Գրաբարի այբուբենը գրեթե նույնն է, ինչ որ աշխարհաբարինը, միայն պետք է նկատի ունենալ, որ գրաբարի այբուբենում եղած ւ-ը (վյուն) որպես առանձին տառ աշխարհաբար-ի հայաստանյան վերափոխված արդի այբուբենից դուրս է հանված, իսկ այն շարունակվում է գործածվել Սփյուռքում (արևմտահայերենում և Իրանում, որտեղ նախախորհրդային արևելահայերեն ուղղագրության ավանդույթները շարունակվում են)։ Գրաբարի վաղ շրջանում չի եղել ֆ հնչյուն և տառ, այն այբուբենի մեջ է մտել միջնադարում. միջնադարում է մտել նաև օ տառը։ (Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն է՝ ա, բ, գ, դ, ե, զ, է, ը, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, ո, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, ւ, փ, ք)։
Գրաբարի ուղղագրությունն ու արտասանությունը լեզուն գրի առնվելու սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, ճշտիվ համապատասխանել են միմյանց, այսինքն, ամեն մի հնչյուն գրվել է միայն մեկ տառով, և ամեն մի տառ ունեցել է միայն մեկ հնչյուն (արտասանություն)։ Հետագայում շատ բառերի մեջ այս կամ այն հնչյունը կամ հնչյունները պատմականորեն փոխվել են, բայց ուղղագրությունը մնացել է նույնը[4]։
Յ տառը բառասկզբում արտասանվում է հ, որ պահպանվում է բարդության և ածանցման մեջ. օրինակ՝ յորդ-հորդ, յոգնակի-հոգնակի, յայտնի-հայտնի, անյայտ-անհայտ։ Բառավերջում յ-ն չի արտասանվում՝ ընծայ, տղայ, ձուլածոյ-ընծա, տղա, ձուլածո։ Բացառություն են կազմում մի քանի միավանկ բառեր, որոնց վերջում յ-ն արտասանվում է՝ հայ, նայ, վայ, խոյ, Նոյ։
Ւ (ւ) տառը բառավերջում, երկու ձայնավորների միջև և ւո կապակցության մեջ արտասանվում է վ։ Օրինակ՝ նաւ, թիւ, հիւանդ, որդւոց - նավ, թիվ, հիվանդ, որդվոց։
Ու տառը ձայնավորից առաջ արտասանվում է վ։ Օրինակ՝ նուազ-նվազ, լեզուի-լեզվի։ Բացառություն են կազմում ու լծորդությամբ բայերի անցյալ անկատար ձևերը, որոնց մեջ ու տառը հաջորդ ձայնավորից առաջ պահում է ձայնավոր ու հնչյունը։ Օրինակ՝ հեղուի, հեղուիր, հեղուարք արտասանվում է նույն կերպ կամ հեղույի, հեղույիր, հեղույաք։
Երկբարբառներ
Գրաբարն ունեցել է երկբարբառներ՝ այ, աւ, եա, եւ, իւ, ոյ, ու, ւո, սակայն ոչ այն արժեքով, ինչպես պատկերացվել է մասնագիտական գրականության մեջ։
Ձայնորդներից երկբարբառների կազմությանը մասնակցել են միայն յ և ւ հնչյունները։
Երկբարբառների պարզեցման միտումը նկատվել է եվրոպական մի շարք լեզուներում, ինչպես նաև գրաբարի ուշ շրջանում։ Այդ իսկ պատճառով հայերենի երկբարբառները վերածվել են պարզ հնչյունների (աւձ-օձ, իւր-իր, ալեւր-ալյուր, լոյս-լույս, գրեաց-գրեց և այլն