Դասի մեթոդական նկարագրություն
Քաղաք Աբովյան թիվ 7 հիմն. դպրոց ,դասվար՝ Գ. Խաչատրյան
Համագործակցային դասի օրին
Ուսուցման ժամանակակից մեթոդների հիմքում ուսուցման գործընթացում սովորողի ինքնուրույնությունն է, նրա անմիջական, ակտիվ մասնակցությունը այդ գործընթացին: Համագործակցային ուսուցման ժամանակ սովորողը պասիվ ընկալողից վերաճում է հայտնագործողի, հետազոտողի, հետաքրքրասերի: ՈՒսումնական ծրագրի կարևոր գործառույթներից մեկը հետազոտական, ստեղծագործական աշխատանքի խթանումն է: Ուսումնական ծրագիրը իրականացվում է նախագծերով, որոնք կազմում է դասվարը: Նախագծային աշխատանքն էլ ենթադրում է սովորողի ինքնուրույն գործունեություն, որը որոշակի ժամանակահատվածում (օր, շաբաթ, ամիս) կարող է իրականացվել անհատապես, զույգով կամ խմբով:
Այս դեպքում ուսուցիչը դառնում է կազմակերպիչ, խորհրդատու, համակարգող: Նախագծային աշխատանքը համակարգելու համար արդյունավետ է կիրառել ուսուցման փոխներգործուն (ինտերակտիվ) մեթոդներ:
Փորձեմ ներկայացնել ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառմամբ դասի մեթոդական նկարագրություն՝ Ես և շրջակա աշխարհը առարկայից , երկրորդ դասարան:
Թեման՝ Կենդանիներ և թռչուններ:
Ընթացքը՝ Զրույցի մեթոդն օգտագործելով՝ սովորողներին առաջադրվում են հարցեր կենդանիների, թռչունների մասին. ի՞նչ կենդանիներ եք ճանաչում, ինչպիսի՞ թռչուններ գիտեք, ի՞նչ կարող եք պատմել նրանց մասին, ի՞նչ է հետաքրքրում և այլն: Այս փուլում ուսուցիչն էլ կարող է որոշ տեղեկություններ հաղորդել, ասենք, օրինակ, թե ինչ կազմակերպված ու հետաքրքիր է կենդանիների կյանքը, ինչպես կարող է թռչունը սնվել, ինչպես կարելի է թռչունի միջոցով կռահել եղանակը, և այլն: Զրույցի մեթոդի շնորհիվ սովորողների ուշադրությունը սևեռվում է այն բանի վրա, թե ինչքան հետաքրքիր ու զարմանալի է թռչունների ու կենդանիների աշխարհը:
Դրանից հետո սովորողները բացում են էլեկտրոնային հասցեները, որոնց վրա ուսուցիչը նախապես ուղարկել է բանաստեղծությունը: Սովորողներն իրենց անհատական նեթբուքերով էլեկտրոնային հասցեից ներբեռնում են այն և ընթերցում:
Հաջորդ փուլում նպատակահարմար է կիրառել փոխներգործուն գրառումների համակարգ մեթոդը, որն արդյունավետ է կարդալու միջոցով նյութի ընկալման ընթացքը վերահսկելու համար: Ընթերցելով նյութը՝ սովորողները նշումներ են կատարում: Ուսուցիչը հանձնարարում է բանաստեղծության մեջ հանդիպող ծանոթ թռչուններն ու կենդանիները ներկել դեղին գույնով, իսկ անծանոթները՝ կարմիր:(Կարծում եմ, նեթբուքով աշխատելիս ավելի հարմար է V, + նշանների փոխարեն օգտագործել ներկելը:)
Կրտսեր դպրոցի սովորողների հետ աշխատելիս նպատակահարմար է օգտագործել ՓԳՀ-ի երկու կամ երեք նշաններ:
Այնուհետև կարելի է կազմակերպել զույգերով, խմբերով մտքերի փոխանակություն, նյութի քննարկում կամ բանավեճ: Քննարկվում են բոլոր ծանոթ թռչուններն ու կենդանիները, յուրաքանչյուրը պատմում է իր իմացածը: Էլեկտրոնային գրատախտակին երկու խմբով գրում ենք ծանոթ և անծանոթ թռչունների և կենդանիների անունները:
Ուսուցիչն առաջարկում է ուսումնասիրություն սկսել բանաստեղծության մեջ հանդիպող բոլոր կերդանիների և թռչունների մասին:
Այս փուլում նպատակահարմար է կիրառել խճանկարի մեթոդը: Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ սովորողները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց ընկերներին:
Սովորողները բաժանվում են հենակետային խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի փորձագետ: Փորձագետներն ուսումնասիրում են իրենց ենթաթեման, հավաքում են տեղեկատվություն:
Խմբերը կարող են ձևավորվել մի քանի եղանակներով: Ուսուցիչը յուրաքանչյուր խմբի տալիս է հանձնարարություններ: Մի խումբը տեղեկություններ է հավաքում ընտանի թռչունների մասին, մյուսը՝ չվող, երրորդը՝ վայրի կենդանիների, չորրորդը՝ ընտանի կենդանիների մասին:
Դասվարը սովորողներին բացատրում է բառարաններից, համացանցի որոնողական համակարգերից օգտվելու կարգը, առաջարկում է ներգրավել ծնողներին, ընտանիքի մյուս անդամներին՝ օգնելու օտարալեզու կայքերից կամ գրականությունից օգտվելու համար: Աշխատանքի կատարման համար տրվում է որոշակի ժամանակ:
Խմբի անդամները աշխատանքի բաժանում են կատարում: Էլեկտրոնային փոստի միջոցով խմբի յուրաքանչյուր անդամ մյուսներին է ուղարկում իր աշխատանքը: Երբ աշխատանքն ավարտուն տեսք է ստանում, ներկայացնում են ամբողջ դասարանին: Բոլոր աշխատանքները տեղադրվում են դասարանական բլոգի համապատասխան էջում: Վերջին փուլը ընթերցարան-տեղեկատուի ստեղծումն է: Բոլոր աշխատանքները ի մի են բերվում մեկ ընդհանուր էլեկտրոնային գրքի մեջ, որը կարելի է ներկայացնել Powerpoint ծրագրով: Յուրաքանչյուր թռչունի,կենդանու անվանման վրա տեղադրվում է բլոգի համապատասխան հղումը: Արդյունքում ստացվում է հետաքրքիր, նկարազարդ, տեղեկություններով լի էլեկտրոնային ընթերցարան՝ Մեր բարեկամները:
Ակնկալվող արդյունքներ.
ü նյութի բազմակողմանի և խորը ուսումնասիրություն
ü հոգատար վերաբերմունք շրջապատող կենդանական աշխարհի նկատմամբ
ü բառարաններից, համացանցից, հանրագիտարաններից, գրքերից տեղեկություններ հավաքելու հմտությունների ձևավորում
ü հաշվետու լինելու կարողության և անձնական պատասխանատվության ձևավորում
ü հաղորդակցման հմտությունների ձևավորում
ü համագործակցային մթնոլորտի ստեղծում
ü զարգանում է սովորողի պատասխանատվության զգացումը, միմյանց հաշվետու լինելու հատկությունը՝ խմբի ընդհանուր հաջողությունն ապահովելու հարցում:
Վերջում ուզում եմ ավելացնել, որ ուսուցման ժամանակակից մեթոդներից շատերն ինքնաբերաբար օգտագործում ենք ուսումնական գործընթացի ընթացքում՝ շատ հաճախ չիմանալով նույնիսկ մեթոդի անվանումը:
Реклама