ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում
ՀՀ պետական օրհներգի կատարում
Հեռու’, մոտիկ ընկերներին,-աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին:
Բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլոր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի, մահի այս ամենի աղջամուղջում
Ողջակիզվող հոգիներին –ողջույն,ողջույն:
1990թ օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհրդի 1-ին նստաշրջանը ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին:
1991 թ սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը` շուրջ 2 մլն 42 հազար մարդ “այո” ասաց անկախությանը: Կատարվեց հայ ժողովրդի երազանքը: 1991թ սեպտեմբերի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
Ահա’, սա է, կա երկիր Նաիրին,
Ոսկի ու արծաթ ու պուրպուր հագած,
Մեր երազների պայծառ հայելին,
Հավետ անաղարտ, Դրոշով պետական:
Սա է հավիտյան երկիր Նաիրին,
Կա՛ ու կմնա որպես սեր ու սիրտ,
Հայացքը հառած գալիք դարերին,
Պատմության ծանր ծիրանին ուսին:
Հպարտ ենք այսօր մեր նորօրյա զինանշանով, փողփողուն եռագույնով և ազատության գովքը երգող օրհներգով:
Արյունից ծորած կարմիր մի բոսոր,
Երկնքից պոկված երիզ մի կապույտ ,
Հասուն հասկերի շողք նարնջագույն ,
Եվ վեհ դարերի խավարի վրա ՝
Դրոշ եռագույն։
Հայոց մթին լեռների հետ
Նա է կանգնած անսասան,
Ծածանում է գլխին վետ վետ
Հայ դրոշը սրբազան ։
Նրանով երդվել են խաղաղ պայմաններում,
Այն կրելը փառք է , բանակում պատիվ ,
Ռազմի դաշտում՝ սխրանք ։
-Ես սիրում եմ իմ կարմիրը ։
-Ես սիրում եմ իմ կապույտը ։
-Ես սիրում եմ իմ նարնջագույնը ։
Երգ-Կարմիր, կապույտ, ծիրանագույն
Իր սխրանքի դափնիներով
Եվ գանձերով իր հին ու նոր
Հավասարվում ամենքի հետ,
Ամենքի չափ հպարտանում,
Ջղագրգիռ այս մարդկության
Երազների հանգրվանում:
Շաղ է տալիս բերքն իր բարի
Անմահության հերկերի մեջ,
Իմ բարձրաբերձ Հայաստանը
Դեռ չգրված երգերի մեջ:
Մենք գիտենք մարտնչել կյանքում,
Մենք գիտենք հառաչել ու լալ,
Ծովի պես շառաչել գիտենք
Եվ կանչել առվի պես զուլալ,
Ամպի պես գիտենք որոտալ,
Սոսափել սոսու պես մի պերճ,
Հողմի պոս ոլորել գիտենք,
Հովի պես օրորել անվերջ…
Մենք գիտենք ամենից ահեղ
Հեղեղի հորձանքում լողալ,
Ցասման գոռ փոթորկից պայթել
Եվ սիրո քնքշանքից դողալ:
Մենք գիտենք հաց քամել հողից
Եվ բախտի լույս գտնել հանքում,
Եվ գիտենք, որ կյանքի համար
Մենք քեզ ենք պարտական կյանքում:
Քեզնով ենք այսքան զորացել,
Քեզնով ենք քնքշացել այսքան,
Քանի որ դու կաս աշխարհում
Մեզ համար նահանջներ չկան:
Եվ դու էլ մեզնով ես այդքան
Հպարտ ու զորավոր կյանքում:
Մաքուր են շարքերդ հավետ
Եվ կուռ են, քանի որ կյանքում
Մենք քեզնով ներշնչվել գիտենք
Եվ գիտենք քեզ համար մեռնել,
Եվ անգամ վիրավոր ձեռքով
Հաղթության դրոշակ բռնել:
Էլ ով կարող է, ով կհանդգնի
Վայրի մոլուցքով դարձնել նորից
Ավերի երկիր, ցավերի երկիր,
Խավարի երկիր` Հայաստան:
Երբ իր փառապանծ մարտիկների հետ
Արև է տանում աշխարհներին,
Արևին թիկնած, արևից շիկնած,
Արևի երկիր Հայաստանս:
Արարատյան երկնքի տակ
Իր ոստանը սրբագործել,
Ամեն մի քարն իր երազի
Արևով է ոսկեզօծել,
Ի հեճուկս նրանց, ովքեր
Մեր Արարատն առան գերի,
Իր հանճարի բռնկումով
Կերտել է տունն իր երգերի,
Կերտել է նոր մի Արարատ
Երկինք մտած շենքերի մեջ,-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրյա երգերի մեջ:
Երգ-Հայաստանը մենք ենք
Իմ Հայաստան, իմ հայրենիք,
Ազատ ես դու և անառիկ
Ազատություն երազեցինք,
Անկախություն պահանջեցինք,
Եվ կերտեցինք մենք իսկական
Ազատ, անկախ, Մայր Հայաստան:
Մայր Հայաստան` ազատ, անկախ,
Դու մեր օրրան սրբազան,
Խոսք ենք տալիս լինել պաշտպան
Ու քաջ զինվոր քեզ համար:
Հայաստա՛ն , գուցե այսպես փոքրացար ,
Որ իսպառ լուծվես մեր սրտերի մեջ ,
Այրված մատյանի պատառիկ դարձար,
Որ վրադ դողանք բյուր թերթերի մեջ ։
Որ պտղունց հողդ թալիսմանի պես
Մեր կրծքի վրա կրենք երկյուղած ։
Իրավ , մի բան կա արժանի ու ջերմ ,
Որ սիրենք նրան ու մեզ մայր կոչենք ,
Եվ պահենք սրտում մեր գիշեր ու զօր ․
Դա իմ հինավուրց Հայաստանն է հին ։
Հայաստան ասելիս այտերս այրվում են ,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են ,
Չգիտեմ ինչու՞ է այդպես ։
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է ,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու՞ է այդպես ։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են ,
Հայաստան ասելիս թևերս բացվում են ,
Չգիտեմ ինչու՞ է այդպես ։
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է ,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է ,
Կլինեմ , կմնամ այսպես ։
Իմ ճամփի լույսը ,
Իմ անմար հույսը ,
Իմ սրտի հույսը
Դո՛ւ ես , հայրենի՛ք ։
Իմ ծով բերկրանքը ,
Իմ ներշնչանքը ,
Իմ ուրախ կյանքը ,
Դո՛ւ ես, հայրենի՛ք։
Երգիս աղբյուրը ,
Իմ կյանքի բույրը ,
Իմ հոգու հուրը
Դո՛ւ ես հայրենի՛ք ։
Հպարտությունս ,
Անպարտությունս,
Հարազատ տունս
Դո՛ւ ես , հայրենի՛ք ։
Երգ- Հայրենիքիս
Ինչքան հույզեր են մեր լույսը մարել,
Այնքան պայծառ է դարձել մեր շողը ,
Ինչքան հեռուն է մեզ քամին տարել,
Այնքան ուժեղ ենք սիրել մայր հողը ։
Թե մութ ամպեր են երկինքը պատել
Եվ գազազել է բնավեր քամին ,
Այնքան ուժեղ ենք թշնամուն ատել ,
Այնքան ուժեղ ենք կապվել մենք բարեկամին ։
Ի՞նչ հույս ունես , որ երբեք չես հուսահատվում ,
Ի՞նչ կամք ու կորով , որ չի վհատվում ,
Թշնամին հաճախ բզկտում է քեզ ,
Դու դեռ կռվում ես , նորեն գտնում քեզ ։
Մենք ՝ հայերս արտառոց , զարմանալի
Մի ժողովուրդ ենք,
Թվով քիչ ենք ,իսկ մտքերով բազում ,
Ցավերի մեջ՝ միշտ անողոք,
Պարտությանը՝ անհաղորդ ենք ,
Այս աշխարհի ազգերի մեջ
Հավերժական մի ճամփորդ ենք ։
Խումբ – Մենք ՝ հայերս ։
Ցրել են մեզ աշխարհով մեկ ,
Դարձրել անտուն ,թափառական ,
Ու սրտաբաց Մասիսի պես
Շղթաների մեջ դիվական
Հույս ենք պահել ազատ տեսնել
Երկիրը մեր պապենական
Խումբ- Մենք ՝ հայերս ։
Երդվում ենք քեզ մեր հայոց աշխարհ
Կուռ շարքերով առաջ գնալ
Եվ քո գործին միշտ արժանի
Փոխարինող սերունդ դառնալ:
Երգ- Հայուհի եմ
11