Просмотр содержимого документа
«Աշակերտը որպես ուսուցման լիարժեք սուբյեկտ»
Աշակերտը որպես ուսուցման լիարժեք սուբյեկտ
Կրթական գործընթացում աշակերտը հանդես գալով որպես սուբյեկտային փորձի կրող, ուսումնական գործունեության ձևավորման համեմատ դառնում է ուսուցման սուբյեկտ: Աշակերտի` որպես ուսուցման սուբյեկտի ձևավորվածությունը նշանակում է, որ դպրոցականը կարողանում է վերլուծել իր ուսումնական գործունեությունը, դրա մեջ առանձնացնել բաղադրատարրերը, գնահատել դրանք գոյություն ունեցող նորմերի ու չափանմուշների տեսանկյունից, նաև նա կարողանում է ոչ միայն ընտրել առաջարկածից, այլև ստեղծել նոր հնարավորություններ իր կրթական պահանջմունքների բավարարման համար, այսինքն` իրականացնել սուբյեկտային նպատակադրում:
Ավանդական դիդակտիկական համակարգում աշակերտի գործունեությունը խիստ կանոնակարգվում է ուսուցչի առաջադրանքներով: Աշակերտի ինքնուրույնության փաստացի դրսևորումը հասցված է նվազագույնի: Ինքնաարտահայտության բոլոր բաղադրիչները ուսուցչի ձեռքին են: Նոր դիդակտիկական համակարգում գերակշռում է սուբյեկտների բնական համագործակցությունը, երկխոսությունը, փորձի ազատ ստուգումը, ինչի շնորհիվ սուբյեկտիվ իմաստը գերակայություն է ստանում օբյեկտիվ գիտելիքի համեմատ: Փոխվում է ուսուցչի և աշակերտի`որպես կրթական գործընթացի սուբյեկտների առաքելությունը:
Անձնակողմնորոշված ուսուցումը հանդես է գալիս որպես դաստիարակող, ուսուցանող և զարգացնող միջավայր, իսկ դպրոցականի ինքնազարգացումը տեղի է ունենում իր ներքին օրենքներով: Ուսուցչի խնդիրն է այմաններ ստեղծել աշակերտի զարգացման համար: Պայմանը աշակերտի վերաբերմունքն է նրան շրջապատող երևույթների նկատմամբ, առանց որոնց նա չի կարող գոյություն ունենալ:
Այսպիսով աշակերտը ուսուցչի գործողությունների օբյեկտից վերածվում է յուրացման, ուսուցման, հաղորդակցման, սոցիալացման , կառավարման սուբյեկտի:
Գիտականորեն կազմակերպված ուսումնական գործընթացը սովորողների ինքնագործունեության գործընթաց է` միմյանց հետ ակտիվ շփման առկայությամբ: Դա նշանակում է, որ սուբյեկտա-սուբյեկտային հարաբերություններ կան ոչ միայն ուսուցչի և աշակերտի, այլև աշակերտների միջև:
Կրթական գործընթացում սուբյեկտա-սուբյեկտային հարաբերությունների զարգացումը ստիպում է նորովի մոտենալ և´ ուսումնական նյութի կազմակերպմանը, և´ ուսումնական գործունեության հետագա կատարելագործմանը:
Սուբյեկտային նպատակադրումը ենթադրում է, որ աշակերտը պետք է տեղեկություններ ունենա ուսման նպատակների ու խնդիրների, ուսումնասիրվող առարկայի տրամաբանական կառուցվածքի, դրա ճանաչողության մեթոդների մասին և այլն: Անհրաժեշտ է, որ սովորողները իրենք իրենց ներկայացնեն դասընթացի ուսումնասիրվող թեման դասի ընդհանուր համակարգում: Կարևոր է սովորողներին իրազեկ դարձնել ապագա դասընթացի դասավանդման մեթոդիկայի առանձնահատկությունների մասին, արդյունքի հասնելու հնարավոր ուղիների ու միջոցների մասին: Ուսուցիչը պետք է ցույց տա դասընթացի կան թեմայի ուսումնասիրման ժամանակավոր սահմանները: Բացի այդ սովորողները պետք է իմանան իրենց գործունեության արդյունքի չափանմուշի, օրինակի մասին:
Ընդունելով նպատակը` աշակերտն սկսում է հանդես գալ որպես ուսուցման սուբյեկտ. որոշել ինչ, ինչպես և երբ պետք է անի արդյունքի հասնելու համար: Ուստի աշակերտը պետք է ներկայացնի իր գործունեության կառուցվածքը, գործողությունների կատարման եղանակները և դրանց հաջորդականությունը: Ուսուցիչը գիտի, թե ինչ ընթացակարգեր ու գործողություններ պետք է օգտագործել խնդիրների լուծման ժամանակ, բայց հարկավոր է, որ դրանք գտնի նաև աշակերտը:
Ուսումնական գործունեության ավանդական կազմակերպումը երեխային հնարավորություն չի տալիս դառնալու սեփական գործունեության գնահատման սուբյեկտ: Գնահատման գործառույթը ուսուցչի գործն է, դնելով թվանշան, նա առաջնորդվում է կամ որոշակի չափորոշիչով կամ սեփական բնազդով, չվերլուծելով աշակերտի գործունեության կառուցվածքը և նրա առաջընթացը ճանաչողության ասպարեզում: Անձի զարգացման կարևորագույն կողմերը` շարժառիթների, հետաքրքրությունների փոփոխությունները, ստեղծագործության ու ինքնուրույնության աստիճանը, փոխգործակցության հմտություն քանակապես գնահատել առհասարակ հնարավոր չէ: Ինքնագնահատման գործողությունները հանրագումարի են բերում աշխատանքի արդյունքը: Մանկավարժական գնահատականը ենթադրում է աստիճանական անցումը սովորողների արտաքին գնահատումից ինքնագնահատման: