Համակարգչային Վիրուսներ
Ժամանակակից անհատական համակարգչով աշխատելիս օգտագործողներին (մանավանդ սկսնակ) կարող են հետապնդել շատ անհաջողություններ` տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում և այլն։ Պատճառներից մեկը կարող է հանդիսանալ վիրուսային ծրագրերի ներխուժումը համակարգչային համակարգ։ Վիրուսները համարյա թե ամենավտանգավոր թշնամիներն են համակարգչի համար։ Այդ ծրագրերը կենսաբանական վիրուսների նման բազմանում են` գրանցվելով սկավառակի համակարգային տարածքում կամ կցվելով ֆայլերին` կարող են կատարել տարբեր ոչ ցանկալի գործողություններ։
Այսօր ամենատարածված վիրուսների խումբը՝ մակրովիրուսներն են, որոնք վարակում են ոչ թե ծրագրերը, այլ Microsoft Office ընտանիքի ծրագրերով ստեղծված փաստաթղթերը։ Վիրուսները համակարգիչ կարող են ներխուժել սկավառակների հետ կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրության հետ: Համակարգչային վիրուսը փոքր ծավալի ծրագիր է (հիմնականում չի գերազանցում մեգաբայթը), որը կարող է գրանցել իր պատճենները համակարգչի համակարգային տարածքում, դրայվերներում, փաստաթղթերում և այլ տեղերում։ Վիրուսի պատճենի ներխուժումը մեկ այլ ծրագիր կոչվում է վարակում, իսկ ծրագիրը, որը պարունակում է վիրուսը ` կոչվում է վարակված։ Այսօր գիտությանը հայտնի են մոտ 40 հազար համակարգչային վիրուսներ։ Բիոլոգիական վիրուսների նման համակարգչային վիրուսներին տարածվելու համար անհրաժեշտ են կրիչներ` առողջ ծրագրեր կամ փաստաթղթեր։ Այն պահին, երբ օգտագործողը ոչինչ չկասկածելով բաց է թողնում վարակված ծրագիրը, վիրուսը ակտիվանում է և սկսում իր վտանգավոր գործունեությունը։ Բացի ծրագրեր վնասելուց` կան ժամանակակից վիրուսներ, որոնք կարող են վնասել «երկաթը։ Օրինակ. ոչնչացնում են BIOS-ի պարունակությունը կամ վնասում են կոշտ սկավառակը։ Առաջին համակարգչային վիրուսները եղել են հասարակ և օգտագործողից չեն թաքնվել, այլ մոնիտորին արտապատկերել են նկարներ և կատակներ։ Օրինակ. ասեք Կլիմանջարո լեռան բարձրությունը միլիմետրերով։ Սխալ պատասխանի դեպքում կոչնչանան ձեր կոշտ սկավառակի բոլոր տվյալները։ Բացահայտել այդպիսի վիրուսները դժվար չէր։ Հետագայում վիրուսները սկսեցին թաքցնել իրենց ծրագրային կոդը այնպես, որ ոչ մի հակավիրուս չէր կարողանում հայտնաբերել։ Այդպիսի վիրուսները կոչվում էին ՙանտեսանելի։ 90-ական թվականներին վիրուսները սկսեցին արագ փոխել իրենց ծրագրային կոդը, այն թաքցնելով կոշտ սկավառակի տարբեր մասերում։ Վիրուսների տարածման մեջ մեծ ներդրում ունեցավ ինտերնետը։ Վիրուսի առաջին «համաճարակը» տեղի ունեցավ 1986 թվականին, երբ Brain (ուղեղ) անվամբ վիրուսով սկսեցին «վարակվել» ճկուն մագնիսական սկավառակները:
Վտանգավոր և անվտանգ վիրուսներ
Վիրուսների մեծամասնությունը չեն կատարում ինչ-որ գործողություններ, բացի իրենց տարածումից (վարակելով այլ ծրագրեր, սկավառակներ և այլն) և երբեմն արտածում են հաղորդագրություններ կամ վիրուսի հեղինակի կողմից ստեղծված այլ էֆեկտներ` խաղեր, երաժշտություններ, համակարգչի կախում, մոնիտորին հայտնվում են նկարներ, ստեղների ֆունկցիայի փոփոխում, համակարգչի աշխատանքի դանդաղեցում և այլն։ Բայց այդ վիրուսները ինֆորմացիային լուրջ վնաս չեն հասցնում։ Այդպիսի վիրուսները պայմանականորեն կոչվում են անվնաս։ Ի դեպ, անվնաս վիրուսներն էլ կարող են պատճառել մեծ անհաջողություններ (օրինակ` համակարգչի վերաբեռնումը ամեն 5 րոպեն մեկ ձեզ թույլ չի տալիս հանգիստ աշխատել)։ Եթե տվյալների վնասումը կատարվում է պարբերաբար և դա չի ունենում ծանր հետևանքներ, ապա այդ վիրուսները կոչվում են վտանգավոր։ Իսկ եթե վնասումը կատարվում է հաճախակի, կամ վիրուսները հասցնում են լուրջ վնասներ (կոշտ սկավառակի ֆորմատավորում, տվյալների սիստեմատիկ փոփոխում սկավառակի վրա և այլն), ապա այդպիսի վիրուսները կոչվում են շատ վտանգավոր:
Վիրուսները կարելի է բաժանել հետևյալ տիպերի.
Ֆայլային, որոնք վարակում են ծրագրեր և փաստաթղթեր պարունակող ֆայլերը:
Բեռնավորվող, որոնք վնասում են սկավառակների այն տիրույթները, որոնք ծառայում են օպերացիոն համակարգի բեռնավորման համար: Նման վիրուսի օրինակ է հայտնի Melissa, Win95.CIH և Chernobyl վիրուսները, որոնց գործունեության արդյունքում ամբողջ աշխարհում շարքից դուրս եկան մոտ 5 մլն համակարգիչներ։ Այդ վիրուսները փչացնում էին համակարգչի կոշտ սկավառակը և ոչնչացնում մայրական հարթակի BIOS ծրագիրը:
Տրոյական, այն վտանգավոր վիրուսներն են, որոնք ունակ են «գաղտնի» աշխատելու: Այդ ընթացքում կարող են ոչ միայն Համացանց մտնելով ձեր գաղտնաբառը, այլև վարկային կտրոնի համարն իմանալ, այնուհետև այդ տեղեկությունները Համացանցով այլ համակարգիչ ուղարկել: Նման վիրուսներն այնուհետև գործում են ձեր անունից:
Իսկ ի±նչ «ախտանիշներով» է բնորոշվում վիրուսի առկայությունը.
էկրանի մարում
չնախատեսված հաղորդագրության հայտնվումը էկրանի վրա
չնախատեսված պահանջ` ձայնագրության սկավառակից հանել պաշտպանությունը
վարակված ֆայլերի ստեղծման ժամանակի և ամսաթվի փոփոխություն
էկրանի վրայից տառերի կորչելը (երբեմն երաժշտության ուղեկցությամբ)
որոշ ծրագրային ֆայլերի անհետացում ուրբաթ օրերին, որոնք ընկնում են ամսի 13-ին
աշխատանքի անսովոր վթարային ավարտ
տեղեկատվական ֆայլերի կործանում կամ մասնակի վնասում
համակարգչի աշխատանքի դանդաղեցում
ստեղնաշարից ներմուծման արգելափակում
սիմվոլների շրջում էկրանի վրա
տվյալների գրանցման արգելափակում կոշտ սկավառակի վրա
համակարգչի վարքի դրսևորման այլ անսովոր ձևեր
Հիմնականում օգտագործողի համար վտանգավոր է համարվում վիրուսի այն գործողությունը, ինչպիսին է կոշտ սկավառակի ֆորմատավորումը, որը բերում է կոշտ սկավառակի վրա պահպանվող ինֆորմացիայի կորստի։ Քանի որ վիրուսի ներխուժումից ոչ մի օգտագործողի համակարգիչ ապահովված չէ, հետևաբար վիրուսների կողմից հասցվող վնասները նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի հասարակ կանոններ։
Ամեն մի սկավառակ, եթե այն եղել է այլ համակարգչի վրա, անհրաժեշտ է ստուգել կամայական հակավիրուս ծրագրով։ Այդպիսի ծրագրերը կարող են ոչ միայն հայտնաբերել վիրուսը, այլ նաև կարող են բուժել սկավառակը։ Հատկապես վերաբերվում է խաղային ծրագրերին, քանի որ վիրուսների մեծ մասը տարածվում են հենց խաղերի միջոցով։
Նմանատիպ ստուգումները անհրաժեշտ է կատարել այն ֆայլերի համար, որոնք գալիս են ցանցի միջոցով։
Հակավիրուսային ծրագիրը շատ արագ ծերանում է։ Դրա համար խորհուրդ է տրվում հաճախակիորեն այն թարմացնել նոր տարբերակով։ Սովորաբար այդպիսի թարմացումները տևում են մեկ շաբաթից մինչ երեք ամիս։
