Վարուժանի կյանքը
Վարուժանը ծնվել է 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։
Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թվականի ջարդերի թեմաներով։
1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։
Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909 թվականին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում։ 1910 թվականի օգոստոսի 15-ին ամուսնանում է իր նախկին աշակերտուհի Արաքսի Թաշճյանի հետ։ 1911 թվականի հունիսի 6-ին ծնվում է նրանց ավագ զավակը՝ Վերոնիկան, որին հայրը սիրում էր Վարաժնակ կոչել։
1911 թվականին Դանիել Վարուժանը տեղափոխվում է Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգ» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։
1914 թվականին հինգ հիմնադիրներից մեկը եղել է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նաւասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914 թվականին։
Վարուժանը պատկանում է նույնքան Արևմուտքին, որքան Հայաստանին։ Երևանում կան Վարուժանի անվան փողոց, դպրոց։ " width="640"
1915 ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։
1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն , ֆլամանդերեն արձանագրությամբ։ Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը՝
«ի՜նչ փոյթ կեանքը մեռնող, երբոր երազը կ՚ապրի, երբոր երազն անմահ է»:
Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին իրավացիորեն գրել է Վարուժանը պատկանում է նույնքան Արևմուտքին, որքան Հայաստանին։
Երևանում կան Վարուժանի անվան փողոց, դպրոց։
Դանիել Վարուժանն ու իր կինը
Դանիել Վարուժանն ու Արաքսին հանդիպեցին, երբ պոետը նոր էր վերադարձել Բելգիայի Գենտ համալսարանում ուսանալուց: Այնտեղ նա ունեցել էր սիրո մի տխուր պատմություն, որի հետևանքով պոետը դառնագին տողեր էր նվիրել այդ անծանոթ կնոջը.
«Բերնիս վրա համբույրն իր ուրիշ համբույր մ՛համբուրեց.
Սիրտը սրտիս վրա ուրիշ սըրտի մ՛համար բաբախեց:
Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ՝
Իր մարմինեն ես օտար անկողին մ՛հոտը առի»:
Տողերից զգացվում է, որ խոսքը դավաճանության մասին է: Վարուժանն այս դժվար ապրումներով աշխատանքի է անցնում հայրենի Բրգնիկ գյուղում, որտեղ հարուստ ընտանիքում ֆրանսերենի մասնավոր ուսուցիչ է աշխատում: Հենց այստեղ էլ նա սիրահարվում է իր աշակերտուհուն՝ Արաքսիին, որն էլ հետագայում դառնում է բանաստեղծի կինը:
Արաքսին մեծահարուստ ընտանիքից էր, ուներ լավ կրթություն, զարգացած էր, կարդացած: Ծնողներն ուսուցչին հարմար թեկնածու չեն դիտարկում ամուսնության համար: Եվ Արաքսիի կամքին հակառակ՝ նշանադրում են մի թուրք էֆենդիի հետ: Այս փաստից ցնցված՝ Արաքսին նամակ է գրում Վարուժանին.
«Ոչ ոք չի կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:
Այս նամակը հենց նշանադրության օրը պատահաբար ընկնում է թուրք փեսացուի ձեռքը: Կարդալով այս տողերը և տեսնելով հարսնացուի արցունքոտ աչքերը՝ նա հասկանում է, որ Արաքսիի միակ սերը Վարուժանն է: Երիտասարդը շնորհավորում է Վարուժանին և Արաքսիին՝ մաղթելով նրանց երջանկություն: Շուտով զույգն ամուսնանում է:Տարիներ անց նրանք ունենում են 3 երեխա՝ Վերոնիկը, Արմենը և Հայկակը։ Հայկակին, ցավոք, Վարուժանն այդպես էլ չի հասցնում տեսնել. 1915 թվականի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը դաժանորեն սպանվում է թուրքերի կողմից, նույն օրն էլ ճակատագրի հեգնանքով ծնվում է նրա 3-րդ զավակը՝ Հայկակը…
Արքասիի համար մահն ու կյանքը մեկտեղվում են՝ խառնելով իրար վիշտը և ուրախությունը :
Հետագայում Դանիել Վարուժանի զավակները տեղափոխվում են ԱՄՆ: Տղաները հաստատվում են Ֆրեզնոյում ՝ ամուսնանալով հայուհիների հետ, իսկ աղջիկը տեղափոխվում է Նյու Յորք՝ ամուսնանալով հայկական ծագում ունեցող մի տղայի հետ․․․
Այս լուսանկարում Դանիել Վարուժանի հայրն է` Գրիգոր Չպուգքարյանը, «կրթված և գրագետ մարդ մը», Թագուհին, «միջահասակ, շնորհալի և ժպտերես… ճերմակ մորթով, երկար մազերով… մի կին», և ինքը Դանիելը` աջ կողմում: Ո՞վ է ձախ կողմում կանգնած երեխան, դժվարանում եմ ասել, քանի որ Դանիելի կրտսեր եղբայրը` Վահանը ծնվել է բավականին ուշ` 1900 թվականին, իսկ այստեղ Դանիելը 5-6 տարեկան է` մոտավորապես 1890 թվականի լուսանկար է: Այնուհետև հայրը մեկնելու Պոլիս, ուր երկար տարիներ կաշխատի «Խավյար խանին մեջ», իսկ մայրը Դանիելի հետ կմնա Բրգնիքում: 8-10 տարվա բաժանումից հետո Թագուհին Դանիելի հետ կմեկնի Պոլիս: «Կարոտից մղված թե որդուն ուսման տալու մտահոգությամբ` Գրիգո՞րն է Պոլիս կանչում կնոջն ու զավակին, թե՞ ջարդերի պատճառով ամուսնուց լուր չստացող, տագնապած կինն է մեկնում Պոլիս` հետը վերցրած որդուն, հայտնի չէ»:
Դանիել Վարուժանի նամակը մորը՝ Թագուհի Պաղտիկյան-Չպուքքեարեանին, «1903թ., նոյեմբեր, Վենետիկ»
Անուշակ մայրիկ, Ձեր ձեռնագրով՝ Ձեր նամակը ինծի անակնկալ մ'եղաւ, քաղցր անակնկալ մը: ասկէ վերջ պիտի գրեք, այնպես չէ՞, քանի որ Ձեր սրտէն՝ ալ մէ՜կ կտորը միայն պանդխտութեան մեջ է: Մեծ ջանքով մը գրերնիդ կարդացի. թուղթը՝ մեյ մը աջ դարձնելով, մէյ մը ձախ, և քիչ մըն ալ մարգարէանալով. այս ջանքը քաղցր էր ինձի, ինչպես Ձեր յիշատակը քաղցր է, և ինչպես դուք ամենաքաղցր էք: Իմ գալուստս կ'երազէք, հէ՞. աղօթք ըրէք, սիրելի մայր, աղօթք ըրէք. ա՛յդ ալ կ'ըլլայ: Եղբօրս կրթութիւնը հօրս թողուցէք, դուք միայն սիրեցէք զինքը և խնամեցէք: Երջանի՜կ է այն մանուկը՝ երբ կրթող հայր մ’ունի և խնամող մայր մը, ըսածս գիտեմ: …. Մնաք բարով, սիրելիներ. Ձեր ծիծաղի և արցունքի ժամերուն մեջ զիս մի մոռնաք:
Մնաք բարով՝ Ձերդ «Դ. Չպուքքեարեան»
Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։
Մեծերը Վարուժանի մասին
Վարուժանի և Սիամանթոյի հետ գերեզման իջան երիտասարդ պոեզիայի լավագույն հույսերը, բայց այն , ինչ կարողացան անել նրանք իրենց կարճատև կյանքում բավական է ապահովելու նրանց տեղը հայ գրականության մեջ և պարզաբանելու նրանց պոեզիայի ընդհանուր սլացքը:
Վալերի Բրյուսով
Դանիել Վարուժանի պոեզիան արդեն մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի ազգային զարթոնքի գործում: Նրա անդրանիկ՝ ,,Ցեղին սիրտը,, ժողովածուն աղոթագիրք է ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, ուր գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա հերոսները բազում հերոսներ արարեցին, նրա խոսքը գործի վերածվեց: Հենց միայն այսքանը բավական էր, որ Վարուժանի անունը թանկ ու հարազատ դառնար ամեն մի հայի:
Սերգեյ Գորոդեցկիյ
...Դանիել Վարուժանը պսակը եղավ մեր հայրենանվեր քերթողության։ Միամիտ, բայց համակրանքին անկեղծությամբ մեծ ու արդար նկարիչը մեր օրերու ընկերային տառապանքին։ Երգեց մեր գյուղը, մոր կարոտները, երբեն զգալու աստիճան ընդերքին մեջ խորհրդասքող ուժերը մեզ պաշտպանող ու լսեց մեր երկինքին խոր, դժվարահաս ձայները, շողակնափայլ անձրևի մը մեջեն պատկերներու, փոխաբերությանց, գյուտերու, որոնք միս մինակնին կփրկեն որևէ բանաստեղծի անուն։
...Չեմ վախնար գրելու. «Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»:
Հակոբ Օշական
.Վարուժանը հայ ժողովրդի վիշտը ընկալում էր որպես «համաշխարհային վշտի» անբաժանելի մասը, իսկ աշխարհի վիշտը համարում էր իրենը։ Այստեղից էլ՝ նրա լայնախոհ, մեծ հոգիներին վայել սերն ու սրտակցությունը՝ հանդեպ սիրակարոտ ու տառապող էակները, նրա վսեմ հումանիզմն ու ժողովրդասիրությունը:
Սիլվա Կապուտիկյան
...Խոնարհվելով նրա ստեղծագործական սխրանքի առաջ՝ ասենք, որ նա մեր բազմահարուստ ու բազմալար գրականության այն մշտական կենդանի երևույթներից է, այն մեծերից, որ նորոգչական առաքելությամբ մտնելով մեր քերթողական արվեստի մեջ՝ անսահմանորեն ընդարձակեց նրա կալվածքները, պոեզիայի հիանալի դասեր տվեց իրենից հետո եկածներին և տալու է նաև եկողներին:
Վահագն Դավթյան
...Վարուժան տակավին քսանութ ձմեռներու գարունն է ողջունած և արդեն անմահության դափնիներ կը կրե... իր ներկա գործը՝ որքա՜ն հոյակապ՝ տակավին նախաբանն է անոնց, որոնք պիտի գան հայ գրականության փառքերեն ըլլալ:
Տիգրան Չյուկյուրյան