Просмотр содержимого документа
«Մթնոթորտային տեղումներ։»
Մթնոլորտային տեղումներ
Ամպերում ջրային գոլորշիները սառչելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների:
Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնոլորտային տեղումներ:
Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:
Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպքում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:
Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °c-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնականում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաններում, պարզկա գիշերային ժամերին:
Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերներին, երբ օդի ջերմաստիճանը 0 °c-ից ցածր է:
- Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջանում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրացող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորանոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափվում են Երկրի վրա: