Просмотр содержимого документа
«Հաղորդակցական կարողությունների ձևավորումը և զարգացումը որպես ֆրանսերենի ուսուցման հիմնական նպատակ»
1.Հաղորդակցական կարողությունների ձևավորումը և զարգացումը որպես
ֆրանսերենի ուսուցման հիմնական նպատակ
Օտար լեզուները մայրենի լեզվի հետ միասին կազմում են բանասիրության հանրակրթական ոլորտը, որոնք շփման ու հաղորդակցման, ինչպես նաև տարբեր մշակույթների փոխազդեցության կարևորագույն միջոց են: Օտար լեզուների իմացությունը նպաստում է անձի հաղորդակցական կարողությունների զարգացմանը, միջմշակութային փոխըմբռնմանը, բնության ու ժամանակակից աշխարհի մասին առավել ամբողջական գիտելիքներ ստանալուն, գեղագիտական, համամարդկային և ազգային արժեքների գիտակցմանը,պահպանմանը և փոխանցմանը: Այսօր խիստ կարևորվում է լայն իմաստով ինտեգրումը գիտելիքների ամենատարբեր, ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական ոլորտների ուսումնական առարկաների միջև, քանի որ լեզուն` որպես հաղորդակցության միջոց, ոչ միայն հնարավորություն է ընձեռում ամենատարբեր բնագավառներից տեղեկատվություն և գիտելիքներ ձեռք բերել, այլ նաև նպաստում է սովորողների տրամաբանական, վերլուծական մտածողության զարգացմանը, ծանոթացնում է ճանաչողության համապատասխան մեթոդներին: Օտար լեզվով շփումը կարգավորում է անհատի վարքը, խթանում է այս կամ այն խոսքային գործունեությունը, համագործակցությունը: Հանրակրթական դպրոցներում «օտար լեզու» առարկայի դասավանդումը նպատակաուղղված է հիմնականում սովորողների հաղորդակցական իրազեկության ձևավորմանը, որը ներառում է հետևյալ բաղադրիչների ամբողջությունը. .լեզվական-խոսքային կարողություններ .հանրամշակութային կարողություններ .գործաբանական կարողություններ .փոխհատուցման կարողություննոր .ուսումնաճանաչողական կարողություններ .Լեզվական իրազեկությունը ներառում է գիտելիքներ ու կարողություններ տվյալ լեզվի հնչյունաբանության, բառապաշարի, ուղղագրության, քերականության, շարահյուսության, ինչպես նաև լեզվական միավորների օգտագործման վերաբերյալ: .Խոսքային իրազեկությունը ենթադրում է սովորողի հաղորդակցական կարողություննորի զարգացում`խոսքային գործունեության հիմնական ձևերի (ունկնդրել, խոսել, կարդալ և գրել), ինչպես նաև լեզվական միջնորդության (թարգմանության) ոլորտներում: .Հանրամշակութային իրազեկությունն անմիջականորեն ազդում է տարբեր մշակույթների ներկայացուցիչների հաղորդակցության վրա: Այն առնչվում է լեզվի օգտագործման հասարակական և մշակութային պայմաններին: Սովորողները պետք է որոշակի գիտելիքներ ունենան այն հանրության մշակույթի ու հասարակական կյանքի մասին, որտեղ խոսում են տվյալ լեզվով: .Գործաբանական իրազեկությունն առնչվում է լեզվական միավորների իրադրային գործածության հետ`հաղորդակցական փոխներգործության կանոննորին համապատասխան: Այն առնչվում է նաև խոսույթի ստեղծման կարողություններին, խոսքի կապակցվածությանը, տեքստի տեսակների, ձևերի, ոճի ճանաչմանը: .Փոխհատուցման իրազեկությունը ենթադրում է լեզվական միջոցների անբավարար իմացության պայմաններում դժվար իրավիճակից տարբեր միջոցներով դուրս գալու կարողություն. – հարցնել, խնդրել, որ չհասկացած բառը բացատրեն այլ բառերով, - անծանոթ բառի իմաստը կռահել այլ լեզուներից ծանոթ բառերի կամ բառի բաղադրիչների օգնությամբ, - չիմացած բառը փոխարինել հոմանիշով, - խոսքը լրացնել ոչ լեզվական միջոցներով (շարժումներ, դիմախաղ) և այլն: .Ուսումնաճանաչողական կարողություննորը գործունեության նոր ձևեր դիտարկելու և դրանց մասնակցելով փորձառություն ձեռք բերելու ունակությունն է: Լեզուներ սովորելու ունակությունները մշակվում են ուսումնառության ընթացքում: Դրանք թույլ են տալիս սովորողին ավելի արդյունավետ և ինքնուրույն հաղթահարել լեզուներ սովորելու ընթացքում ծագող նոր խնդիրները, տեսնել դրանց լուծման տարբերակները: Ուսումնաճանաչողական կարողությունները ենթադրում են ծանոթացնել սովորողին ճանաչողության մեթոդներին և ձևավորել դրանք գործնականում կիրառելու կարողություններ և հմտություններ: Հանրակրթական դպրոցում ֆրանսերենի ուսուցումը պետք է հիմնված լինի լայն հանրամշակութային համատեքստի վրա, ինչպես նաև ուղղված լինի ուսուցման հաղորդակցական նպատակի իրագործմանը: Այդ նպատակն ապահովում է իրական գործնական արդյունք, այն է` օտար լեզվով հաղորդակցության հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում: Ուսումնադաստիարակչական ամբողջ գործընթացը օտար լեզուների ուսուցման պարագայում ուղղված է հաղորդակցական իրազեկության ձևավորմանը, որը դիտարկվում է որպես օտար լեզուների ուսուցման գլխավոր նպատակ և իրականացվում է հանրակրթական դպրոցի բոլոր աստիճաններում (տարրական, միջին և ավագ): Ուսուցման հաղորդակցական ուղղվածությունն ի հայտ է գալիս արդեն երրորդ դասարանում ինչպես խոսքի բառապաշարային, քերականական և հնչյունաբանական կողմերի ուսուցման ընթացքում, այնպես էլ խոսքային գործունեության բոլոր տեսակներում: Այսպիսով, հաղորդակցական իրազեկությունը բարդ, բազմաբաղադրիչ երևույթ է, որի բոլոր բաղադրիչները հանդես են գալիս միասին, որպես մեկ ամբողջություն: Սովորողների բանավոր և գրավոր արդյունավետ հաղորդակցությունն ապահովելու համար այն անհրաժեշտ է ձևավորել ու զարգացնել ուսուցման բոլոր աստիճաններում:
Գրականություն`
Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր:
Լեզուների իմացության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում: