Փոքր Մհերը «Սասնա Ծռեր» էպոսի հերոսական սերնդի վերջին ներկայացուցիչն է։ Էպոսի չորրորդ ճյուղը նվիրված է նրա հալածական և հերոսական կյանքի պատմությանը։
Փոքր Մհերը Սասունցի Դավթի ու Խանդութ Խաթունի որդին է։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։
Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
Մհերի դուռ, կամ Ագռավու քար, սրբազան քարաժայռ Վանա բերդի մոտ։ Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։ Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։ Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն։ Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը։
ՃՅՈՒՂ ՉՈՐՐՈՐԴ
ՄՀԵՐ ՓՈՔՐ
[էջ 296]
1
Տի տամ օղորմին Պստիկ Մհերին,
Տի տամ օղորմին Գոհար խանումին,
Տի տամ օղորմին Ձենով Հովանին,
Տի տամ օղորմին Քեռի Թորոսին,
Տի տամ օղորմին յոթ ճուղ Դավթին,
Ճղեճուղ էկանք վեր Մհերի ճուղին։
[էջ 297]
ՄԱՍՆ Ա
ՄՀԵՐՆ ԱՌՆՈԻՄ է ԴԱՎԹԻ ԱՐՅԱՆ ՎՐԵԺԸ
2
Էն ժամանակ ինչ Դավիթ մեռավ,
Իր արև էտու ձեր որդոց,
էնոր տղան՝ Մհեր, Կապուտկող էր.
Մհեր չ’իմացավ՝ իր հեր մեռե։
Քառսուն ազապ լաճ առեր,
Քառսուն ազապ աղջիկ առեր,
Յոթ տարվան նռան գինին դրեր, քեֆ կ’աներ։
Մնացին մեկ ժամանակ՝
Քեռի Թորոս միտք արեց,
Ասաց.— Ձենով Հովան, էլի՛,
Չմշկիկ Սուլթան տի գա,
Սասնա հող-քար տ’ողողի, տանի։
Էլի էրթանք Դավթի տղա Մհեր առնենք, գանք,
Թե՛ իր հոր վրեժ առնի,
Թե՛ Սասուն չը մնա անտեր,
Տեր կենա Ջոջանց տան։
Էլավ, առավ Ձենով Հովան,
Յոթ հատ էլ գոմշի կաշի,
Գնացին, հասան Կապուտկող,
Ու տեղի նստողին ասին.
— Մեր աղբոր ու հարսին էդտեղ տղա մի կա, ո՞ւր է.
[էջ 298]
Էնոնք էլ ասին՝ մեռեր է։–
ԶՄհեր տարե յոթ դարգհով ներս,
Պահապան են դրե վերան,
Փող ու թմբուկ կը զարնեն՝
Որ էն չը լսեր էդոնց ձեն, դուրս չը գար։
Մհեր մեկ բերդի պես կայներ էր,
Չէր թողնի, որ դուշման թագավորներ
Ոտ դնեն Կապուտկողի հող։—
Քեռի Թորոս ասաց.
— Մեր մեռելներուն նշան կա.
Մեր տան մարդ որ մեկ տարեկան մեռնի,
Էնոր տապան տաս Հալապա գազ է.
Էրկու տարեկան մեռնի՝ քսան Հալապա գազ.
Քանի տարեկան որ մեռնի՝
Ամեն տարվան տաս-տաս գազ է էնոր գերեզման
Մենք մեր ցեղի գերեզման կը ճանչենանք։
Էլան, գնացին գերեզմաններ,
Տեսա՛ն, որ իրենց շենքով գերեզման չը կար։
Ձենով Հովան ասաց.
— Բերե՛ք, կաշիք փաթթեք, որ ես բոռամ։
Բերին յոթ գոմշի կաշի փաթթեցին։
Էլան, գնացին սարի գլուխ.
Ձենով Հովան կանչեց.
«Տա՜ Մհեր, դու խմի՜*,
Տա՛ Մհեր, դու խմի՛
Նռան գինին.
Քո հեր սպանած,
Էսօր յոթն ենք արե»։
Ձեն էկավ, Մհերի ականջ ընկավ։
Փող, թմբուկ ավելի զլվեցին։
Մհեր գուսաններուն ասաց.
— Էդոնց ձեն կտրեք, էդ իմ ցեղի ձենն էր էկավ։
«Ձենիկ մի կը գար, չեմ գիտի*
Արևելն էր, թե արևմուտն էր.
Չեմ գիտի հարավա էր, հյուսիսա էր»։
-------------------------
* Երգ է:
[էջ 299]
Հրողբեր դարձավ, ասաց.
«Մեջ հյուսիսա էր*,
Մեջ հարավա էր,
Մեջ արևմուտ էր,
Մեջ արևել էր
Քո հեր սպանած,
Էսօր յոթն ենք արե։
Քո հոր վրեժ մնացե գետին.
Հիմի դու չե՞ս գա էնոր վրեժ առնենք։
Ախըր, դու էլ Սասնա տան խոյերեն ես»։
Գուսաններ ավելի զլեցին իրենց փող ու թմբուկ։
Մհեր ասաց.— Ես տ’էրթամ,
Իմ հրողբոր ձեն կը գա։
Արեց, որ տ’էլներ, պահապան ասաց.
— Էդ ձեր ցեղի ձեն չէ՛.
Ճժերն են ու թմբուկներն են. էնո՛նց ձենն է։
Մհեր իրեք անգամ որ ձեն լսեց,
Աքացի մ’էզար դարգահին,
Առաջի դարգահ կոտրեց.
Էնի հասավ մեկէլին, մեկել մեկէլին,
Յոթն էլ ջարդեց, էլավ դուրս։
Որ հասավ Քեռի Թորոսի մոտ,
Քեռի Թորոս ասաց.
— Ձենով Հովան, կայնի փորձեմ,
Թե Դավթի տղան է, կը տանեմ,
Թե Դավթի տղան չէ, կը զարկեմ,
Թողնենք էրթանք Սասուն։
Որ հասավ Քեռի Թորոսի մոտ,
Քեռին ասաց.— Տղա՛, էդ ո՞ւր էդպես հպարտ, հպարտ։
Ասաց.— Ինձի էրկու մարդ կը կանչեն,
Էնոնք ո՞ր կողմ գնացին։
Ասաց.— Դու ի՞նչ մարդ ես, որ քեզի կանչեն.
Դու ճիժ մ’ ես, տղա ես։
Մհեր ասաց.— Ինչի դու մարդ ես, ես մարդ չե՞մ։
-------------------------