Просмотр содержимого документа
«Համագործակցային ուսուցման տեխնոլոգիաները»
Ներածություն
Համագործակցային ուսուցման կիրառումը սկսվում է դեռևս անտիկ դարաշրջանից: «Թալմուդը հասկանալու համար պետք է ընկեր ունենալ»,- գրված է Թալմուդում: Հռոմեացի փիլիսոփա Սենեկան ասում էր, որ սովորեցնողը կրկնակի է սովորում: Իսկ 17-րդ դարում Կոմենսկին հավաստում էր, որ սովորողները շահում են, երբ սովորում են ուրիշից, նաև երբ սովորեցնում են ուրիշի:
Փորձը ցույց է տվել, որ համագործակցային դասերն ավելի արդյունավետ են: Այդ ընթացքում ստեղծվում են աջակցող և փոխադարձաբար նվիրված հարաբերություններ, բանիմացության և ինքնարժևորման առավել բարձր աստիճաններ: Համագործակցային ուսուցումը երեխաներին մղում է ավելի լավ սովորել, քանի որ «Երբ սովորեցնում ես, սովորում ես կրկնակի»:
Համագործակցային ուսուցման կիրառումը նպաստում է ուսման արդյունավետության բարձրացմանը: Ուսուցման ժամանակ աշակերտները գիտելիքներ են ձեռք բերում ոչ միայն ուսուցչի օգնությամբ, այլև ինքնուրույնաբար: Աշակերտն այս դեպքում պասիվ ընկալողից վերաճում է հայտնագործողի և գիտելիքների ձեռք բերման ակտիվ մասնակցի: Աշակերտները զույգերով կամ փոքր խմբերով աշխատում են մի ընդհանուր խնդրի լուծման, թեմայի հետազոտման կամ նոր միտք, նորարարություն իրականացնելու ուղղությամբ: Խմբերում ընդգրկված տարբեր կարողությունների և մտածողության տեր աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը, միաժամանակ ծանոթանում մյուսների մտքերին: Այս դեպքում նրանք սովորեցնում են իրար և սովորում միմյանցից:
Համագործակցային ուսուցումը խմբերով, ինքնուրույն, անհատական ու շերտավորված աշխատանքների մի կուռ համակարգ է: Այն ընդգրկում է զրույցի, խնդրահարույց ուսուցման և փոխներգործուն մեթոդների տարրեր:
Համագործակցային ուսուցման տեխնոլոգիա
Համագործակցային ուսուցման հիմքում ընկած են հիմնականում երեք տեսություններ՝ սոցիալական փոխկախվածության, ճանաչողության զարգացման, վարքագծային ուսումնառության:
Սոցիալական փոխկախվածության տեսության նրկայացուցիչները (Կուրտ-Կաֆկա, Կուրտ-Լեվին) խումբը դիտում են որպես դինամիկ ամբողջություն, որտեղ շեշտադրվում է ընդհանուր նպատակից բխող փոխկախվածությունը. խմբի անդամներից մեկի վիճակի փոփոխությունը հանգեցնում է մյուսների վիճակների փոփոխության: Իսկ ներխմբային լարումը հանգեցնում է խմբի ընդհանուր նպատակի իրականացմանը:
Ճանաչողական զարգացման տեսությունն իր հիմքում ներառում է Պիաժեի, Վիգոտսկու, Բրուների հայացքները: Վիգոտսկին ասում էր՝ գիտելիքին հատուկ է սոցիալական որոշակի բնութագիր, և ծնվում է ծագած խնդիրների ըմբռնման և լուծման ընթացքում` գործադրած համատեղ ջանքերով: Նյութը վերապատմելու կամ վերաշարադրելու ընթացքում սովորողներն արդեն ձևավորված ճանաչողական կառուցվածքներում որոշակի փոփոխություններ են կատարում: Հետևաբար, ըստ Վիգոտսկու, մտավոր աշխատանքի լավագույն ձևը սովորածը ընկերոջը բացատրելն է: Իսկ Ջերոմ Բրուները մշակեց հետազոտական ուսուցման գաղափարը, որը շրջադարձային եղավ: Նա ներկայացնում է ճանաչողական ուսուցման մի մոդել, որտեղ տեղեկությունն անցնում է ընկալում-դասակարգում-յուրացում շղթայով և վերաճում գիտելիքի՝ հիմնվելով ոչ թե ինչ սովորելու, այլ ինչպես սովորելու սկզբունքի վրա:
Վարքագծային ուսումնառության տեսության կողմնակիցները շեշտադրում են խմբային աշխատանքի արդյունքի խրախուսումը, որը որոշակի դրդապատճառ կամ շարժառիթ է դառնում ուսուցման գործընթացի համար: Սքիները մշակեց ծրագրավորված ուսուցման մի ձև, ըստ որի՝ ուսումնական նյութը բաժանվում է տրամաբանական հաջորդականություն ներկայացնող փոքրիկ մասերի՝ քայլերի: Պատասխանելով համեմատաբար պարզ և հեշտ մի քանի հարցերի՝ աշակերտները խրախուսանք են ստանում, ինչը դառնում է ուսուցման գործընթացը շարունակելու և նյութն ամբողջությամբ յուրացնելու խթան:
Խմբում սոցիալական փոխկապվածության գաղափարը ամբողջացրին ամերիկացի Ջոնսոն եղբայրները: Նրանք զարգացրին «Սոցիալական փոխկախվածության» տեսությունը՝ նշելով սոցիալական փոխկախվածության ազդեցությունը սովորողների նվաճումների, փոխհարաբերությունների, հոգեբանական առողջացման և սոցիալական զարգացման վրա՝ միջանկյալ փոփոխությունների միջոցով:
Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է: Չնայած իր երկարատև պատմությանը, այն չի գտել լայն կիրառություն: Այդ ամենի պատճառը սովորողների առաջընթացի և ընդհանուր զարգացման վրա համագործակցային ուսուցման դրական ազդեցության բացակայումը չէ:
Համագործակցային ուսուցումը ժամանակակից կրթության, դասավանդման և ուսուցման ամենասիրված ոլորտներից է: Կարևոր է իրարից տարբերել ավանդական խմբային աշխատանքը և համագործակցային ուսուցումը: Ուսուցիչներից շատերն են դասավանդման ընթացքում կիրառում խմբային աշխատանքը, սակայն ոչ բոլորն են կարողանում ուսուցման գործընթացում համագործակցային ուսուցման հիմնական տարրերն ու մեթոդները ինտեգրել դասընթացում: Այդ պատճառով էլ համագործակցային ուսուցումը քիչ է կիրառվում տարրական դպրոցում, և դասարանում անցկացվող փոքր խմբերով աշխատանքները ավելի շատ խմբային աշխատանքներ են: