Դասի պլան
Դասարան ՝ 10.4
Ամսաթիվ՝27.01.2020
Դասի թեման,,Հայ զինվոր,,
Դասի նպատակը՝ ձևավորել գիտելիքներ հայկական բանակի վերաբերյալ,
ստեղծման պատմության և անցած ուղու։Սերմանել հայրենասիրություն։
Դասի ընթացքը
1.Մտագրոհով վերհանել բանակի մասին գիտելիքները։Կատարել լրացումներ հայկական բանակի ձևավորումից մինչ մերօրյա բանակը։
2.Դասարանը բաժանել 4խմբի և տալ բաշխիչ նյութ։
1_ին խումբ Զինծառայողի զինվորական բարեկրթությունը
2_րդ խումբ Զինծառայողի իրավունքները
3_րդ խումբ Զինծառայողի զենք կրելուիրավունքները
4_րդ խումբ Զինծառայողը պաշտպանությունում
3.Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր նյութը փոքրիկ պաստառով։
4.Նամակ հայ զինվորին։Գրում են նամակ և հավաքում ծրարի մեջ։
5.Ամփոփում ,,Զինվերի երգը,,
Կից ներկայացնում եմ նյութը:
Զինծառայողների զինվորական բարեկրթությունը
Մարդկանց հետ հարաբերություններում բարեկրթության պարզագույն նորմերի պահպանումը ոչ միայն հաճելի է ու ճիշտ, այլև խիստ անհրաժեշտ:
Բարեկիրթ լինել նշանակում է հարգանք դրսևորել քո և քեզ շրջապատողների նկատմամբ: Նմանապես, զինվորական ծառայության ընթացքում յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է պահել զինվորական քաղաքավարության ու բարեկրթության նորմերը: Յուրաքանչյուր զինծառայող պետք է զսպվածության լավագույն օրինակ լինի հասարակության մեջ, սրբորեն պահպանի զինվորական պատիվը. Զինծառայողը հավաքական կերպար է, ում վարքը արտացոլում է ոչ միայն իր, այլև պատկերացում է տալիս զինված ուժերի պատվի մասին:
Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողն ինչ դիրք ու պաշտոն է զբաղեցում, նա պարտավոր է լինել հարգալից ու զուսպ:
Բոլոր զինծառայողները ծառայության վերաբերող հարցերով միմյանց պետք է դիմեն «Դուք»-ով: Սա պարտադիր կանոն է բոլորի համար, քանի որ այս կերպ հարաբերությունները պաշտոնական բնույթ են ստանում:
Պետերը և ավագները ծառայության բերումով ենթականերին կամ կրտսերներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով` ավելացնելով «պարոն» բառը: Օրինակ` «Շարքային Հովհաննիսյան», «Պարո´ն շարքային», «Սերժա´նտ Աբրահամյան», «Պարոն սերժանտ» և այլն:
Իսկ ռազմական ուսումնական հաստատությունների, ուսումնական զորամասերի սովորողներին դիմելու դեպքում անվանում են «Ուսանո´ղ Հովհաննիսյան», «Պարո´ն ուսանող», «Կուրսա՛նտ Հովհաննիսյան», «Պարո՛ն կուրսանտ», քանի որ նրանք դեռևս չունեն զինվորական կոչում:
Երբ ենթականերն ու կրտսերները իրենց պետերին ու ավագներին դիմում են կոչումով կամ ազգանունով` կոչումից (ազգանունից) առաջ ավելացնելով «պարոն» բառը՝ «Պարո՛ն կապիտան», «Պարո՛ն Հովհաննիսյան»:
Իսկ ինչպե՞ս են դիմում կին զինծառայողներին: Կանանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով կամ ազգանունով` ավելացնելով «տիկին» կամ «հարգելի» բառերը: Օրինակ` «Ենթասպա՛ Մինասյան», «լեյտենա՛նտ Կարապետյան» կամ «Տիկի՛ն Մինասյան», «Տիկի՛ն Կարապետյան» կամ «Տիկի՛ն ենթասպա», «Տիկի՛ն կապիտան» և այլն:
Այս ամենն իհարկե զինծառայության մեջ գտնվելու ընթացքում ու ծառայողական հարցերով, իսկ առօրյա կյանքում սպաներին թույլատրվում է օգտագործել «սպայի խոսք» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ սպան հաստատում է իր խոսքը և դրանով իսկ արժեվորում է իր խոսքը: Իսկ միմյանց հրաժեշտ տալիս «Ցտեսություն»-ի փոխարեն սովորաբար ասում են` «Պատիվ ունեմ»:
Հասարակական վայրերում, ինչպես նաև տրամվայում, տրոլեյբուսում, ավտոբուսում, մետրոյի վագոնում և մերձքաղաքային գնացքներում ազատ տեղերի բացակայության դեպքերում զինծառայողը պարտավոր է պետին (ավագին) զիջել իր տեղը:
Անթույլատրելի է զինվորական կոչումների աղավաղումը, զինծառայողների կողմից արված անպարկեշտ արտահայտությունների, մականունների և ծաղրանունների գործածությունը, կոպտությունն ու արհամարհական վերաբերմունքը, քանի որ նման վարքը անհամատեղելի է զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ:
Ինչպես նշեցինք, զինծառայողները պետք է բարեկրթության լավագույն օրինակ լինեն հասարակության մեջ. նրանք պարտավոր են հարգանք դրսևորել քաղաքացիների նկատմամբ, հատուկ ուշադրություն ցուցաբերել ծերերի, կանանց և երեխաների նկատմամբ, նպաստել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց օգնություն ցույց տալ դժբախտ պատահարների դեպքում, հրդեհների և տարերային աղետների ժամանակ:
Անհարգալից և անթույլատրելի է համարվում, եթե զինծառայողը ձեռքերը պահել է գրպանում, կամ իր պետի ներկայությամբ ինքը նստած է կամ ծխում է առանց թույլտվություն հարցնելու, ինչպես նաև զինծառայողին արգելվում է նաև նաև ծխել փողոցում քայլելիս կամ դրա համար չնախատեսված տեղերում:
