Հրամայական եղանակ
Հրամայական եղանակը ունի միայն ապառնի ժամանակ և երկրորդ դեմք՝ եզակի և հոգնակի թվերով:
Հրամայական եղանակը ցույց է տալիս խոսակցին ուղղված հրաման, կարգադրություն, խնդրանք:
Հրամայական եղանակով դրված բառերի վերջին վանկի ձայնավորը ստանում է շեշտ ( ՛ ):
Տարբեր տիպի բայերի հրամայական եղանակը կազմվում է տարբեր ձևերով:
Ե խոնարհման պարզ բայերի՝
• եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով -իր վերջավորությունը,
• հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով եք վերջավորությունը՝ երգի՛ր, երգե՛ք, հրի՛ր, հրե՛ք:
Գրել, ջրել, արտասանել, հաջորդել
Ա խոնարհման պարզ բայերի՝
• եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ա վերջավորությունը,
• հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ացեք վերջավորությունը՝ խաղա՛, խաղացե՛ք:
Սողալ, զգալ, լողալ, թնդալ
Ն, չ սոսկածանցավոր բայերի՝
• եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով իր վերջավորությունը,
• հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով եք վերջավորությունը: Ն, չ ածանցները ընկնում են` փախի՛ր, փախե՛ք, հագի՛ր, հագե՛ք:
Մտնել, թռչել, գտնել, դիպչել
Ան, են ոսկածանցավոր բայերի հրամայականի հիմքը կազմվում հետևյալ ձևով՝ ան, են ածանցների ն-ն փոխվում է ց-ի:
Այդ բայերը ստանում են եզակիում իր, հոգնակիում եք վերջավորությունները՝ մոտեցի՛ր, հեռացի՛ր, մոտեցե՛ք, հեռացե՛ք:
Կարճանալ, մեղմանալ, պարծենալ, վախենալ
Պատճառական բայերի ացն, եցն, ցն ածանցների ն-ն փոխվում է ր-ի: Այդ բայերը ստանում են եզակիում ու, հոգնակիում եք վերջավորությունները` հեռացրո՛ւ, հեռացրեք, վազեցրո՛ւ, վազեցրեք, հասցրո՛ւ, հասցրեք:
Խաղացնել, մոտեցնել, թռցնել, փակցնել
Բազմապատկական և կրավորական բայերի հրամայականը կազմվում են ե և ա խոնարհման պարզ բայերի նման, այսինքն, եզակի թվում բայն ստանում է իր, իսկ հոգնակի թվում` եք:
Պոկոտել, թռչկոտել, հեծկլտալ, սիրվել, բռնվել
| Եզակի թիվ | Հոգնակի թիվ |
| գրի՛ր | գրե՛ք |
| կարդա՛ | կարդացե՛ք |
| հասի՛ր | հասե՛ք |
| փախի՛ր | փախե՛ք |
| հեռացի՛ր | հեռացե՛ք |
| մոտեցի՛ր | մոտեցե՛ք |
| մոտեցրո՛ւ | մոտեցրե՛ք |
| հագցրո՛ւ | հագցրե՛ք |
| կտրատի՛ր | կտրատե՛ք |
| բացվի՛ր | բացվե՛ք |
Հրամայական եղանակի ժխտական ձևերը կոչվում են արգելական հրամայական:
Արգելական հրամայական կազմվում է մի եղանակիչով, որը դրվում է դրական ձևերի վրա:
Նշենք, որ արգելական հրամայականի դեպքում շեշտը կրում է մի եղանակիչը:
Հրամայական եղանակի և՛ դրական, և՛ ժխտական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, թեև բացի բայից իրենց կազմության մեջ ունեն մի եղանակիչները, քանի որ խոնարհման ժամանակ այն մնում է անփոփոխ, խոնարհվում է միայն բայը:
| Եզակի թիվ | Հոգնակի թիվ |
| մի՛ գրիր | մի՛ գրեք |
| մի՛ կարդա | մի՛ կարդացեք |
| մի՛ հասիր | մի՛ հասեք |
| մի՛ փախիր | մի՛ փախեք |
| մի՛ հեռացիր | մի՛ հեռացեք |
| մի՛ մոտեցիր | մի՛ մոտեցեք |
| մի՛ մոտեցրու | մի՛ մոտեցրեք |
| մի՛ հագցրու | մի՛ հագցրեք |
| մի՛ կտրատիր | մի՛ կտրատեք |
| մի՛ բացվիր | մի՛ բացվեք |