СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դեռահասների մասնագիտական կողմնորոշումը

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դեռահասների մասնագիտական կողմնորոշումը»


Դեռահասների մասնագիտական կողմնորոշումը

Առաջարկվող նութը նպատակահարմար է մատուցել ավագ դպրոցի սովորողներին: Այն կարելի է քննարկել դասղեկի ժամին:

Դասղեկների ցանկությամբ և նպատակահարմարությունից ելնելով` կարելի է քննարկում անցկացնել նաև հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների սովորողների հետ:

Նյութը մշակված է այնպես, կարծես, մի կողմից երկխոսություն լինի դասղեկի և սովորողի միջև, մյուս կողմից այն պարունակում է սովորողի կողմից առաջադրանքների կատարման հրահանգներ:


Բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշումը համարվում է կարևոր և անհրաժեշտ միջոցառում: Ի՞նչ է դա, հնարավո՞ր է դրան գնալ ինքնուրույն, ի՞նչ փուլերից է կազմված այդ գործընթացը, ինչի՞ վրա է անհրաժեշտ դեռահասների ուշադրությունը հրավիրել մասնագիտության ընտրության ժամանակ:

Գոյություն ունեն և մշակված են տարբեր մեթոդներ, որոնք օգնում են սովորողին մասնագիտության ընտրության հարցում: Բայց անգամ հարյուր թեստ անցնելուց հետո էլ հնարավոր է ընտրությունը այդպես էլ չկատարվի, քանի որ դա անհատի ներքին մղումն է, ներքին զգացողությունն ու ցանկությունը: Դպրոցականները երբեմն մասնագիտական կողմնորոշման մասին ոչ այնքան ճիշտ պատկերացում են ունենում. նրանց թվում է, թե ինչ-որ մի հրաշագործ հոգեբան մի քանի հարց կտա, հետո ամեն ինչ կպատմի իրենց հետագա անելիքների մասին: Դա, իհարկե, այդպես չէ: Հոգեբանական և մասնագիտական կողմնորոշման թեստերը գործիքներ են, որոնք օգնում են հասկանալ ինքներդ ձեզ: Սակայն, առանց մարդու ցանկության և ներքին աշխատանքի, ցանկացած թեստի անցկացումը աննպատակ ժամանակի վատնում է:

Եվ այսպես, հասկանանք մասնագիտական կողմնորոշման սխեման փուլ առ փուլ:

Առաջին փուլ. . նկարագրեք ձեր ցանկությունները, հակումները ապագա մասնագիտության վերաբերյալ (և առհասարակ կյանքի, չէ՞ որ մասնագիտությունը մեծապես որոշում է ձեր կյանքի ողջ ճանապարհը), ի՞նչ մասնագիտություններ եք գերադասում:

Սկզբում մտաբերեք այն մասնագիտությունները, որոնք ձեզ դուր են եկել մանկուց և որոնք հրապուրում են ձեզ ներկայումս: Առանց հաշվի առնելու մասնագիտության վարկանիշը և ձեր համար դրանց հասանելիությունը՝ աշխատեք հնարավորինս արագ ուրվագծել դրանք:

Փորձեք հասկանալ, թե ինչ ընդհանրություններ ունեն այդ մասնագիտությունները. միգուցե դրանք բոլորը ստեղծագործակա՞ն մասնագիտություններ են; միգուցե դրանք տալիս են ազատության որոշակի աստիճա՞ն; գուցե այդ բոլորն ուղղված են մարդկանց օգնելու՞ն: Կառչեք յուրաքանչյուր նմանությունից. այդպես դուք կարող եք հասկանալ, թե ինչն է կարևոր ձեր համար տվյալ մասնագիտության մեջ: Այդ կարևորությունը կարող եք գտնել նաև մյուս մասնագիտությունների մեջ (եթե հանկարծ առաջինը գլխում ծագած մասնագիտությունները փոքր-ինչ անհասանելի թվան ձեզ):

Աշխատանքի ո՞ր առարկաների հետ շփումն է ձեզ առավել հետաքրքրում և բավարարվածություն պատճառում` մարդկա՞նց, թե՞ փաստաթղթերի, կենդանիների՞, թե՞ տեխնիկայի հետ աշխատանքը.միգուցե ցանկացած տեսակի ինֆորմացիայի հետ կապված աշխատա՞նքը, կամ էլ գեղարվեստական գործունեությու՞նը (պար, դերասանական արվեստ, գեղանկարչություն և այլն): Նույնիսկ,եթե դուք ձեր կյանքում ոչ մի օր չեք աշխատել բառիս բուն իմաստով, ապա ամենօրյա կյանքի փորձը, դասերը, այս կամ այն նախասիրությունը ձեզ կհուշեն պատասխանը: Միայն թե չշփոթեք. եթե դուք սիրում եք ժամերով նստել համակարգչի դեմ, լինել համացանցում, դա չի նշանակում, թե դուք հակված եք տեխնիկայի հետ աշխատանքին, համակարգիչը ձեր համար տվյալ պահին մարդկանց հետ շփվելու միջոց է:

Կազմեք աշխատանքի պայմանների վերաբերյալ ձեր պահանջները. փողոցու՞մ կցանկանայիք աշխատել, թե՞ գրասենյակում, նստակյա՞ց աշխատանքով զբաղվել, թե՞ մշտապես տեղաշարժվել, ի՞նչ կասեք գործուղումների մասին, ցանկանում եք շփվել գործընկերների հետ նեղ միջավայրու՞մ, թե՞ նախընտրում եք անհատական ռեժիմը, ձեր համար կարևոր է ճշգրի՞տ կազմված օրվա գրաֆիկը, թե՞ ճկուն, շարժուն գրաֆիկը, որը դուք կարող եք ինքնուրույն կարգավորել:

Երկրորդ փուլ- Վերլուծեք ձեր հնարավորությունները և ունակությունները՝ :

Վերհիշեք այն առարկաները, որոնք դպրոցում լավ եք յուրացնում: Ի՞նչ տիպի խնդիրներ եք հեշտությամբ լուծում, ո՞ր առարկաներից են առավել բարձր ձեր ունակությունները՝ ճշգրի՞տ, թե՞ հումանիտար, ի՞նչ հարցերի եք նախապատվությունը տալիս՝ գործողության ճշգրի՞տ քայլերին, թե՞ ստեղծագործական:

Գնահատեք ձեր մտավոր ունակությունները, հաղորդակցման (կարողանալ արդյունավետ շփվել, համոզել մյուսներին, հարթել կոնֆլիկտները, հարաբերվել անծանոթ մարկանց հետ) և կազմակերպչական կարողությունները: Հիմնվեք ձեր սեփական փորձի (կարծիքի) վրա, ինչպես նաև հարցրեք մտերիմներին, ընկերներին, թե ինչ կարծիք ունեն ձեր մասին վերոնշյալ կարողությունների հետ կապված:

Բնութագրեք ձեր անձնական որակները. ինչպիսի՞ն եք դուք՝ պատասխանատու՞ եք, թե՞ ոչ այնքան, կոկի՞կ եք, թե՞ թափթփված, անհատապա՞շտ եք /ինդիվիդուալիստ/, թե՞ կոլեկտիվիստ… Կարող եք գրառել ձեզ բնորոշ տասը հիմնական որակ:

Գնահատեք ձեր ֆիզիկական և ֆիզիոլոգիական հնարավորությունները, առողջական առումով սահմանափակումները: Որոշ մասնագիտությունների ընտրության դեպքում դա կարող է կարևոր լինել:

Երրորդ փուլ: Ուսումնասիրեք տարբեր մասնագիտություններ:

Նրանցից յուրաքանչյուրը մարդուց պահանջում է որոշակի ունակություններ, կարողություններ, անձնական որակներ: Այդ ամենը կոչվում են մասնագիտական կարևոր որակներ: Շատ կարևոր է հասկանալ՝ առկա են արդյոք այդ որակները ձեր մոտ:

Մասնագիտությունը հնարավորություն է տալիս իրացնելու այս կամ այն արժեքները, տրամադրում է աշխատանքի այս կամ այն պայմանները: Նույնիսկ, եթե ձեզ թվում է, թե դուք ամեն ինչ գիտեք ցանկալի մասնագիտության մասին, գտեք տվյալ մասնագիտության ամբողջական նկարագիրը և ծանոթացեք: Այս կամ այն մասնագիտության նկարագիրը կարելի է գտնել նաև համացանցում՝ որոնելով համապատասխան հարցադրումով (օրինակ, https://www.anau.am/hy/study-prosecc/prof, www.brusov.am/education-systems/masters-department, lib.armedu.am/category/81, https://www.dasaran.am/apps/admissioncollege/professions): Բացի մասնագիտական կարևոր որակներից, մասնագիտության նկարագիրը ընդգրկում է նաև տվյալ մասնագետի կողմից իրականացվող գործունեության տեսակներ, կրթությանը ներկայացվող պահանջներ, տեղեկատվություն հարակից մասնագիտությունների մասին և այլն: Ունենալով տվյալ մասնագիտության մասին անհրաժեշտ տեղեկատվություն՝ համեմատեք այդ մասնագիտության պահանջները, առանձնահատկությունները ձեր անձնային որակների և հնարավորությունների հետ:

Հարց է առաջանում՝ իսկ ին՞չ մասնագիտություններ ուսումնասիրել: Նախ աչքի անցկացրեք այն մասնագիտությունների նկարագրերը, որոնք հրապուրում են ձեզ: Բայց և կարևոր է կանգ չառնել միայն դրանց վրա, այլ ծանոթանալ մեծ թվով մասնագիտությունների հետ, որոնք հարակից են ձեր նախընտրած մասնագիտություններին. Բա΄ց եղեք նորի հանդեպ, մի΄ խուսափեք այն տարբերակներից, որոնք առաջին հայացքից կարող են միանգամայն անհարմար թվալ: Հաճախ է պատահում, որ դպրոցականը կենտրոնանում է մեկ մասնագիտության վրա՝ չնայելով անգամ այլ տարբերակներ և, առավել ևս, չնկատելով գոյություն ունեցող հետաքրքիր մասնագիտությունների բազմազանությունը:

Ենթադրենք բարձր դասարանի սովորողը որոշել է դառնալ հոգեբան, որովհետև իրեն դուր է գալիս վերլուծել մարդկանց վարքագիծը: Ինչու՞ այդ դեպքում ի նկատի չունենալ նաև շուկայաբանի մասնագիտությունը, չէ՞ որ այդ մասնագիտությունը ևս ուսումնասիրում է մարդկանց վարքագիծը, միայն թե՝ այլ ոլորտում: Շուկայաբանից պահանջվում է առավել մաթեմատիկական գիտելիքներ, իսկ մնացած բոլոր հարցերում բավական նման են: Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ նույն դպրոցականը ունի մաթեմատիկական ունակություններ: Ընտրելով հոգեբանի մասնագիտությունը՝ նա չի կարող դրանք իրացնել, իսկ ահա ընտրելով շուկայաբանի մասնագիտությունը՝ այն ամբողջովին իրացնում է: Դրա համար շատ կարևոր է ընտրության փուլում խուսափել քննարկվող մասնագիտությունների նեղ շրջանակից:

Իրականում պետք է քննարկել բոլոր մասնագիտությունների՝ հատկապես անծանոթ մասնագիտությունների նկարագիրը. գուցե նրանց մեջ գտնեք այն մասնագիտությունը, որը ստեղծված է հենց ձե՞ր համար:

Գոյություն ունի մասնագիտությունների հետ ծանոթացման այլ տարբերակ ևս: Եթե դուք ունեք նման հնարավորություն, ծանոթացեք աշխատող մասնագետների հետ: Բարձր դասարանի սովորողները կարող են աշխատանքի տեղավորվել մի շարք մասնագիտություններով` որպես օգնական կամ փորձաշրջանով աշխատող, միայն թե ցանկություն լինի:

Չորրորդ փուլ. վերլուծեք կրթության և աշխատանքի շուկայի վիճակը

Շատ կարևոր է գտնել տեղեկություններ այն մասին, թե որ մասնագիտություններն են հիմա առավել շատ կամ առավել քիչ պահանջված երկրում և ձեր տարածաշրջանում: Նկատի ունեցեք, եթե շուկան հագեցած է տվյալ բնագավառի մասնագետներով, ապա դուք պետք է ունենաք առավել բարձր որակավորում, որպեսզի աշխատանք գտնեք:

Ուշադրություն դարձրեք նաև ձեզ հետաքրքրող ճյուղերում աշխատավարձի չափին: Մասնագիտության սահմանման մեջ նշվում է, որ դա :

Որտեղ գտնել այդ ինֆորմացիան: Եթե ձեռքի տակ կա համացանց, ապա մտեք աշխատանքի տեղավորման կայքեր (օրինակ, www.employment.am/,ognakan.info , https://www.list.am/category/29, jobex.am/gortsatui_ankyun) և որոնեք ձեզ հետաքրքրող տվյալները: Նմանատիպ տեղեկատվություն կարելի է ստանալ ձեր տարածաշրջանի, քաղաքի զբաղվածության կենտրոններում կամ էլ աշխատանքի տեղավորման կառույցներում: Նման կառույցներ կան շատ քաղաքներում:

Հաշվի առեք նաև ձեր նախընտրած մասնագիտությունների գծով կրթության հնարավորությունները. ուսուցանու՞մ են արդյոք այդ մասնագիտությունը ձեր տարածաշրջանում, թե՞ պետք է դրսում սովորել: Կա՞ արդյոք անվճար սովորելու հնարավորություն: Իսկ եթե ոչ, որքա՞ն պետք է վճարել կրթության համար:

Հինգերորդ փուլ: Կատարեք ընտրություն

Սա իհարկե ամենաբարդ փուլն է: Մի մասնագիտությունը դուր է գալիս, թույլ է տալիս իրացնել հակումներն ու հետաքրքրությունները, սակայն չեն բավարարում այս կամ այն ունակությունները: Մյուսը հեշտ և թեթև է ձեր համար, բայց չի տալիս ինքնաիրացման հնարավորություններ: Երրորդ մասնագիտությունը ամբողջովին հարմար է ձեզ հնարավորությունների և հետաքրքրությունների առումով, բայց բացարձակապես պահանջված չէ ձեր տարածաշրջանում, կամ էլ այդ ճյուղի մասնագետների աշխատավարձը շատ ցածր է: Այսպես թե այնպես հնարավոր չէ բոլոր գործոնները մեկտեղել՝ միանշանակ ընտրություն կատարելով:

Որոշեք` ի՞նչն է ձեզ համար կարևոր. գնա՞լ այլ տարածաշրջան՝ սովորել և աշխատել; հրաժարվե՞լ հետաքրքրություններից՝ դիտարկելով դրանք որպես հոբբի՝ ընտրելով առաջին հերթին եկամտաբեր մասնագիտություն; զբաղվե՞լ սիրած աշխատանքով՝ անտեսելով ցածր աշխատավարձը; զարգացնե՞լ անհրաժեշտ ունակությունները, միայն թե սովորել այն մասնագիտությունը, որը թույլ է տալիս ամբողջովին ինքնաիրացվել: Դուք եք միայն որոշողը (սովորողն է միայն որոշողը), թեպետ մշտապես կարող եք դիմել մասնագիտական կողմնորոշման խորհրդատուին կամ դպրոցի հոգեբանին, մասնագիտական կողմնորոշման կենտրոններ և այլն: Թեև այդ մասնագետները ձեր փոխարեն որոշում չեն ընդունի, բայց կօգնեն ձեզ կողմնորոշվել: Վերջնական որոշումը ձերն է, և այդ որոշմանը պետք է լուրջ մոտենալ:

Բայց հիշեք, որ ընտրությունը ամեն դեպքում վերջնական չէ: Ավելի ուշ կարող եք փոխել մասնագիտությունը, եթե պարզվի, որ այդ ընտրությունը ձեր համար չէ: Այնպես որ, հնարավոր է ձեր մոտ առայժմ բացակայի «իմ մասնագիտության» զգացողությունը: Շատ մարդկանց մոտ այդ զգացումը առաջանում է բավական հասուն տարիքում: Անորոշության դեպքում ընտրեք տվյալ պահին հարմար օպտիմալ տարբերակը՝ կշեռքի վրա դնելով բոլոր կողմերը» և «դեմերը»: Իսկ փորձը ցույց կտա, թե հետո որ ճանապարհով է պետք շարժվել:

ԿԱԻ, դաստիարակության և լրացուցիչ կրթության

բաժնի մասնագետ՝

Հերմինե Ուլիխանյան