Просмотр содержимого документа
«Ճարտարապետություն»
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝ Վերածննդի ճարտարապետություն
Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա
Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա-հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին։ Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները։ Ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները։
15-րդ դարում Իտալիայի երկնակամարում փայլեց հանճարների մի իսկական համաստեղություն։ Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ջորջոնե, Ռաֆայել, Տիցիան, Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք իրենց հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»։ Դա Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն՝ ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ։ Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։ Դա այն ժամանակն էր, երբ Ֆ. Էնգելսի բառերով ասած՝ «…հիացած Արևմուտքի առջև դիմականգնեց մի նոր աշխարհ՝ հունական հնադարը…», որի արվեստն օրինակ հանդիսացավ Վերածնության արվեստի համար և Վերածննդի մեծերն անտիկ կոթողների օրինակով ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք մինչև օրս էլ հիացմունք ու զարմանք են պատճառում դիտողին։ Դա այն ժամանակ էր, երբ Ֆլորենցիան հավակնում էր երկրորդ Աթենքը դառնալ և Լորենցո Մեդիչին աչքի առաջ ուներ Պերիկլեսի, իսկ Միքելանջելոն՝ Ֆիդիասի սխրանքը։