Վիրուսի բացահայտման ժամանակ պետք չէ կատարել չմտածված գործողություններ, քանի որ դա կարող է բերել այնպիսի ինֆորմացիայի կորստի, որը դեռ կարելի է փրկել։ Այդ ժամանակ ամենից ճիշտ է անջատել համակարգիչը, որպեսզի կանգնեցվի վիրուսի գործունեությունը։ Այնուհետև բեռնել համակարգիչը օպերացիոն համակարգի էտալոնային սկավառակից, որից հետո պետք է գործարկել հակավիրուսային ծրագիրը։ Եթե ամեն ինչ ճիշտ է կատարվել, ապա հակավիրուսային ծրագիրը օգտագործողին տեղեկացնում է համակարգչից վիրուսների բացակայման մասին։
Արժեքավոր տվյալներ պարունակող ֆայլերի կրկնօրինակ ստեղծել:
Այժմ լայնորեն կիրառվող հակավիրուսային միջոցներից են Kaspersky, Dr. Web7, ESETNOD32, NortonInt. Security, BitDefender, Comodo, Avira և Avast փաթեթները:
Էլեկտրոնային փոստի հակավիրուսային ճշգրտում
Սկսած այն պահից, երբ լայնածածկույթ ինտերնետ կապը տարածում գտավ, վնասակար ծրագրերի ստեղծումը արդեն շահույթ հետապնդող նպատակ ունեցավ։ Օրինակ՝ 2003-ից սկսած, համատարած ճանաչում ունեցող վիրուսների և որդերի մեծ մասը ստեղծվել են օգտագործողների համակարգիչների կառավարումը ստանձնելու նպատակով։ Վարակված "զոմբի համակարգիչները" օգտագործվում են էլեկտրոնային փոստով անիմաստ գովազդային տեղեկություններ ուղարկելու համար, ինչպես նաև՝ այնպիսի տեղեկություններ զետեղելու համար, ինչպիսին է երեխաների պորնոգրաֆիան: Շահույթ հետապնդելու որոշակիորեն հստակ նպատակով ստեղծված մեկ այլ վնասակար ծրագրի տեսակ է ի հայտ եկել «լրտեսածրագրեր» անվան ներքո, ծրագրեր, որ ստեղծվում են օգտագործողների համացանցում կատարած գործողությունները հետևելու, ոչ ցանկալի գովազդների ցուցադրման կամ ստացած եկամուտները տվյալ լրտեսածրագրերի հեղինակներին ուղղարկելու նպատակով։ Լրտեսածրագրերը չեն տարածվում վիրուսների նման: Դրանք հիմնականում տեղադրվում են՝ օգտագործելով անվտանգության համակարգում առկա թույլ տեղերը, կամ էլ կցվում են օգտագործողների կողմից տեղադրվող ծրագրերում։
Վերջին շրջանում ցանցում աշխատելիս հատկապես էլեկտրոնային փոստից օգտվելիս, հաճախակի են դարձել վիրուսների ներխուժումը համակարգիչ փոստային հաղորդագրությունների միջոցով։ Այդ պատճառով այստեղ նույնպես անհրաժեշտ է պահպանել մի քանի հասարակ կանոններ.
Նամակներին կպած ֆայլերը չպետք է բացել, եթե չգիտես, թե ումից է ուղարկված և ինչ է պարունակում։
Նամակներին կպած ֆայլերը չպետք է բացել, որոնք ուղարկված են հակավիրուսային լաբորատորիաներից։ Լաբորատորիաները երբեք ֆայլեր չեն ուղարկում։
Նամակներին կպած ֆայլերը չպետք է բացել, եթե նամակի թեման և ինքը նամակը դատարկ են։
Ոչնչացնել բոլոր կասկածելի ֆայլերը:
Վնասակար ծրագրերը որպես շահույթ ստանալու միջոց.
