ԴԱՍՂԵԿԻ ԹԵՄԱՏԻԿ ԺԱՄԻ ՊԼԱՆ
համակարգչային տեխնիկայի կիրառմամբ
Դասի թեման` Բարեգործություն. Ալեք Մանուկյան
Դասի նպատակը`
ծանոթացնել բարեգործություն երևույթին, նրա ծագման և տարբեր ժամանակներում նրա դրսևորման տարբեր եղանակներին,
դաստիարակել կարեկցելու, օգնության ձեռք մեկնելու, իր ունեցածից կարիքավորներին բաժին հանելու բարի կամք և ցանկություն,
սերմանել բարության, մարդասիրության, գթասրտության զգացումներ՝ Ալեք Մանուկյանի կյանքի և գործունեության օրինակով:
Ակնկալվող արդյունքները՝
սովորողները կիմանան բարեգործության, դրա առաջացման, հայ իրականության մեջ նրա սկզբնավորման և դրսևորումների մասին:
կծանոթանան հայ նվիրյալ բարեգործներին, ինչպես նաև Ալեք Մանուկյանի կյանքին և գործունեությանը:
Դասի կագավորումը` համակարգիչ, երևակիչ և մեծ էկրան:
Դ Ա Ս Ի Ը Ն Թ Ա Ց Ք Ի Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
(ուղեկցվում է սլայդների ցուցադրմամբ)
Բարեգործության, դրա առաջացման, հայ իրականության մեջ նրա սկզբնավորման և դրսևորումների վերաբերյալ համառոտ տեղեկատվության ներկայացում (2-9-րդ սլայդներ):
Բարեգործությունը պետության, բարեգործական և այլ կազմակերպությունների (եկեղեցի, հիմնադրամներ, միություններ), ինչպես նաև անհատների անհատույց կամ զեղչով ցուցաբերվող օգնությունն է կարիքավոր մարդկանց ու հաստատություններին:
Հնագույն շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր եղանակներով և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն:
Մեկենասությունն սկզբում պոեզիայի ու արվեստների հովանավորությունն էր և կոչվել է հռոմեական Օգոստոս Օկտավիանոս կայսեր մերձավոր, առաջին հայտնի բարեգործ Գայ Մեկենասի (մ. թ. ա. 74 կամ 64–8 թթ.) անունով:
Գթասրտությունը կամ ողորմածությունը հիմնականում անօգնական կարիքավորներին (հիվանդ, վիրավոր, ծեր, հաշմանդամ) ցուցաբերվող կարեկցանքն է. այն առավել բնորոշ է եկեղեցուն:
Բարեգործության տեսակ է մարդասիրական և սոցիալական օգնությունը, երբ կարիքավորներին բաշխվում են մթերք, հագուստ, դեղորայք ու անհրաժեշտ այլ պարագաներ, իրականացվում երեխաներին, ծերերին, հաշմանդամներին և ռիսկային այլ խմբերի սատարող զանազան ծրագրեր:
Բարեգործությունն, այնուամենայնիվ, շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ, ինչպես Ավետարանն է սովորեցնում, կատարվում է աննկատ, առանց կեղծ հանդիսավորության:
Բարեգործությունը հայ իրականության մեջ նույնպես վաղ ավանդույթներ ունի: Դեռևս սկզբնավորման ակունքներից՝ IV–V դարերում, բարեգործական ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքելական եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը:
Տարբեր ժամանակներում բարեգործությամբ աչքի են ընկել առանձին հայ մեծահարուստներ, որոնց նյութական օժանդակությամբ բացվել են դպրոցներ, մատենադարաններ, աղքատանոցներ:
Նրանք մշտապես զբաղվել են իրենց բնակության երկրի հայ համայնքի տնտեսական, կրթամշակութային հարցերով, սատարել Արևմտյան Հայաստանից, Թուրքիայի տարբեր վայրերից գաղթած հայ տարագիրներին, միջոցներ տրամադրել հայերեն պարբերականների և գրքերի հրատարակման համար, հովանավորել հայ մատենագիրների թարգմանությունն ու հրատարակությունը տարբեր լեզուներով, երիտասարդների համար սահմանել կրթաթոշակ և այլն:
Հայ նվիրյալ բարեգործների վերաբերյալ համառոտ տեղեկատվության ներկայացում (10-15-րդ սլայդներ):
Ալեք Մանուկյանի կյանքի և գործունեության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում (17-45-րդ սլայդներ):
ԱԼԵՔ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ
(1901-1996 թթ.)
Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բազմամյա նախագահ,
հայ ազգային մեծագույն բարեգործ,
արդյունաբերող, գյուտարար,
ՀՀ ազգային հերոս:
Ամեն երկիր հզոր է արժանավոր զավակներով ու նրանց սնած, ուժ տված հողով:
Ալեք Մանուկյանը Իզմիրի շրջանի Քասապա գյուղաքաղաքից էր:
Նրա հայրը` Թագվոր Մանուկյանը, հայ համայնքի առաջնորդն էր` հարգված ու ձեռներեց մի մարդ:
Ալեք Մանուկյանի կյանքի առաջին տարիները համընկան հայ ժողովրդի ողբերգական էջին, երբ թուրքի յաթաղանից հալածված` բազմաթիվ հայեր լքեցին հայրենիքը ու ապաստան գտան օտար ափերում:
Երբ 1915 թ. սարսափելի եղեռնից հետո հայերի համար հայրենիքում մնալը վտանգավոր դարձավ, թերևս միայն Թագվորի հեղինակությունն ու հարգանքը կարողացան նրա ընտանիքը զերծ պահել թուրքերի ոտնձգությունից:
Սակայն երաշխիք չկար, որ մի օր նաև նրանք չէին դառնա դավադիրների զոհը: Ուստի 1920 թ. 19-ամյա Ալեքն ընդամենը մի քանի տասնյակ դոլար գրպանում, շատ շատերի հետ բռնում է պանդխտության ճանապարհը, դեպի ԱՄՆ:
Նոր երկրին, նոր միջավայրին ու նոր բարքերին Մանուկյանը նախանձելի արագությամբ է ընտելանում և շնորհիվ իր խելքի ու աշխատասիրության՝ 1929 թվականին հիմնում է ավտոմեքենաների մասեր արտադրող սեփական «Մասքո» ընկերությունը: Այն բարգավաճում է և շուտով շահույթ ապահովում գործարանատիրոջը:
Այսօր Մանուկյանի հիմնած ընկերությունն ընդգրկված է ԱՄՆ-ի ամենախոշոր ձեռնարկությունների ցուցակում:
1930-ականների սկզբերին Ալեք Մանուկյանը միանում է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը (ՀԲԸՄ):
1940թ. Մանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ-ի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ 1953թ.` ընկերության միջազգային նախագահ:
1989թ.-ից Ալեք Մանուկյանը ՀԲԸՄ-ի ցմահ պատվավոր նախագահն է:
1968թ. Ալեք Մանուկյանը և կինը` Մարի Մանուկյանը, հիմնում են ՀԲԸՄ-ի Մշակութային ֆոնդը, որի գործունեությունն ուղղված էր հայկական գրական և գիտական աշխատանքների թարգմանությանն և հրատարակմանը, ինչպես նաև հայկական մշակույթն ամբողջ աշխարհով տարածելուն:
«Ինձի համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր բան մը կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»:
ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մանուկյանը մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը և հայկական ծրագրերի իրականացմանը։
Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի պատվո անդամ՝ հիմնադրամին նվիրաբերել է ավելի քան 500 հզ. դոլար, որի մի մասն ուղղվել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությանը և ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի։
1994թ. Ալեք Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
Ալեք Մանուկյանն իր բարեգործական ավանդի համար արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման։ պարգևատրել է միջազգային մրցանակներով, Արգենտինայի նախագահի մեդալով, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն հայ բարերարին Սբ. Գրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրել:
Նրա անունով կոչվել են փողոցներ Երեւանում, Ստեփանակերտում, Մոնրեալում։ Ստեփանակերտում տեղադրված է նրա արձանը։
Հայ մեծ բարերարը մահացել է 1996թ. հուլիսի 11-ին Դեթրոյթում: Նրա մահից հետո ՀԲԸՄ նախագահությունն անցել է դստերը` Լուիզ Սիմոն Մանուկյանին:
Ալեք Մանուկյանի շիրիմը փոխադրվել է ՀՀ և ամփոփվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում:
Վերաանթեղվելով հայրենիքում` մեծագույն բարերարը ստանձնեց վերջին առաքելությունը` իր ներկայությամբ և օրինակով հայ ժողովրդի ունևոր զավակներին ապացուցեց, որ սեփական հարստությունը իմաստ և արժեք է ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ օգտագործվում է ուրիշներին երջանկացնելու և սատարելու համար: