ՀՆՉՅՈՒՆ ՏԱՌԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԱՊԼԱՆ
1.Դասի թեման՝ Ա հնչյուն_տառի ուսուցում
2.Նպատակներ և խնդիրներ՝
Ամրապնդել պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և կարողանալ այդ եզրույթներն օգտագործել խոսքում:
Կառուցել պարզ գծապատկերներ:
Տարբերակել ձայնավոր և բաղաձայն հնչյունները:
Մտքերն արտահայտել կապակցված խոսքի միջոցով:
Կատարել բառերի հնչյունային վերլուծություն:
Ա հնչյունի ընկալում, տեղի որոշում բառի մեջ:
Ա տառի գրություն՝ պարզ մասնիկները համադրելու միջոցով:
Հանդես գալ դերային խաղով, լսել և համաործակցել
3.Կահավորում ՝նկարներ, պաստառներ, քարտեր, բառերի աղյուսակներ:
4. Ժամանակը՝ 45 րոպե
5. Ընթացքը՝
Այսօր օր է սովորական, սովորական, բայց անսովոր
Այսօր դաս է սովորական սովորական, բայց անսովոր:
Հիմա կասեք, ինչո՞ւ այդպես մենք էլ կասենք կարգն է այդպես:
Որովհետև մինչև այսօր դաս ենք արել նկարներով:
Իսկ այսուհետ, երեխաներ, մեզ հյուր կգան բազում տառեր,
Որ դրանցով կարդանք, գրենք, ու գիտության դուռը բացենք:
Արևավառ, արևազոր արևաշող օր է այսօր,
Հավաքվել ենք մանուկներով ասելիքն է մեր կարևոր:
Այսօր շատ կարևոր օր է և մեզ անակնկալներ են սպասվում: Մեր դասարանում զարմանալի ծաղիկներ են հայտնվել, իսկ իմաստուն մեղվիկները ձեզ համար հանելուկ-առաջադրանքներ են պատրաստել:
Մեղվիկներըը մեր բարեկամ
Ունեն փոքրիկ անակնկալ.
Մի քայլ առաջ մենք կգնանք
Թե նրանց հարցերին պատասխան տանք:
__ Աշակերտներից մեկը մոտենում է առաջին ծաղկին և մեղվիկի օգնությամբ հանում հանելուկ-առաջադրանքը:
1.ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏՔՈՎ ԿԱՊՎՈՒՄ,
ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ,
ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԲԱՌՈՎ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ:
__Աշխատանք նկար-պատմության շուրջ: Հերթականությամբ բացել պատմության մասերը: Աշակերտները փորձում են պատմել նկարի բովանդակությունը վերնագրով։
Մեզ իր մոտ է կանչում հաջորդ մեղվիկը:
2.ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ԲԱՌԵՐԻՑ,
ՈՒՆԵՆ ՄԻՏՔ ԻՄԱՍՏԱԼԻՑ,
ՄԻԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱԶՄՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,
ԱՍՈՒՄ ԵՆ ՄԻ ԲԱՌՈՎ՝ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ:
__Հանել նկար_ նախադասությունները, համադրել և կազմել պատմություն: /Լեզվական փորձառության մոտեցում, ձայնանշում, բառի ճանաչում /: Կազմել նախադասությունների գծապատկերներր տեղադրել նախադասությունները, համադրել հերթականությամբ և ստեղծել չափածո խոսք:
__ Փոքրիկ մեղվիկը շատ անհանգիստ է, նա մեզ ասելիք ունի, մոտենանք և լսենք նրան:
3__ԿԱԶՄՎԱԾ Է ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻՑ,
ԹԵ ՄԻԱՑՆԵՍ ՏԱՌ ԱՌ ՏԱՌ,
ԱՆՊԱՏՃԱՌ ԿՍՏԱՑՎԻ ԲԱՌ
__Բացել բառ նկարները, կատարել հնչյունային վերլուծություն: Գունային երանգով առանձնացնել ձայնավորները:/
Ձայնանշում, բառերի ճանաչում.
ՄԵԶ ԱՍՈՒՄ ԵՆ ՁԱՅՆԱՎՈՐ,
ՉԷ՞ ՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԲԱՆԱՎՈՐ
ՄԵՐ ՏԵՂՆ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ.
ԱՌԱՆՑ ՄԵԶ ԲԱՌ ՉԵՆ ԿԱԶՄԻ,
ՊԱՐԶ ՈՒ ՀՍՏԱԿ ՉԵՆ ԽՈՍԻ.
ՎԵՑ ՁԱՅՆԱՎՈՐ ՀՆՉՅՈՒՆ ԵՆՔ,
ՎԵՑ ԿԱՐԵՎՈՐ ՁԱՅՆ ՈՒՆԵՆՔ:
Ես հնչյունն եմ, հնչյունն եմ, օդում ապրում, շնչում եմ,
Հենց գրեցիր տառ եմ ես, գիր եմ արդեն բարետես։
__Ցույց տալ ձայնավորները, ստուգել տառերի ճանաչումը:
__Մեղվիկի հաջորդ առաջադրանքը՝ միացնել նկար_ բառերը համապատասխան վանկային գծապատկերներին:
__Բառաշարքի ընթերցանություն/խոսող պատ, նախաայբբենական շրջանում այդ բառերը անընդհատ եղել են երեխաների աչքի առաջ և պարբերաբար ընթերցվել/:
_Իսկ հիմա մեղվիկները ցանկանում են լսել ձեզ:
Այժմ եկեք գուշակենք հանելուկներ բազմազան:
/Երեխաները գրատախտակի մոտ կանգնած ասում են նախապես սովորած հանելուկները։ Դասարանը կռահում է։/
Արևն անցավ, ծաղկեցին։ Լույսը բացվեց, թառամեցին: /Աստղեր/
Բարձրանում է հուշիկ-հուշիկ, բարձրանում է կարմրաթուշիկ,
Ոսկե վարսերն է արձակում որ ցնծան բոլորն աշխարհում: /արև/
Քայլում է հպարտ, մորուքը բոց է, գլխին սանրաձև կարմիր սղոց է,
Զարթնում է քնից մայրիկից էլ վաղ ձայնը զնգուն է, անցնում թաղերով: /աքաղաղ/
Որ թռչունն է մեզ հին ընկեր նամակատար, նամակաբեր
Նա նշանն է խաղաղության, բարեկամն է ամենի մի տան: /աղավնի/
Երկու եղբայր երկվորյակ բաժանված են մի սարով
Ինչքան էլ որ կարոտեն իրար մոտ գալ չեն կարող: /ակնոց/
Մի մատնաչափ չի լինի, մի մետրաչափ պոչ ունի
Թե այդ իրը չունենան, մարդիկ պետք է մերկ մնան: /ասեղ/
Վերևից այն ինչ է գալիս մեկ տհաճ է, մեկ`հաճելի,
Տալիս է մեզ, լավ իմանաս, կամ մեծ օգուտ, կամ մեծ վնաս: /անձրև/
Այն ինչ բանակ է միշտ ոտքի կանգնած
Ձմռանը մերկ է ամռանը`հագնված: /անտառ/
Անձրև թե գա`կվազվզի, արև տեսնի՝ կնվազի: /առվակ/
Դավեր ունի, ցավեր ունի, մտքում միայն հավեր ունի: /աղվես/
Շոգերն անցան, պտուղները քաղեցին,
Հացով, մրգով ամբարները լցրեցին,
Երկինքն ամպեց, բարակ անձրև է մաղում,
Գուշակեք`այդ երբ է լինում: /աշուն/
Եկեք կռահենք, թե ինչ հնչյունով են սկսվում սկսվում այս հանելուկների պատասխանները. Արև, անտառ, աստղեր, աքաղաղ, աղավնի, ակնոց, աշուն, աղվես, ասեղ, առվակ:
-ա, ա,ա՜
__Հանելուկների պատասխանները նկարների ձևով շրջված դրված են գրատախտակին: Շրջել, արտասանել և որոշել Ա հնչյունի տեղը: Բառ նկարներում նույնպես որոշել Ա հնչյունի տեղը:
Ավելացնենք նաև Աստված, Արարիչ, Ավետարան, Աստվածաշունչ բառերը, որոնք անկասկած. ա-ով են սկսվում, որովհետև մեր այբուբենը ստեղծվել է Աստծու կամքով և կախարդական զորություն ունի:
Իսկ ինչու Ա ա տառը։ Կա Այսպիսի մի հետաքրքիր պատմություն կապված Ա տառի հետ։
__ Ա տառն է այն կախարդական բանալին, որով կբացվի մեսրոպյան այբուբենի դուռը: Մենք կճամփորդենք տառերի զարմանահրաշ աշխարհում, կմարտնչենք զինվորների նման և կկարդանք հայոց լեզվով, Մաշտոցի լեզվով, մայրենի լեզվով, այն լեզվով, որ բյուր դարեր մեզ հայ է պահել: Այսօրվանից սկսում ենք մեր ճամփորդությունը հայոց այբուբենի գաղտնարանով: Մենք խոնարհվում ենք մեծ ուսուցչի առջև և խոստանում ենք լավ սովորել:
Իսկ ինչպես ձեռք բերենք Տառաշեն քաղաքի բանալին:
Այդ բանալին միայն Այբբենիկի մոտ է լինում։
Այբենիկ - Թող այս բանալին մեր ճամփան բացի,
Մեր միտքն ու հոգին լույսով թող լցնի:
Արի, սիրելի Այբբենիկ։ Բաց արա Տառաշեն քաղաքի դուռը։ Պատմիր Տառաշեն քաղաքի մասին։
Տառաշեն քաղաքը հրաշալի քաղաք է, այնտեղ ընդամենը 39 տուն կա, ծառ ու ծաղկի մեջ կորած։ Փոքրիկ ծաղկապատ յուրաքանչյուր տան մեջ մի տառ է ապրում իր ընտանիքով՝ մեծատառերով, փոքրատառերով, տպագիր ու ձեռագիր տառերով․․
Սովորական քաղաքներում մարդիկ ապրում էին ու շնչում , իսկ այստեղ տառերն ապրում էին ու հնչում․․․ճիշտ է, տառերն առանձին առանձին էին ապրում, յուրաքանչյուրն իր անունն ուներ, իր փոքրիկ ընտանիքը, սակայն նրանք առանց մեկմեկու չէին կարող ապրել, նրանք հավաքվում էին, հարմար տեղավորվում իրար կողքի և կազմում բառ ու նախադասություն, պատմություն ու զրույց, և երկար ու ձիգ քարավաններով շրջում աշխարհեաշխարհ։
Այսօր տառաշեն քաղաքից Ա հնչյուն տառի հետ ենք ծանոթանում։
Ես ԱՅԲՈՒԲԵՆԻ առաջին տառն եմ, բոլոր տառերի առաջատարը,
Անդրանիկ զինվորը, անդրանիկ հույսն եմ,
Ես միշտ առաջին պայծառ երազը,
Ես ձեր բոլորի առաջին դասը ,
Ես Ա տառն եմ հայկական, հայոց տառերի արքան։
Ա-ով է սկսվում այբուբենը մեր, մեր հայոց լեզվի առաջին տառը,
Մեր Արաքս գետը, մեր Անին ավեր, և հայոց հրաշք Արարատ սարը:
Ոսկեհատիկ շարանում առաջինն է ներկայանում,
Ա տառն է նա, ազնիվ, շիտակ ադամանդ է, ոսկեղեն ակ:
Ահա և ա-ն, հիմա ասեմ ես ձեզ, թե ով նա:
Ես Ա տառն եմ, անունս ԱՅԲ, հնչյունի պատկերը պարզ,
Լինում եմ ես և մեծատառ, և փոքրատառ:
Ա-ն է, ա-ն է եռամաս և ուրախ է, և հպարտ
Այբուբենը այս խելոք չէ որ ինքն է բացում լոկ:
Այբբենարանի տառն է առաջին Անդրանիկ սանն է
Անգին է, Ա-ն է Արարատի և Արագածի Սկզբնատառն է:
Առաջինն է, ա-ն է նա, ԱՅԲ անունով տառ է նա,
Ձայնավոր է շատ սիրուն:
Ա-ն Մաշտոցի գրչի առաջին զարկն է, Մեր հաղթանակն ու ապագան է:
Ա_ն արքան է տառերի, Արժանի է նա մեծ փառքի:
Արարատից նրան գիտես Արագածից, արևից Աստծո տված բարևից:
Ամառ է պայծառ, Արև ճառագող
Աշուն զովասուն Աստղեր ու ամպեր:
Եկեք բառեր ասենք ա-ով, Մեր այբուբենի առաջին տառով
Ա-Արարատ, Արազ, Արփա Արև, աստղեր և ապագա:
Արևածին, արևաբույր Բերել է մեզ հազար համբույր,
Լավ ճանաչենք մենք Ա տառը, Նրա մեջ է մեր աշխարհը:
__Այսքան փորձություններ հաղթահարելուց հետո ժամանակն է թղթին հանձնել մեր իմացածը: Հիմա գրենք Ա տառը, թող զարմանա աշխարհը:
Բայց, սիրելի երեխաներ, մեզ կրկին անակնկալ է սպասվում։ Բոլորս գնանք դուրս, մեզ կանչում է Ա տառը։
Դրսում ծնողների օգնությամբ աղավնիների ոտիկներին ամրացված է Ա տառը և այդ տառի տեսքով փուչիկներ։ Երեխաների հետ միասին թռցնում ենք աղավնիներին։
7