Просмотр содержимого документа
«Հյուսիսայի Ամերիկա.»
Հյուսիսային Ամերիկա. Բնական զոնաներ
Առարկա՝ Աշխարհագրություն
Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում բնական զոնաները ձգվում են արևելքից արևմուտք ուղղությամբ, մինչդեռ բարեխառն, մերձարևադարձային գոտիներում դրանք շեղվում են իրենց տարածման օրինաչափ ուղղությունից՝ ձգվելով գրեթե հյուսիսից հարավ: Վերջինս հիմնականում պայմանավորված է մայրցամաքի աշխարհագրական դիրքով և լեռնային համակարգերի՝ միջօրեականի ուղղությամբ ձգվածությամբ:
Արկտիկական անապատների կամ սառցային զոնա
Տարածվում է մայրցամաքի հյուսիսում՝ Գրենլանդիայում ( բացառությամբ հարավարևմտյան առափնյա շրջանի ), Կանադական արկտիկական կղզեխմբում: Այս գոտում հսկայական տարածքներ տարվա մեծ մասը ծածկված են ձյան և սառցադաշտերի շերտով:
Կարճատև ամռանը ձյան և սառցե շերտից ազատված տարածքներում աճում են ցածրակարգ բույսեր՝ մամուռներ, քարաքոսներ, որոնք տարածվում են հումուսից գրեթե զուրկ կմախքային հողերի վրա: Կենդանիներից հանդիպում են սպիտակ արջը, բևեռային աղվեսը, բևեռային բուն և այլն:
Տունդրա
Տարածվում է մայրցամաքի հյուսիսային ծովեզերքին՝ հարակից կղզիների տարածքում: Ձգվելով դեպի հարավ-արևելք՝ հասնում է Հուդզոնի ծոցի առափնյա շրջանները՝ ներառելով նաւ Լաբրադոր թերակղզու հյուսիսային մասը:
Տունդրալեզյան հողերի վրա աճում են մամուռներ, քարաքոսներ: Զոնայի հարավային մասում տարածված են ճահճային խոտաբույսերը, գաճաճ կեչիները, լաստենիները, որոնց բարձրությունը չի անցնում մեկ մետրից: Տարածված կենդանիներից է հյուսիսային կարիբու եղջերուն: Հանդիպում են նաև բևեռային գայլը, բևեռային աղվեսը, իսկ ծովափերին՝ փոկերը, ծովացուլերը:
Տայգա
Տայգայի զոնան լայն շերտով տարածվում է մայրցամաքում՝ արևմուտքից արևելք ուղղությամբ: Գերիշխում են պոդզոլային հողերը, որոնք գոյացել են խոնավ և զով ամառային կլիմայի պայմաններում քայքայված բուսական չնչին մնացորդներից և արտաքին տեսքով ու գույնով նման են մոխրի: Ոչ բարձր ջերմաստիճանները չեն նպաստում բույսերի մնացորդների արագ քայքայմանը, այդ պատճառով այս հողերը հարուստ չեն հումուսով:
Այստեղ աճում են հիմնականում փշատերև ծառեր՝ եղևնի, սոճի, խեժափիճի: Կենդանիներից տարածված են արջը, աղվեսը, գայլը և այլն: Անցյալում լայն տարածում է ունեցել ամերիկյան բիզոնը, որը զանգվածային որսի պատճառով գրեթե վերացել է և այժմ պահպանվում է միայն առանձին արգելոցներում:
Պրերիաներ
Ամերիկյան տափաստանները, որոնց անվանում են պրերիաներ, լայն տարածում ունեն Մեծ հարթավայրերում: Այստեղ սևահողերի վրա աճում են խոտաբույսեր, հատկապես՝ հացազգիներ:
Մերձարևադարձային մշտականաչ անտառներ ու թփուտներ
Տարածվում են Կորդիլիերների համակարգի առափնյա լեռներում և Կալիֆոռնիական հովտում՝ դարչնագույն հողերի վրա: Այստեղ է աճում աշխարհի ամենահսկա ծառը՝ սեքվոյան, որն ունի մինչև 150 մ բարձրություն, շուրջ 10 մ տրամագիծ և ապրում է 3000-4000 տարի:
Անապատներ ու կիսաանապատներ
Ի տարբերություն Աֆրիկայի՝ Հյուսիսային Ամերիկայում տարածում չունեն: Հիմնականում զբաղեցնում են Կորդիլիերների միջլեռնային սարահարթերը, Մեքսիկական բարձրավանդակի ներքին շրջանները: Մոխրագորշ, հումուսով աղքատ հողերի վրա աճում են անապատային բույսեր՝ օշինդր, կակտուս և այլն:
Արևադարձային խոնավ անտառներ ու սավաննաներ
Տարածվում են մայրցամաքի հարավային շրջաններում, Կենտրոնական Ամերիկայում: Այստեղ աճում են արմավենիների մի քանի տեսակներ, լիաններ, տարածված են հարավամերիկյան կենդանիներ՝ մջնակերը, զրահակիրը, պուման և այլն:
«Յելոուսթոուն» ազգային պարկ
https:// www.youtube.com/watch?v=b8mxCUf3gj8
Օգտագործված աղբյուրներ
- 1. Հովսեփյան Ա., Գրիգորյան Ա., Մանասյան Մ. ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԻ ԵՎ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ Դասագիրք 6-րդ դասարանի համար ԵՐԵՎԱՆ ԱՍՏՂԻԿ ԳՐԱՏՈՒՆ 2013
- 2. http://www.afternoonspecial.com/travel/13-beautiful-deserts/6 /
- 3. http://www.eniscuola.net/en/argomento/tundra1 /
- 4. https:// sciencing.com/kind-endangered-animal-lives-taiga-8211848.html
- 5. https:// www.imdproc.am/p/ashkharhagrutyun/6-dasaran/mayrcamaqner-14519/hyusisayin-amerikayi-bnakan-zvonanery-15772/re-4fe737f8-64e1-4908-90b9-76a2c9c0e7d9
- 6. https:// www.youtube.com/watch?v=b8mxCUf3gj8