Համահայկական խաղեր
1999 թվականի օգոստոսին Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցվեց Երեւանի «Հրազդան» մարզադաշտ, որտեղ օլիմպիական խաղերի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանը բոցավառեց խաղերի ջահը: Այսպես, Համահայկական առաջին խաղերի սկիզբը դրվեց:
Մտահաղացումը ծնվել էր ավելի վաղ՝ դեռ Խորհրդային Միության վերջին տարիներին, երբ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապն ընդլայնվել էր: 1990թ. հոկտեմբերին Երեւանում Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում կայացած խորհրդակցությունը որոշեց 1992թ. հուլիսի 15-30-ը Երեւանում անցկացնել Համահայկական Նավասարդյան մարզական առաջին խաղերը չորս մարզաձեւերից՝ ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ: Մեկ ամիս անց Հայաստանի կառավարությունը փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանի ստորագրությամբ իր համաձայնությունը տվեց, սակայն այդ խաղերը այդպես էլ չանցկացվեցին, քանի որ Հայաստանն ու Արցախը ներքաշվեցին արյունալի պատերազմի մեջ:
Արցախյան զինադադարից հետո Համահայկական խաղեր անցկացնելու մտահաղացումը կրկին բերվեց օրակարգ: 1994-ին Հայաստանի արտգործնախարարությունում ստեղծվեց նախաձեռնող խումբ, իսկ 1997-ի ապրիլին տեղի ունեցած հայկական մարզական կազմակերպությունների համաժողովում համաձայնություն ձեռք բերվեց ստեղծել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե, որի նախագահ ընտրվեց արտգործնախարարության դիվանագետներից Աշոտ Մելիք-Շահնազարյանը:
Հայաստանի կառավարությունը վարչապետ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ որոշում կայացրեց 1999թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երեւանում անցկացնել Համահայկական առաջին խաղերը:
Համահայկական առաջին խաղերը տեղի ունեցան 1999-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը՝ Երեւան քաղաքում: Մասնակցում էին 23 երկրների 63 քաղաքների 1141 մարզիկ-մարզուհիներ, որոնցից 529-ը Հայաստանից, 612-ը՝ Սփյուռքից:
Խաղերի աշխարհագրությունը եւ մարզաձեւերի քանակը տարեցտարի ընդլայնվեցին: Երկրորդ խաղերին, որոնք կայացան 2001-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը՝ Երեւանում, մասնակցում էին 27 երկրների 82 քաղաքների 1419 մարզիկ-մարզուհիներ, որոնցից 464-ը՝Հայաստանից, 955-ը՝ Սփյուռքից:
Просмотр содержимого документа
«Համահայկական Խաղեր»