Просмотр содержимого документа
«Դիսլեքսիայի (ընթերցանության դժվարության) դասակարգումը»
Դիսլեքսիայի դասակարգումը
Դիսլեքսիան ընթերցանության գործընթացի մասնակի խանգարում է, որը դրսևորվում է կայուն և կրկնվող սխալներով և պայմանավորված է ընթերցանության համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ։ Ուսումնական գործընթացում ընթերցանության խանգարումներով դժվարություններ ունեցող երեխաները զգալի մասն են կազմում։
1881թ․-ին Օ․Բերկհանը տվել է դիսլեքսիայի բնութագիրը, բայց դիսլեքսիա տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1887թ․-ին շտուտգարտցի օֆթալմոլոգ Ռուդոլֆ Բեռլինի կողմից։
Ընթերցանության խանգարումներ կարող են ունենալ․
Ձախլիկները, որոնց ստիպում են ձախ ձեռքի փոխարեն կիրառել աջը։
ԽԸԹ-ով երեխաները։
Մեկից ավելի լեզուներով հաղորդակցվող ընտանիքների երեխաները։
Հնչունա-հնչույթային թերզարգացում ունեցող երեխաները։
Այն երեխաները, որոնց ծնողները ձգտում են երեխաներին վաղ տարիքից կարդալ սովորեցնել։
Երեխաներ, որոնց նյարդաբանները ախտորոշել են հոգեկան զարգացման հապաղում։
Ռ.Լ. Լալաևան դիսլեքսիան դասակարգում է հետևյալ կերպ.
Հնչութային/ֆոնեմատիկական/:
Իմաստային/սեմանտիկական/:
Քերականական /ագրամատիկական/:
Հիշողական/մնեստիկական/:
Տեսողական/ օպտիկական/:
Շոշափողական/ տակտիլայի/:
Ֆոնեմատիկական (հնչույթային) դիսլեքսիան կրտսեր դպրոցական տարիքում առավել հանդիպող ձևն է: Դիսլեքսիայի այս ձևը պայմանավորված է ֆոնեմատիկական համակարգի ֆունկցիայի թերզարգացմամբ: Դիսլեքսիայի այս ձևի ժամանակ կարող է դիտվել տառացի ընթերցումը, բառի հնչունա-վանկային կառույցի աղավաղումը ( տառերի բացթողում, ավելացում, վանկերի ավելացում ու բացթողում, տեղափոխում):
Սեմանտիկական (իմաստային) դիսլեքսիա կամ այսպես կոչված մեխանիկական ընթերցում: Այս դեպքում երեխան կարող է տեխնիկապես ճիշտ կարդալ բառը, նախադասությունը, բնագիրը, սակայն նա չի հասկանում իր կարդացածի իմաստն ու նշանակությունը։
Ագրամատիկ (քերականական) դիսլեքսիա։ Այս բնույթի դիսլեքսիան պայմանավորված է խոսքի քերականական կազմի՝ ձևաբանական և շարահյուսական ընդհանրացումների թերզարգացմամբ։ Ավելի հաճախ նկատվում է խոսքի համակարգային խանգարումով երեխաների մոտ: Դիսլեքսիայի այս ձևի ժամանակ նկատվում է հոլովական վերջավորությունների ու գոյականի թվի փոփոխումներ, բայի ժամանակաձևերի, դեմքերի փոփոխումներ։
Օպտիկական (տեսողական) դիսլեքսիա։ Այս ձևի ժամանակ նկատվում են տառի գրաֆիկական նման պատկերների ընթերցման դժվարություններ: Շփոթում են մի մասնիկով միմյանցից տարբերվող տառերը, բառերը, որոնք ունեն նույն մասնիկները, սակայն տարածության մեջ այլ տեղակայում ունեն (օրինակ՝ ո-ս, տ-փ, ի-ր և այլն):
Մնեստիկական (հիշողական ) դիսլեքսիա։ Դիսլեքսիայի այս ձևի ժամանակ նկատվում է տառերը յուրացնելու դժվարություններ: Երեխան չի կարողանում տարբերակել, թե որ տառին որ հնչյունն է համապատասխանում:
Տակտիլ (շոշափողական) դիսլեքսիան նկատվում է կույրերի մոտ, որի հիմքում ընկած է Լուի Բրայլի այբուբենը շոշափելիքով տառերի ընկալման դժվարությունները: