Просмотр содержимого документа
«Գրականություն, 8»
Բառագործածության սխալներ
§ 1. Ազատել — ազատագրել Ազատել֊ի իմաստը բավականաչափ ընդարձակ է․ մեկին ազատել վտանգից, բանտից, գերությունից…, ազատել (թողնել) դասարանը, շենքը, տարածքը…, նաեւ՝ թշնամիներից ազատել երկիրը, հայրենիքը… Հենց այս վերջին դեպքում ավելի ճշգրիտ է ազատագրել֊ը, որ նույն ազատել֊ն է, բայց՝ պայքարով, կռվով, պատերազմով։
Այնուամենայնիվ, եթե սխալ չէ ազատագրել֊ի փոխարեն գործածել ազատել֊ը («Մեր ժողովուրդը դարերի պայքարով ազատվեց//ազատագրվեց օտարի լծից»), ապա հակառակը անճիշտ պիտի համարել, ինչպես՝ «Դատապարտվածները վերջապես ազատագրվեցին (փոխանակ՝ ազատվեցին) բանտից»։
§2․ Ազգային — ազգայնական — ազգայնամոլ — ազգասեր Ազգային նշանակում է ազգին, այդ ժողովրդին վերաբերող, առնչվող կամ նրան հատուկ, պատկանող։ Արեւմտահայերենում գործածվում է նաեւ «ազգի գործերով զբաղվող անձ» նշանակությամբ։
Ազգայնական֊ը արդեն գոյական է եւ ասվել է իր ազգային շահերը ամենից ու ամեն ինչից վեր դասող, միաժամանակ՝ ազգային բացառիկություն ու գերազանցություն քարոզող գործչի համար։ Համարժեք է օտար նացիոնալիստ֊ին․ «Ազգայնականները միայն իրենց ազգն են աստվածատուր համարում»։ Ոմանք հիմա ազգայնական֊ի մեջ ուզում են միայն դրական բովանդակություն տեսնել՝ «ազգին ամբողջովին նվիրված», իսկ բացասական իմաստով գործածել միայն ազգայնամոլ֊ը։ Բայց ազգայնամոլ֊ը գործածվել է «թունդ, մոլեռանդ ազգայնական»֊ի համար եւ համարժեք է դիտվել օտար շովինիստ֊ին։
Այդպես էլ թող մնա, ազգայնական = նացիոնալիստ, ազգայնամոլ = շովինիստ։ Իսկ «ազգի շահերով տարված, ազգային հոգսերով խորապես ապրող», այսինքն՝ ամբողջովին դրականորեն բնութագրվող գործչի համար ունենք ազգասեր, ազգի նվիրյալ, ազգանվեր բառերը։ Ուստի սխալ համարենք՝ «Մեր ազատության համար մարտնչաց ազգայնականները (փոխ․ ազգի նվիրյալները, ազգասերները) ատելությամբ լցված չեն եղել այլ ժողովուրդների հանդեպ»։