Ծագումնաբանություն
Music բառը ծագում է հունարենից. μουσική (mousike; «մուսաների արվեստ»): Հունական դիցաբանության մեջ ինը Մուսաները դիցուհիներ էին, որոնք հովանավորում էին գրականությունը, գիտությունը և արվեստները: Նրանք մարմնավորում էին գիտելիքի աղբյուրը պոեզիայում,երգերի խոսքերում, հունական մշակույթի մեջ՝ առասպելներում: Համաձայն Առցանց Ծագումնաբանական Բառարանի, «music» տերմինը ծագել է 13-րդ դարի կեսին,Հին Ֆրանսերենի «musique» և Լատիներեն musica,գերմաներեն Musik, հոլանդերեն muziek, իսպաներեն musica,իտալերեն musica,Հին դասական գերմաներեն mosica բառից:Դասական հունարենում «musik»-ը բնորոշում է ամեն տեսակի արվեստը,որտեղ Մուսաները «նախագահել են» իրենց ներկայությամբ,բայց հատկապես երաժշտությունը և պոեզիան:
Երաժշտությունը որպես արվեստի կամ ժամանցի ձև
Երաժշտության հորինումը և կատարումը ունի գեղագիտական հաճույք պատճառելու,կրոնական կամ ծիսական նպատակով կամ որպես ժամանցային արտադրանք ներկայացվելու նպատակներ: Երբ երաժշտությունը հասանելի էր միայն նոտաներով (օրինակ՝ դասական և ռոմանտիկ ժամանակաշրջաններում) երաժշտասերները գնում էին իրենց սիրելի ստեղծագործությունների կամ երգերի նոտաները՝ դրանք տանը դաշնամուրով կատարելու համար: Երբ ի հայտ եկավ ձայնագրումը,հանրաճանաչ երգերի ձայնագրությունները դոմինանտ դիրք գրավեցին նոտաների հանդեպ:Երաժշտասերները վայելում էին իրենց սիրելի ստեղծագործությունների ձայնագրությունները: Իսկ տնային մագնիտոֆոնների ի հայտ գալուց հետո ՝ 1980-ականներին և թվային երաժշտության հայտնվելուց հետո (1990-ականներ),երաժշտասերները կարողանում էին իրենց նախընտրած երգերի ժապավենները և նվագացանկերը ստեղծել և բեռնել դրանք դյուրակիր կասետների և MP3 նվագարկչի վրա: Որոշ աուդիոֆիլներ ստեղծում են իրենց նախընտրած երգերի միքսային ժապավենները, որոնք ծառայում են որպես «ինքնադիմանկար, իդեալական խնջույքի բաղադրատոմս..և բացառապես ամենից սիրված բաներով կահավորված միջավայր»[7]:
Սիրողական մակարդակի երաժիշտները կարող են իրենց հաճույքի համար հորինել կամ կատարել երաժշտություն ,նաև՝ եկամուտ ստանալ: Պրոֆեսիոնալ երաժիշտներն աշխատանքի են անցնում մեծ թվով կազմակերպություններում և հաստատություններում ներառյալ զինված ուժերում (քայլերգեր նվագող խմբերում և փոփ խմբերում),եկեղեցիներում և սինագոգներում,սիմֆոնիկ նվագախմբերում ռադիոհեռարձակող կամ ֆիլմարտադրող կազմակերպություններում և երաժշտական դպրոցներում: Պրոֆեսիոնալ երաժիշտները երբեմն աշխատում են որպես ֆրիլանսեր կամ սեսիոն երաժիշտներ՝ պայմանագրեր և տարբեր պայմաններով համաձայնագրեր փնտրելով: Սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտների մեջ բազում կապեր կան: Սկսնակ սիրողական երաժիշտները սովորում են պրոֆեսիոնալների մոտ: Համայնքային շրջանակում աչքի ընկնող սիրողական երաժիշտները ելույթ են ունենում պրոֆեսիոնալ երաժիշտների հետ տարբեր անսամբլներում,ինչպիսիք են համայնքային համերգային խմբերը և նվագախմբերը:
Հաճախ տարբերություն է մտցվում կենդանի լսարանի համար և ստուդիայում կատարվող երաժշտության մեջ: Սա արվում է այն նպատակով,որ երաժշտությունը հնարավոր լինի ձայնագրել և տարածել երաժշտության վաճառքի համակարգի և հեռարձակման միջոցով: Այնուամենայնիվ, շատ հաճախ ունկնդրի առջև կատարվող, կենդանի կատարումները նույնպես ձայնագրվում են և տարածվում: Կենդանի համերգների ձայնագրումը տարածված է թե՛ դասական,թե՛ փոփ երաժշտության ձևերի մեջ (նաև ռոքում): Ռոք երաժշտության համերգների անօրինական ձայնագրությունները մեծ ընդունելություն են գտնում երաժշտասերների մոտ: Ջեմ-խմբի դեպքում կենդանի,իմպրովիզացիոն ջեմ-սեսիաներն ընդունված է ձայնագրել ստուդիաներում:
Կոմպոզիցիա
Կոմպոզիցիան երգի,գործիքային երաժշտության պիեսի,վոկալի և նվագարանների, կամ երաժշտության այլ տեսակի ստեղծումն է կամ հորինելու հմտությունը: Արևմտյան դասական և էլի շատ մշակույթներում, կոմպոզիցիան ներառում է նաև նոտագրում,որի միջոցով ստեղծագործությունը հետո կատարվում է կոմպոզիտորի, երաժիշտների, երգիչների կողմից: Ավանդական և փոփ երաժշտության մեջ ստեղծագործության գործողությունը, որը կոչվում է ուղղակի երգահանություն, ընդգրկում է երգի հիմնական ուրվագծերի ստեղծումը.մեղեդին, խոսքերը և ակորդների հաջորդականությունը: Դասական երաժշտության մեջ կոմպոզիտորն ինքն է գործիքավորում սեփական ստեղծագործությունները,մինչդեռ երաժշտական թատրոնում կամ փոփ երաժշտության մեջ երգահանները կարող են գործիքավորող վարձել: Շատ դեպքերում երգահանը չի օգտագործում նոտագրումը: Դրա փոխարեն հորինում է մտքում և ձայնագրում կամ նվագում հիշողությամբ: Ջազում և փոփ երաժշտության մեջ ազդեցիկ կատարողների նշանավոր ձայնագրությունները ստանում են նույն կշիռն,ինչ դասական,նոտաներով կատարումները:
Նույնիսկ երբ երաժշտությունը գրված է համեմատաբար հստակ, ինչպես դասական երաժշտության մեջ,կատարողը ստիպված է շատ որոշումներ կայացնել,քանի որ նոտագրումն այնքան էլ հստակ չի արտահայտում երաժշտության բոլոր տարրերը: Որոշում կայացնելու գործընթացը,թե ինչպես կատարել երաժշտությունը, որը հորինվել և նոտագրվել է նախկինում սահմանվում է «մեկնաբանություն»: Նույն ստեղծագործության տարբեր կատարողների մեկնաբանությունները կարող են շատ տարբերվել ընտրված տեմպի,երգելու/նվագելու ոճի կամ մեղեդիների ֆրազավորման դիտանկյունից: Երբ կոմպոզիտորներն ու երգահանները կատարում են իրենց սեփական ստեղծագործությունները, դա նույնպես կոչվում է մեկնաբանություն: Տարբերակների և մեթոդների կայուն թիվը,որոնք առկա են կոնկրետ ժամանակում և տեղում կոչվում է կատարման հմտություն:Միաժամանակ «մեկնաբանություն» սովորաբար կոչվում է կատարողի անհատական ընտրությունը:
Երաժշտական կոմպոզիցիան հաճախ օգտագործում է նոտագրություն և գրվում է մեկ անձի կողմից:Բայց միշտ չէ այդպես: Ստեղծագործությունը կարող է ունենալ մի քանի կոմպոզիտորներ: Սա հաճախ է պատահում փոփ երաժշտության մեջ,երբ խումբը համատեղ գրում է երգ,կամ երաժշտական թատրոնում ,երբ մեկը գրում է մեղեդիները, մյուսը՝ խոսքերը,իսկ երրորդը՝ գործիքավորում է երգերը: Երաժշտության որոշ ոճերում ,օրինակ՝ բլյուզում կոմպոզիտոր-երգահանը կարող է ստեղծել,կատարել և ձայնագրել նոր երգեր,կամ պիեսներ՝ դրանք երբևէ չնոտագրելով: Երաժշտական եղանակը կարող է նաև ստեղծվել բառերով,նկարներով,կամ համակարգչային ծրագրերով,որոնք բացատրում են կամ նշում, թե ինչպես պետք է երգիչը կամ երաժիշտը ստանա երաժշտական հնչյունները: Նման օրինակներն ընդգրկում են ավանգարդից (որը օգտագործում է գրաֆիկական նոտագրություն գրելու համար այնպիսի ստեղծագործություններ,ինչպիսիք են Aus den sieben Tagen,) մինչև համակարգչային ծրագրեր,որոնք նշում են երաժշտական պիեսների հնչյունները: Երաժշտությունը,որը հաճախ օգտագործում է պատահականությունը կոչվում է ալեատորիկ երաժտություն և ասոցացվում է 20-րդ դարի այնպիսի կոմպոզիտորների հետ,ինչպիսիք են Ջոն Քեյջը, Մորթոն Ֆելդմանը և Վիտոլդ Լուտոսլավսկին: Պատահականության վրա հիմնված երաժշտության առավել հայտնի օրինակ է զանգակների ՝քամուց առաջացող ղողանջը:
Նոտագրում
Մարդիկ հորինում են երաժշտություն ՝օգտագործելով էլեկտրոնային ստեղնաշարեր:
2000-ականներում երաժշտության նոտագրումը ենթադրում է նոտաների և ռիթմերի գրավոր արտահայտումը թղթի վրա ՝ սիմվոլների միջոցով: Նոտագրումը պարունակում է նաև ցուցումներ այն մասին, թե ինչպես կատարել երաժշտությունը: Օրինակ՝ երգի նոտաները կարող են ցույց տալ,որ երգն իրենից ներկայացնում է «դանդաղ բլյուզ» կամ «արագ սվինգ»: Սա ցույց է տալիս տեմպը և ժանրը: Նոտաները կարդալու համար անհրաժեշտ է իմանալ երաժշտության տեսություն,հարմոնիա և ունենալ կատարման փորձ ՝կապված կոնկրետ երգի կամ ստեղծագործության ժանրի հետ:
Գրավոր նոտագրությունը կախված դարաշրջանից տարբեր է: 2000-ականներին նոտագրությունը ստեղծվում է ավանդական ձևով,կամ համակարգչային նոտագրող ծրագրերով: Հնում նոտագրություն անում էին քարի և կավե աղյուսների վրա: Երաժշտությունը նոտաներով կատարելու համար , երաժշտին կամ երգչին անհրաժեշտ է ռիթմիկ և նոտային տարրերի հասկացողություն և կատարման պրակտիկա: Նվագելով այնպիսի ժանրերում,որոնք պահանջում են երաժշտական իմպրովիզացիա,կատարողը նվագում է այն նոտաներով,որտեղ միայն ակորդային անցումներն ու երգի կառուցվածքն են նշված: Սա կատարողից պահանջում է երաժշտության կառուցվածքի լավ հասկացողություն,հարմոնիայի և տվյալ ժանրի ոճերի իմացություն (օրինակ՝ ջազ կամ քանթրի):
Արևմտյան երաժշտական արվեստի մեջ ամենատարածված նոտագրման ձևը պարտիտուրն է, որն ընդգրկում է անսամբլային պիեսի բոլոր պարտիաները և երգիչների ու երաժիշտների առանձին,անհատական նվագաբաժինները: Փոփ երաժշտության,ջազի մեջ ստանդարտ նոտագրություն է համարվում մեղեդու,ակորդների,խոսքերի(եթե վոկալ ստեղծագործություն է) և կառուցվածքի նշումը: Պարտիտուր և նվագաբաժիններ կարող են օգտագործվել նաև փոփ երաժշտության և ջազի մեջ,հատկապես ՝մեծ անսամբլներում: Փոփ երաժշտության մեջ կիթառահարներն ու բաս-կիթառահարները հաճախ կարդում են երաժշտությունը թաբերից,որոնք օգտագործելով կիթառի կամ բասի գրիֆի սխեման,ցույց են տալիս նվագվելիք նոտաների տեղերը: Թաբերն օգտագործվել են նաև Բարոկկո ժամանակաշրջանում, Լյուտնյայի(լարային,կսմիթային երաժշտական նվագարան) համար:
Իմպրովիզացիա
Նոտաները երաժշտության արտացոլումն են թղթի վրա: Սա միառիթմիկգործիքավորում է "Adeste Fideles" ավանդական պիեսի:
Երաժշտական իմպրովիզացիան ինքնաբուխ երաժշտության ստեղծումն է:Այն հաճախ հիմնված է լինում նախորդիվ գոյություն ունեցող հարմոնիկ կառուցվածքի կամ ակորդային հաջորդականության վրա: Իմպրովիզացիան կատարողի ակնթարթային գրված կոմպոզիցիան է ,որտեղ կոմպոզիտորական մեթոդները կիրառվում են հանպատրաստից կամ պատրաստած: Իմպրովիզացիան զգալի մաս է կազմում երաժտության որոշ տեսակների համար,ինչիսիք են բլյուզը, ջազը, ջազ ֆյուժընը,որոնցում երաժիշտները սոլո իմպրովիզներ են անում մեղեդու և նվագակցային բաժնի մեջ: Արևմուտքի երաժշտական արվեստի ավանդույթների մեջ իմպրովիզացիան կարևոր հմտություն էր հատկապես բարոկկո և դասական ժամանակաշրջաններում: Բարոկկո շրջանում կատարողներն իմպրովիզ էին անում զարդարանքները իսկ basso continuo-ստեղնաշարայինները իմպրովիզ էին անում ակկորդային ձայներում: Դասական էպոխայում մենակատար երգիչներն ու երաժիշտները իմպրովիզ էին անում վիրտուոզ կադենցիաների ժամանակ ՝ դասական համերգի ընթացքում: Այնուամենայնիվ 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբում,երբ արևմտյան գեղարվեստական կատարման համընդհանուր ընդունված պրակտիկան ստանդարտացվեց սիմֆոնիկ նվագախմբերում, օպերային թատրոններում, իմպրովիզացիան սկսեց ավելի փոքր դեր խաղալ: Միևնույն ժամանակ որոշ ժամանակակից կոմպոզիտորներ ավելի ու ավելի շատ ավելացրին իմպրովիզացիան իրենց ստեղծագործություններում: Հնդկական դասական երաժշտություն մեջ իմպրովիզացիան հանդիսանում է կարևոր բաղադրիչ և հիմնական չափանիշ:
Տեսություն
Երաժշտության տեսությունն ընդգրկում է երաժշտության բնույթը և մեղանիկաները: Այն հաճախ ներառում է նմուշների արտահայտումը,որոնք որոշում են կոմպոզիտորների մեթոդները և ուսումնասիրում է երաժշտական լեզուն և նոտագրությունը: Լայն իմաստով, երաժշտության տեսությունը որոշում և վերլուծում է երաժշտության հատկանիշները և տարրերը.ռիթմ, հարմոնիա (հարմոնիկ ֆունկցիա), մեղեդի,կազմություն, ձև: Ընդհանուր առմամբ երաժշտական տեսությունը կարող է ներառել երաժշտության մասին յուրաքանչյուր պնդում, համոզմունք, մտահղացում: Այս ամենը ուսումնասիրող մարդիկ տեսաբաններն են: Նրանց մի մասը օգտագործում են ակուստիկան, մարդու ֆիզիոլոգիան և հոգեբանությունը,որ բացատրեն՝ ինչու և ինչպես է ընկալվում երաժշտությունը:
Տարրեր
Երաժշտությունն ունի շատ տարբեր հիմքեր և տարրեր: «Տարր» բառը կարող է նշանակել հետևյալ բաները.բարձրություն և բիթ կամ զարկերակ, տեմպ, ռիթմ, մեղեդի, հարմոնիա, տեքստուրա, ոճ, ձայների բաշխում և տեմբր կամ էլ գույն, դինամիկաներ,արտահայտչամիջոցներ, արտիկուլյացիա, ձև ստրուկտուրա: Երաժշտության տարրերը իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի ուսումնական ծրագրերում: Այս երեք ուսումնական ծրագրերն էլ համարում են բարձրությունը, դինամիկաները, տեմբրը և տեքստուրան երաժշտական տարրեր ,սակայն մյուս վերոնշյալ տարրերը ոչ միշտ են համընդհանուր ընդունված: Ստորև այս երեք ուս.ծրագրերի «երաժշտական տարրերի» պաշտոնական ձևակերպումներն են.
Ավստրալիա.բարձրություն,տեմբր,տեքստուրա, դինամիկաներ և արտահայտչամիջոցներ,ռիթմ, ձև և ստրուկտուրա:
Միացյալ Թագավորություն. բարձրություն, տեքստուրա, դինամիկաներ, տևողություն,տեմպ,ստրուկտուրա:
ԱՄՆ. բարձրություն, տեմբր, տեքստուրա, դինամիկաներ,ռիթմ,ձև, հարմոնիա, ոճ և արտիկուլյացիա:
Միացյալ Թագավորության ուսումնական ծրագրում 2013 թվականին երաժշտական տարրերի ցուցակում ավելացվել է «համապատասխան երաժշտական նշումներ» եզրույթը, իսկ ցուցակը վերանվանվել է «փոխկապակցված երաժշտական մեծություններ»:Այս մեծություններն են ՝ բարձրություն, տևողություն, դինամիկա,տեմպ, տեմբր, տեքստուրա, ստրուկտուրա և համապատասխան երաժշտական նշումներ:
«Երաժշտական տարրեր» արտահայտությունը օգտագործվում է մի շարք տարբեր համատեքստերում: Դրանցից երկու ամենատարածված համատեքստերը կարելի է տարբերակել ՝ դրանք նկարագրելով որպես «երաժշտական տարրական էլեմենտներ» և «երաժշտության ընկալման տարրեր»:
Երաժշտական տարրական էլեմենտներ
1800-ականներին, «Երաժշտական էլեմենտներ» և «երաժշտական տարրական էլեմենտներ» արտահայտությունները համարվում էին մեկը մյուսին փոխարինող: Այս փաստաթղթերում նկարագրված տարրերը վերաբերում են երաժշտության այն ասպեկտներին, որոնք անհրաժեշտ են երաժիշտ դառնալու համար: Էստրելլայի պես,նոր գրողները, թվում է ՝ օգտագործում են «երաժշտական տարրեր» արտահայտությունը նույն ձևով: Սահմանումը,որն ավելի հստակ է արտացոլում այս գործածությունը հետևյալն է.«արվեստի, գիտության եւ այլնի տարրական սկզբունքները. Քերականության տարրերը»: Մեծ Բրիտանիայի ուսումնական ծրագրում «փոխկապակցված երաժշտական մեծությունների» անցնելը կարծես հետքայլ է դեպի երաժշտական տարրական էլեմենտներ:
Ընկալման տարրեր
1930-ականներին հոգեակուստիկայի զարգացման հետ, երաժշտության ուսումնասիրությունը ավելի շատ վերաբերում է այն բանին, թե ինչպես ենք մենք լսում երաժշտությունը, քան՝ ինչպես ենք նվագում։ Կարլ Սիշորն իր «Երաժշտության հոգեբանություն» գրքում առանձնացնում է երաժշտության հոգեբանության չորս հատկանիշ։ Դրանք էին բարձրությունը, հնչեղությունը, ժամանակը և տեմբրը (էջ 3): Նա դրանց չէր կոչում «երաժշտության տարրեր»,այլ բնորոշում դրանք որպես «տարրային կոմպոնենտներ» (էջ 2): Այնուամենայնիվ այս տարրային կոմպոնենտները ուղղակի կապված են 4 համեմատաբար տարածված երաժշտական տարրերի հետ.Բարձրությունն ու տեմպը ամբողջովին են համապատասխանում, «հնչեղությունը» համապատասխանում է դինամիկային, իսկ «ժամանակը»՝ ժամանակի վրա հիմնված ռիթմին,տևողությանը և տեմպին: «Երաժշտության տարրեր» արտահայտության այս գործածումը ավելի մեծ կապ ունի Վեբստերի նոր բառարանի ՝ տարրերի սահմանման հետ.նախահիմք,որը հայտնի մեթոդներով չի կարող բաժանվել ավելի պարզ ձևի:
Թեև «երաժշտության տարրական էլեմենտները» ցուցակի հեղինակները կարող են տարբերվել կախված անձնական (կամ ինստիտուցիոնալ) նախասիրություններից, երաժշտության ընկալման տարրերը պետք է բաղկացած լինեն առանձին տարրերի ընդունված կամ ստուգված ցուցակից,որոնք կարող են ինքնուրույն մանիպուլացվել հասնելու համար ցանկալի երաժշտական էֆեկտին: Թվում է,թե այս փուլում դեռևս տեղ կա հետազոտությունների:
Ոճերի վերլուծություններ
Երաժշտության որոշ ոճեր այս հիմունքների որոշ դրվագների վրա շեշտադրումներ են անում: Մյուսներն այս տարրերն ավելի քիչ են շեշտադրում: Որպես օրինակ, Bebop դարի ջազը շատ բարդ ակորդներ է օգտագործում՝ ներառյալ ալտերացված (փոփոխված) դոմինանտաները և ակորդների բարդ հաջորդականությունները՝ մեկ տակտի մեջ երկու կամ ավելի անգամ փոփոխվող ակորդներով իսկ մեղեդու մեջ մի քանի անգամ փոխվող բանալիով:Մինչդեռ օրինակ ֆանքի մեջ մեծ մասամբ շեշտը դրվում է ռիթմի և սվինգի վրա,և հիմնվում հանպատրաստից հորինված, մեկ ակորդի շուրջ նվագակցության վրա: Կամ եթե Ռոմանտիզմի դարաշրջանում՝ 1800-ականների կեսերից մինչև դարավերջ, դասական երաժշտությունը լայնորեն կիրառում է դինամիկաների դրամատիկ փոփոխություններ ՝ pianissimo (շատ մեղմ) շշնջալու հատվածներին հաջորդում են հնչեղ fortissimo հատվածները, մինչդեռ որոշ ամբողջական սյուիտներ բարոկկո ոճում՝ գրված կլավեսինի համար 1700-ականների սկզբում, օգտագործում են ընդամենը մեկ դինամիկա: Եվս մեկ օրինակ.դասական երաժշտության ստեղծագործություններ, ինչպիսիք սիմֆոնիաներն են, ունեն երկար տևողություն, մինչդեռ որոշ փոփ երգեր տևում են ընդամենը քիչ րոպեներ:
Տարրերի նկարագրություն
Ձայնի բարձրությունը և մեղեդին
Ձայնի բարձրությունը հնչյունի ասպեկտ է, որը մենք կարողանում ենք լսել: Մի նոտան կամ տոնը կարող է բարձր կամ ցածր լինել մեկ այլ նոտայից կամ երաժշտական հնչյունից: Մենք կարող են խոսել բարձր կամ ցածր տոնի համար ավելի ընդհանուր իմաստով: Օրինակ ՝ ինչպես է ունկնդիրը լսում պիկոլոյի սուր ձայնը կամ սուլող տոնը և համարում ավելի բարձր,քան բաս թմբուկի խորը ձայնը: Մենք խոսում ենք ձայնի բարձրության մասին նաև առավել կոնկրետ իմաստով ՝ կապված երաժշտական մեղեդիների, բասի երաժշտական գծի և ակորդների հետ: Ձայնի ճշգրիտ բարձրությունը կարող է որոշվել ձայների հստակ և կայուն հաճախությամբ: Հստակությունն ու կայունությունը պետք է լինեն այնքան,որ ձայնը տարբերվի աղմուկից: Օրինակ՝ ունկնդրին ավելի հեշտ է տարբերակել դաշնամուրով նվագված նոտայի բարձրությունը,քան հարվածային գործիքինը:
Մեղեդին (կամ եղանակը) հաջորդականորեն հնչող,վարընթաց և վերընթաց շարժվող հնչյունների շարքն է: Մեղեդու նոտաներն,առհասարակ, ստեղծվում են օգտագործելով այնպիսի հնչյունների բարձրության համակարգեր,ինչպիսիք են գամմաներն ու տոնայնությունները: Մեղեդիները հաճախ պարունակում են նաև երգի կամ ստեղծագործության մեջ օգտագործվող ակորդի մաս համարվող հնչյուններ:
Պարզ ժողովրդական և ավանդական երգերը կարող են օգտագործել ընդամենը մեկ տոնայնության նոտաներ,այլ տոնայնության նոտաներ,որը կապված է տվյալ գամմայի տոնիկական հնչյունի հետ: Օրինակ՝ կարող է լինել երգ՝ գրված C-ում (դո մաժոր) ,որն ունի մեղեդի՝ բաղկացած միայն դո մաժորի նոտաներից (առանձին նոտաները ՝ C,D,E,F,G,A,H: Սրանք այլ կերպ կոչվում են նաև «սպիտակ նոտաներ»,որը կապված է դաշնամուրի վրա համապատասխան ստեղների գույնով): Մյուս կողմից էլ, Bebop դարաշրջանի ջազը (1940-ականներ) և 20 և 21-րդ դարերի ժամանակակից երաժշտությունը կարող է օգտագործել շատ խրոմատիկ նոտաներ (այսինքն՝ ի լրումն դաշնամուրի վրա մաժոր գամմայի նոտաների, ընդգրկում է «սև» և «սպիտակ» բոլոր նոտաները) և անսովոր գամմաներ,ինչպիսիք են ամբողջ տոներով գամման (ամբողջական տոներով գամման ներառում է C, D, E, F♯, G♯ և A♯ նոտաները): Ցածր ռեգիստրի, բաս գործիքներով (օրինակ՝ կոնտրաբաս,էլեկտրական բաս կամ տուբա ) նվագված խորը երաժշտական գիծը կոչվում է բասային գիծ:
Հարմոնիա (ներդաշնակում) և ակորդներ
Երբ երաժիշտները նվագում են 3 և ավելի տարբեր նոտաներ միաժամանակ, ստացվում է ակորդ: Արևմտյան երաժշտության մեջ (ներառյալ դասական երաժշտությունը,փոփը, ռոք և շատ նման ժանրեր) ամենատարածված ակորդները եռահնչյուններն են (միաժամանակ նվագված 3 հնչյուն՝ դասավորված հիմնականում տերցիաներով): Ամենատարածված ակորդները մաժոր և մինոր ակորդներն են: Մաժոր ակորդի օրինակ է C (դո), E (մի), G (սոլ) նոտաների համահնչյունը: Մինոր ակորդի օրինակ է A (լյա), C (դո), E (մի) հնչյունների համահնչյունը: (Նկարում կիթառահար է,որը նվագում է ինչ-թր ակորդ:)
Հարմոնիան վերաբերում է երաժշտության «հորիզոնական» նոտաների հնչյուններին.նոտաներին,որոնք նվագվել կամ երգվել են միասին և միաժամանակ ակորդ ստեղծելու համար: Սա սովորաբար նշանակում է,որ նոտաները միաժամանակ են հնչում, սակայն հարմոնիան կարող է լինել նաև հարմոնիկ կառուցվածք ուրվագծող մեղեդին: Մաժորա-մինորային համակարգում ստեղծած երաժշտության մեջ, (սա ընդգրկում է 1600-ից 1900 թվականը գրված դասական երաժշտությունը և արևմտյան փոփի սգալի մասը, ռոքը և ավանդական երաժշտությունը) մեղեդու տոնայնությունը որոշում է օգտագործված գամման, որի կենտրոնն է համարվում տոնիկական (առաջին) աստիճանը: Դասական պարզ կտորները և շատ փոփ և ավանդական երգեր գրված են այնպես,որ ողջ երաժշտությունը գրված է մի տոնայնության մեջ: Շատ ավելի բարդ դասական,փոփ և ավանդական երգերն ու կտորները կարող են ունենալ 2 տոնայնություն (որոշ դեպքերում ՝ 3 և ավելի) : Ռոմանտիզմի դարաշրջանի Դասական երաժշտությունը՝ գրված 1820-1900 թվերին հաճախ ունենում է բազում տոնայնություններ: Այսպես է նաև հատկապես 1940-ականների Bebop ժամանակաշրջանի ջազը, որտեղ երգի հիմնական տոնայնությունը կամ «տոնիկան» փոխվում է ամեն 4 տակտը, կամ նույնիսկ 2 տակտը մեկ:
Ռիթմ
Ռիթմը հնչյունների և լռության կարգավորումն է ժամանակի մեջ: Մետրը (չափը) կենդանացնում է ժամանակը կանոնավոր իմպուլսային խմբերում՝ տակտերում, որոնք արևմտյան դասական, փոփ և ավանդական երաժշտության մեջ խմբավորում են նոտաները 2 քառորդ, 3 քառորդ, կամ 3 ութերորդական (հայտնի է նաև որպես վալսի չափ) և 4 քառորդ չափերում: Չափերը դարձել են լսելու համար ավելի հեշտ,քանի որ երգերն ու ստեղծագործությունները հաճախ (բայց ոչ միշտ) շեշտ են դնում յուրաքանչյուր (նոտային) խմբավորման առաջին հարվածի (բիթի) վրա: Գոյություն ունեն նկատելի բացառություններ, ինչպիսին է բեքբիթը,որը լայնորեն օգտագործվում է արևմտյան փոփում և ռոքում: 4 քառորդ չափով երգում շեշտվում են տակտի 2-րդ և 4-րդ մասերը (թույլ և համեմատաբար թույլ մասեր): Սա սովորաբար կատարում է հարվածային գործիքներ նվագողը բարձր և տարբերվող-հնչողություն ունեցող փոքր թմբուկի վրա: Փոփում և ռոքում երգի ռիթմային հատվածները նվագվում է «ռիթմ սեկցիան», որն ընդգրկում է ակորդներ նվագող գործիքները (էլեկտրոնային կիթառ, ակուստիկ կիթառ, դաշնամուր կամ այլ ստեղնաշարային գործիքներ) բաս-գործիք (սովորաբար ՝ էլեկտրոնային բաս-կիթառ, կամ որոշ տիպիկ ժանրերի համար,ինչպիսիք են ջազը և բլուգրասը ՝ կոնտրաբաս) և հարվածային գործիքներ:
Տեքստուրա
Երաժշտական տեքստուրան ստեղծագործության կամ երգի ընդհանուր հնչողությունն է: Ստեղծագործության տեքստուրան արտահայտվում է այն բանով, թե ինչպես են ռիթմիկ, մեղեդային,հարմոնիկ նյութերը համադրվում ստեղծագործության մեջ:Այս համադրությունն էլ որոշում է ձայնի բնույթը ստեղծագործության մեջ: Տեքստուրան հաճախ նկարագրվում է խտության կամ ստվարության և դիապազոնի կամ լայնության ամենափոքր և ամենամեծ քայլերի միջակայքում : Նաև տարբերվում է՝ կախված ձայների քանակից և մասերից և այդ ձայների հարաբերակցությունից: Օրինակ՝ ստվար տեքստուրան պարունակում է գործիքների բազում «շերտեր»: Այդ շերտերից մեկը կարող են լինել լարային բաժինը կամ պղնձյա փողայինները: Ստվարության վրա ազդում է նաև գործիքների քանակն ու հարստությունը: Տեքստուրայի տարածված բնորոշում է նաև նվագաբաժինների և երաժշտական գծերի քանակն ու հարաբերակցությունը:
Մոնոդիա(միաձայնություն). մեկ մեղեդի ՝(կամ եղանակ) առանց նվագակցության կամ ներդաշնակող հատվածի: Մոնոդիայի օրինակ է մոր՝ երեխայի համար երգած օրորոցայինը:
Հետերոֆոնիա. 2 և ավելի գործիքներ կամ երգիչներ նվագում/երգում են միևնույն մեղեդին, բայց յուրաքանչյուր կատարող փոքր-ինչ փոխում է մեղեդու ռիթմը և արագությունը կամ ավելացնում տարբեր զարդարանքներ: 2 բլուգրասներ, որոնք նվագում են ջութակի նույն ավանդական մեղեդին, յուրաքանչյուրը փոքր-ինչ փոխում կամ զարդարանքներ է ավելացնում այդ մեղեդուն:
Պոլիֆոնիա. (բազմաձայնություն) մի քանի իրարից անկախ,միահյուսված մեղեդային գծեր ,որոնք երգվում կամ նվագվում են միաժամանակ: Խմբերգային երաժշտությունը՝ գրված վերածննդի շրջանում, որպես կանոն, ստեղծված է այս ոճում: Պոլիֆոնիայի պարզ օրինակ է "Row, Row, Row Your Boat" երգը,որտեղ երգիչների տարբեր խմբեր սկսում են երգել ոչ միաժամանակ:
հոմոֆոնիա. (միաձայնություն) պարզ մեղեդի,որն ուղեկցվում է ակորդային նվագակցությամբ: Արևմտյան փոփ երաժշտության մեծ մասը՝ գրված 19-րդ դարից, գրված են այս տեքստուրայով: Երաժշտությունը,որը պարունակում է մեծ թվով առանձին պարտիաներ (օրինակ՝ կրկնակի կոնցերտ,որտեղ 100 նվագախմբային գործիքներ են նվագակցում շատ միահյուսված մեղեդային գծերով) համարվում է ավելի ստվար և հոծ տեքստուրա ունեցող, քան քիչ նվագաբաժիններով երկը(օրինակ՝ մենակատար ֆլեյտայի մեղեդին,որին նվագակցում է մեկ թավջութակ):
Պատմություն
Ենթադրվում է, որ ժամանակակից մարդը ի հայտ է եկել Աֆրիկայում` մոտ 160 000 տարի առաջ: Մոտ 50 000 տարի առաջ մարդիկ բնակվեցին կյանքի համար հարմար բոլոր մայրցամաքներում: Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում նաև առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ, պատմաբանները եկել են այն եզրակացության, որ երաժշտությունը պետք է լիներ Աֆրիկայի առաջին մարդկանց մոտ, մինչև իրենց տարածումը Երկրով: Ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար դարձել է ամբողջ մոլորակում մարդկանց կյանքի անբաժանելի մասը:
Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ։ Դրա օրինակներ են ծառայում ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, 4000 տարեկան է։
Ֆլեյտան գիտնականների կողմից գրանցված ամենահին երաժշտական գործիքն է։ Մի օրինակ հայտնաբերվել է քանդակների կողքը, որոնք ստեղծվել են մ.թ.ա. 35-40 հզ. տարի առաջ:
Երաժշտությունը արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած են ձայնը և լռությունը։ Երաժշտության ընդհանուր տարրերն են ձայնի բարձրությունը, ռիթմը, դինամիկան և տեմբրի և կառուցվածքի երաժշտական հատկանիշները։ Երաժշտության ստեղծումը, կատարումը, նշանակությունը և նույնիսկ սահմանումը փոփոխվում է՝ կախված մշակույթից և սոցիալական կոնտեքստից։ Երաժշտությունը ունի մի շարք ձևեր՝ իմպրովիզացիոն երաժշտությունից մինչև ալեատորիկ ձևեր։ Երաժշտությունը բաժանվում է ժանրերի և ենթաժանրերի, չնայած որ բաժանված ճյուղերն ու նրանց միջև առկա փոխհարաբերությունները հաճախ ճկուն են, երբեմն կախված են անձնական մեկնաբանությունից և երբեմն հակասական։ Երաժշտությունը համարվում է կատարողական, գեղարվեստական և լսողական արվեստ: Կարելի է նաև առանձնացնել արտ երաժշտություն և ֆոլկ երաժշտություն։ Առկա է նաև խիստ կապ երաժշտության և մաթեմատիկայի միջև։ Երաժշտությունը կարող է կատարվել և ունկնդրվել, այն կարող է դրամատիկ գործի կամ ֆիլմի մաս լինել, կամ կարող է ձայնագրվել։ Տարբեր մշակույթներ կրողների համար երաժշտությունը ապրելակերպի կարևոր ձև է։ Հին հույն և հնդիկ փիլիսոփաները երաժշտությունը սահմանում են որպես հնչերանգներ, որտեղ մեղեդիները դասավորված են հորիզոնական կերպով, իսկ հարմոնները՝ ուղղահայաց կերպով։ Այնուամենայնիվ, 20-րդ դարի երաժիշտ-ստեղծագործող Ջոն Քեյջը կարծում էր, որ ցանկացած հնչյուն կարող է երաժշտություն լինել։ Երաժշտագետ Ժան Ժակ Նատիզը ամփոփում է մի հարաբերական, հին տեսակետ-"Երաժշտության և աղմուկի միջև եղած սահմանը միշտ մշակութային սահմանում ունի. նույնիսկ միևնույն հասարակության մեջ այդ սահմանը միևնույն տեղով չի անցնում: Մի խոսքով, հազվադեպ է կոնսեսուս լինում: Բոլոր հաշվարկներով, չկա որևէ միջմշակութային և միևնույն համընդհանուր գաղափար՝ ըստ որի կտրվի երաժշտության մասին սահմանումը:"
Աստվածաշնչյան հիշատակումներ
Երաժշտության և թատրոնի գիտնականները, որոնք ուսումնասիրություններ են անում Սեմիտական և վաղ հրեա-քրիստոնեական պատմության և մարդաբանության վերաբերյալ, ընդհանուր կապեր են հայտնաբերել թատերական և երաժշտական գործունեություններում եբրայեցիների և հույների և հռոմեացիների դասական մշակույթների միջև։ Կատարման ընդհանուր մասը բացահայտվել է "սոցիալական երևույթ՝ լիթանիումում". աղոթք, որը կազմված է աղաչանքների ու պաղատանքների շարքից։