1980-1990-ական թվականներին համարվում էր, որ վնասակար ծրագրերը որպես կանոն ստեղծվում են որպես վանդալիզմի կամ չարաճճիության ինչ-որ միջոց։ Սակայն համեմատաբար վերջերս արդեն պարզ դարձավ, որ վնասակար ծրագրերի առավելագույն մասը գրվել է ֆինանսական կամ այլ շահույթ հետապնդելով: Վնասակար ծրագրերը առևտրային սկզբունքներով ստեղծվում են համակարգիչ օգտագործողների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով, նրանց ցատկող գովազդներ ցույց տալով կամ վեբ-դիտարկման համակարգի վարքը վերահասցեավորելով այլ ինտերնետայն հասցեի, որը կնպաստի լրտեսածրագրի ստեղծողի ֆինանսական եկամուտի մեծացմանը։ Օրինակ՝ որոշ լրտեսածրագրեր որոնման համակարգերի արդյունքներն ուղղորդում են դեպի վճարովի գովազդները։ Ուրիշները, օրինակ՝ լրատվամիջոցների կողմից հաճախ անվավող «Կողոպտածրագրեր»-ը, համընդհանուր առևտրի կոդերը նորից արտագրում են այնպես, որ դրանց շահույթը, իր իսկական հասցեատիրոջ փոխարեն, ուղղորդվի լրտեսածրագրի ստեղծողներին։ Լրտեսածրագրերը երբեմն տեղադրվում են որպես այս կամ այն տիպի Տրոյական ձիեր։ Դրանք տարբերվում են այն բանով, որ դրանց ստեղծողները բացեիբաց ներկայանում են առևտրի ոլորտի անունից, օրինակ՝ ինտերնետում վաճառելով գովազդային տարածք` ցատկող գովազդի միջոցով, որ ստեղծվել է վնասակար ծրագրի կողմից։ Այսպիսի ծրագրերի մեծ մասը օգտագործողին են հրամցվում այսպես կոչված վերջնական հասցեատիրոջ վկայագիր-համաձայնագրի հետ միասին, որը ենթադրաբար դատ ու դատաստանից պահպանում է այն ստեղծողին՝ համակարգչային աղտոտման օրենքների դաշտում։ Այնուամենայնիվ, այսպես կոչված EULA-ի լրտեսածրագրերը մինչ այժմ դեռևս դատարան չեն հասել։ Մեկ այլ ձևը, որով վնասակար ծրագրերի ստեղծողները կարող են եկամուտ ստանալ իրենց «ստեղծագործությունների» շնորհիվ՝ արդեն իսկ վարակված համակարգիչների օգտագործումն է ի օգուտ վնասակար ծրագրի հեղինակների։ Վարակված համակարգիչներն օգտագործվում են որպես պրոքսիներ՝ տարբեր ուղղություններով անօգուտ գովազդային հաղորդագրություններ ուղարելու համար։ Վարակված համակարգիչներ օգտագործող այսպես կոչված սպամերների (անօգուտ գովազդային հաղորդագրություններ ուղարկողների) առավելություններից մեկն այն է, որ նրանք հանդես են գալիս, ինչը նրանց ազատում է քրեական պատասխանատվությունից։ Սպամերները վարակված համակարգիչներն օգտագործում են նաև հակա-սպամային կազմակերպություններին գրոհելու նպատակով՝ այսպես կոչված «ծառայության մատուցված մերժում» տիպի հարձակումներ իրականացնելով։ Բազմաթիվ վարակված համակարգիչների գործունեությունը կոորդինացնելու համար, հարձակվողներն օգտագործել են կոորդինացնող համակարգեր, որ կոչվում են ցանցավարակիչներ։ Ցանցավարակիչում առկա վնասակար ծրագիրը կամ վարակի օջախը մուտք է գործում ինտերնետային երկխոսության չաթ ծրագիր, կամ մեկ այլ չաթի համակարգ։ Ապա հարձակվողը կարող է միաժամանակ բոլոր վարակված համակարգերին հրահանգներ տալ։ Ցանցավարակիչները կարող են նաև օգտագործվել թարմացված վնասակար ծրագրերը վարակված համակարգերում տեղադրելու համար, վնասակար ծրագրերը հակավիրուսային ծրագրերի կամ անվտանգության այլ միջոցների հանդեպ ամուր պահելով։ Հնարավոր է, որ վնասակար ծրագրի ստեղծողը եկամուտ ստանա նաև իր զոհից խոցելի տեղեկություններ գողանալով։ Որոշ վնասակար ծրագրեր բանալի մուտքագրող են տեղադրում զոհի համակարգչում, որը որսում է օգտագործողի սեղմակների սեղմումները՝ գաղտնագիր, դրամական քարտի համար կամ հարձակման ենթակա այս տիպի այլ տեղեկությունները մուտքագրելու պահին։ Վարակված համակարգչի տիրոջից գումար առևանգելու մեկ այլ ձև է dial-up մոդեմի կառավարումը ստանձնելն ու թանկ միջքաղաքային զանգ կատարելը։ Զանգող ծրագիրը հավաքում է առաջնակարգ հեռախոսահամար, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի "900 համար"-ը, ու զանգն ակտիվ թողնում՝ միջքաղաքային զանգի վարձը թողնելով վարակված համակարգչի օգտագործողի հաշվին։
Տրոյական ձիեր
Որպեսզի վնասակար ծրագիրը հասնի իր նպատակին, անհրաժեշտ է, որ նրա թիրախ հանդիսացող համակարգիչը չանջատվի կամ օգտագործողը չջնջի այդ վնասակար ծրագիրը: Վնասակար ծրագրի քողարկումը նույնպես կարող է օգնել այն տեղադրել համակարգչի մեջ: Երբ ծրագիրը քողարկված է ինչ-որ անմեղ կամ ցանկալի ծրագրով, օգտագործողը, առանց հասկանալու, թե իրականում ինչի է ընդունակ այն, կարող է տեղադրել համակարգչում: Այս վարքագիծը բնորոշ է այսպես կոչված «Տրոյական Ձի» կամ պարզապես «Տրոյան» ծրագրին կամ վիրուսին: Տրոյական Ձի է համարվում այն ծրագիրը, որն օգտագործողին «հրավիրում է» տեղադրել և աշխատեցնել այն իր համակարգչի մեջ` միևնույն ժամանակ քողարկելով բոլոր վնաս պատճառող կողմերը: Տեղադրումն ու ծրագրի աշխատեցնելը կարող է շատ մեծ և անցանկալի վնասներ պատճառել համակարգչին, ընդհուպ մինչ կարևոր ֆայլերի, տեղեկությունների ջնջումը, ինչպես նաև այլ վնասակար ծրագրերի հետագա տեղադրումը համակարգչում: Լրտեսածրագրերի հեղինակները, որոնք փորձում են գործել օրինական ձևով, իրենց ծրագրի մեջ ներառում են օգտագործողի հետ վկայագիր-համաձայանգիր, որի մեջ շատ ընդհանուր տերմիններով նշվում է լրտեսածրագրի վարքը: Սակայն, շատ քչերն է հավանական, որ կկարդան կամ կհասկանան այն:
Արմատակույտեր (Rootkits)
Երբ վնասակար ծրագիրը տեղադրվում է համակարգչի մեջ, այն պետք է մնա «թաքնված» կամ «քողարկված», որպեսզի չհայտնաբերվի օգտագործողի կողմից և չհեռացվի համակարգչից: Նույնը կարելի է ասել նաև այն դեպքի համար, երբ մարդն է գրոհում համակարգիչը։ Rootkit կամ արմատակույտեր անվանմամբ տեխնոլոգիաները ապահովում են վնասակար ծրագրի քողարկումը, այնպես փոփոխելով օպերացիոն համակարգը, որ օգտագործողը երբեք չիմանա այդ ծրագրի գոյության մասին իր համակարգչում: Արմատակույտերը կարող են աննկատ պահել նույնիսկ պրոցեսը համակարգչի պրոցեսներրի ցանկից կամ թույլ չտալ, որպեսզի այդ ֆայլերը հնարավոր լինի կարդալ: Ի սկզբանէ արմատակույտն ընդամենը հանդիսանում էր գործիքների ծրագրային փաթեթ, որ տեղադրվել էր մարդ-հարձակվողի կողմից Յունիքս (UNIX) համակարգում, որտեղ գրոհողը կարողացել էր ադմինիստրատորի հիմնական (root/արմատ) հատված ներխուժել։
Ետնադռներ
«Backdoor»-ը կամ Ետնադուռ-ը' ինքնության ճանաչման պրոցեսը շրջանցող մի մեթոդ է: Երբ վտանգի է ենթարկվում համակարգի անվտանգությունը, համակարգում կարող են տեղադրվել մի քանի ետնադռներ: Ետնադռներ կարող են տեղադրվել նաև մինչև վնասակար ծրագրերի համակարգում հայտնվելը, որպեսզի ապահովեն գրոհողների մուտքը համակարգ։ Համակարգիչ արտադրողներին հաճախ խորհուրդ է տրվել նախապես ետնադռներ տեղադրել համակարգի մեջ, որպեսզի հետագայում հնարավոր լինի տեխնիկական ապահովման ծառայություն մատուցել սպառողներին, սակայն այս գործընթացը դեռևս հստակորեն չի հաստատվել: Համակարգչային ծրագրեր «կոտրողները» սովորաբար օգտագործում են ետնադռները` հեռակա կարգով համակարգչին հասանելի լինելու համար, միևնույն ժամանակ թաքնված մնալով հսկումներից: Ետնադռներ տեղադրելու համար «կոտրողները» օգտագործում են Տրոյական ձիեր, որդեր կամ այլ մեթոդներ։
10 ամենահիշվող համակարգչային վիրուսները պատմության մեջ
Երուսաղեմ (այլ կերպ հատնի որպես BlackBox)
Այս վիրուսը հայտնաբերվել է 1987 թվականին Երուսաղեմում և համարվում է ամենահին համակարգչային վիրուսներից մեկը: Վիրուսը զբաղվում էր նրանով, որ ջնջում էր համակարգչի կոշտ սկավառակի ամբողջ պարունակությունը: Ի դեպ, այդ ամենը նա անում էր Ուրբաթ 13-ի օրերին: Նրա անունն առաջացել է այն քաղաքի պատվին, որտեղ այն առաջին անգամ հայտնաբերվել է Երուսաղեմում: Գոյություն ունեն այս վիրուսի տարբեր տարատեսակներ, օրինակ Frere վիրուսն ամեն Ուրբաթ 13-ի օրը միացնում էր Frere Jacques երգը:
Միքելանջելո
1991 թվականին MS-DOS ՕՀ-ով հազարավոր համակարգիչներ տուժեցին նոր տեսակի ճիճվից, որը պետք է ակտիվանար հայտնի նկարիչ Միքելանջելոյի ծննդյան օրը՝ մարտի 6-ին: Վիրուսի հեղինակները տարածել էին, որ 1992 թվականի մարտի 6-ին «Միքելանջելո» վիրուսը կրկին կակտիվանա և շարքից կհանի միլիոնավոր համակարգիչներ: Մարդկանց մոտ խուճապ առաջացավ, որն ապագայում անվանեցին «Միքելանջելոյի հիստերիկ համախտանիշ», սակայն մարտի 6-ին ոչինչ չկատարվեց: Հավանաբար, այս ամենն ստեղծված էր անտիվիրուսային ծրագրային ապահովման վաճառքը մեծացնլու նպատակով:
Storm Worm
Այս վիրուսը 2007 թվականին վարակեց մոտ 300 հազար համակարգիչ: Վնասի մասշտաբները թույլ են տալիս ասել, որ այս վիրուսը համարվում է 2005 թվականից հանդիպող վիրուսներից ամենավարակիչը, երբ հայտնաբերվեց Sober.O. տիպի Storm Worm ճիճուն:
Sobig
Վիրուսը, որը լցվեց աշխարհի գրեթե բոլոր էլեկտրոնային փոստերի մեջ, ճանաչվեց պատմության մեջ ամենաարագ տարածվող վիրուսը: Էլեկտրոնային նամակների ֆիլտրմամբ զբաղվող MessageLabs ընկերությունը 24 ժամվա մեջ հայտնաբերել էր ավելին քան մեկ միլիոն էլեկտրոնային հաղորդագրություն, որոնք վարակված էին Sobig F վիրուսով: Արդյունքում վարակվել էր մոտ 500 հազար համակարգիչ, իսկ վնասը կազմեց ավելին քան մեկ միլիարդ դոլար:
MSBlast
Այս վիրուսը ներխուժում է ցանցային ֆայլերի մեջ, որոնցից օգտվում են ինտերնետից օգտվող համակարգիչները և գտնելով ծրագրային ապահովման «անցքերը»՝ անցնում է համակարգչի մեջ: Այն աշխատում է առանց օգտագործողի թույլտվության և վարակում ամբողջ ցանցը: Բացի դրանից, վիրուսի մեջ հաղորդագրություն էր պարունակվում, ուղղված Բիլ Գեյթսին, որտեղ ասվում է՝ «Բիլլի, հերիք է փող աշխատես, ավելի լավ է ՕՀ-իդ անցքերը փակի՛ր»: Վիրուսի ստեղծող՝ 19-ամյա Ջեֆֆրի Լի Պարսոնին ազատազրկեցին 18 ամսով:
Melissa
Այս վիրուսը տարածվեց անվճար պորնոգրաֆիայի կերպարանքով: Օգտվողների էլ.փոստերին նամակ էր գալիս այդպիսի վերնագրով, և միամիտ օգտագործողները գրավիչ առաջարկին հավատալով՝ բացում էին նամակը և վարակում համակարգիչը Melissa-ով, որն իր հերթին «գողանում» էր Outlook-ի բոլոր էլ. հասցեները և նշված նամակը ուղարկում մնացածներին: Վիրուսի հեղինակը պատժվեց օրենքի լրիվ խստությամբ, իսկ վնասները կազմեցին մի քանի զրոներ մեկի կողքին:
CodeRed
2001 թ.-ի ուրբաթ 13-ին ակտիվացավ Code Red կոչվող վիրուսը: Այն օգտագործել էր Microsoft IIS սերվերների թուլությունը, որից հետո վարակված վեբ-սերվերները ցույց էին տալիս հետևյալ հաղորդագրությունը «HELLO! Welcome to http://www.worm.com! Hacked By Chinese!», որից հետո սերվերն անջատվում էր: Code Red և Code Red II վիրուսները համարվում են աշխարհի ամենաթանկ ճիճուներից մեկը ինտերնետի պատմության մեջ: Նրանք պատճառել են ավելին քան 2 միլիարդ դոլարի վնաս:
Nimda
Code Red վիրուսի նման, կոտրում է IIS սերվերները և ստեղծում HTML տիպի ֆայլ My Documents թղթապանակում: Վիրուսի վնասները կազմում էին մոտ 530 միլիոն դոլար:
I LOVE YOU վիրուս
2000թ-ի մայիսի սկզբներին, ամբողջ աշխարհում օգտագործողները ստացան նամակ I Love You թեմայով: Օգտագործողները հավատալով այս գրավիչ նամակին, բացում էին այն, և վիրուսը տարածվում էր նրանց համակարգչով: Մի քանի ժամում այս վիրուսը հասցրեց վարակել ավելի քան 3 միլիոն համակարգիչ: Նամակի թեման և ֆայլի անունը (LOVE-LETTER-FOR-YOU.TXT.VBS) վստահություն էին ներշնչում օգտագործողներին: Computer Economics ասոցիացիայի տվյալներով վիրուսը բերել է մոտ 10 միլիարդ դոլարի վնաս:
Morris Worm
Ինչքա՞ն մեծ է ինտերնետը: Կարծում եմ այդ հարցը շատերն են իրենց տվել, այդ թվում նաև 23-ամյա Ռոբերտ Մորիսը: Իրոք, Մորիսի քայլերը վատ մտադրությամբ չէին արված, նա իրոք ցանկանում էր իմանալ, թե ինչքա՞ն մեծ է ինտերնետը: Արդյունքում, ճիճուն շարքից հանեց մոտ 6000 Unix մեքենա, որն իր հետ վնաս բերեց 10 միլիոնից 100 միլիոն դոլարի սահմաններում:
Օգտագործված գրականության ցանկ
Վիքիպեդիա
http://avehakob.blogspot.com/2011/05/10_30.html
http://avehakob.blogspot.com/2011/05/10_30.html#ixzz2iCPGBugo
http://www.genproc.am/am/51/item/7489/
9