Զինծառայողների վարվեցողության ամենօրյա կարևորագույն չափանիշը՝ մշտապես սթափ կենսաձևն է: Ոչ սթափ վիճակում ծառայության և հասարակական վայրերում հայտնվելը արատավորում է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը և համարվում է կարգապահական կոպիտ զանցանք:
Զինծառայողների՝ զենք կրելու իրավունքը
ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով սահմանվում են զինծառայողների կողմից զենք պահելու, կրելու կանոնները և գործադրման կարգը:
Ըստ կանոնագրքի՝ զինծառայողները իրավունք ունեն զենք կրելու և օգտագործելու ինչպես զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, այնպես էլ զինծառայությունից դուրս՝ խիստ անհրաժեշության դեպքում:
Ծայրահեղ դեպքերում՝ խիստ անհրաժեշտության ժամանակ զինծառայողները իրավունք ունեն զենք գործադրել, եթե հնարավոր չէ կիրառել այլ եղանակներ ու միջոցներ
1. ռազմական և պետական օբյեկտները, զորամասերն ու դրանց ստորաբաժանումները, շենքերն ու շինությունները ենթարկվում են խմբային կամ զինված հարձակումը հետ մղելու համար,
2. անհրաժեշտ է կասեցնել զենքին կամ ռազմական տեխնիկային բռնությամբ տիրանալու փորձերը,
3. անհրաժեշտ է պաշտպանել զինծառայողներին և քաղաքացիական անձանց՝ նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումներից,
4. անհրաժեշտ է մեկուսացնել հանցագործություն (ծանր հանցագործություն) կատարած կամ կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին:
Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):
Զենքը գործադրելուց առաջ անպայման պետք է նախազգուշացնել դրա գործադրման մտադրության մասին: Առանց նախազգուշացման զենքի գործադրումը թույլատրվում է միայն հանկարծակի կամ զինված հարձակման, նաև այլ իրական սպառնալիքների դեպքում:
Զենք գործադրելու դեպքում յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ տուժածներին ապահովել առաջնային անհետաձգելի բուժօգնություն:
Արգելված է կանանց և անչափահասների նկատմամբ զենքի գործադրումը. բ
Զինծառայողների իրավունքները
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության Կանոնագրքով սահմանված են յուրաքանչյուր զինծառայողի իրավունքները, դրանց իրականացման կարգն ու առանձնահատկությունները:
Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները ենթակա չեն սահմանափակման որևէ մեկի կողմից:
Մյուս կողմից՝ զինծառայողների իրավունքների օգտագործումը որևէ կերպ չպետք է վնասի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, զինվորական ծառայությանը, ուրիշ զինծառայողների և այլ քաղաքացիների իրավունքներին:
Պետությունը պատասխանատվություն է կրում զինծառայողների իրավունքների պաշտպանության համար և հանդիսանում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանության գլխավոր երաշխավորը: Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել զինծառայողների արժանավայել կենսամակարդակի ապահովման, ծառայության ու կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրված է տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա. նրանք օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության, եթե մեղավոր են զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում:
Զինվորը պաշտպանությունում
Մարտական գործողությունների ժամանակ զինվորը մշապես գործում է ջոկի կազմում: Ջոկի հրամանատարի առաջնահերթ խնդիրն է գտնվել այնպիսի տեղանքում, որտեղից առավելապես հարմար կլինի դիտարկել տեղանքը, հետևել դասակի հրամանատարի ազդանշաններին ու արդյունավետ ղեկավարել ենթականերին:
Կրակի վարման համար ջոկը մշտապես պետք է պատրաստ լինի գիշերային և նույնիսկ սահմանափակ տեսանելիության պայմաններում:
Ջոկի հրամանատարից ստանալով մարտական առաջադրանքը, զինվորը պարտավոր է պարզել՝
● կողմնորոշիչները,
● հակառակորդի կազմը և դրությունը, նրա հարձակման հնարավոր ուղղությունը և ժամանակը,
●դասակի, ջոկի և իր խնդիրը, կրակային դիրքերի սարքավորման հաջորդականությունը, դրանց փոփոխման կարգը,
● դասակի կենտրոնացված կրակի այն հատվածները, որտեղ կրակ է բացելու ջոկը,
● ազդարարման, կառավարման և փոխգործակցության ազդանշաններն ու դրանցով գործելու կարգը,
● պաշտպանությանը պատրաստ լինելու ժամանակը:
Քանի որ պաշտպանության ժամանակ կրակը վարվում է նախապատրաստված դիրքերից և կայուն դրությունից, հետևաբար առավելապես է օգտագործվում հրաձգային զենքի հնարավորությունը:
Պաշտպանությունում ջոկը սարքավորում է անհատական խրամատներ, որոնք նախատեսված են պառկած, ծնկած կամ կանգնած դիրքից կրակելու համար: Պատրաստի խրամատը քողարկվում է տեղի միջոցներով` խոտով, հողաշերտով, ճմահողով, իսկ ձմռանը` ձյունով: Ժամանակի առկայության դեպքում անհատական խրամատը խորացվում է մինչև 60 սմ` ծնկած կրակելու համար, ապա մինչև 110 սմ` կանգնած կրակելու համար: