Դասի պլանավորում
Դասի պլանավորման փուլերը
Ուսուցչի մասնագիտական որակներից մեկն էլ դասը ճիշտ պլանավորելն է, որը դասի արդյունավետության բարձրացման կարևոր գործոնն է:
Դասի ճիշտ պլանավորման համար անհրաժեշտ է դասի խնդիրների և նպատակների հստակ գիտակցում: Այն ենթադրում է պատասխանել հետևյալ հարցերին՝
Ի՞նչ սովորեցնել
Ինչո՞ւ սովորեցնել
Ինչպե՞ս սովորեցնել:
Ելնելով զարգացնող կրթության սկզբունքներից՝ ուսուցիչը դասը պետք է պլանավորի այնպես, որպեսզի օգնի աշակերտին ինքնուրույնաբար գիտելիքներ ձեռք բերել,
սովորել սովորեցնի,
ուսուցման ընթացքում գլխավոր ծանրաբեռնվածությունն ընկնի ոչ թե աշակերտի հիշողության, այլ մտածողության վրա,
ուսուցումը լինի ոչ թե վերարտադրողական, այլ ստեղծագործական գործունեություն,
Աշակերտները գիտելիքներ պետք է ստանան ոչ թե պատրաստի ձևով (ուսուցչի հաղորդումից, դասագրքից) այլ ինքնուրույնաբար, որոնողական, հետազոտական կամ համագործակցային աշխատանքի արդյունքում, ինչը աշակերտների մեջ հետաքրքրություն է առաջացնում, դրական վերաբերմունք ձևավորում ուսման նկատմամբ, նպաստում դժվարությունների հաղթահարմանը, խթանում ստեղծագործական մտածողության զարգացմանը:
Դասը պլանավորելիս ուսուցիչը պետք է նկատի ունենա և´ ներկա, և´ հեռանար խնդիրների լուծումը:
Ներկայացնենք ակտիվ ուսումնառության և մտածողության զարգացմանը նպաստող դասի պլանավորում մի ուշագրավ կառույց՝ ըստ «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով»:
Ծրագիրը ուսուցման գործընթացում կիրառում է դասի՝ 3 փուլից (խթանում, իմաստի ընկալում, կշռադատում) կազմված մի մոդել, որն անվանում են նաև ԽԻԿ համակարգ:
ԽԻԿ համակարգի առաջին փուլը խթանումն է: Այս փուլի նպատակն է աշակերտների հետաքրքրությունը խթանել, նպաստել, որ նրանք խորհեն նոր հաղորդվելիք թեմայի մասին, վեր հանել թեմային առնչվող նրանց նախնական գիտելիքները, հարցեր տալ և սահմանել սովորելու կոնկրետ նպատակները:
Դրան հաջորդում է իմաստի ընկալման փուլը, որի ընթացքում աշակերտները տեքստի, ուսուցչի հաղորդման կամ ուսումնական որևէ այլ միջոցով ծանոթանում են նոր նյութին, և այդ ընթացքում նրանցից ակնկալվում է, որ կարողանան նոր տեղեկությունները, գաղափարները կամ բովանդակությունը ներհյուսել իրենց սեփական՝ արդեն գոյություն ունեցող պատկերացումների մեջ:
Ավարտվում է կշռադատման փուլով, որի ընթացքում աշակերտներն իրենց ունեցած պատկերացումների համատեքստում խորհում են սովորածի մասին՝ վերակառուցելով իրենց գիտելիքները:
Ներկայացնենք մտածողությունը խթանող դասի պլանավորման կառուցվածքի մի օրինակ:
Մինչև դասը
Մինչև դասը ուսուցիչը պետք է փորձի պատասխանել իր դասի նպատակի, խնդիրների, նախադրյալների, գնահատման և ժամաքանակի մասին մի շարք հարցերի:
Հիմնավորում
Ի՞նչու է այս դասն արժեքավոր:
Ինչպե՞ս է այն առնչվում աշակերտների արդեն սովորածին, իմացածին և այն թեմային կամ գաղափարներին, որոնք հետագայում պետք է սովորեն:
Քննադատական մտածողության զարգացման ի՞նչ հնարավորություններ է ընձեռում այս դասը:
Խնդիրներ
Հատկապես ի՞նչ գիտելիքներ և պատկերացումներ պետք է հետազոտվեն կամ հաղորդվեն:
Աշակերտներն ինչպե՞ս կարող են կիրառեն այդ գիտելիքները և պատկերացումները:
Նախադրյալներ
Այս դասն արդյունավետ կերպով յուրացնելու համար աշակերտները նախապես ի՞նչ պետք է իմանան կամ արդեն կարողանան անել:
Գնահատում
Ռեսուրսներ և ժամաբաշխում
Ինչպե՞ս պետք է բաշխվեն ռեսուրսները և ժամանակը առաջադրանքների, վարժությունների և գործողությունների միջև:
Խմբավորում
Բուն դասը
Ահա մի շարք հարցեր, որոնք կարող են օգնել դասի բուն ընթացքը պլանավորելիս:
Խթանում
Ինչպե՞ս կարելի է օգնել, ուղղորդել աշակերտներին, որ նրանք կարողանան ձևակերպել սովորելու իրենց նպատակներն ու հարցերը և վեր հանել, բացահայտել իրենց նախնական գիտելիքները:
Իմաստի ընկալում
Ի՞նչպես են վերհսկելու նյութի սեփական ընկալումը:
Կշռադատում
Աշակերտներն ինչպե՞ս կարող են օգտագործել, կիրառել դասից սովորած նոր գաղափարները: Ինչպե՞ս պետք է նրանց ուղղորդել, որ խորհեն այս նոր գիտելիքների, տեղեկությունների, գաղափարների մասին, գտնեն հարցերի պատասխանները, փնտրեն անորոշ կետերի պարզաբանումները:
Ամփոփում
Դասից հետո
Իսկ դասից հետո սեփական աշխատանքը վերլուծելու համար կարևոր է պատասխանել էլի մի քանի հարցի:
Հավելյալ աշխատանք
Այս դասն ավարտելուց հետո ի՞նչ պետք է անեն աշակերտները:
Ինչպես տեսանք, բերված օրինակում դասի պլանավորման գործընթացը բաժանված է երեք մասի՝ մինչև դասը, բուն դասը և դասից հետո: Մանրմասնենք այդ մասերից յուրաքանչյուրը:
3