Просмотр содержимого документа
«Հովհաննես Թումանյան (Սևագիր, անավարտ քառյակներ)»
Հանգել են,
Ճըրագներըս հանգել են,
Ցուրտ ու խավար էս գիշեր
Ճըրագներըս հանգել են:
* * *
[Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։
Առատ կըլնի կինը արդ,
Կընկնի էգի գինը արդ.
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։
Ափսոս որ չես տեսնում բնավ
Տագնապն հոգուս խոր ու վեհ...
Հազար անգամ ափսոս ու ցավ,
Որ պիտ տեսնես երբևէ։
Իմ ծիտիկը դու հերվան,
Իմ եղնիկը էսօրվան,
Վաղը ինչ ես լինելու…
Ես չեմ գըտնում էնպես բան…
* * *
Քու սերն անխոս խաբեց ինձ,
Խաբեց՝ անթել կապեց ինձ,
Կապեց, անքուն անընթ. արավ
Անքուն [ լափեց ] ինձ։
* * *
[Նա մի առյուծ, ես մի գառ
Իմ սըրտի հետ խելագար
Անհավասար կըռվի մեջ
Քարշ եմ գալի ես տըկար:]
Ո՞ւր հեռանաս, կոխած տեղերդ արյունոտ.
Ո՞ւմ մոտ գընաս, ծանոթդ, ընկերդ արյունոտ.
Ո՞նց մոռանաս էս աշխարհքը [արյունոտ,]
Երգ ես լըսում, լըսած երգերդ արյունոտ։
Հուլիսի 12
1918
Կյանքն ահա.—
Սընունդ, ծընունդ մինչև մահ.
Մնացածը ողջ նըրանց
Կամ հաճույքն են և կամ ահ:
Օգոստոսի 30
1918
* * *
Աղջիկ Անուշ, երգ Անուշ,—
Մինը կորուստ, ախ ու վուշ,
Մյուսը քընքուշ ըսփոփանք,
Կյանք ու հըրճվանք, թեև ուշ։
1918
* * *
Մեր գանձերը միշտ կան առատ,
Մեր հաճույքներն անվե՜րջ, անհատ,
Չի հասկանում՝ ոնց վայելի,
Դըժգոհ է զուր ամեն մի մարդ։
Փետրվարի 14
1919
* * *
Էնքան եկան, անցկացան,
Ընկան, հանգան, անցկացան.
Երգ ու տաղս էլ ո՞ւր տարան
Չըկան, չըքվան, անցկացան։
Մայիս, 1919
1919
* * *
Թըվում է հար, թե անցյալըս ու ապագաս տեսած կամ,
Առաջ ու ետ անհունությունն — ողջ անպակաս տեսած կամ,
Բայց ո՞նց հիշեմ ամեն տեսած, կամ եղածը հասկանամ,
Եվ . . . . . անհուն, անհաս տեսած կամ։
1919
![]()
* * *
Մանուկ օրից սար ու ձորին ես մնացի մոտ ընկեր,
Աշխատանքի, հանգիստ օրին ես մնացի մոտ ընկեր.
Հեռու ու մոտ սարի վըրի եղբայրներիս ձեն տվի
Ու էն ձենում մեզ բոլորիս — ճանաչեցին մի ընկեր:
1919