ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Թարմ է դեռևս մեր ժողովրդի ցավն ու վերքը: Դեռևս երեկ, մի քանի տասնյակ տարիներ առաջ, Տեր Զորի ավազների վրայից քայլող հայ որբերի զավակները այսօր ոտքի են կանգնել և ապրում են վճռականությամբ: Վերածնվել են Մայր Հայրենիքն ու Սուրբ Էջմիածինը: Եվ Նոյան աղավնին ձիթենյաց մի նոր ճյուղ ամուր պահած սրտին տանում է դեպի ձյունածածկ Արարատները` մեր Սրբազան Լեռը: Աստվածապաշտ մի ժողովուրդ ենթարկվեց ահռելի և զազրելի տանջանքներին ու խաչելության և սակայն երբեք չուրացավ իր հավատն ու ինքնիրեն սրբացրեց` թափելով իր արյունը:
Ինչքան էլ կոտորվեն հանճարեղ մեր ազգի մտավորականներն ու արվեստագետները, եկեղեցականներն ու հավատացյալները և կամ ազգի կեսը, մնացողները հողի տակ թաքնված արմատների նման, կծլեն դարձյալ աշխարհի թատերաբեմի վրա ներկայանալու որպես գեղատեսիլ սաղարթախիտ ու պտղալից մի ծառ: Թուրքը իրագործեց իր ծրագիրը, բայց հայը դատարկ թողեց իր գերեզմանը, որովհետև ուզում էր ապրել ու ապրեցնել իր հինավուրց ազգը, այն կատարյալ համոզումով, թե` «Եթե Աստված մեր կողմն է` ո՞վ կարող է մեզ հակառակվել»:
Ցեղասպանությունը մեծագույն հանցագործություն է մարդկության հանդեպ: Դարերի ընթացքում բազմաթիվ ցեղեր ու ժողովուրդներ , ենթարկվելով ցեղասպանության, անհետացել են պատմության ասպարեզից: Սակայն դա չի խանգարել, որ ոճրագործությունները շարունակվեն: Դրանք հատկապես ականառու դարձան 20-րդ դարում: Այդ դարը, շատ առումներով առաջադիմական լինելով հանդերձ , նաև ցեղասպանության դարաշրջան էր, երբ տարբեր քաղաքական ռեժիմներում ազգայնամոլությունը խլեց միլիոնավոր մարդկային կյանքեր: Առանց վարանելու կարելի է ասել, որ ցեղասպանությունը 20-րդ դարի քաղաքական զենքն էր: 20-րդ դարասկզբին ակնհայտ դարձավ, որ աշխարհը բաժանելու իմպերիալիստական պլանները և դրանք իրականացնելու համար ռազմաքաղաքական դաշինքները տանում էին դեպի համաշխարհային սպանդի սանձազերծում: Կատարվում էր ուժերի վերախմբավորում , ճշգրտվում էին տերությունների ծրագրերն այս կամ այն աշխարհատարածքի հանդեպ, համաշխարհային հիմնախնդիրների ընդհանուր հանգույցի մեջ միախառնվում էին բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր:
Այս համաշխարհային տեղաշարժից դուրս չմնացին նաև Օսմանյան Թուրքիան և հայկական հարցը:
Հայ ժողովրդի ողբերգությունը՝ Մեծ Եղեռնը , ծրագրվել ու ծրագրվում էին թուրքական պետության ամենաբարձր պաշտոնատներում դեպքերից դեռ տասնամյակներ առաջ: Ճշմարտությունն այն է, որ թուրքական պետական մտածողությունը կայսրության մեջ ապրող մյուս ազգերի պահանջներին ու դժգոհություններին վերջ տալու, ազգային հարցն իր երկրի ներսում լուծելու միակ ճանապարհն այդ ազգերը ոչնչացնելու , նրանց բնաջնջելու ճանապարն էր համարում: Այդպես են վարվում այլ ազգերի հետ կույր, ստոր, անմարդկային մարդիկ: Ուշագրավ են սուլթան Աբդուլ Համիդի առաջին մինիստր Քեամիլ փաշայի կողմից ասված հետևյալ խոսքերը.Որպեսզի Փոքր Ասիո մեջ մեր ունեցած երկրները ազատ մնան օտարների միջամտությունից և միջամտության ամեն առիթներից, ուստի այդ սուրբ նպատակի համար պետական իրավունքը կպահանջի, որ բոլոր կասկածելի տարրերը վերացնենք….Ուրեմն հայ ազգը վերացնելու , անհետ ու անճիտ անելու ենք: Դա գլուխ բերելու համար բան չի պակասում մեզ: Ամեն գործիք պատրաստ ունենք… քուրդ, չերքեզ, կուսակալ, դատավոր, հարկահան, ոստիկան, վերջապես ամեն ինչ: Կրոնական պատերազմ կհայտարարենք, դյուրին պատերազմ այնօպիսի մի ազգի դեմ, որ ո′չ զենք ունի, ո′չ զինվորություն, ո′չ պաշտպան: Եվ , ընդհակառակը, մենք ունենք զենք ու զինվորություն: Եվ եթե այդ ազգը բնաջինջ լինի, և քրիստոնեական Եվրոպան կրոնակից փնտրի և չգտնի Տաճկական Ասիայի մեջ, մեզ հանգիստ կթողնի:
Այդպես էին մտածում Աբդուլ Համիդն ու իր մինիստրը 80-90-ական թվականններին և 90-ական թթ. ջարդերը այդ պետական ծրագրի գործադրություններն էին: Այդպես էին մտածում երիտասարդ թուրքերը , կուսակցության ղեկավարները 1908-1909թթ. նույնիսկ այն օրերին, երբ եղբայրության և հավասարության խոսքերն էին կրկնում սրբապղծորեն: Այդ մտածողության գործադրությունն էին 1915-1918թթ. զանգվածային ջարդերը: Անատոլ Ֆրանսը 1916թ. Փարիզում հայկական կոտորածների դեմ Սորբոնի դահլիճում կազմակերպված բողոքի միտինգի ամբիոնից ասել է.:
Սակայն հիշենք, որ աշխարհի ազնիվ մարդկանց համակրանքի, կարեկցուևթյան, բողոքի ու զայրույթի խոսքերը չօգնեցին , և մեկուկես միլիոն ժողովուրդը զոհվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ:
Չօգնեցին ո′չ Անատոլ Ֆրանսի, ո′չ Նանսենի շանթալի խոսքերն ու ծանր մեղադրանքները եվրոպական պետությունների հասցեին: Չօգնեցին, որովհետև իմաստուններն ու ազնիվ հոգիները զենք ու բանակներ չունեին, իսկ զենք ու բանակներ ունեցողները չունեին ազնիվ հոգի ու իմաստություն:
Այսպիսով, Մեծ Եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում , ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Հայերի , ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագոծված ցեղասպանության քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են:
Երիտուրքական կառավարությունը , մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, Մեծ Թուրան ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ:
Մասնավորապես , նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը , Հյուսիսային Կովկասը , Միջին Ասիան , Ղրիմը և Պովոլժիեն; Այդ նպատակի իրականցման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը ՝ նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտությունններին Թուրքիայի ներքին գործերին:
Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ, այն է ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը:
Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաեդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914թ.-ի հոկտեմբերին կազմվել է հատուկ մարմին՝ Երեքի գործադիր կոմիտե, որին հանձնարարվել կազմակերպել հայ բնակչության կոտորածն ու տեղահանությունը:
Բանտերից ազատել էին քրեական հանցագործներին և, նրանց ներում շնորհելով , ստեղծել զինված ջոկատներ և տրամադրել հատուկ կոմիտեին : Այդ կազմակերպության շտաբի ղեկավարությունը իր ձեռքն էր վերցրել իթթիհատ կուսակցության գլխավոր քարտուղար Նազըմը, որի մերձավոր օգնականններն էին Ազիզ բեյը և Արիֆ բեյը: Իթթիհատի ղեկավար եռյակը′ Թալեաթը, Էնվերը և Ջեմալը,օգտվելով համաշխարհային պատերազմից, որով զբաղված էր Եվրոպայի միտքը, դիմեցին բիրտ ուժինվ որոշելու հայ ժողովրդին վերաբերվող չլուծված հարցերը:
Ապրիլի 15-ին հաստատվեց և տեղական իշխանություններին ուղարկվեց հրահանգ′ արևմտահայերի տեղահանման և ապա կոտորածների մասին: Երիտասարդ թուրքերի կուսակցության կոմիտեն և մահմեդական մեծ վեզիրը 1915թ. ապրիլին′ հայկական կոտորածներ սկսելու նախօրյակին օսմանյան բանակի զինվորների և Կովկասի մահմեդականների մեջ տարածած կոչերից մեկում ասված է.Եղբայրնե′ր մահմեդականներ, Աստծու կամքով և մարգարեի լեզվով հայտարարում ենք , որ այժմ հասել է այդ օրը, ուստի անհրաժեշտ է հայտարարել սրբազան պատերազմ, քանի որ նրանցից պետք է մաքրվել : Սպանեցե′ք նրանց , ովքեր մեկ աստծու կողքին թույլ են տալիս գոյություն ունենան ուրիշ աստվածներ, սպանեցե′ք ամենուրեք, որտեղ էլ , որ նրանց գտնեք, բռնեցրե՛ք նրանց, կանգնեցրե՛ք նրանց, փակեցե′ք նրանց բոլոր ճանապարհները, վերջապես սպանեցե′ք նրանց ամեն տեղ, ուր որ գտնեք:
Այսպես հրեշը սողալով մոտենում էր հայերի օջախին, մոտենում էր մանուկների օրորոցին:
Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանությունն իրականացվել է 3 փուլով:
Առաջին -պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18-45 տարեկան 60 հազար հայ զինվորները Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո որպես քավության նոխազ զինաթափվել են և 1915 թվակաի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը:
Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն էր ու ոչնչացումը:
Հայկական քաղաքներում , գյուղերում և բոլոր օջախներում խաղաղ գիշեր էր, 1915թ.-ի ապրիլի 23-ի շաբաթ օրվա լույս 24-ի գիշերը:
Ստամբուլում ապրող հայ մտավորականությունը մի ստվար ջոկատ էր, արևմտահայության ծաղիկը, հայ ժողովրդի հոգևոր կյանքի կերտողները 196 գրող, 168 նկարիչ, 565 երաժիշտ, երգահաններ և կատարողական խմբերի մասնակիցներ, 336 բժիշկ, դեղագործ, ատամնաբույժ, 176 ուսուցիչ, և քոլեջների պրոֆեսորներ, 160 իրավաբան, 62 ճարտարապետ, 64 դերասան: Ստամբուլի 600 հազար ընդհանուր բնակչից 150 հազարը հայեր էին:
Զեյթունում խոշտանգվելով՝ սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը, Վանում՝ Իշխանը, օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը և շատ ուրիշներ: 1915թ. ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական, նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը , Ռուբեն Սևակը , Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասը սպանվել է : 1915թ. հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը և նրա 19 կուսակից ընկերները:
Երրորդ փուլում սկսվել է տասնյակ հազարավոր անպաշտպան կանանց, երեխաների և ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել : 1915թ.-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների , Կիլիկիայի , Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում էր մի նպատակ հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915թ.-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել էր իր կառավարությանը:
Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել էր վերջ տալ հայերի գոյությանը ուշադրություն չդարձնելով ո չ սեռին, ո չ խղճի խայյթին:
Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկածահավոր տառապանքների հազարավոր հաղորդագրություններ ու նկարագրություններ: Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներիին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի , Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում: 1918թ., արշավելով Այսրկովկաս, թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հազար հայի:
1918-1920 թվականներին հայ ազգաբնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919թ. հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920թվականի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հազար մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը: 1920թվականի թուրք-հայկական պատերազմի ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:
Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919-22 թթ. հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում:
Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2.5 միլիոն հայերից զոհվել է 1.5միլիոնը: Շուրջ 800 հազար հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հազար հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգիի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել ու քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14.6 միլիարդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 միլիարդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 միլիոն մարկ(ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան հայերի օսմանյան բնկերում պահված ավանդները, ինչպես նաև շարժական ու անշարժ գույքը:
Մեծ Եղեռնը ոչ միայն հայոց, այլև համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է, և ցեղասպանության գլխավոր հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր , հայերի հայրենազրկումը: Եղեռնից փրկված արևմտահայերը սփռվեցին աշխարհով մեկ: Նրանց մի հատվածը մոտ 250 հազար մարդ հիմնականում կանայք ու երեխաներ, մնաց բուն երկրում և մահմեդականացվեց: Ողջ մնացածների երկրորդ հատվածը գտնվում էր Միջագետքի արաբական անապատների աքսորավայրերում: 1916թ.-ի փետրվարի տվյալներով հայ աքսորյալների թիվը շուրջ 600 հազար էր: Երիտթուրքերը հրամայեցին նրանց ևս ոչնչացնել: Արևմտահայ աքսորյալները նույն տարվա գարնանը ենթարկվեցին զարհուրելի ջարդերի, որոնց զոհ գնաց ավելի քան 300 հազար մարդ:
Ցեղասպանության հետևանքներից էր հայկական սփյուռքի ձևավորումը: Հարյուր հազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում և սկսել մաքառումի, գոյատևման ու ազգապահպանության նորագույն տարեգրությունը: Ցեղասպանությունը մի ահասարսուռ իրողություն էր, որը ծանր հետք թողեց հայության բոլոր սերունդների կենսագործունեության, բնավորության, ազգային նկարագրի և նպատակների ձևավորման վրա:
Արարատի գլխին դրոշ պիտի դնենք վաղ թե ուշ
Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ.