Просмотр содержимого документа
«Հացը մեր հանապազօրյա»
Հաց
Հացը մեծագույն սրբությունն է հայ ժողովրդի համար։Իզուր չէ,որ հայը իր երդումներից մեկն է դարձրել «էս հացը վկա» խոսքը։Բոլոր ժամանակների համար հացը պահպանում է իր անփոխարինելի արժեքը՝ որպես մարդկային հասարակության հարատևության հիմնական կենսապայման։Ինչպիսի հայտնագործություններ էլ աշխարհում լինեն,հացը ոչնչով փոխարինել հնարավոր չէ։
Հայ ժողովրդի անվանադիր Հայկ Աղեղնավորի հայր Թորգոմը ցորենի սերմացուն պահում էր կարասների մեջ,որոնց բերանները փակում էր ոսկյա կափարիչներով։Դա հավաստում է,որ նա ցորենն ավելի բարձր է գնահատել,քան ոսկին։Հայոց հներն ասում էին,որ գետնին ընկած հացի կտորն ավելի շուտ պիտի վերցնել,քան նույնիսկ ոսկին։Հայ ժողովուրդը փորձով գիտե,որ հացը ոսկուց էլ թանկ է։
Բոլորը պիտի իմանան,որ ամենադժվար բանը հաց արարելն է։Մարդիկ նախ հերկում են հողը,հետո սերմն են ցանում,ապա քրտինք թափում,որ արտը կանաչի,հասունանա,հետո հնձեն,կալսեն,ցորենն աղան և հաց թխեն։Այո.հացը մինչև խանութ մտնելը,երկար ու դժվարին ճանապարհ է անցնում։Դրա համար էլ պետք է խնայողաբար և աչքի լույսի պես օգտագործեկ հացը։Առանց հացի մարդը չի կարող ապրել։
Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է։Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2-րդ հազարամյակում։Այդ են վկայում մի շարք հնավայրերի՝ Շենգավիթի,Մոխրաբլրի,Լճաշենի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները։Միջնադարյան Հայաստանում թոնիրներից բացի հացը թխում էին նաև սաջի՝ հատուկ մետաղաթիթեղի վրա։Տարածված էր,հատկապես,լավաշը,որը կարող է դիմանալ և իր սննդառությունը պահպանել մի քանի ամիս,նույնիսկ մինչև մեկ տարի։Այդ պատճառով էլ լավաշն անվանում են ամենադիմացկուն և ամենաերկարակյաց հացն աշխարհում։
Հացը Հայաստանի քաղաքներում թխում են գործարաններում։Բայց հայոց շատ գյուղերում հացը թխում են թոնիրներում,ճիշտ այնպես,ինչպես 5-6 հազար տարի առաջ։
Հազարամյակներ շարունակ ընտիր հաց թխելու համար հայերն օգտագործում էին քռիկից (գալգալոս) ստացված ընտիր ալյուրը՝ նաշիհը։