Հեղինակ ՝ Անի Մաթոսյան
Կենսագրություն
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։
Ծնողներ
Հայրը
Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․
Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում։ 1880-ականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են Էմին Տեր-Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Միքայել Տեր-Գրիգորյանի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները։
Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։
Մայրը
Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում։Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․
Առաջին սեր
Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը։
Կանայք Թումանյանի կյանքում
Թումանյանը կնոջ հետ:
1890-ական թվականների սկզբներին Թումանյանն իր բանաստեղծություններով սկսում է զարդարել օրիորդների ալբոմները։ Աղջիկներից շատերը, մեծ մասամբ Թիֆլիսի իգական գիմնազիայի աշակերտուհիներ էին, ըստ Գ․ Ասատուրի՝ «բան չէին հասկանում նրա ոտանավորներից, բայց սիրում էին ունենալ նրան իրանց շրջանում, որովհետև նա բանաստեղծ էր․․․»։ Հանպատրաստից գրված այս բանաստեղծություններից մի քանիսը նույն տարիներին ձայնագրվել են որպես երգեր և լայն տարածում գտել, ինչպես՝ «Ների՛ր, ով կույս․․․», «Իմ սերը», «Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․» և այլն։ Անուշավան Աբովյանին 1892 թվականի հունիսի 24-ին գրված նամակում բանաստեղծն ասում է, թե աղջիկների մեջ իր գրած սիրային ոտանավորները տարածվել են «խոլերայի հաջողությամբ»։
1890-ական թվականներին Թումանյանը ծանոթացել է Մարիա Մարկովնայի (Մարիամ Թումանյան) հետ։ Այս շրջանը Թումանյանի համար ծանր շրջան էր, որում իր մեծ օգնությունն է ցուցաբերել Մարկովնան։ Նա 1901 թվականին նյութապես աջակցել է Թումանյանին, որ բուժվի Ուրավելում և ապա կատարի Ախալքալաք-Ալեքսանդրապոլ-Անի ուղևորությունը, որի արդյունքը եղան «Փարվանա» բալլադն ու «Թմկաբերդի առումը» պոեմը։ Մարիա Մարկովնան իր կապերն է օգտագործել նաև Թումանյանի բանտարկության ժամանակ (1908-1909)՝ թեթևացնելով բանաստեղծի վիճակը բանտում։ Թումանյանը իր նամակներից մեկում անուղղակի ակնարկել է իր սերը Մարիամ Թումանյանի նկատմամբ և իր զգացմունքները խոստովանել է միայն 1908 թվականի գարնանը։ Չնայած Մարիամ Թումանյանը գրում է, թե անակնկալ է եղել խոստովանությունը, բայց նրա հուշերի ու նամակների շատ էջեր վկայում են փոխադարձ զգացմունքների առկայության մասին։
Ամուսնություն
1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին, որին նա, ամենայն հավանականությամբ, տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատի տունը։ Քահանա Տեր-Հովհաննեսի տանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ Թումանյանը ծանոթանում է ապագա կնոջ հետ։
Օլգա Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը հավանություն է գտնում աղջկա խորթ հոր՝ Տեր-Հովհաննես մոտ մեկ պայմանով, որ Թումանյանը քահանա դառնար, ինչին էլ Թումանյանը համաձայնում է։
Հովհաննես Թումանյանի և Օլգա Մաճկալյանի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 1888 թվականի մարտի 24-ին (ըստ պայմանագրի՝ մարտի 25-ին), իսկ ամուսնությունը՝ նույն թվականի դեկտեմբերի 1-ին։
Հովհաննես Թումանյանի նամակ կնոջը՝ Օլգային
Օլա ջան,
Չեմ կարող չխոստովանիլ, որ շատ ձանձրալի են ինձ համար այս օրերը, չնայելով, որ, իհարկե, միայնակ չեմ բոլորովին, ինչքա՜ն երկար են թվում ինձ այս ժամերը, այժմ ես զգում եմ հատկապես, որ ոչ ոք չէ կարող փոխարինել քեզ ինձ համար. Զարմանալի բան, երազի նման եմ հիշում քո այստեղ եղած ժամերը։ Զգալի է դառնում ինձ համար քո բացակայությունը, մանավանդ, երբ վերադառնում եմ կոնսիստորիայից կամ երեկոյան տուն եմ գալիս։
Բարևիր մեր կողմից Մուշեղին, հայրիկին, մայրիկին, Գիգոլին և Կատոյին։ Շաքարն այստեղ է և խնդրում է, որ մեզ համար թեյ բերելիս իրան համար էլ մի երկու գրվանքա բերեք։
Գրիր, թե երբ եք գալու, որ գամ երկաթուղու կայարանը։ Արդեն բոլորը քնած են, (ժամը 11½ է) ես եմ միայն, որ արթուն եմ և նամակ եմ գրում ահա։
Քո Հովհաննես Թումանյան
Հ. Գ. Օլա ջան, մոռացա գրելու, որ անցյալ գիշեր երազում քեզ տեսա. Թե ինչպես, ինչ դրության՝ ափսոս մոռացել եմ։
31 հոկտեմբերի 1889, Տփխիս
Երեխաները
Թումանյանների ընտանիքը
1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում
Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա
Օլգա Մաճկալյանի հետ: Նրանք ունեցել են 10 երեխա՝
Մուշեղ (1889-1938),
Աշխեն (1891-1968),
Նվարդ (1892-1957),
Արտավազդ (1894-1918),
Համլիկ (1896-1938),
Անուշ (1898-1927),
Արփենիկ (1899-1981),
Արեգ (1900-1939),
Սեդա (1905-1988),
Թամար (1907-1989):
Ստեղծագործական գործունեությունը
Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.
«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1902թ. Նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։
Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։
«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։
Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։
Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։
Հետաքրքիր դեպքեր Թումանյանի կյանքից
Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից…
Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր: Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե): Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար: Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի:Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.
-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
Գրողը նրան պատասխանել է.
-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ:
***
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր. -Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, Խփի՛ր…
Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում.
-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է.
-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:
***
Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին…
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում:Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել:Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
***
Թումանյանը հաճախ էր ասում.
-գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը: Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
Թումանյանի 50-ամյակի կրծքազարդը
Հովհաննես Թումանյանի գերեզմանաքարը, որը պահպանելու նպատակով Խոջիվանքի ավերված գերեզմանատնից տեղափոխվել է Հայ գործիչների նորաստեղծ պանթեոն
Թումանյանի անձնական թանաքամանը
Թիֆլիսի տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը: