Խոսողն իր անվան տեղ դնում է ես, որ կոչվում է առաջին դեմքի դերանուն, որի հոգնակին է մենք։ Խոսակիցը երկրորդ դեմքն է, որի անվան տեղ գրվում է դու, հոգնակին՝ դուք։ Իսկ այն անձը, որը ո´չ խոսողն է և ոչ իր խոսակիցը կոչվում է երրորդ դեմք, որի անվան տեղ դրվում է նա, հոգնակին՝ նրանք։
Հետևյալ բառերը դերանուններ են՝ եզակի՝ սա, դա, նա, ինքը, այս, այդ, այն, հոգնակի՝ սրանք, դրանք, նրանք, իրենք։ Դերանունները բաժանվում են հետևյալ տեսակների՝
Անձնական դերանուններ. - Այն դերանունները որոնք դրվում են անձնավորությունների անվան փոխարեն կոչվում են անձնական դերանուններ։ Այդ դերանուններն են՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք։
Ցուցական դերանուններ. - Այն դերանունները որ գործ ենք ածում որևէ անուն կամ առարկայ ցոյց տալու համար կոչվում են ցուցական դերանուններ։ Այդ դերանուններն են՝ սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք։
Փոխադարձ դերանուններ.- փոխադարձ կոչվում են այն դերանունները, որոնք դրվում են խոսքի մեջ եղած երկու կամ ավելի անունների տեղ և խոսքի իմաստն այնպես են արտահայտում, որ թե մեկ և թե մյուս առարկայի համար է հասկացվում, օրինակ՝ կաղն ու կույրը իրար օգնեցին խոսքը հասկացվում է՝ թե կաղը կույրին օգնեց և թե կույրը կաղին օգնեց։ Փոխադարձ դերանուններն են՝ միմյանց, իրար, մեկմեկու (մեկմեկի)։
Հարցական դերանուններ. – Հարցական են կոչվում այն դերանունները, որոնք գործ են ածվում ոչ թե մի ծանոթ անուն չկրկնելու համար, այլ խոսողի համար մի անծանոթ անուն հարցնելու համար, որ որոշվում է պատասխանի մեջ. օրինակ՝ ո՞վ պատասխանեց դասը։ - Հասմիկը պատասխանեց։ Ի՞նչ գնեցիր։ Ժամացույց գնեցի։ Հարցական դերանուններն են՝ ո՞վ, ի՞նչ, ո՞ր, ե՞րբ, քանի՞։
Հարցական դերանուններն ունենում են հարցական նշան (՞)։
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերելը մյուսին։ Հարաբերական դերանուններն՝ ով, ինչ, ինչպիսի, ինչքան, ինչչափ, ինչպես, որը, որքան, որչափ, որպիսի, որերորդ, որտեղ, երբ, ուր, քանի, քանիսը, քանիերորդ։
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ-որ հարցականները, այն է՝ ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում