Խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարկաներ, լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը ցույց է տալիս գործողություն կրող առարկա:
Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին:
Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին:
Օրինակ` Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։
Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ տալ, հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։
Օրինակ՝ Արամը ծաղկեփունջը տվեց քրոջը։ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։ Հաղթողին առաջարկեցին ևս մեկ խնդիր։
Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։
Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։
Անջատման անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորությամբ) և ամբողջովին հակադրվում է հանգման խնդրին։ Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։
Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։
Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։
Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։
Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։
Ինչպես ցույց է տրված օրինակներում, միջոցի անուղղակի խնդիրը կարող է լրացնել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերին։
Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։
Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։
Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։
Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։
Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։
Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։
Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։
Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։
Միասնության անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան կամ անձին, որի հետ միասին է արվում գործողությունը:
Միասնության անուղղակի խնդիրը պատասխանում է ինչո՞վ, ո՞ւմ հետ հարցերին
Օրինակ` Ամբողջ օրը բակում ընկերոջս հետ հեծանիվ քշեցի:
Ընտանյոք հանդերձ (կամ՝ ընտանիքով) եկել էին խնջույքի:
Առաջադրանք
Գտիր ուղիղ խնդիրները, որոշիր՝ ինչ խոսքի մասով են արտահայտված։
Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը։
Իսկ ինքը դեռ ինչե՜ր գիտի…
Նրանք անսպառ հետաքրքրությամբ լսում էին իմ պատմածը։
Ես զգացի մի ծանրություն, մի ծանր տխրություն։
Այդ արարքի համար երկուսին էլ հեռացրին համալսարանից։
Ընդգծիր անուղղակի խնդիրները և որոշիր տեսակները։
Ես երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևերին ։
Ձորը լցվում է կաթնագույն ամպերով։
Բոլորը խուսափում էին նրա աչքերին նայելուց։
Նրանք հրացանների կրակոցների աղմուկով քշում էին արտերի վրայից թռչուններին։
Իմ վաղեմի ծանոթը կրակի շուրջ պատմում էր ջրի և ջրբաժանության մասին։
Պարագաները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ
| Պարագա | Հարց(եր) | Օրինակ |
| Տեղի | ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ | Անտառում ամպի ծվեններ կային ... |
| Ժամանակի | ե՞րբ, երբվանի՞ց, մինչև ե՞րբ | Հետո այդ մարդն էլ սուրբ կդառնա... |
| Պատճառի | ինչու՞, ինչի՞ց, ի՞նչ պատճառով | Ուսանողն ուրախությունից ցնծում էր։ |
| Նպատակի | ինչու՞, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով | Նրանք ամեն ինչ արեցին հանուն հաղթանակի։ |
| Պայմանի | ի՞նչ (ո՞ր) դեպքում, ի՞նչ (ո՞ր) պարագայում, ի՞նչ պայմանով | Այդ դեպքում բոլորը կհամաձայնեն։ |
| Զիջման | չնայած ինչի՞ն, չնայելով ինչի՞ն, հակառակ ինչի՞ն | Հակառակ հոր խնդրանքին` նա մեկնեց։ |
| Չափի (չափ ու քանակի) | ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափով, ինչքա՞ն ժամանակով | Բազմիցս փորձել է օգնել ընկերոջը։ |
| Ձևի | ինչպե՞ս | Անծանոթը բարեկամաբար ժպտաց։ |
| Հիմունքի | ի՞նչ հիմունքով | Ըստ վերջին տվյալների` նա մեկնել է ընկերոջ հետ։ |