Դանիել Վարուժան
Քաղվածքներ
1.Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս։ Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:
2. Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. ահա գաղափարականը, որ զիս կոգևորե և կկանգնե. արդ միայն իրմով կապրիմ, իրմով եմ հաղթական...
3. Իսկ բաղձանքս, - եթե կուզեք, - բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
4. Ճշմարիտ բանաստեղծությունը մարտիրոսություն մ' է. ամեն բառի մեջ սրտի կաթիլ-կաթիլ արյունումն է ստեղծելը:
5. ...Արվեստի գործ մը հեղինակին սրտեն փրթած փերթ մըն է՝ թարմ, արյունով և կյանքով դեռ բաբախուն...
6. Եթե քսակը լեցվի, սիրտը կդատարկա-նա:
7. Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ նույն բանն է. երկուքն ալ կը բաժնվին և կ'անմահանան ուրիշ էակներու մեջ - մին կ'ապրի տասնի մեջ, իսկ մյուսը կ'ապրի միլիոններու մեջ:
Քաղվածքներ Դանիել Վարուժանի մասին
1. ...Դանիել Վարուժանը պսակը եղավ մեր հայրենանվեր քերթողության։ Միամիտ, բայց համակրանքին անկեղծությամբ մեծ ու արդար նկարիչը մեր օրերու ընկերային տառապանքին։ Երգեց մեր գյուղը, մոր կարոտները, երբեն զգալու աստիճան ընդերքին մեջ խորհրդասքող ուժերը մեզ պաշտպանող ու լսեց մեր երկինքին խոր, դժվարահաս ձայները, շողակնափայլ անձրևի մը մեջեն պատկերներու, փոխաբերությանց, գյուտերու, որոնք միս մինակնին կփրկեն որևէ բանաստեղծի անուն։ ...Չեմ վախնար գրելու. «Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»:
Հակոբ Օշական
2. ...Վարուժանի և Սիամանթոյի հետ գերեզման իջան երիտասարդ պոեզիայի լավագույն հույսերը, բայց այն, ինչ կարողացան անել նրանք իրենց կարճատև կյանքում, բավական է ապահովելու նրանց տեղը հայ գրականության մեջ և պարզաբանելու նրանց պոեզիայի ընդհանուր սլացքը:
Վալերի Բրյուսով
3. Վարուժանը հայ ժողովրդի վիշտը ընկալում էր որպես «համաշխարհային վշտի» անբաժանելի մասը, իսկ աշխարհի վիշտը համարում էր իրենը։ Այստեղից էլ՝ նրա լայնախոհ, մեծ հոգիներին վայել սերն ու սրտակցությունը՝ հանդեպ սիրակարոտ ու տառապող էակները, նրա վսեմ հումանիզմն ու ժողովրդասիրությունը:
Սիլվա Կապուտիկյան
4. Վարուժանը մեկն է այն հայ ամենամեծ բանաստեղծներից հենց այնքանով, որքանով կարողացավ դրսևորել հայ ժողովրդի և հայ բանաստեղծի ճակատագրի համար բնորոշ մեր ազգային սահմանները՝ դեպի համաշխարհային գրականության սահմանները ելնելու համար, այնքանով, որքանով որ կարողանում են ելնել իրենց հոգեկան երկպառակտումներից, այնքանով, որքանով իրենց հոգեկան ներհակությունները լուծում են ազգայինից դեպի միջազգայինը, տեղականից դեպի համաշխարհայինը, մասնավորից դեպի ընդհանուրը, կոնկրետից դեպի վերացականը բարձրանալու իմաստով:
Պարույր Սևակ
5. ...Խոնարհվելով նրա ստեղծագործական սխրանքի առաջ՝ ասենք, որ նա մեր բազմահարուստ ու բազմալար գրականության այն մշտական կենդանի երևույթներից է, այն մեծերից, որ նորոգչական առաքելությամբ մտնելով մեր քերթողական արվեստի մեջ՝ անսահմանորեն ընդարձակեց նրա կալվածքները, պոեզիայի հիանալի դասեր տվեց իրենից հետո եկածներին և տալու է նաև եկողներին:
Վահագն Դավթյան
6. ...Վարուժան տակավին քսանութ ձմեռներու գարունն է ողջունած և արդեն անմահության դափնիներ կը կրե... իր ներկա գործը՝ որքա՜ն հոյակապ՝ տակավին նախաբանն է անոնց, որոնք պիտի գան հայ գրականության փառքերեն ըլլալ:
Տիգրան Չյուկյուրյան
Հուշեր Վարուժանի մասին.
"...Իր (Դանիել Վարուժանի մասին է խոսքը) աքսորի ընկերները պատմած են ինծի, թէ անընդհատ կը կարդար ու կը գրէր իր աքսորի օրերուն: Նոյնիսկ Պոլսէն Հոմերոս ուզած էր՝ իր ուղեղը մարզելու համար նո՛ր տեսիլքներու:
Ու պատմած են նաեւ, թէ ան աւարտած ունէր շա՛տ մը քերտուածներ: Երբ Կոմիտաս Վարդապետ Պոլիս դարձաւ աքսորէն՝ գիշեր մը գաղտուկ իրեն գացի, լուր առնելու տարագիր եղբայրներու մասին: Ա՛ն էր, որ ըսաւ, թէ Դանիէլը արդեն շատ մը գեղեցիկ էջեր է գրած: Նոյնիսկ մանրամասնութիւններ պիտի տար, երբ ջղայնութիւն մը եկաւ վրան ու սկսաւ պոռալ երեսիս, ոէ ինչո՛ւ թաքստոցէս դուրս կ'ելլեմ..."
Յ.Ճ.Սիրունի
"Գիծեր Դանիէլ Վարուժանի կեանքին", Գահիրե 1955
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԵԾ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մանուկ Դանիելը շատ հանդարտ էր ու խելոք, բայցև հետաքրքիր ու հարցասեր: Նա շատ էր տարբերվում իր հասակակիցներից և դեռ փոքրուց աչքի էր ընկնում անհատականությամբ, որը բնականաբար տարիքի հետ զարգանում և կոփում էր նրան, որպես հասարակության մեջ ապրող ու գործող էակ: Աշակերտից մինչև ուսանող, ուսանողից մինչև ուսուչից ձգվում է նրա ճանապարհը, բայց թերևս ամենագլխավորը բանաստեղծի կոչումն էր, որը տրված էր նրան ի վերուստ: Այդ կոչումը Դանիելի համար ուղղակի անուն չէր և ոչ էլ ապրուստ վաստակելու միջոց, այլ թթվածին, որը շնչում էր նա և փոխանցում իր հոգու շունչը ընթերցողին:
Յուրաքանչյուր ստեղծագործություն կյանքի մի էտապ էր, զգացումների պոռթկում և ոչ սովորական մտքերի խտացում: Եվ այդ ամենի ետևում կանգնած է Դանիել արարողը, ստեղծողը, և իր շնորհն ու տաղանդը յուրատեսակ ձեռագրով մատուցողը:
Շատ երկար կարելի է խոսել Դանիելի կյանքի, գործունեության ու ստեղծագործությունների մասին: Այժմ ,սակայն, փորձենք փոքր-ինչ պատկերացում կազմել Դանիել մարդու` սիրող մարդու մասին:
Դանիելը մաքուր հոգի ուներ, ինչպես վկայում են շատ ու շատ ընկերների ծանոթագրությունները և գրավոր պահպանված հուշերը նրա մասին:
Նա անկեղծ էր, բարի ու նվիրվող: Յուրատեսակ նրբանկատություն ուներ իր մեջ և հոգատար էր մարդկանց նկատմամբ: Ամբարտավան դիմախաղի ներքո պահվում էր ցայտուն և համարձակ երիտասարդը` լի արարելու անզուսպ ջիղով: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, իսկ նրա ներողամտության մասին առասպելներ էին պտտվում: Նա ոչ մեկուսացող էր, ոչ էլ դյուրահաղորդ, իսկ ընկերական կյանքում շատ ավելի քաղցր, համով-հոտով ու զվարթ էր:
Ահա այսպիսին էր Դանիելը ընկերների ու մտերիմների հուշերում` խոնարհ ու տաղանդավոր մի մարդ, ում հետ անցկացրած նույնիսկ մեկ ակնթարթը իմաստավոր էր ու ինքանատիպ, ուսյալ և հետաքրքիր:
Եվ ահա մի գեղեցիկ օր Դանիել Վարուժանին այցելում է Ձերդ Գերազանցություն Սերը, ու սկսվում են անհասանելի թվացող երազին հասնելու անհույս, մերթնդմերթ գունատվող, բայցև ցնծացող ջանքերը:
Արաքսիի /այդպես էր նրա կնոջ անունը/ հայրը` Միրճան Թաշճյան, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով իր սիրելի դստեր ցանկությանը` վերջինիս համար Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է իբրև ուսուցիչ հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժանն ընդունում է հրավերը իր ֆինանսական դրությունը կարգավորելու ու որոշ անտիպ տաղերի հրատարակությունն արագացնելու համար:
Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցից անկախ իր կամքին և ծնողների ցանկությամբ:
Սակայն այս հանգամանքը չկարողացավ մեծ արգելք հանդիսանալ, քանզի սա փոքրիկ խոչընդոտ էր այն մեծ սիրո առաջ, որ ծնվեց այս երկուսի հոգևոր կապի, զգայական ներդաշնակության շնորհիվ: Բանականության հրահանգներն իզոււր գտնվեցին սրտերի թռիչքի ու միմյանցով հմայված երիտասարդների սիրո արբեցման դեմ:
Վարուժանն ամեն դեպքում փորձում է կշռադատել եղածը, հաշվի նստել հանրային կարծիքի հետ` մտածելով հետագայի մասին, Արաքսիի նշանածի հոգեկան վիճակի և երկու ընտանիքների հարաբերությունների մասին: Փորձում է մոռանալ, բայց ապարդյուն: Տառապանքը շղթայում է նրան, կարոտն ու սերը միմյանցից անբաժան են դառնում, նա դառնում է մտազբաղ, տխուր, երբ սերը կրծում է հոգին:
Այս անելանելի իրավիճակում ավելի ուժեղ է գտնվում աղջիկը, որը համարձակվում է սասանել իր ընտանիքի ներքին խաղաղությունը: Նա հայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված սերն ու նշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան ետ պահել այդ որոշումից` անվանելով այդ խայտառակություն, սակայն Արաքսին մնում է անդրդվելի:
Արաքսիի ծնողները բանաստեղծի անփոխարինելի տաղանդի փոխարեն կուզենային ոսկի տեսնել: Բայց չէ՞ որ Վարուժանը ամուսնանում էր ո՛չ թե հարստության հետ, այլ մի աղջկա հետ, ում մեջ գեղեցիկ հոգին էր պաշտում: Չնայած նրան, որ Վարուժանի նյութական վիճակը ծանր էր, նրա քնարի համբավը փառքով էր ղողանջում:
Ասում են, որ Վարուժանը նույնիսկ ծրագրում է ընկերների հետ փախցնել Արաքսիին, եթե վերջինիս ծնողները նորից մերժեն դստերը կնության տալ իրեն:
Եղածը վերածվում է բանբասանքի և տարածվում ողջ քաղաքով մեկ, ինչն ավելի է խանգարում սիրող զույգին իր համատեղ կյանքին զարկ տալու համար:
Առաջին արգելքը դեռ մինչև վերջ չհաղթահարած, առաջ է գալիս նորը;
Արաքսիի մորեղբայրը` Տիգրան անունով մի մարդ, որ աշխատում էր մի մեծահամբավ գորգի գործարանում, ամեն զոհողությամբ փորձում է բաժանել Արաքսիին և Վարուժանին , և որքան էլ զարմանալի է ու ցավալի նրան այդ հաջողվում է: Նա ծրագրել էր Արաքսիին ամուսնացնել նույն գործարանի տնօրենի` իզմիրցի, վայելչակազմ ու քաղաքակիրթ մի երիտասարդի` Լ. Էֆենտիի հետ:
Այս որոշմանը համաձայն էին բոլորը` հարազատ և օտար մարդիկ, ովքեր կարծես տենչում էին խոչնդոտել իսկական սիրո գոյությանը ավանդույթները պահպանելու քողի տակ:
Ինչ վերաբերվում է Արաքսիի համաձայնությանը, ապա բոլորը միաձայն որոշեցին, որ նա պետք է հնազանդվի, ուզի, թե ոչ:
Վարուժանը նոր մոլորության մեջ է ընկնում: Ընկճվում է և օր օրի ավելի տխուր ու անճանաչելի դառնում: Սակայն հոգու խորքում նա վստահ էր, որ սերը հաղթելու է:
Արաքսիի դիմադրությունն արդյունք չի տալիս և նա նմանվում է վանդակում փակված թռչնակի : Նշանդրեքի օրը Արաքսին կարճ նամակ է գրում Վարուժանին. « Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:
Դանիելը որոշում է իր ընկերներից մեկի միջոցով երկտողը ցույց տալ Արաքսիի փեսացուին, որպեսզի վերջինս իր հպարտությանն ու արժանապատվությանը տեղ տալով վերջապես ազատ թողնի աղջկան:
Կարդալով երկտողը և տեսնելով հարսնացուի գունատ, տխուր դեմքն ու արցունքոտ աչքերը՝ Լ. Էթֆենտին հուզվում է և վեհանձն ու հպարտորեն պատասխանում, թե ինքը շնորհավորում է Վարուժանին և երջանկություն մաղթում իր սիրելիի հետ:
Լուրը կայծակնորեն տարածվում է, իսկ աղջկա ծնողները ստիպված են լինում զիջել, քանի որ հասկանում են, որ այս երկու սիրահարները պատրաստ են անցնել ցանկացած պայքարի միջով միասին լինելու համար:
Պսակը կատարվում է գյուղական քահանայի ձեռքով առանց նվագի և հյուրերի, բացի մեկ երկու մտերիմ մարդկանցից: Սակայն Վարուժանի ալեհեր ծնողներն ուզում էին ժողովրդկան թափորով Հարսին ու փեսային առաջնորդել դեպի հայրենի օջախ` Բրգնիկ և մեծ շուքով նշել նորապսակների միությունը: Բրգնիկը լցվում է քեֆ-ուրախության ձայներով, և Վարուժանի ու Արաքսիի սիրո հաղթանակը խոնարհովում է մարդկության առաջ:
Նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Առաջնեկը Վերոնիկն էր, որին Դանիել Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծ.-ը, երկրորդը` Արմենը, իսկ երրորդը ` Հայկակը, որին սակայն Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել: Երեքն էլ ամսուսնացան հայերի հետ. տղաները` Ֆրեզնոյում, իսկ աղջիկը` Նյու Յորքում:
Ինչպես հիշում էր Արաքսի Վարուժանը , Դանիելը երեկոները առանձնանում էր իր սենյակում, գրում ու սրբագրում, հաճախ մինչև առավոտ աշխատում: Իր ստեղծագործության ժամերին նա երկունքի մեջ էր լինում իր մուսաների հետ, իսկ ուսուցչական ասպարեզը նրա համար անկախ ապրուստի միջոց էր: Նա սիրում էր կնոջ համար կարդալ իր գրությունները` միշտ կարևորելով նրա գնահատաականն ու տպավորությունը:
Բայց շուտով ընդհատվեց այս լիարժեք երջանկությունը: Ապրիլի 11/24-ի երեկոյան , ժամը 11-ն անց, երբ Դանիելը, Արաքսին և երեխաները տանն էին, եկան Դանիելին ձեռբակալելու: Դուռը բացեց Արաքսին և հրելով ներս մտան երեք հոգի` «Էֆենտին ու՞ր է» ասելով: Սկսեցին խուզարկել Վարուժանի գրասենյակի դարակները և ինչ-որ գտան, լցրեցին տոպրակների մեջ: Նրանք բավականին հարգալից հայտնեցին Արաքսիին, որ իր ամուսնուն տանում են, որպեսզի ստորագրի որոշ թղթեր :
Այդ ժամանակ Արաքսին հնգամսյա հղիության մեջ էր, և նրանց հարգալից վերաբերմունքը պայմանավորում էր իր առողջական վիճակով: Մինչև առավոտ սպասելուց հետո, Արաքսին հասկացավ, որ Դանիելին աքսորել էին:
1915 թվ-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը սպանվեց: Նույն օրը տարօրինակ զուգադիպությամբ ծնվեց Վարուժան ամուսինների երրորդ զավակը: Մահն ու կյանքը մեկտեղվեցին՝ վիշտն ու ուրախությունը խառնելով իրար:
Ցեղին սիրտը (ժողովածու)
Ցեղին սիրտը, Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս է ընծայվել 1909 թվականին։Ժողովածուն բաղկացած է «Նախերգանքից» և «Բագինին վրա», «Կրկեսին մեջ» ու «Դյուցազնավեպեր» շարքերից։ Ժողովածուն նախապես ունեցել է «Վրեժին քուրմերը» խորագիրը. Դանիել Վարուժանն այդպես է անվանել այն հայորդիներին, ովքեր զենքով պաշտպանում են իրենց իրավունքը։«Ցեղին սիրտը» ժողովածուի համար Վարուժանը բնաբան է ընտրել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հետևյալ տողը. «Ընդ եղեգան փող բոց ելաներ...»:Ժողովածուի առաջին շարքում հեղինակը պատկերում է հայերի ջարդերը, պանդխտության մեջ գտնվող հայերին և այլն (Անիի ավերկներուն մեջ, Մարած օջախը, Կարոտի նամակ, Դիակի սայլը, Ծեր կռունկը, Կիլիկյան մոխիրներուն և այլն), երկրորդ շարքի բանաստեղծությունները պայքարի ու հաղթանակ նվաճելու կոչեր են (Հաղթողը, արյան հաղթանակ, Դյուցազնի մը սուրին, Վահագն, Կռվի երթ, Առաքյալը և այլն)։ «Դյուցազնավեպեր» շարքում ընդգրկված են երեք պոեմներ՝ «Հովիվը», «Արմենուհի», «Եիկիտ Տոնել»։ Ռուս բանաստեղծ ու թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին գրել է.
Դանիել Վարուժանի ....«Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց:
ՁՈՆ
ՁՈՆ Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր… — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր. Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ. — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ… — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ — Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր. Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ: Եղեգնյա գըրչով երգեցի արյուն. — Ձեզի ընծա՜, սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն… — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր — Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի. - Քեզի ընծա՜, հայր ալեհեր – Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի… - Քեզի ընծա՜, մայր կարևեր - Եղեգնյա գըրչով օճախս երգեցի. Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի. - Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ - Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի… - Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ - Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ: