ԴԱՍԱՎԱՆԴՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆԸ
Դասավանդողի մասնագիտական կոմպետենտությունը մասնագիտական գիտելիքների, կարողությունների, հմտությունների, փորձի, արժեքային ու կենսական տարբեր դիրքորոշումների միջոցով մանկավարժական պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում ծագող մասնագիտական խնդիրները լուծելու մանկավարժի ընդգծված ունակության և մասնագիտական գործունեության պատրաստվածության համապարփակ բնութագրիչն է:
Դասավանդողի սոցիալական և անձնային որակները` նախաձեռնողականությունը, համագործակցությունը, սովորելու և գնահատելու կարողությունը, տրամաբանական մտածողությունը, խմբում աշխատելու և հաղորդակցվելու կարողությունը, տեղեկատվություն ընտրելու և օգտագործելու կարողությունը նրա կոմպետենտության բաղադրիչներ են:
Կոմպետենցիա հասկացության տարբեր սահմանումները
Ինչ որ բան լավ կամ արդյունավետ կատարելու ունակություն:
Հատուկ աշխատանքային գործառույթներ կատարելու ունակություն:
Մարդկային հարաբերությունների ոլորտ, որը գտնվում է գիտելիքի և գործունեության միջև:
Գործողության մեջ դրված գիտելիք, ինտեգրատիվ գործունային կառույց՝ ընդգրկված իրական իրավիճակի մեջ:
Կոմպետենցիա (իրազեկություն, ձեռնահասություն, կարողունակություն, կատարողունակություն)- (լատիներեն`competens բառից-պատշաճ, ընդունակ )`
Մանկավարժական տեսանկյունից կոմպետենցիան դիտարկվում է որպես կրթական գործընթացում արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծող մասնագիտական իրավասությունների, գործառույթների համախումբ, իսկ մանկավարժական պրոֆեսիոնալ կոմպետենտությունը ներկայացվում է որպես կոմպետենցիայի արդյունավետ իրագործումն ապահովող մանկավարժական և անձային որակների համախումբ: Ուստի առանձնացվում են ներքոնշյալ հիմնարար կոմպետենցիաներ, որոնք հանդիսանում են մանկավարժական պրոֆեսիոնալ կոմպետենտության բաղադրիչներ.
ճանաչողական (մանկավարժական պրոֆեսիոնալ գիտակություն),
հոգեբանական (հուզական կուլտուրա և հոգեբանական հասունություն),
հաղորդակցական (հաղորդակցական կուլտուրա և մանկավարժական տակտ),
հռետորական (խոսքի մասնագիտական կուլտուրա),
պրոֆեսիոնալ-տեխնիկական,
պրոֆեսիոնալ-տեղեկատվական (մշտադիտարկման):
Դասավանդողի մանկավարժական կոմպետենցիաների ձևավորումը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հիմնական վերջնարդյունքներն են, որոնց հետագա զարգացումը տեղի է ունենում մանկավարժական հետագա շարունակական գործունեության ընթացքում:
Դասավանդողի մասնագիտական կոմպետենցիաներն ընդհանուր առմամբ ցույց են տալիս, թե որքան է դասավանդողը`
հասկանում և դրական գնահատում ուսանողին,
գիտի ի՞նչ և ի՞նչպես սովորեցնել, գիտի ի՞նչպես գնահատել, ի՞նչպես ստեղծել ուսումնական նպաստավոր միջավայր,
իրեն ընկալում է որպես պրոֆեսիոնալ մասնագետ:
Դասավանդողի մանկավարժական կոմպետենցիաների ամփոփ խմբերն են.
ուսուցման գործընթացում սովորողին հասկանալը,
ուսուցման գործընթացի նախապատրաստումը, պլանավորումը և կառավարումը, իրականացումը, գնահատումը,
խնդիրների լուծման կարողությունները,
հետադարձ կապի ապահովումը,
աշխատանք գրականության և տեղեկույթի հետ (տեղեկատվության հավաքագրում, դասակարգում և մշակում):
Դասավանդողի մանկավարժական վարպետությունը մասնագիտական գործունեության ողջ ընթացքում ձևավորվող պրոֆեսիոնալ որակ է: Վարպետ դասավանդողը հոգեբանամանկավարժական և առարկայական ոլորտներում մասնագիտական բարձրակարգ կոմպետենտցիաների տիրապետող պրոֆեսիոնալ մասնագետ է, ով կարողանում է ուսուցման գործընթացում պատշաճ մակարդակով կիրառել իր մասնագիտական գիտելիքները, կարողությունները, հմտությունները, մասնագիտական կոմպետենտությունները: Դասավանդողի պրոֆեսիոնալիզմը կախված է նրա մասնագիտական կոմպետենտությունից, մասնագիտական մանկավարժական տրամաբանական և ստեղծագործական մտածողությունից: Իր հերթին դասավանդողի պրոֆեսիոնալ կայացումը կախված է նրա ինքնակրթության, մասնագիտորեն կարևոր կարողությունների և հատկանիշների զարգացման ձգտումից և պարբերական գործադրումից: Մանկավարժական վարպետությունը ուսուցչի մանկավարժական գործունեության այնպիսի բարձր մակարդակ է, երբ նա լիարժեքորեն տիրապետում է մի կողմից մանկավարժության և հոգեբանության տեսական մեթոդներին, հնարները գործնականում հղկված կիրառելու կարողություններին ու հմտություններին և մյուս կողմից՝ անձնային լավագույն հատկանիշներին, որոնց շնորհիվ ապահովվում է ուսումնադաստիարակչական գործընթացի բարձրագույն արդյունավետությունը: Վարպետության էությունը ուսուցչի անձի, նրա դիրքորոշումների և սեփական գործունեությունը բարձր մասնագիտական մակարդակով կառավարելու և իրականացնելու ընդունակություններն են: