Դասարանական հանդիպում սովորողների հետ
«Բուլինգ․ տեսարաններ երեխաների առօրյա կյանքից» տեսաֆիլմ
Հանդիպման նպատակն է՝
աշակերտների շրջանում իրականացնել իրազեկման աշխատանքներ բուլինգի, դրա դրսևորումների և տեսակների վերաբերյալ,
ցույց տալ և քննարկել բուլինգի տարբեր ձևերի հստակ օրինակներ՝ խթանելով աշակերտների կարեկցանքը բուլինգի ենթարկված աշակերտների նկատմամբ,
օգնել աշակերտներին հասնել ապրումակցման՝ հասկանալու համար, որ բուլինգը ցավոտ և կործանարար է։ Ինչպես նաև ներկայացնել բուլինգի ենթարկված աշակերտի, ագրեսորի և համադասարանցիների վրա կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունների որոշ եղանակներ,
խթանել աշակերտների հետաքրքրությունը ֆիլմերի և սեփական փորձի միջոցով բուլինգի որոշ մեխանիզմներ հայտնաբերելու համար․ «Բուլինգի շրջանակի» օգտագործում,
քննարկել բուլինգի վերաբերյալ փաստեր՝ շեշտադրելով, թե ինչու որոշ աշակերտներ ավելի հաճախ են հայտնվում բուլինգի իրավիճակում:
| Բովանդակություն | Մեթոդ | Անհրաժեշտ նյութեր | Կարևոր տեղեկություններ վարողի համար |
«Բուլինգ․ տեսարաններ երեխաների առօրյա կյանքից» ֆիլմի դիտում | Տեսաֆիլմի դիտում, քննարկում | Տեսաֆիլմ «Գրադարանում» | Ցանկալի է աշակերտներին մի քանի օր առաջ տեղեկացնել, որ դասարանում ցուցադրվելու է բուլինգի մասին ֆիլմ։ Անհրաժեշտ է նշել, որ ֆիլմը դրական համատեքստով է անդրադառնում այս հիմնախնդրին և չի պարունակում առանձնապես ծանր կամ տհաճ տեսարաններ։ Այս կերպ դասարանում սովորող ցանկացած աշակերտ, ով ենթարկվում է բուլինգի, մի փոքր պատրաստ կլինի գալիք քննարկումներին։ Եթե որոշ աշակերտներ բացակայում են ֆիլմի դիտման օրը, դա նույնպես պետք է արժանանա ուսուցչի ուշադրությանը։ Չի բացառվում, որ հենց բացակա աշակերտները այս կամ այն կերպ ընդգրկված լինեն բուլինգի գործընթացում` որպես զոհ կամ ագրեսոր։ Պետք է հաշվի առնել, որ որոշ աշակերտներ, ովքեր ուղղակիորեն կապված են այս խնդրին, գուցե ցանկանան ֆիլմը դիտելուց հետո զրուցել ուսուցչի հետ: Այս դեպքում ուսուցիչը պետք է պատրաստ լինի նաև լրջորեն արձագանքել նման իրավիճակի։ Եթե ուսուցիչը կարծում է, որ կարող է անհանգստության ալիք բարձրանալ ֆիլմի ցուցադրության և քննարկման հետ կապված, լավ կլինի, որ տեղում աշխատեն երկու ուսուցիչ (ուսուցիչ և համակարգող): |
| |
Քննարկման նախապատրաստում | Նախապատրաստական աշխատանքներ | աթոռներ | Ֆիլմի ցուցադրումից հետո քննարկման բաց մթնոլորտ ստեղծելու համար նպատակահարմար է աշակերտների աթոռները տեղադրել օղակաձև կամ կիսաշրջանաձև: Ֆիլմը որպես բուլինգի մասին քննարկումների մեկնարկային կետ օգտագործելիս պետք է զգուշավորություն դրսևորել, որպեսզի աշակերտները չօգտագործեն դասարանում բուլինգի ենթարկված աշակերտների անուններ: Միևնույն ժամանակ, ուսուցիչը պետք է ակնարկի, որ դպրոցում կամ դասարանում բուլլինգի ենթարկված աշակերտները, ֆիլմի քննարկումից հետո կամ ավելի ուշ, առանց այլ աշակերտների ներկայության, ցանկալի և անհրաժեշտ է այն քննարկեն ուսուցչի հետ։ Ֆիլմի ցուցադրման և դրա շուրջ քննարկումների հիմնական նպատակը հուզական ներգրավվածություն ստեղծելն է և աշակերտներին աջակցելը՝ բացահայտելու բուլինգի հիմնական ասպեկտները: Դրանց նպատակը հակազդեցություն, հնարավոր գործողություններ ձեռնարկելը չէ: Եթե աշակերտները տարբեր տեսարանների համար փորձում են հակազդեցության ձևեր առաջարկել, ուսուցիչը պետք է զգուշորեն վերադարձնի քննարկումը բուն հիմնախնդրի շուրջ: |
Ֆիլմի քննարկում | Հարց ու պատասխան | | Կարևոր է խրախուսել աշակերտներին, որպեսզի մտածեն, թե ինչ կզգային կամ ինչպես կվարվեին ֆիլմում ներկայացված կամ իրենց հետ դպրոցում (դասարանում) տեղի ունեցած բուլինգի իրավիճակներում։ Սա կարող է, օրինակ, վերաբերել այն աշակերտին, որը հաճախ այլ աշակերտների կողմից իր արածի կամ ասածի վերաբերյալ լսում է բացասական, արհամարհական, «ծիծաղելի», բայց նվաստացուցիչ մեկնաբանություններ․ Ինչպե՞ս եք դուք (աշակերտները) վերաբերվում այս ֆիլմի իրավիճակներին: Ձեր կարծիքով ի՞նչ են զգում ֆիլմում ներկայացված տարբեր աշակերտները, ինչի՞ մասին են նրանք մտածում: Ի՞նչ կզգայիք և կմտածեիք նման իրավիճակում: Արդյո՞ք նրանք (աշակերտները) կարծում են, որ նման մեկնաբանությունները նորմալ են, թե՞ իրենց դեպքում դրանք կհամարվեին անընդունելի: Արդյո՞ք նրանք (աշակերտները) կմասնակցեին ծաղրի նման իրավիճակի, կփորձե՞ն այդ ամենը կասեցնել և պաշտպանել խոցելի աշակերտին: Կարո՞ղ են նրանք (աշակերտները) արդարացնել վիրավորական նման մեկնաբանությունները՝ ասելով, որ դրանք պարզապես կատակ են: Ի՞նչ են իրականում զգում բուլինգի ենթարկված աշակերտները՝ անկախ նրանից, թե ինչ են ցույց տալիս արտաքինից։ Զվարճալի՞ է արդյոք դա նաև բուլինգի ենթարկվող աշակերտի համար: Ինչպե՞ս կզգաք և կարձագանքեք, եթե մեկ կամ մի քանի աշակերտներ ֆիզիկական հարձակման ենթարկեին ավելի թույլ աշակերտի: |
Բուլինգի շրջանակը, Քննարկում «Բուլինգի իրավիճակում հնարավոր դերեր» | «Բուլինգի շրջանակի» ներկայացում, ֆիլմի կրկնական դիտում, քննարկում | Պաստառ «Բուլինգի շրջանակը» | Բուլինգի շրջանակի ներկայացում Բուլինգի շրջանակը աշակերտների ներկայացնելուց առաջ ուսումնասիրեք հավելված 1-ը: Բուլինգի շրջանակը ներկայացնելուց հետո խնդրեք երեխաներին ևս մեկ անգամ դիտել ֆիլմը և մտածել, թե որտեղ է գտնվում ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը այդ շրջանակում (Այստեղ կարող եք իրականացնել խմբային աշխատանք` բաժանելով սովորողներին 4 խմբի: Յուրաքանչյուր խմբին հրահանգեք պաստառի վրա նկարել և ներկայացնել շրջանակի մի հատված, որտեղ երեխաները կներկայացնեն ֆիլմի հերոսներին: Այնուհետև պաստառները կմիանան իրարէ դառնալով ամբողջական շրջանակ): Ֆիլմի դիտումից հետո իրականացրեք խմբային քննարկում, որը պետք է անդրադառնա ստորև նկարագրված մի քանի հարցերի և թեմատիկ ոլորտների: Դասարանական քննարկում Բուլինգի վերաբերյալ քննարկումից առաջ անհրաժեշտ է, որ ուսուցիչը աշակերտների հետ միասին համաձայնության գա քննարկման կանոնների վերաբերյալ (Հավելված 2): Հետևյալ կանոնները կարող են կիրառվել նման քննարկումների դեպքում` Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հայտնել իր կարծիքը, եթե ցանկանում ենք որևէ բան ասել, մենք ձեռք ենք բարձրացնում, մենք թույլ ենք տալիս դիմացինին ավարտին հասցնել իր խոսքը՝ առանց նրան ընդհատելու (որոշ բնական սահմանափակումներով), մենք կարող ենք չհամաձայնել՝ առանց «բացասական» և «վատ» արտահայտություններ օգտագործելու։ Հարցեր և թեմաներ աշակերտների հետ բուլինգի շրջանակի քննարկման համար․ Ըստ ձեզ, որտեղ է գտնվում ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը այս շրջանակում: Ձեր կարծիքով ի՞նչ են զգում այդ աշակերտները, ինչի՞ մասին են նրանք մտածում: Ի՞նչ կզգայիք և կմտածեիք դուք նման իրավիճակում (Խնդրեք աշակերտներին մտածել իրենց սեփական դերերի մասին): Որտե՞ղ եք դուք ձեզ զգում այս շրջանակում: Ի՞նչը ձեզ կօգնի տեղափոխվել այդ շրջանակում դեպի աջ (Ի՞նչ է պահանջվում, որպեսզի աշակերտները (կամ մեկ աշակերտ) պաշտպանեն բուլինգի ենթարկված դասընկերոջը): |
Բուլինգի սահմանումը, Բուլինգի ձևեր | Մտագրքհ, քննարկում | | Բուլինգի սահմանումը Ի՞նչ նկատի ունենք «բուլինգ» բառը ասելով: Կարո՞ղ է «ծաղրուծանակը» համարվել բուլինգ: Խնդրեք աշակերտներին բերել վարքագծի այնպիսի օրինակներ, որոնք հեշտությամբ կարող են ընկալվել որպես բուլինգ: Բուլինգի ձևերը Բուլինգի ինչպիսի՞ ձևեր գիտեք, արդյոք կարող եք բուլինգի մի քանի օրինակներ բերել: |
Դասարանական կանոններն ընդդեմ բուլինգի | | Պաստառ «Դասարանական կանոններն ընդդեմ բուլինգի» | Ներկայացրեք սովորողներին բուլինգի դեմ ուղղված չորս կանոնները, գրեք միասին այդ կանոնները պաստառի վրա և փակցրեք դասարանում տեսանելի տեղում (հավելված 3): Մենք մեր դպրոցում այլ աշակերտների բուլինգի չենք ենթարկում: Մենք փորձում ենք օգնել այն աշակերտներին, որոնք ենթարկվում են բուլինգի: Մենք մենակ չենք թողնում այն աշակերտներին, որոնք իրենց միայնակ են զգում Եթե մենք գիտենք, որ ինչ-որ մեկը ենթարկվում է բուլինգի, պետք է այդ մասին տեղեկացնենք դասղեկին (կամ մեկ այլ մեծահասակի դպրոցում) և ծնողներին: Շատ կարևոր է, որ աշակերտների լիովին հասկանալի լինի, թե դասարանային կանոնները ինչպիսի վարք են ենթադրում: Նման հստակեցման կարելի է հասնել մի քանի եղանակով: Լավագույն մոտեցումն է` աշակերտներին ներգրավել կանոնների մասին քննարկումներին: Խոսեք աշակերտների հետ այն մասին, թե ինչպես պետք է վարվել, երբ իրենք կամ մեկ ուրիշը ենթարկվում է բուլինգի: |
Հավելված 1
Բուլինգի շրջանակ Բուլինգի իրավիճակում տարբեր դերերի վերաբերյալ հետազոտությունները (Salmivalli et al, 1996), մեր (Olweus,1998) հարցաթերթիկների պատասխանները և դիտարկումները հստակ ցույց են տալիս, որ աշակերտների վերաբերմունքը բուլինգի նկատմամբ կարող է շատ տարբեր լինել: Պետք է տարբերակել աշակերտի հիմնական (ներքին) վերաբերմունքը բուլինգի նկատմամբ (դրական, չեզոք, բացասական) և նրա գործնական արձագանքը (գործել/չգործելը նման իրավիճակում): Այսպես,
Բուլինգի նկատմամբ դրական վերաբերմունքը, որը զուգորդվում է այս վերաբերմունքին համապատասխան գործողության հետ, նշանակում է, որ, օրինակ, աշակերտը դրական է վերաբերվում մեկ այլ աշակերտի (Y) բուլինգի ենթարկելուն (A):
Աշակերտը կարող է նաև հիմնականում լինել աջակից (B), ով օգնում և խրախուսում է հիմնական ագրեսորին՝ բուլինգի ենթարկել մեկ այլ աշակերտի։
Կան նաև աշակերտներ, ովքեր ունեն դրական վերաբերմունք բուլինգի նկատմամբ, բայց ովքեր ակտիվորեն չեն մասնակցում դրան (C) կամ չեն ապահովում ակնհայտ աջակցություն (D):
Բացասական վերաբերմունքը նշանակում է, որ աշակերտը չի ընդունում բուլինգը և գործում է այդ վերաբերմունքի համաձայն։ Պաշտպանում է խոցելի աշակերտին (G) կամ ամեն դեպքում ունի ցանկություն ինչ-որ կերպ օգնելու նրան, սակայն քայլեր/գործողություններ չի անում (F):
Չեզոք/անտարբեր վերաբերմունքը նշանակում է, որ աշակերտները չեն ներգրավվում կամ որևէ այլ դիրքորոշում չեն ընդունում, ոչ էլ ակտիվորեն գործում են այս կամ այն ուղղությամբ․ «Դա իմ գործը չէ» (E)»:
Հավելված 2 Դասարանական քննարկումներ
Կարևոր է, որ դասղեկը ի սկզբանե առնանձացնի քննարկումներ վարելու կանոնների կարևորությունը, որպեսզի դրանք ամրապնդվեն աշակերտների մոտ։ Այդ կանոններն են.
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հայտնել իր կարծիքը,
մենք ձեռք ենք բարձրացնում, եթե ցանկանում ենք որևէ բան ասել,
մենք թույլ ենք տալիս դիմացինին ավարտին հասցնել իր խոսքը՝ առանց նրան ընդհատելու (որոշ բնական սահմանափակումներով),
Որոշ դեպքերում դասղեկը, որպես ղեկավար, կարող է ստիպված լինել փոքր-ինչ շեղվել այս կանոններից․
Դասղեկը պետք է փորձի ակտիվորեն լսել և չդատապարտել, նույնիսկ եթե նա երբեմն ստիպված է աշակերտներին նկատողություն անել` դասարանական հանդիպման հետ կապված անցանկալի վարքի պատճառով: Դասղեկի խնդիրն է նաև ապահովել, որ ամաչկոտ, քիչ ակտիվություն ցուցաբերող աշակերտների տեսակետները նույնպես ներկայացվեն: Սա կարող է նշանակել, որ նա երբեմն ստիպված է լինում ուղղակիորեն դիմել լուռ աշակերտին՝ «Հիմա ես կցանկանայի իմանալ, թե դու ինչ ես մտածում այս մասին» մոտեցումը կիրառելով: Մեկ այլ տարբերակ է հերթով բոլորին հարցնել՝ արդյոք իրենք ցանկանում են որևէ բան ասել: Իհարկե, կարևոր է, որ աշակերտները չզգան, թե ստիպված են ինչ-որ բան ասել: Երբեմն անհրաժեշտ է լինում ընդհատել հանդիպումներին իշխելու հակում ունեցող որոշ աշակերտների՝ «Շատ լավ է, որ դու այսօր մեզ ասելու շատ բան ունես, բայց ես կցանկանայի լսել նաև մյուսներին» մոտեցումը կիրառելով:
Դասարանական հանդիպման քննարկումները երբեմն կարող են թեժ և անհիմն լինել: Այդ դեպքում դասղեկը պետք է դադարեցնի քննարկումը` ամփոփելով այն, ապա թույլ տա աշակերտներին գրավոր ձևով քննարկել խնդիրը: Դա հաճախ մեղմացնում է անհանգստությունը և ավելի շատ մտորումների տեղիք տալիս: Գրված արդյունքները, հնարավոր է, որ դասարանում բարձրաձայն ընթերցվեն և հետագայում կրկին քննարկվեն:
Դասղեկը, հնարավորության դեպքում, կարող է ամփոփել արտահայտած խնդրի վերաբերյալ աշակերտների տարբեր տեսակետները: Այսպիսով, ինչ-որ չափով կարելի է խուսափել, որ որոշ ազդեցիկ «կարծիքներ կրողներ» գերակշռեն քննարկումներին: Նման ամփոփագրերը հաճախ բնական ելակետ են դառնում դասարանական հանդիպումների քննարկումների համար:
Դասղեկը պետք է փորձի այնպես անել, որ աշակերտները հնարավորինս օգտագործեն «ես»ձևը (առաջին դեմքից խոսեն, այլ ոչ թե ընդհանուր): Աշակերտներին պետք է նաև օգնել, որպեսզի նրանք սովորեն հստակ արտահայտեն այն, ինչ զգում են և մտածում։
Կարելի է դասարանական քննարկումները կազմակերպել թե ամբողջ դասարանի հետ և թե փոքր խմբերում: Դա թույլ է տալիս աշակերտներին անհատապես աշխատել մի խնդրի շուրջ, գրավոր շարադրել իրենց մտքերն ու առաջարկները, նախքան դասարանական հանդիպման քննարկումը: Դա նաև թույլ կտա աշակերտներին ինքնուրույն մտածել, այլ ոչ թե կրկնել ավելի ակտիվ/դոմինանտ աշակերտների կարծիքները:
Դասարանական հանդիպումների տարբեր ձևերի օգտագործումը հատկապես օգտակար է այն դասարաններում, որտեղ նման հանդիպումներ նախկինում չեն անցկացվել և դրանք կարող են օտար/անհասկանալի թվալ: Այդ դեպքում արժե սկսել փոքր խմբերի քննարկուններից, այնուհետև հանդիպումներ կազմակերպել ամբողջ դասարանի հետ: Եթե ամբողջ դասարանի հետ քննարկումների մթնոլորտը ճնշող կամ տարօրինակ է թվում, կարելի է դասարանը բաժանել ավելի փոքր խմբերի:
Հավելված 3
Դասարանական կանոններն ընդդեմ բուլինգի
Այս թեմայի նպատակ է՝
Ցույց տալ, թե ինչպես դասարանի կանոնները կարող են ստեղծել հատուկ մեխանիզմներ կամ նորմեր բուլինգի դեմ,
ներկայացնել և բացատրել բուլինգի դեմ դասարանական չորս կանոնները և ցույց տալ, թե ինչպես դրանք կարող են հանգեցնել վարքագծի փոփոխության,
ցույց տալ, որ բուլինգի ենթարկվող երեխան նույնպես պետք է գիտակցի (և նաև համապատասխան քայլեր նախաձեռնի), որ բուլինգը անընդունելի է,
տալ խորհուրդներ, թե ինչպես ուսուցիչը կարող է դրական և բացասական հետևանքներն օգտագործել աշակերտների շրջանում խնդրառույց վարքի դեմ:
Դասարանական հանդիպումների մասին քննարկվող գործողությունների հիմնական նպատակը դասարանում հատուկ մեխանիզմների կամ նորմերի ստեղծումն է (ակնկալվող վարքի ուղենիշներ), որոնք կօգնեն նվազեցնել և կանխել բուլինգն ու նմանատիպ խնդիրները: Դասարանական կանոնները և դասարանական ժողովները նախ և առաջ միջոցառումներ են դասարանի մակարդակում, ուստի դրանցում թիրախային խումբ է կազմում ամբողջ դասարանը, այլ ոչ թե առանձին աշակերտներ: Հետևաբար, այստեղ հիմնական շեշտը դրվում է բուլինգի միտումների հայտնաբերման և դրանց դադարեցման վրա, նախքան դրանք կվերածվեն ավելի խորը խնդիրների:
Դասարանական կանոնները և հանդիպումները կարող են նաև օգտակար լինել բուլինգի ենթարկված աշակերտների և ագրեսորների հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման համար: Պետք է նաև շեշտել, որ «Բուլգիինգի դեմ պայքարի Բերգենի նախագծի» (Olweus, 1991a; Olweus & Alsaker, 1991; Olweus & Kallestad, 2010) գնահատումը ցույց է տվել, որ այն ուսուցիչները, ովքեր համակարգված կիրառել են դասարանական կանոնները, դասարանական հանդիպումները և դերախաղերը բուլինգի դեմ, հասել են բուլինգի զգալիորեն մեծ կրճատման իրենց դասարաններում, քան այն ուսուցիչները, որոնք նույն կերպ չեն աշխատել:
Չորս դասարանական կանոն բուլինգի դեմ
Բուլինգի դեմ պայքարում և դասարանում սոցիալական դրական մթնոլորտ ստեղծելու գործում կարևոր է որոշ պարզ կանոններ կիրառումը: Վարքի որոշ ընդհանուր կանոններ, հավանաբար, արդեն ներկայացված են դպրոցների կանոնակարգերում: Այս համատեքստում, սակայն, կարևոր է, որ կանոնները հատուկ ուղղված լինեն բուլինգի դեմ, և դրանք հնարավորինս հստակ ձևակերպվեն:
Մենք նախկինում գտնում էինք, որ բուլինգի դեմ դասարանական կանոնների ընտրությունն ու ձևավորումը ուսուցիչներն ու աշակերտները կարող են քննարկել միասին (Olweus, 1991): Այս տեսակետը նշանակում է, որ աշակերտները նույնպես պետք է ազդեցություն և մասնակցություն ունենան կանոնների ձևավորման վրա: Այնուամենայնիվ, մենք աստիճանաբար եկել ենք այն եզրակացության, որ հետևյալ հիմնական կանոնը՝ «Մենք մեր դպրոցում ուրիշներին/այլ աշակերտների բուլինգի չենք ենթարկում», քննարկման առարկա չի կարող դառնալ: Այս կանոնը լիովին համապատասխանում է գործող օրենսդրությանը և այն պետք է լինի հստակ և հասկանալի դպրոցում գտնվող յուրաքանչյուր անձի համար:
Չնայած բուլինգի դեմ պայքարի մյուս կանոնները, որոնք նկարագրված են հաջորդիվ, չունեն նույն բացարձակ բնույթը, ցանկալի է, որ այդ կանոններին նույնպես տրվի դպրոցի ընդհանուր կանոնների կարգավիճակ:
Կանոնների ընդհանուր փաթեթի ստեղծումը, որը համակարգված կերպով կիրառվում է դպրոցի առօրյա կյանքում, նաև ցույց է տալիս, որ դպրոցն ունի բուլինգի դեմ միասնական և համակարգված ռազմավարություն: Սա, իր հերթին, ակնհայտորեն կնպաստի դպրոցի արդյունավետ աշխատանքին` նման խնդիրների լուծման և կանխարգելման գործում: Այն փաստը, որ դպրոցը որոշել է ընդունել բուլինգի դեմ պայքարի կանոնների շարք, չի բացառում, որ աշակերտները նույնպես կարող են մասնակցել այս կանոնների բովանդակության, շարժառիթի, նշանակության և կիրառման քննարկումներին: Կարևոր է, որ աշակերտները հնարավորինս այդ կանոնները համարեն արդար և բովանդակալից, պատասխանատվություն զգան դրանց հետևելու հարցում: Նման քննարկումներ կարող են իրականացվել դասարանական հանդիպումների ժամանակ։
Նկարագրված 4 կանոններն են՝
Մենք մեր դպրոցում այլ աշակերտների բուլինգի չենք ենթարկում
Մենք փորձում ենք օգնել այն աշակերտներին, որոնք ենթարկվում են բուլինգի
Մենք մենակ չենք թողնում այն աշակերտներին, որոնք իրենց միայնակ են զգում
Եթե մենք գիտենք, որ ինչ-որ մեկը ենթարկվում է բուլինգի, պետք է այդ մասին տեղեկացնենք դասղեկին (կամ մեկ այլ մեծահասակի դպրոցում) և ծնողներին:
Այս կանոնները վերաբերում են և՛ ուղղակի, և՛ անուղղակի բուլինգին, ինչպիսիք են՝ հասակակիցների խմբից վտարումը, խմբից բացառումը և այլն: Հատկապես պետք է հստակեցվի, որ 4-րդ կանոնը չի տարածվում միայն «այլ աշակերտների» վրա: Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ աշակերտն ինքը ենթարկվում է բուլինգի՝ «Եթե ինձ բուլինգի են ենթարկում, ես պետք է տեղյակ պահեմ դասղեկին կամ դպրոցում մեկ այլ մեծահասակի, ինչպես նաև իմ ծնողներին» , -այս կանոնին կարևոր է հետևել, քանի որ բուլինգի ենթարկված շատ աշակերտներ (մոտ 50-70%) ընդհանրապես չեն պատմում այդ մասին որևէ մեկին թե՛ տանը, թե՛ դպրոցում:
Իրականում աշակերտների շրջանում բուլինգի մասին ավելի բաց հաղորդակցման անհրաժեշտություն կա, և 4-րդ կանոնը մշակվել է հատուկ այդ նպատակով։ Այս կանոնը որոշ չափով համընկնում է 2-րդ կանոնի հետ (մենք փորձում ենք օգնել բուլինգի ենթարկվող աշակերտներին): Միևնույն ժամանակ, 4-րդ կանոնը կարևոր բնութագիր է և դուրս է գալիս 2-րդ կանոնի սահմաններից` խրախուսելով աշակերտներին տեղյակ պահել նաև մեծահասակներին:
Կանոնների հստակեցում
Շատ կարևոր է, որ աշակերտների և մեծահասակների համար լիովին հասկանալի լինի, թե դասարանային կանոնները ինչպիսի վարք են ենթադրում: Նման հստակեցման կարելի է հասնել մի քանի եղանակով: Լավագույն մոտեցումն է` աշակերտներին ներգրավել կանոնների մասին քննարկումներին:
Մենք արդեն քննարկեցինք այդ կաննոներից հիմնականը` առաջինը: Շատ կարևոր է, որ մնացած երեք կանոնները նույնպես մանրամասն քննարկվեն աշակերտների հետ: Օրինակ ՝ ի՞նչ է նշանակում, որ «Մենք փորձում ենք օգնել այն աշակերտներին, ովքեր ենթարկվում են բուլինգի»: Խոսքը, իհարկե, բուլինգի իրավիճակում միջամտելու մասին է, եթե դա չի հանգեցնում ֆիզիկական վնաս հասցնելու վտանգի: Բայց ինչպե՞ս դա իրականացնել լավագույնս: Կարո՞ղ է արդյոք/պե՞տք է արդյոք պատմել ուսուցիչներին կամ ծնողներին, որ դասարանում որևե մեկը ենթարկվում է բուլինգի: Աշակերտների համար նման պահելաձևը դիտարկվում է որպես «բամբասանք»: Կարևոր է փոխել այս վերաբերմունքը, և այստեղ 2-րդ և 4-րդ կանոնները լավ ելակետ են: Ընդհանուր նպատակը (1-ին կանոն) այն է, որ բուլինգը դիտարկվի որպես անընդունելի: Հետևաբար, երբ աշակերտը պատմում է բուլինգի դեպքի մասին, նա միայն հետևում է Ուլվեուսի կանոններին: Դա բամբասանք կամ զրպարտություն չէ, և հակառակը՝ նա ցուցաբերում է կարեկցանք, պաշտպանում է թույլ կողմին նման անհավասար հարաբերություններում:
3-րդ կանոնի հիմնական նպատակն է բացառել խմբից դուրս թողնելու և սոցիալական մեկուսացման միտումները: Յուրաքանչյուրը պետք է ունենա ընկեր: Աշակերտները կարող են առանց որևէ անուն նշելու մտածել այն մասին, թե դասարանում կան արդյոք մեկուսացված աշակերտներ: Աշակերտները կարող են լավ առաջարկներ ներկայացնել, թե ինչպես մեկուսացած աշակերտներին ներգրավել տարբեր խաղերում կամ այլ ընկերական շփումներում` դպրոցում կամ դպրոցից դուրս: Արժե աշակերտների հետ խոսել այն մասին, որ միայնակ և մեկուսացած երեխաներն ու երիտասարդները հաճախ այնքան էլ լավ չեն շփվում կամ արձագանքում ուրիշների շփման փորձերին: Սրա պատճառը կարող է լինել նախկին շփումների բացասական փորձը: Նման դեպքերում երբեմն երեխաներից «հասարակ» համբերություն և խրախուսանք է պահանջվում` համոզելու մեկուսացած աշակերտներին փոխել իրենց վերաբերմունքը հասակակիցների նկատմամբ:
Դասարանային կանոնների քննարման միջոցով հնարավոր կլինի նաև ազդել աշակերտների շրջանում նման վերաբերմունքի և նորմերի վրա: Կարելի է, օրինակ, քննարկել բուլինգի մեջ ավելի պասիվ մասնակցության մասին: Որոշ աշակերտներ հազվադեպ են նախաձեռնում բուլինգ, բայց «հաճույքով հետևում են», երբ մեկ ուրիշն է դա անում: Այստեղ կարևոր է հստակեցնել, որ կատարվածի համար անհատական պատասխանատվություն են կրում նույնիսկ նրանք, ովքեր միայն պասիվ են մասնակցում բուլինգին: Անընդունելի է պատասխանատվությունից խուսափելը` հղում կատարելով «մյուսներին» կամ ասելով՝ «ես չեմ սկսել, մեկ ուրիշն է սկսել»:
Այս և նմանատիպ խնդիրները քննարկելու համար դերախաղը նույնպես շատ լավ և արդյունավետ մեթոդ է: Դերախաղը նաև հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ կարող են անել «չեզոք» աշակերտները` դադարեցնելու համար մեկուսացումը և բուլինգը:
Դասարանային կանոնների հստակեցման մեկ այլ ձևաչափ է, երբ երեխաներն և երիտասարդները գրականությունից քաղվածքներ են օգտագործում՝ դասարանում բարձրաձայն կարդալու նպատակով: Այնուամենայնիվ, ուսուցիչը պետք է ուշադիր ընտրի նյութը, քանի որ շատ նկարագրություններ հիմնված են ագրեսորի և բուլինգի ենթարկվածի սխալ պատկերացումների վրա: Օրինակ, ագրեսորը կարող է նկարագրվել որպես մեկը, որը կոշտ մակերեսի տակ թաքցնում է իր անվստահ և վախեցած իրական անձը: Կամ գուցե բուլինգի ենթարկված աշակերտի ակնհայտ արտաքին «տարբերակումները» ներկայացվում են որպես բուլինգի հիմնական պատճառ:
Դասարանի բոլոր աշակերտների համար, իհարկե, կարևոր է, որ գործող կանոնների բովանդակությունը պարզ և հստակ լինի: Այսպիսով, աստիճանաբար կարելի է ստանալ բավականին հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է մեկնաբանվեն կանոնները, ինչն է ընդունելի կամ ցանկալի վարքը և որն է ավելի քիչ տեղին կամ անցանկալի վարքը: