Просмотр содержимого документа
«Ֆրանսերենի ուսուցման առանձնահատկությունները տարրական դասարաններում»
1.Ֆրանսերենի ուսուցման առանձնահատկությունները տարրական դասարաններում
Օտար լեզուն, որպես ուսումնական առարկա, նպաստում է սովորողների ընդհանուր կրթությանը, զարգացնում նրանց ճանաչողական կարողությունները, խոսքն ու մտածողությունը: Օտար լեզվի տիրապետումը նպաստում է նաև աշխարհագրությունից, պատմությունից, գրականությունից սովորողների պատկերացումների հարստացմանը: Օտար լեզուն մայրենի լեզվի հետ միասին խթանում է դպրոցականների խոսքային և ընդհանուր զարգացումը, կատարելագործում է նրանց հաղորդակցական մշակույթը: Դպրոցականներին սովորոցնելով կարդալ, ունկնդրել, խոսել և գրել օտար լեզուներով, թարգմանել մի լեզվից մյուսը, մենք հնարավորություն ենք ընձեռում հաղորդակցվել այլ ազգերի հետ` միավորելու համար ջանքերը`հանուն երկրի խաղաղության և կյանքի պահպանման: Օտար լեզուների ուսուցման բովանդակային միջուկը ներառում է. – Թեմատիկա` ըստ շփման, հաղորդակցության հիմնական ոլորտների: -Լեզվական նյութ (օտար լեզուների ուսուցման կարևոր նպատակներից են, հնչյունաբանություն, բառապաշար, քերականություն): - Խոսքային նյութ (խոսքային նմուշներ և կաղապարներ, կայուն բառակապակցություններ, տեքստեր): - Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ: Տարրական դպրոցում քերականական նվազագույնը դրսևորվում է հիմնականում խոսքային նմուշների միջոցով: Վերջիններս իրենց կոնկրետ իմաստից բացի ունեն նաև ընդհանրացված իմաստ, ինչը հնարավորություն է տալիս ըստ տրված նմուշի նմանատիպ այլ նախադասություններ կազմել: Օրինակ` ''Ես քույր ունեմ'' նմուշի հիման վրա սովորողը կարող է բազմաթիվ տարբերակներ ստեղծել. ''Ես քույր և եղբայր ունեմ'': ''Նա երկու քույր ունի'': ''Նրանք փոքրիկ շուն ունեն'' և այլն: Բանավոր և գրավոր խոսքում լեզվական նյութի օգտագործումը պետք է համապատասխանի լեզվի գործնական տիրապետման խնդիրներին: Այս դեպքում առաջնային է դառնում վերերտադրողական (պրոդուկտիվ) բառապաշարի և քերականական կառուցվածքների ուսուցումը, որոնք օգտագործվում են խոսելու և գրելու ընթացքում: Իսկ ընկալողական (ռեցեպտիվ) բառապաշարն ու քերականական կառուցվածքները, որոնք ծավալով շատ ավելի մեծ են, սովորողները պետք է հասկանան ունկնդրելու և ընթերցելու ընթացքում: 3-րդ դասարանում կարևորվում է բանավոր դասընթացի ժամանակահատվածը: Չի կարելի (կամ` թույլատրվում) բանավոր դասընթացին զուգահեռ ուսուցանել նաև տառերը, որովհետև նման պարագայում կանտեսվի առարկայի նկատմանբ հետաքրքրություն առաջացնելու և առարկայի ուսուցման համար ամուր հիմք նախապատրաստելու սկզբունքը: Նախ` անհրաժեշտ է մարզել երեխայի արտասանական ապարատը, ընտելացնել նրան ֆրանսերենի հնչյուններին, ձևավորել որոշակի բառապաշար, ապա նոր միայն անցնել տառուսուցման: Ֆրանսերենի տարրական դասարանների դասագրքերը հիմնականում նպատակաուղղված են սովորողներին տառաճանաչ դարձնելու, ընթերցանության տեխնիկա ձևավորելու, պարզ թեմաների շուրջ զրույց վարելու, մատչելի հաղորդումներ հասկանալու կարողությունների ձևավորմանը: 3-րդ և 4-րդ դասարաններում ուսուցչի առաջնային նպատակն է` զարգացնել աշակերտի բանավոր և գրավոր հաղորդակցական հմտություններն ու կարողությունները: Սովորողները պետք է ըստ իրադրությունների կարողանան նախատեսված թեմաների շուրջ, լեզվական նյութի սահմաններում, ընթերցել, ունկնդրել, ինքնուրույն մտքեր հաղորդել: Այս առումով տարրական դասարանների դասագրքերը ապահովում են երեխաների գործուն մասնակցությունը դասապրոցեսին թե անհատական, թե խմբերով և թիմերով: Օտար լեզվի դասապրոցեսը պետք է պլանավորել և կառուցել այնպես, որ ոչ թե ուսուցիչն իր իմացածը մատուցի որպես պատրաստի գիտելիք, այլ կարողանա ապահովել աշխատանքային այնպիսի պայմաններ, որպեսզի սովորողը իր սեփական աշխատանքի միջոցով հասնի գիտելիքի ձեռքբերմանը: Ուսուցչի հմտությունն այն է, որ կարողանա սովորողին դնել այնպիսի իրավիճակում, որ նա ասի այն, ինչ անում է և անի այն, ինչ ասում է: Մեր աշխատանքի կարևոր խնդիրներից մեկը համարվում է ստացած գիտելիքը գործնականում կիրառելու կարողությունների ձևավորումն ու զարգացումը: Երրորդ դասարանում նախաայբբենական շրջանին հատկացված 12 ժամերի ընթացքում դասագրքի պատկերազարդ հեքիաթների թեմաները հնարավորություն են տալիս սովորողների մոտ ձևավորել անհրաժեշտ փոքրածավալ բառապաշար տարրական հաղորդակցական իրադրություններում կիրառելու համար: Նախաայբբենական շրջանում ներմուծվում են պատրաստի խոսքային նմուշներ, քերականական կառույցներ` առանց դրանց մասին բացատրություններ տալու: Այս շրջանում ուսուցիչը շատ աշխատանք պետք է տանի հնչյունների ճիշտ արտասանության ուղղությամբ` կատարելով հնչյունների, բառերի անսխալ արտաբերմանը նպաստող վարժություններ: Տարրական դասարաններում ֆրանսերենի ուսուցմանը նպաստում են փոքրիկ բանաստեղծությունները, երգերը,խաղերը, որոնք կարող են օգնել անհրաժեշտ բառապաշարի ներմուծմանն ու ամրապնդմանը: Դրանք լավագույն միջոց են ցածր տարիքի երեխաների մոտ լեզվի նկատմամբ հետաքրքրություն և սեր առաջացնելու, ինչպես նաև դասապրոցեսի արդյունավետությունը բարձրացնելու համար: Ֆրանսերենի ուսուցման սկզբնական շրջանը ամենապատասխանատուն է, քանի որ այստեղ է դրվում հետագա կրթության համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների հիմքը: Ֆրանսերենին տիրապետելու հաջողությունը կախված է լեզվի ուսուցման ճիշտ դրվածքից և նրա գործնական ուղղվածությունից: Սկզբնական շրջանում են ձևավորվում, զարգանում և մշակվում շրջապատն ու շրջապատող մարդկանց ճանաչելու, դիմացինի ասածը հասկանալու, հարցերին պատասխանելու, ինքնուրույն արտահայտվելու, զրույցի մեջ մտնելու հմտություններն ու կարողությունները:
Գրականություն`
Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր:
Լեզուների իմացության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում: