1. Դպրոցի դաստիարակչական համակարգի կատարելագործում
Դաստիարակությունը հանրակրթության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և հենց դպրոցին և ուսուցչին է բաժին ընկնում դաստիարակչական գործընթացի զգալի բաժինը: Դաստիարակչական համակարգի նպատակն է`
• օգնել երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին,
• բարեխիղճ և համարժեք կերպով արձագանքել շրջապատում տեղի ունեցող երևույթներին,
• նպատակաուղղել երեխայի արժեքային համակարգի ձևավորումը,
• զարգացնել սովորողների ճանաչողական ակտիվությունը,
• աշակերտի մոտ ձևավորել հարգալից վերաբերմունք լեզվի, մշակույթի և ազգային ավանդույթների նկատմամբ` դարձնելով նրան այդ արժեքների կայուն կրող,
• յուրաքանչյուր անհատի մոտ ստեղծել ինքնակատարելագործման ներքին պահանջ:
Վերոնշյալ խնդիրները նպատակ են հետապնդում դպրոցում ստեղծել հնարավորինս միասնական դաստիարակչական միջավայր: Դպրոցի դաստիարակչական միջավայրը ներառում է`
• դպրոցի անձնակազմը,
• դասարանական անձնակազմը
• աշակերտների ինքնավարությունը,
• դպրոցի ավանդույթները:
Մեր կարծիքով դպրոցում դաստիարակչական համակարգի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է`
• դաստիարակչական գործընթացներում առաջնորդվել միասնական սկզբունքներով և կանոններով, միասնական մանկավարժական պահանջներով,
• ծնողներին ակտիվորեն ընդգրկել դպրոցի դաստիարակչական գործընթացներում,
• ապահովել, որպեսզի դաստիարակչական աշխատանքները հիմնվեն հստակ նախագծված դասղեկական պլանների վրա,
• մշտապես մոնիթորինգի ենթարկել, վերլուծել դպրոցի դաստիարակչական միջավայրը և բացահայտելով առկա խնդիրները և բացթողումները` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ,
• ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ աշակերտների միջև, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների միջև բավարար համագործակցություն, ինչպես նաև միմյանց հետ հաղորդակցվելու համար դրական միջավայր ստեղծելու ուղղությամբ,
• յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ ցուցաբերել անհատական մանկավարժական աջակցություն, ինչպես նաև հատուկ մանկավարժական միջոցառումներ կազմակերպել դժվար դաստիարակվող երեխաների հետ,
• դասղեկական ժամերի և արտադասարանական միջոցառումների միջոցով իրականացնել բարոյական և հայրենասիրական դաստիարակության ծրագրեր,
• ընդլայնել ինչպես դասարանների, այնպես էլ առանձին աշակերտների ներդպրոցական և արտադպրոցական դաստիարակչական բնույթի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները,
• մշտապես կարևորել ինքնադաստիարակությունը. աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի աշակերտների մոտ ինքնուրույն վերափոխվելու ցանկություն արթնանա,
• դպրոցում ստեղծել Ծնողական համալսարան և դրանում ընդգրկել դասղեկների, հոգեբանների, մանկավարժական գիտության տարբեր մասնագետների: Անհրաժեշտ է նաև պարբերաբար վերլուծել այդ համալսարանում հավաքագրված դաստիարակչական բնույթի խնդիրները, որոնք առնչվում են ծնողների կողմից այս ուղղությամբ բավարար գիտելիքներ, կարողություններ և հմտություններ տրամադրելուն և նպատակ ունեն օգնել վերջիններիս,
• համագործակցել իրավապահ մարմինների հետ:
2. Հայրենասիրական դաստիարակություն
Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մշտապես գտնվել է ժամանակակից դպրոցի ուշադրության կենտրոնում, քանի որ մանկությունն ու պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն է անձի մոտ հայրենիքի նկատմամբ իր պատկերացումները ճիշտ ձևավորելու, սիրո զգացմունքն արմատավորելու և որպես հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու համար: Այս հարցն էլ ավելի սուր է ներկայանում մեր օրերում, քանզի այսօր ակներև է ավանդական հայրենասիրական գիտակցության մակարդակի նվազումը:
Հայրենիքը միայն հողն ու ջուրը չի, որ արժանի է և ենթակա պաշտպանության նրա զավակների կողմից: Հայրենիքը նաև մի մեծ տուն է, ընտանիք, որի հետ մարդը պետք է աշխատի և որին պետք է ծաղկեցնի, ղեկավարի և դարձնի բարեկեցիկ և արժանավայել ապրելու տեղ: Հայրենիքը պիտի լինի այն վայրը, որտեղ ապրելը յուրաքանչյուր անձի համար պատիվ լինի:
Զարգացման ծրագրի այս հատվածում արտացոլված միջոցառումները նպատակաուղղված են`
• սովորողների մոտ կատարելագործելու իրենց աշխատանքի, ազգի, նրա ավանդույթների և հաղթանակների նկատմամբ հարգանքը և հպարտության զգացմունքը,
• նպաստել հոգեպես հարուստ և սոցիալապես ակտիվ կեցվածքով հայ քաղաքացու ձևավորմանը,
• սովորողների կողմից կրճատել տարբեր օրինախախտումների և նրանց մոտ առկա վնասակար սովորույթների մակարդակը,
• պահպանել և տարածել ՀՀ պետական խորհրդանիշերի (զինանշան, դրոշ, օրհներգ) բովանդակությունն ու նշանակությունը` սկսելով այս գործընթացը տարրական դպրոցից. դպրոցի յուրաքանչյուր աշակերտ պետք է իմանա օրհներգը,
• բարձրացնելու աշակերտների` ազգային շահերի պաշտպանության ձևավորմանն նպատակաուղղված ռազմահայրենասիրական դաստիարակությունը` միաժամանակ սերմանելով հանդուրժողական և հարգալից վերաբերմունք այլ ազգերի նկատմամբ,
• նպաստել հայության ինքնության ամրապնդմանը նպաստող գործողությունների իրականացմանը,
• յուրաքանչյուր սովորողի մոտ արմատավորել սեփական ազգի պատմության ու պետության կայացման գործում իր մասնակցության կարևորությունն ու դրա իրական հնարավորությունը` Ինձնից է կախված իմ ազգի և պետության ապագան կարգախոսի արմատավորում,
• դպրոցում հայրենասիրական դաստիարակության համակարգի կայացմանը, դրա արդյունավետ գործունեությանն ու մշտական կատարելագործմանը:
Հայրենասիրական դաստիարակության բնագավառում թվարկված ուղենիշային նպատակներին հասնելու համար մեր կարծիքով անհրաժեշտ է`
• դպրոցի վարչական և ուսուցչական անձնակազմին ակտիվորեն ընդգրկել սովորողների հայրենասիրական դաստիարակության ծավալման և կատարելագործման գործընթացներում,
• պարբերաբար մոնիթորինգի ենթարկել, վերլուծել և գնահատել ծրագրավորված հայրենասիրական միջոցառումների կատարման արդյունավետությունը,
• դպրոցական բոլոր հիմնական միջոցառումներն իրականացնելիս ապահովել հայկական խորհրդանիշների և հայրենասիրական գաղափարների գործածումը,
• ամփոփել և տարածել հայրենասիրական դաստիարակության ասպարեզում լավագույն մասնագետների առաջավոր մանկավարժական փորձը,
• ուսուցիչների և դպրոցի ղեկավարության կողմից մշտապես և հետևողական կերպով միջոցառումներ ձեռնարկել աշակերտական միջավայրում լայն տարածում ստացած անտարբերության, էգոիզմի, ցինիզմի և չարության դեմ,
• հայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդնել աշխատանքի նոր ձևեր և մեթոդներ, ինչպիսիք են զանգվածային լրատվության միջոցները և ժամանակակից տեխնոլոգիաները` ֆիլմեր, դիսկեր, ինտերնետային կայքեր և այլն,
• դպրոցի աշակերտական խորհրդին ընդգրկել ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներում,
• հաճախակի անցկացնել ռազմական հայրենասիրական բնույթի մրցույթներ, հանդիպումներ, զրույցներ և այլ միջոցառումներ, ինչպիսիք են`
• «Հայոց պատմություն», «Հայ ազգ», «Հայոց լեզու», «Հայ ընտանիք» թեմաներով հանդիպումները, զրույցները, սեմինարները և այլ միջոցառումները,
• հայտնի մարդկանց, զինվորների, հայ ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների հետ հանդիպումները,
• դպրոցի հարևանությամբ գտնվող զինվորական հոսպիտալի հետ համագործակցության ձևավորումը և ըստ այդմ` միջոցառումների կազմակերպումը:
• անընդհատ հարստացնել և համալրել հայրենասիրական դաստիարակության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ մանկավարժական տեղեկատվական բանկը:
3. Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավումը
Դաստիարակությունը հաջողությամբ է պսակվում, եթե ընտանիքի հետ տարվող աշխատանքը և երեխայի դաստիարակությունը կատարվում են միաժամանակ: Այսօրվա պայմաններում առանց ընտանիքի հետ ձևավորված համագործակցության առկայության հնարավոր չէ արդյունավետ կերպով կազմակերպել սովորողների հետ աշխատանքը:
Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավումը նպատակ ունի`
• էլ ավելի արդյունավետ դարձնել ընտանիք-դպրոց փոխազդեցության համակարգը`
• բարձրացնելով փոխադարձ վստահության մակարդակը,
• բարձրացնել աշակերտների ուսուցման արդյունքների համար ծնողների պատասխանատվությունը,
• ծնողներին ավելի ակտիվորեն ներգրավել դպրոցի գործունեության մեջ,
• նպաստել ծնողների և ուսուցիչների խմբային աշխատանքի արդյունավետությանը:
Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավման համար անհրաժեշտ է`
• դպրոցի և ծնողների համագործակցության բովանդակության մեջ ներառել երեք հիմնական ուղղություններ`
• ծնողների հոգեբանամանկավարժական տեղեկացվածության բարձրացում,
• ուսումնադաստիարակչական գործընթացներին ծնողների մասնակցության ընդլայնում,
• դպրոցի կառավարման գործընթացներում ծնողների մասնակցության մեծացում:
• հանձնարարել դասղեկներին, որպեսզի վերջիններս անվերապահորեն ծանոթ լինեն աշակերտների ընտանիքների հետ, որտեղ փաստացի բացակայում է ընտանեկան դաստիարակությունը և տեղեկացված լինեն այն սովորողների մասին, որոնց ծնողները միայնակ են, հաշմանդամ կամ գործազուրկ, զոհվել են կամ որոնց ընտանիքները նյութապես անապահով են և ունեն կյանքի անբավարար պայմաններ,
• կատարելագործել ծնողների հետ աշխատանքի ավանդական դարձած մեխանիզմները և պարբերաբար `
• կազմակերպել ծնողական ժողովներ և անհատական զրույցներ,
• ապահովել առարկայական ուսուցիչների և հոգեբանների կամ այլ համապատասխան մասնագետների կողմից խորհրդատվության տրամադրումը,
• ապահովել դասարանական և ծնողական խորհուրդների ակտիվ գործունեությունը:
• ծնողների և երեխաների համատեղ մասնակցությամբ պարբերաբար անցկացնել միջոցառումներ,
• ոգևորել և խրախուսել դպրոցի կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ծնողների անհատական նախաձեռնությունները, գիտագործնական խորհրդատվությունը, համատեղ ստեղծագործական գործունեությունը,
• ըստ անհրաժեշտության` Ծնողական համալսարանում ծնողների համար անցկացնել անհատական և խմբային խորհրդատվություններ,
• դպրոցի ծնողական խորհրդում ներգրավել դպրոցի ամենաակտիվ և փորձառու ծնողներին,
• ամրապնդել ծնողական խորհրդի կապը աշակերտական, մանկավարժական և կառավարման խորհուրդների հետ:
4. Աշխատանք մանկավարժական համակազմի հետ
Մեծ է ուսուցչի դերը դպրոցում և այն էլ ավելի նշանակալի դարձնելու համար դպրոցում անհրաժեշտ է ձևավորել գիտակցության, մթնոլորտի և հարաբերությունների այնպիսի մակարդակ, որը թույլ կտա ոչ միայն ներգրավել, այլև պահպանել լավագույն մանկավարժներին` մշտապես ձեռնարկելով հնարավորը վերջիններիս կատարած դրական աշխատանքը խրախուսելու և կատարելագործելու ուղղությամբ:
Մանկավարժական համակազմի հետ աշխատանքի նպատակն է`
• յուրաքանչյուր ուսուցչի համար դպրոցում ստեղծել հարմարավետ միջավայր,
• տարածել առաջավոր մանկավարժական փորձը,
• բարելավել մանկավարժական անձնակազմի որակը,
• խրախուսել մանկավարժներին` հետազոտական աշխատանքներ կատարելու և սեփական գիտակրթական նյութերը ներկայացնելու համար` ապահովելով նրանց մանկավարժական աճը, իսկ առավել արժանիներին ներկայացնելով տարակարգի ստացման,
• տաղանդավոր երեխաների հետ աշխատանքներում ապահովել մանկավարժների ակտիվ մասնակցությունը:
Մանկավարժական համակազմի հետ աշխատանքի կատարելագործման նպատակով մեր կարծիքով անհրաժեշտ է`
• մանկավարժների համար դպրոցում ստեղծել տեղեկատվության մի համակարգ, որի միջոցով վերջիններս հնարավորություն կունենան մշտապես համալրելու իրենց գիտելիքները առնվազն հետևյալ ուղղություններով`
• դպրոցի և կրթության նկատմամբ նոր պահանջներ,
• ժամանակակից մանկավարժական նվաճումներ,
• առաջավոր մանկավարժական փորձ,
• հոգեբանություն և մանկավարժություն:
• փոխադարձ դասալսումների կազմակերպման միջոցով ուսուցիչների միջև պարբերաբար կազմակերպել փորձի փոխանակում` նպաստելով նրանց միջև համագործակցությանը,
• արդյունավետ կազմակերպել և առավելագույնս օգտագործել կազմակերպված վերապատրաստումների և ատեստավորումների արդյունքները: Այս ուղղությամբ անհրաժեշտ է առհասարակ դպրոցում պարտադիր պայման և ավանդույթ դարձնել ցանկացած ուսուցչի կամ դպրոցի ղեկավարի կողմից վերապատրաստումների, դասընթացների, սեմինարների, հանդիպումների, կոնֆերանսների, ժողովների մասնակցության արդյունքում և/կամ ցանկացած այլ միջոցներով ստացված տեղեկատվության էական կամ ընդհանուր բաղադրիչների և սկզբունքների փոխանցումն ամբողջ մանկավարժական անձնակազմին` դպրոցում կազմակերպվող սեմինար քննարկումների միջոցով,
• ուսուցիչների հետ աշխատանքում առավել շեշտադրել և ընդգծել վերջիններիս կողմից կիրառվող դասավանդման նոր ձևերն ու մեթոդները,
• մշակել դպրոցում առկա խնդիրների` ուսուցիչների հետ համատեղ լուծմանն ուղղված մեխանիզմներ՝ նպատակ ունենալով ուսուցիչների մոտ ստեղծել բավարար վստահություն և անձնակազմի լիարժեք անդամ զգալու հնարավորություն,
• հաճախակի կազմակերպվող քննարկումների միջոցով ուսուցիչների մոտ ձևավորել սեփական գործողությունները ինքնավերլուծելու և ինքնագնահատելու մշակույթ,
• աջակցել ուսուցիչներին իրենց ինքնակրթության գործում,
• ուսուցիչների կողմից համակարգչային գիտելիքներ ձեռքբերելու և/կամ կատարելագործելու նպատակով կազմակերպել ներդպրոցական և արտադպրոցական ուսումնական ծրագրեր,
• կատարելագործել դպրոցի կադրային քաղաքականությունը (ինչի մասին անդրադարձել ենք նախորդ բաժիններում),
• անընդհատ մոնիթորինգի ենթարկել դպրոցի տնօրենի տեղակալների կողմից դպրոցի մանկավարժների հետ տարվող անհատական աշխատանքների որակն ու սահմանված սկզբունքներին համապատասխանությունը,
• մշտապես մոնիթորինգի ենթարկել, վերլուծել և գնահատել մանկավարժների գործունեությունը հետևյալ ասպարեզներում`
• ուսուցչի գիտելիքների և մանկավարժական արհեստավարժության պահպանում և կատարելագործում,
• դպրոցական ընդհանուր ավանդույթների, մշակույթի և բարենպաստ մթնոլորտի ձևավորում և պահպանում,
• աշակերտների գիտելիքների, հմտությունների և կարողությունների կատարելագործում,
• կրթվելու և ինքնակրթվելու ցանկության առկայություն:
• ամրապնդել ուսանող-դպրոց կապը (ինչի մասին անդրադարձել ենք նախորդ բաժիններում):
5. Աշակերտական ինքնավարության բարելավումը
Աշակերտական ինքնավարությունը 2011 թվականի մայիսի 17-ի ՀՀ կրության և գիտության նախարարի թիվ 571-Ն հրամանով հաստատված աշակերտական խորհրդի կանոնների համաձայն ենթադրում է`
• յուրաքանչյուր աշակերտի կողմից իր ուրույն տեղի ու դերի որոշում` հիմնվելով իր ընդունակությունների և հնարավորությունների վրա,
• սովորողների ընդգրկում դպրոցի կառավարման գործընթացներում,
• աշխատունակ կոլեկտիվի ստեղծում,
• աշակերտների միջև ընկերական փոխհարաբերությունների ձևավորում,
• յուրաքանչյուր աշակերտի կողմից սեփական կյանքի և գործունեության հնարավորինս ճիշտ կազմակերպում,
• ինքնավարության համակարգի՝ որպես դպրոցի դաստիարակչական միջավայրի ստեղծում,
• աշակերտին հասարակական հարաբերություններում ընդգրկելու համար խմբային և անհատական գործունեության կազմակերպում,
• միջտարիքային շփման և սոցիալական հարմարվողականության հիմք հանդիսացող մանկական կազմակերպության զարգացում և ամրապնդում,
• երեխաների իրավունքների և հետաքրքրությունների պաշտպանության համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում:
Աշակերտական ինքնավարության իմաստը կայանում է ոչ թե երեխայի կամ մի խումբ երեխաների կողմից մյուսների հանդեպ իշխանության չարաշահման մեջ, այլ երեխաների կողմից սեփական անձը, կյանքը, գործունեությունը, հարաբերությունները հասարակության մեջ կառավարելու ընդունակությունների ձեռքբերման մեջ:
Դպրոցում աշակերտական ինքնավարության համակարգի զարգացման համար անհրաժեշտ է`
• ստեղծել մանկավարժական, աշակերտական և ծնողական ինքնավարության օղակներ,
• դպրոցում մշտապես վերահսկել աշակերտական ինքնավարության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները,
• դպրոցի ինքնավարության օղակների միջև կատարել լիազորությունների հստակ բաշխում և ապահովել վերջիններիս միջև սերտ համագործակցությունը,
• այս ուղղությամբ ևս ապահովել սկզբունքների հրապարակայնություն և թափանցիկություն,
• ստեղծել բավարար պայմաններ և հնարավորություն ընձեռել դպրոցի աշակերտների կողմից առողջ քննադատություն հնչեցնելու և կարծիքների ազատ փոխանակում իրականացնելու համար,
• աշակերտներին ակտիվորեն ներգրավել`
• դպրոցում կարգուկանոնի պահպանման գործընթացում,
• դպրոցական և ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպմանը,
• առարկայական շաբաթների կազմակերպմանը:
• դպրոցում պարբերաբար կազմակերպել`
• արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներ (տոնական միջոցառումներ, ցերեկույթներ, համերգներ, էքսկուրսիաներ և այլն),
• դպրոցական հերթապահություններ,
• ճանաչված անձանց հետ հանդիպումներ,
• դպրոցում մշտապես օգնություն, խնամք և աջակցություն տրամադրել կրտսեր ընկերներին,
• այս ուղղությամբ պարբերաբար ծավալել դպրոցական լրատվական միջոցառումներ,
• դպրոցի աշակերտական խորհուրդը դարձնել պատանի առաջնորդների հավաքակազմ:
Առաջարկվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ դպրոցում`
• կհամախմբվի աշակերտական համակազմը,
• կձևավորվեն և կպահպանվեն նոր ավանդույթներ,
• աշակերտները ձեռք կբերեն կյանքի հմտություններ,
• կբարձրանա միջոցառումներին մասնակցելու աշակերտների ցանկությունն ու պատրաստակամությունը,
• անհատի ինքնաբացահայտման և ինքնակայացման համար կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ,
• վերջնահաշվում` աշակերտի կյանքում կբարձրանա դպրոցի դերը:
6. Աշխատանք բացառիկ ընդունակություններով օժտված երեխաների հետ
Դպրոցը ուսումնադաստիարակչական մի օջախ է, որի գործունեությունն ուղղված է տարբեր ընդունակությունների տեր երեխաների հետ աշխատանքների իրագործմանը: Համապատասխանաբար ընդհանուր սկզբունքների և նպատակների ներքո դպրոցում պետք է ձևավորվեն նաև առանձնահատուկ մոտեցումներ տարբեր ընդունակությունների տեր երեխաների խմբերի համար: Այստեղ հարկ է առանձնացնել բացառիկ ընդունակություններով օժտված երեխաներին` հիմքում ունենալով վերջիններիս ստեղծագործական պոտենցիալը բարձրացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Հենց այս խմբում ընդգրկված երեխաներն են էապես բարձրացնում դպրոցի հեղինակությունը հանրակրթության ոլորտում:
Բացառիկ ընդունակություններով երեխաների խմբին կարելի է դասել այն երեխաներին, որոնք`
• իրենց հասակակիցների համեմատությամբ օժտված են ավելի բարձր մտավոր կարողություններով, ընկալունակությամբ, ստեղծագործական հնարավորություններով,
• հաճույքով են մտավոր աշխատանք կատարում,
Բացառիկ ընդունակություններով օժտված երեխաներին կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբերի`
• հավասար պայմաններում իրենց մտավոր զարգացման բարձր մակարդակով առանձնացող երեխաներ,
• գիտության որևէ բնագավառին նախապատվություն տվող տաղանդավոր երեխաներ,
• երեխաներ, որոնք թեև տարբեր պատճառներով ուսման մեջ էական հաջողությունների չեն հասեել, սակայն օժտված են վառ ճանաչողական ակտիվությամբ:
Դպրոցում անհրաժեշտ է մշտապես ապահովել`
I. բացառիկ ընդունակություններով օժտված երեխաների բացահայտման գործընթացը,
II. համապատասխան նախապայմաններ այդ երեխաների հետագա զարգացման համար:
Բացառիկ ընդունակություններով օժտված երեխաների հետագա զարգացման համար բավարար նախապայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է`
• ընտրել այնպիսի մեթոդներ և ուսման ձևեր, որոնք կնպաստեն երեխայի` համադրելու, համեմատելու, վերլուծելու, դասակարգելու և եզրակացնելու ունակությունների ձևավորմանն ու զարգացմանը,
• հնարավորինս քիչ ժամանակ տրամադրել տեղեկատվությանը և, ընդհակառակը, ժամանակի մեծ մասն ուղղել քննարկումներին՝ օգտագործելով «բաց հարցեր», որոնք չեն ենթադրում «այո» կամ «ոչ» պատասխաններ,
• մշտապես կատարելագործել ղեկավար-ենթակա արդյունավետ համագործակցությունը,
• ցուցաբերել հարգանք երեխայի անհատական հնարավորությունների և հետաքրքրությունների նկատմամբ,
• ընտրել ուսուցման այնպիսի ձևեր և մեթոդներ, որոնք կապակցված կլինեն ավանդական մեթոդների հետ և միևնույն ժամանակ կպարունակեն առանձնահատուկ տարրեր: Օրինակ` կարելի է կիրառել «մտագրոհ», դերային վարժություններ, թրեյնինգներ, խմբային աշխատանքներ, ստեղծագործական հանձնարարություններ,
• միասնական ուսուցմամբ նպաստել հասարակության մեջ երեխաների հետագա սոցիալական հարմարվողականությանը,
• մշտապես մոնիթորինգի ենթարկել և հսկողության տակ պահել դպրոցի վարած դաստիարակչական քաղաքականությունը:
Բացառիկ ընդունակություններով օժտված երեխաների հետագա զարգացման, մասնագիտական ճիշտ կողմնորոշման գործընթացում անհրաժեշտ է համագործակցել ավագ դպրոցների հետ, ինչի արդյունքում հնարավորինս հստակ կուրվագծվի երեխայի ապագան:
7. Աշակերտների առողջության պահպանում
Աշակերտների առողջության պահպանման նպատակով մեր կողմից առաջ քաշված խնդիրները նպատակ ունեն`
• դպրոցում ապահովել սանիտարահիգենիկ անհրաժեշտ պայմաններ (հակահրդեհային, անվտանգ սննդի, լուսային, ջերմային),
• սովորողների մոտ ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ,
• պայքարել ծխելու վտանգավոր սովորույթի դեմ:
Աշակերտների առողջության պատշաճ պահպանումն ապահովելու ուղղությամբ նախատեսվում է`
• հնարավորինս բացառել անորակ սննդի մուտքը դպրոց,
• կրթության և դաստիարակության գործընթացում համագործակցել դպրոցի բժշկի, հոգեբանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ,
• հանձնարարել դաստիարակչական գծով տնօրենի տեղակալներին և դասղեկներին, որպեսզի աշակերտների ֆիզիկական և առողջական վիճակի ուսումնասիրության նպատակով սերտորեն համագործակցեն դպրոցի բժշկի հետ,
• մանկական հիվանդությունների կանխարգելման նպատակով համագործակցել արտադպրոցական բժշկական հաստատությունների հետ,
• ՆԶՊ ուսուցչի, կազմակերպիչների և դասղեկների հետ հաճախակի կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ` ուղղված դժբախտ պատահարներից պաշտպանվելու երեխաների կարողությունների ստեղծմանը,
• առարկայական ուսուցիչների և դասղեկների հետ պարբերաբար անցկացնել քննարկումներ դասարանական և տնային աշխատանքներին հատկացված ժամաքանակի վերաբերյալ,
• միջոցառումների, զեկույցների, քննարկումների միջոցով պարբերաբար անդրադառնալ դարին բնորոշ խնդրահարույց հիվանդություններին (ՁԻԱՀ, ալկոհոլիզմ, թմրամոլություն, սեռավարակներ) և դրանց վտանգավորությանը,
• մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մարմնակրթության և ֆիզիկական դաստիարակության խնդիրները,
• հարստացնել դպրոցի սպորտային բազան: