Просмотр содержимого документа
«Գրականություն, 8»
§10․ Գործառություն — գործառնություն
Գործառություն֊ը, որի նույնանիշը գործառույթ֊ն է, որեւէ մեկի կամ մի բանի կատարած դերն է, օտար բառով՝ ֆունկցիան, ինչը կարող է փոխվել հանգամանքների փոփոխության համաձայն։ Օրինակ՝ «Նրա գործառույթը առայժմ միայն հեռախոսազանգերին պատասխանելն է»։ Կամ այս նախադասության մեջ՝ «Հայերենում ա հոդակապը, որ ինքնին իմաստազուրկ է, որոշ բառազույգերում (հրձիգ — հրաձիգ, փոխնորդ — փոխանորդ, քարհատ — քարահատ) իմաստազատիչ գործառույթ // գործառություն (=ֆունկցիա) ունի»։
Գործառնություն֊ը տնտեսական֊ֆինանսական֊առեւտրային գործողություն (=օպերացիա) է նշանակում։ Մեծ մասամբ այն կարող ենք փոխարինել գործարք֊ով։ Այսպես՝ «Հայարդինբանկը նոր գործառնույթներ (=գործարքներ) է նախատեսում Ռուսաստանի մի քանի բանկերի հետ»։ Գործառնություն֊ը, ուրեմն, ֆինանսական գործարք֊գործողությունն է։
§11․ Դիտել — դիտարկել
Քննել — քննարկել
«Մենք դիտում ենք աստղերը» եւ «Մենք դիտարկում ենք աստղերը»։ Առաջինում սովորական գործողությունն ենք հասկանում, երկրորդում նշանակում է նշանակում է դիտելու առարկա դարձնել, դիտել որոշակի նպատակով՝ հետազոտելու, ուսումնասիրելու, ճանաչելու, քննելու — քննարկելու… Ահա այս զույգը եւս տարբերակման կարիք ունի, մանավանդ որ դիտել — դիտարկել֊ի համեմատ սրանց գործառույթները համարյա նույնանում են, ինչպես՝ «Հարցը պետք է ըստ ամենայնի քննել // քննարկել»։ Այս նախադասության մեջ եթե քննել֊ը գործածենք, ապա ուզում ենք առավելապես կարեւորել, որ հարցը պետք է բոլոր կողմերից ուսումնասիրել, հետազոտել, պարզել, խորացնել… Իսկ եթե քննարկել֊ը թողնենք, ապա առավելապես շեշտում ենք այն, որ հարցը քննության առարկա պիտի դարձնել, տարբեր անձանց կարծիքներն ու տեսակետնգրը լսել, մտքեր փոխանակել եւ այլն։
Քննել֊ի մյուս կիրառությունները սովորական են, քննում են ուսանողին ու նրա գիտելիքները, քննում֊հարցաքննում են ամբաստանյալին… Վերջապես, քննել կարող է թե մեկ անձը, թե՝ մի քանիսը, իսկ քննարկել֊ը անպայման ենթադրում է առնվազն երկու հոգու մասնակցություն։ Ուստի, հետեւյալ նախադասության մեջ եթե քննել֊ի գործածությունը սխալ չէ, ապա նախընտրելին քննարկել֊ն է․ «Քննարկում են ամբաստանյալին պատժելու կամ ազատելու հարցը»։ Իսկ «Հավաքվել ու քննարկում են գրողի գիրքը թե պիեսը, ռեժիսորի բեմադրությունը, նկարչի նոր կտավը, կոմպոզիտորի օպերան…», արդեն քննել֊ը գործ չունի, միայն՝ քննարկել։
§12․ Երախտիք — երախտագիտություն
Երախտիք֊ը լավ, բարի գործն է, որ մնում է ու դառնում վաստակ, բարձր գնահատության արժանի աշխատանք։ Ասենք՝ «Մ․ Սարյանը մեծ երախտիք ունի հայ կերպարվեստը աշխարհի հանրությանը ներկայացնելու գործում»։, «Տիգրան Պետրոսյանի երախտիքը շախմատային Հայաստանում անուրանալի է»։
Երախտիք ունեցող անհատներին էլ կոչում են երախտավոր։ Ասում ենք՝ «Ռաֆայել Իսրայելյանը մեր ճարտարապետության երախտավորներից է»։
Ահա, այդպիսի մարդկանց նկատմամբ էլ մենք երախտագիտության զգացում ունենք (կամ՝ համակվում ենք երախտագիտությամբ)։ Ուրեմն՝ երախտագիտություն֊ը այդ երախտիքը տեսնելու ու գնահատելու ընդունակ լինելն է։ Երախտիք ունեցող գիտնականի, արվեստագետի, ուսուցչի կամ շինարարի հանդեպ տոգորվում ենք երախտագիտության զգացումով։
Ավելացնենք, որ մեկի երախտիքը՝ վաստակը տեսնողն ու գնահատողը երախտագետ մարդ է, իսկ երախտիքը, լավությունը չտեսնողը կամ մոռացողը՝ երախտամոռ։