այլն,
դերանունից և բայարմատից կամ ածականից բաղադրված ածականների մի մասը՝ ինքնաբուխ, այլասեռ, այլազգի, ինքնախաբ, ինքնաշարժ և այլն (նույն կազմության եսամոլ, ինքնագլուխ, ինքնահավան, ինքնավստահ, ինքնուրույն և այլ ածականներ ունեն աստիճանավորում՝ ինքնատիպ-ավելի ինքնատիպ-ամենաիննատիպ),
բարդածանցավոր ( թվականով, գոյականով և ածանցով կազմված) մի շարք ածականներ՝ երկփողանի, միաչքանի, միոտանի, հինգվանկանի, վեցլարանի և այլն։