Просмотр содержимого документа
«Հայեր, էթնիկ խումբ,»
Հայեր, էթնիկ խումբ
Հայեր, էթնիկ խումբ, որը սերել ու կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում[43][44]։
Հայերը մեծամասնություն են կազմում Հայաստանի և փաստացի անկախ Արցախի Հանրապետություններում։ Հայերը ցրված են ամբողջ աշխարհում և ունեն 5-6 միլիոնանոց սփյուռք, որի անդամները միշտ կամ ժամանակ առ ժամանակ ապրում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններ են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Վրաստանը, Իրանը, Գերմանիան, Ուկրաինան, Լիբանանը, Բրազիլիան և Սիրիան։ Բացի Իրանի և նախկին խորհրդային երկրների գաղթավայրերից, մնացած գաղթավայրերը ստեղծվել են հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով[45]։
Հայերի մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, որը աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Հիսուսի մահից քիչ անց քրիստոնեությունն սկսել է տարածվել հայերի մեջ։ Հայաստանում քրիստոնեություն են տարածել Հիսուսի երկու առաքյալները՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը[46]։ 4-րդ դարի սկզբներին՝ Արշակունիների թագավորության ժամանակ, Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն[47]։
Հայերենը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքին[48]։ Այն բաժանված է երկու մասի՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Արևելահայերենը տարածված է Հայաստանում, Արցախում, Իրանում և հետխորհրդային երկրներում, իսկ արևմտահայերենն օգտագործվել է պատմական Արևմտյան Հայաստանում, իսկ այժմ խոսվում է ցեղասպանության արդյունքում առաջացած գաղթավայրերում։ Հայոց գրերը ստեղծվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 405 թվականին։
Հայերի մի ստվար մասը ծպտյալ է, որոնք ինչ-ինչ պատճառներով թաքցնում են իրենց իրական արմատները։ Ծպտյալ հայերը բնակվում են հիմնականում Թուրքիայի տարածքում, որոնց թիվը հասնում է շուրջ 5 մլն-ի (կան նաև այլ տվյալներ՝ 2-7 մլն[49][50][51]): Ծպտյալ հայերը հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում, որոշակի քանակությամբ նաև Կիլիկիայում։ Նրանք ցեղասպանությունից փրկվելու համար թուրքացվել, քրդացվել կամ արաբացվել են[52][53]: