3
ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Հեղինակ - Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։
Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։
Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։
Կինը բարկանում է.
Կին — Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։
Ամուսին — Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։
Հեղինակ - Կինը հանգստանում է, տանում է պահում։
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
Կին — Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
Կին — Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Հեղինակ - Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
Անծանոթ — Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
Կին — Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամաչո՞ւմ... Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...
Անծանոթ — Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։
Կին — Դե արի տար։
Հեղինակ - Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
Կին Անծանոթ -— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։
Ամուսին — Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...
Կին — Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։
Ամուսին — Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց։
Կին — Այ էն կողմը։
Հեղինակ - Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։
Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է հասնում իրեն։
Ամուսին - Բարի օր, ախպերացու։
Անծանոթ — Աստծու բարին։
Ամուսին — Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։
Անծանոթ — Անցկացավ։
Ամուսին — Ի՞նչ ուներ շալակին։
Անծանոթ — Եղ ու բրինձ։
Ամուսին — Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
Անծանոթ — Բավականին ժամանակ կլինի։
Ամուսին — Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։
Անծանոթ — Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
Ամուսին — Բա ի՞նչպես անեմ։
Անծանոթ — Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
Ամուսին — Հա՜, էդ լավ ես ասում։
Հեղինակ - Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։
Ներկայացումից հետո փոքրիկները ներկայացնում են տոնի նշանակությունը։
նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
- Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:
Մարդիկ ցերեկը կերուխում են անում տանը, իսկ գիշերները սկսվում են համընդհանուր զվարճանքը և զբոսանքը: Մարդիկ հավաքվում էին գյուղամիջում, խարույկի շուրջ և սկսվում է ժողովրդական տոնախմբությունը:
Ընտրում են ավագ, որին կոչում են թագավոր, նստեցնում են պատրաստած «գահին» ու իրենց ուսերին պտտեցնում գյուղի փողոցներում: Սա արդյունքում վեր է ածվում իսկական դիմակահանդեսի:
Բոլորն անխտիր մասնակցում են զվարճանքին: Վերջում համընդհանուր զոհաբերություն է կատարվում, համայնքի բնակիչները գյուղի հրապարակում սեղան են բացում ու դարձյալ կերուխում է սկսվում, իսկ վերջում, տուն գնալուց առաջ, տոնախմբության մասնակիցները մեկական ձու էին ուտում. ձվով փակում էին բերանը, որպեսզի Մեծ պահքից հետո դարձյալ ձվով բացեն…