Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թ.հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գևորգ Այվազեանի որդին»։
Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից։ Մասնավորապես՝ նա ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։ Թեոդոսիայի ճարտարապետ Յակով Քրիստիանի Կոխը, տղայի գեղարվեստական ձիրքերի վրա առաջինն ուշադրություն դարձրած լինելով, հենց ինքն էլ վարպետության առաջին դասերն է տվել նրան։ Միաժամանակ՝ ամեն կերպ աջակցել է պատանի տաղանդին, հաճախակի ներկ, մատիտ, թուղթ նվիրել, քաղաքապետին խորհուրդ տվել, որ ուշադրություն դարձնի շնորհալի պատանուն։
Պատանի Հովհաննես Այվազովսկու որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Այվազովսկին սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա, իր արվեստի երկրպագուների և հովանավորների շնորհիվ՝ 1830–33-ին՝ Սիմֆերոպոլիռուսական գիմնազիայում։ Այնուհետև՝ 1833– 1837-ին նա պետության հաշվին սովորել է Սանկտ–Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում (Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա), Մ. Ն. Վորոբյովի բնանկարի դասարանում։
1845 թ. դարձել է գլխավոր ծովային շտաբի գեղանկարիչը, 1847 թ. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, եղել է նաև եվրոպական մի շարք ակադեմիաների (Հռոմի, Փարիզի, Ֆլորենցիայի, Ամստերդամի, Շտուտգարտի) անդամ։ Այվազովսկին հիմնականում ծովանկարներ է նկարել, ստեղծել Ղրիմի ծովափնյա քաղաքների դիմապատկերների շարքեր։ Նրա կարիերան չափազանց հաջողված էր. պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով, ստացել դերծովակալի կոչում։
Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով՝ Այվազովսկին դարձավ Ռուսական կայսրության այդ ժամանակի առավել հայտնի նկարիչը։ Նրա հսկայական ստեղծագործական էներգիայի մասին է խոսում այն իրողությունը, որ Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում։[8] («Քաոս», 1842, «Արևի խավարումը Թեոդոսիայում», 1858, «Արարչագործություն», «Համաշխարհային ջրհեղեղ», 1864 և այլն)։ Դա արտահայտվել է նաև բազմաթիվ ծովանկարներում, կովկասյան բնանկարների շարքում, մասնավորապես՝ բիբլիական Արարատի պատկերներում։ 1840–50-ական թթ. լավագույն կտավները՝ «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով» (1842), «Նավաբեկություն» (1843), «Փոթորիկը Սև ծովում» (1845), «Իններորդ ալիք» (1850) են, կատարված են հակադիր գույների լծորդումներով, էպիկական շնչով և ռոմանտիկ պաթոսով։ 1870-ական թթ. նա ստեղծել է ավելի նուրբ ու զուսպ գունաշարով իրացված «կապույտ ծովանկարները» («Փոթորիկ», 1872, «Ծիածան», 1873 են), իսկ 1880–90-ական թթ. «արծաթավուն ծովանկարների» շարքը («Սև ծովը», 1881, «Փոթորիկ», 1885, «Ալիք», 1889, «Փոթորիկը Ազովի ծովում», 1889, «Ալիքների մեջ», 1898 են)։ Հ. Այվազովսկու արվեստը լավատեսական Է։ «Իններորդ ալիք» հանրահայտ նկարում (1850, Լենինգրադի ռուսական թանգարան) դրսևորվել է ծովանկարչի մեծ հավատը դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։ Իր «Սև ծովը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ), «Ալիքների մեջ» (1898, Այվազովսկու պատկերասրահ) և այլ գլուխգործոցներով Այվազովսկին ծովանկարչությունը ձերբազատեց սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից։ Նրա պատկերները ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով։ Ծովամարտի նրա տեսարանները աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը («Պետրոս I-ը Ֆիննական ծովածոցի ափին», 1846, «Չեսմենի ծովամարտը», 1848, 1886, «Նավարինի ծովամարտը», 1848, «Երկու թուրքական նավերից գրոհի ենթարկված «Մերկուրի» բրիգը», 1892)։
Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թ.մայիսի 2–ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։
9-րդ ալիք։ Հովհաննես Այվազովսկի։ 1850 թ.