Просмотр содержимого документа
«Ընթերցողական կարողությունների զարգացումը տարրական դասարաններում»
Ընթերցողական կարողությունների զարգացումը տարրական դասարաններում
Տարրական դպրոցում մայրենի լեզվի ուսուցման կարևոր նպատակներից է` ձևավորել և դասարանից դասարան զարգացնել երեխաների կարդալու կարողությունները (որակական հատկանիշների պահպանմամբ): Անշուշտ, եթե ձևավորված է կարդալու կարողությունը, ապա ընթերցած բնագրի շուրջ տարվող մեթոդապես ճիշտ աշխատանքի շնորհիվ ընթերցանությունը դառնում է նաև անձի բազմակողմանի զարգացման միջոց:
Անառարկելի է, որ ընթերցանությունը գիտելիքների ձեռք բերման, բազմակողմանի զարգացման, բառապաշարի հարստացման հիմնական աղբյուր է: Կարդալու միջոցով հարստանում ու զարգանում են աշակերտների երևակայությունը, հոգեկան ներաշխարհը, խոսքը, ճաշակը: Հենց այս է պատճառը, որ մանկավարժներն ու մեթոդիստներն ամեն ինչ անում են սերունդների մեջ ընթերցողական կարողությունների մշակման, ընթերցասիրության դաստիարակության համար: Այս կարևոր խնդրի լուծման ճանապարհին հիմնականը կարդալու հմտությունների զարգացումն է:
Որպեսզի երեխան սիրի գիրքը և կարդա, պետք է ուսուցիչը լավ կարդալ սովորեցնի աշակերտներին ու օգնի նրանց հաղթահարելու կարդալու ընթացքում առաջացած դժվարությունները:
Ա. Ղարիբյանը ժամանակին ասել է. «Բացատրական ընթերցանության հիմնական նպատակներից է կարդալ սովորեցնելը, որովհետև կարդալու ուսուցումը լեզվի ուսուցման ամենահիմնական ու պատասխանատու բաժինն է: Թե´ լեզվի մյուս բաժիների և թե´ միջնակարգի բոլոր այլ առարկաների յուրացումն ապահովում է աշակերտի կարդալու հմտությամբ: Անհնարին է ծանոթանալ որևէ գիտության հիմունքներին, առավել ևս դառնալ ժամանակակից կուլտուրայի պահանջների բարձրության վրա կանգնած մարդ, եթե կարդալ չգիտես: Կարդալու ուսուցման որակից է կախված մյուս առարկաների ուսուցման հաջողությունը, իսկ կարդալու հմտության հիմնական որակը որոշվում է կարդալու ուսուցմամբ տարրական դասարաններում»:
Կրտսեր դպրոցականի ընթերցողական կարողությունների զարգացումը նպաստում է ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Ճիշտ, սահուն, հասկանալով, արտահայտիչ կարդացող աշակերտներն ավելի լավ են սովորում ցանկացած առարկա, քան կցկտուր կարդացողները: Բանն այն է, որ վատ կարդացողն ընթերցելիս իր ուշադրությունը հիմնականում կենտրոնացնում է կարդալու գործողությանը և չի ըմբռնում կարդացածի բովանդակությունը, հիմնական միտքը և այլն: Լավ կարդացողն արագ է ըմբռնում հասկանում բնագիրը, որովհետև նա ժամանակ չի ծախսում կարդալու գործողության վրա:
Ընթերցանության նկատմամբ հետաքրքրասիրություն աշակերտների մեջ պետք է առաջացնել դեռևս առաջին դասարանից: Այդ իսկ պատճառով այբբենարանն ավարտելուց հետո անգամ պետք է փոքրերի համար կարդալ հետաքրքիր հեքիաթներ և իրենց նույնպես դրդել դրանք կարդալ, հետաքրքրություն առաջացնել կարդալու նկատմամբ:
Գրաճանաչության ուսուցման շրջանում ձևավորվում է կարդալու նախնական կարողությունը: Ցավոք, այդ շրջանում առավել հոգ է տարվում տառերի ծանոթացմանը, քան կարդալու տեխնիկայի մշակմանը, մինչդեռ հենց այդ շրջանում է սկիզբ դրվում կարդալու տեխնիկայի մշակմանը: Ուստի պետք է հավասարաչափ հոգ տանել թե´ տառերին ծանոթանալու և թե´ կարդալու տեխնիկային տիրապետել տալու մասին:
Ուսուցիչներից ոմանք կարծում են, որ կարդալ չսիրելու պատճառներից է նաև դասի ժամանակ աշակերտներին առաջինը կարդալու հնարավորությունից զրկելը: Երեխաները միշտ առաջին ընթերցումը լսում են իրենց ուսուցչի կողմից կամ պատմելով: Եվ երբ որևէ ուսուցիչ ինչ-որ պատճառով չի հասցնում դասը պատմել, երեխաները հանգիստ պատճառաբանում են, որ իրենք չեն հասկացել: Միգուցե կարդացել են, բայց արդեն նրանց մեջ ձևավորվել է այն դիրքորոշումը, որ ինքնուրույն կարդալով` նրանք չեն կարող որևէ բան հասկանալ ու մեկնաբանել:
Առաջին հերթին աշակերտների կարդալ սովորեցնելու համար պետք է առաջարկել ոչ միայն դասագրքի նյութերը, այլև անծանոթ տեքստեր: Կարդալու կարողության ձևավորմանը և ճիշտ կարդալուն պետք է հետևեն տվյալ դասարանում դասավանդող բոլոր ուսուցիչները: Ընթերցողական հմտություներ ունեցող աշակերտի ձևավորման արդյունավետության բարձրացումը նպաստում է առարկայական ծրագրերի կատարմանը:
Աշակերտ առաջին հերթին պետք է հոգեբանորեն պատրաստ լինի և իր մեջ ձևավորի այն համոզմունքը, որ ինքը նոր նյութը` հեշտ թե դժվար կարող է կարդալ: Ըստ Ջ. Գյուլամիրյանի` աշակերտը կարդալ սովորում է ոչ թե նույն նյութը բազմակի ընթերցելով, այլ անծանոթ նյութերի անընդհատ ընթերցմամբ:
Այժմ մշակվել են ոչ ավանդական ժամանակակից բազմաթիվ հնարներ, որոնց միջոցով աշակերտներն ավելի հաճախ են ընթերցում ինքնուրույն կամ խմբովի: Սրանք նպաստում են կարդալու գործընթացի արդյունավետությանը: Այդ հնարների անտեղի օգտագործումը կխոչնդոտի ուսուցման գործընթացի հաջող իրականացմանը: Իսկ որոշ հնարների կիրառումը դժվար կլինի եթե աշակերտները լավ չտրապետեն լավ կարդալու տեխնիկային: Օրինակ`«Խճանկար» հնարը: Նախ աշակերտն առաջին խմբում պարտավոր է սովորել նոր նյութը, ապա սովորեցնել մյուս խմբի ընկերներին: Եթե նա ընթերցողական հմտություներ չունի, ապա չի կարողանա կատարել տվյալ հանձնարարությունը:
Մանկավարժական պրակտիկայում կիրառվում են կարդալու կարողությունը զարգացնող հնարներ: Արդյունավետ է «Փոխգործուն գրառումների համակարգ», «Քառաբաժան», «Կրկնակի գրառումներով օրագիր», «Մտածի´ր-զուգորդի´ր-մտքե´ր փոխանակիր» և այլ հնարներ: